Յայտարարութիւն

Friday, May 8, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 1

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 1


...Այստեղ Ամերիկայում էլ, մեր ժողովուրդը լարուած հետաքրքրութեամբ հետեւում էր Հայաստանի դէպքերին: Մանաւանդ մեծ յուզում ու վրդովում էր առաջ բերել թուրք ջարդարարների անպատիժ մնալը: Պատերազմի սկզբին՝ Դաշնակիցները հանդիսաւոր յայտարարութիւն էին արել, որ Թուրքիոյ կառավարութեան անդամները անձնապէս պատասխանատու պիտի նկատուին հայկական ջարդերի համար: Բայց պատերազմը վերջացաւ Դաշնակիցների յաղթանակով և հայկական Մեծ Եղեռնի հեղինակները մնացին անպատիժ, նոյնիսկ պաշտպանութեան տակ առնուեցին:


Ամերիկայի հայութեան մէջ հասունացել էր այն միտքը, թէ հայերը սեփական միջոցներով պէտք է ջարդեն թուրք ջարդարարներին: Այս մտայնութեան ոգին էր Արմէն Գարօն, որի նախաձեռնութեամբ յատուկ ֆոնտ էր ստեղծուած և յատուկ աշխատանք էր կատարւում:


Պէտք է ասել, թէ միայն Ամերիկայում չէր այս տրամադրութիւնը. բովանդակ հայութիւնը, ամէն տեղ, վրդովուած էր Դաշնակիցների վերաբերումից: Մի ամբողջ ժողովուրդ էր բնաջնջուած բարբարոս այդ միջոցներով, և յաղթական Դաշնակիցները, հակառակ հանդիսաւոր խոստումների, մատը մատին չզարկին ոճրագործներին արդարադատութեան ենթարկելու համար: Ամէն կողմից ժողովուրդը արդար հատուցում էր պահանջում և բոլորի աչքերը յառած էին Դաշնակցութեան:


Դաշնակցութիւնը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ և նոյնպէս մտածում էր փոխ հատուցման մասին: Հ. Յ. Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր Ժողովն էլ, 1919ի աշնան, զբաղուել էր այդ հարցով: Եւ ահա Ամերիկայում պարզուեց, որ այն՝ ինչի մասին ես երազում էի գիշեր ցերեկ, այստեղ արդէն կենդանի գործ էր դարձած: Արմէն Գարոյի ղեկավարութեան տակ կատարուել էր նախնական ահագին աշխատանք:


Ամերիկայում ես իմացայ, որ Պոլսից փախած իթթիհատականները Եւրոպայում վարում էին գործօն աշխատանք: Նրանք կապեր էին հաստատել Եւրոպայի քաղաքական շրջանակների հետ և աշխատում էին նրանց միջոցով հակազդել Դաշնակիցների վրայ՝ ի չիք դարձնելու հայկական խնդիրը և աւելի զիջող ընթացք ապահովելու Թուրքիոյ նկատմամբ՝ բոլոր մնացած խնդիրներում: Այդ նպատակով նրանք ունենում էին դաշնակից պետութիւնների ներկայացուցիչների հետ տեսակցութիւններ և անում էին խորհրդակցութիւններ: Էնվերը գտնւում էր Ռուսաստանում. այնտեղ նա հիմնել էր «Իսլամ Ազատագրութեան Միութիւն», որ ունէր մասնաճիւղեր Բերլինում և Անատոլիայում: Երկու ամիս առաջ Բերլինում գումարուել էր համաժողով՝ Անգլիոյ վրայ ճնշում գործ դնելու նպատակով: Աշխատանքների գլխաւոր վայրը հանդիսանում էր Ռուսաստանը, յատկապէս Անդրկովկասը՝ Քեմալական շարժման հետ սերտ գործակցութիւն պահպանելու նպատակով: Ըստ ամենավերջին տեղեկութեան, Բագու էին գտնւում Էնվերը, Իբրահիմ Թալինը, Քիւչիւկ Թալէաթը, Պէհաէտտին Շաքիրը, Մուստաֆա Սուբհին, Նուրի և Խալիլ փաշաները: Այնտեղ նրանք մասնակցել էին «Արեւելեան Ժողովուրդների Համագումար»ին: Հայաստանում արդէն ծայր տուած հայ-թրքական պատերազմը համարւում էր այդ համագումարի որոշման հետեւանք: Թալէաթը ենթադրւում էր Ժընևում կամ Բերլինում:


Մի օր էլ ես ծանօթացայ հասակագեղ, յաղթանդամ, տպաւորիչ արտաքինով և բարեհամբոյր Արմէն Գարոյի հետ: Միայն մէկ անգամ էի տեսել նրան, բայց շատ էի լսել նրա մասին: Շիտակ, ազնիւ, բարի, բոլորանուէր առաջնորդը, իմանալով որ ես եմ Փարիզից եկողը, միանգամայն մտերիմ, սրտաբաց, անկեղծ, հայրական գորովով ու եղբայրական ջերմութեամբ ձեռքս թօթուեց: Ինչպէս առաջին հանդիպումիս, ինձ համակեց շփոթութիւն: Արմէն Գարօն պատկերանում էր ինձ իբրև մարդկային կատարելութիւն: Եւ չէի սխալւում. նա ծնած էր այդպէս՝ առաքինի, վճիտ և բիւրեղ: Բայց վերջին հինգ տարիները շատ էին ազդել վրան՝ ստեղծելով նրա հանդարտ հոգու մէջ մի աննուաճելի անհանգստութիւն: Իր կոր ու քիչ ուռած կոպերի տակ սիրուն աչքերը զրկուել էին նախկին փայլից ու պայծառութիւնից. առնական դէմքին յայտնուել էին կնճիռներ:


Խմբով գնացինք ճաշարան, որ պահում էր տարեց ընկերներից մէկը: Կըսկլոր, խոշոր դդումի պէս դուրս ընկած փորով, թաւ յօնքերի տակ կորսուած անհանգիստ աչքերով ճաշարանապետը, տեսնելով Արմէն Գարոյին, վեր ցատկեց նստած տեղից, ափերի մէջ թաղեց նրա ձեռքը և ուրախացած բացագանչեց.



– Վա՛յ, պարոն Գարօ...
– Է, Գօգօ, ըսէ՛ տեսնենք՝ ի՛նչ կայ չկայ,– դարձաւ նրան Գարօն հին բարեկամի պէս:
– Ջան սաղութիւն, ի՞նչ պիտի լինի: Աստուած օգնութեան հասնի, ազգի վիճակը յայտնի է...


Գօգօն մեզ առանձնացրեց մի սենեակ և իր հսկողութեան տակ առաւ սպասարկութիւնը:


Արմէն Գարոյից իմացայ, որ ութ օր առաջ հեռագրել էին Փարիզ Հանըմեանին, որ այնտեղ սպասեմ Ամերիկայից գալիք մէկին, բայց ես արդէն մեկնել էի: Այժմ այդ մէկը գտնում էր անհրաժեշտ՝ անմիջապէս գործի անցնել և մեկնել Զուիցերիա: Արմէն Գարօն գտնում էր, որ հետախուզական նախնական աշխատանքները այդ անձը կարող է մինակ կատարել՝ կարիքի դէպքում դիմելով տեղական ուժերի աջակցութեան, իսկ ես պէտք է մեկնեմ այն դէպքում, երբ պարզուի, թէ ո՛ւր է Թալէաթը՝ Ժընևո՞ւմ, թէ Բերլինում: Իմ ցանկութիւնն էլ այդ էր: Գործի համար անհրաժեշտ զգուշութիւնների նկատումներով, այդպէս էլ որոշուեց:


Յայտնի եղաւ նաև, որ գրուած է Պոլիս և Բերլին՝ Թալէաթի հետքերին հետամուտ լինելու մասին: Ստացուած տեղեկութիւնները պէտք է կենտրոնանային հետախուզական մասի վարիչի մօտ: Մինչ այդ արդէն երեքական պատճէններով արտանկարուած ու պատրաստ էին բոլոր գլխաւոր ջարդարարների լուսանկարները: Ապահովուած էին և նիւթական միջոցները:


Թէև խնդիրը դեռ շատ ջուր կը վերցնէր, բայց ինձ համակել էր մի ներքին հրճուանք, որ գործը գտնւում է կարող մարդկանց ձեռքում և արդէն դրուած է շիտակ ճամբու վրայ: Բոլոր հարցերը պարզուեցին ու ճշդուեցին առանց վիճաբանութեան և տարակարծութիւնների, կարծես մի ընտանիքի անդամներ էին, որոնց մէջ ամէնից շատ կշիռ ունի մեծի խօսքը:

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝