Յայտարարութիւն

Sunday, May 10, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 3

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 3




Բ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մի քանի օր յետոյ Եւրոպայից ստացուած հեռագրի համաձայն, մեկնեցի Ժընև: Դիւրութեամբ գտայ «Դրօշակ»ի խմբագրատունը, ուր յոյս ունէի տեսնելու մեր ներկայացուցչին, որ իր հասցէն չէր յայտնել: Ժընևը, յատկապէս «Դրօշակ»ի խմբագրատունը այն ժամանակ պատկերանում էր իբրև հայ յեղափոխական շարժման ուխտատեղի: Եւ անտարբերութեամբ չէր, որ մօտեցայ երկաթեայ շրջափակով պարտէզի մէջ ընկած երկյարկանի համեստ շէնքին, որ կարծես աւերակ էր և կենդանութեան նշոյլ չունէր: Պարտէզի խորքում, ծառերի մէջ, կիսով չափ փլած ձողափայտերը մատնում էին հանգստեան տաղաւարի մնացորդներ... Վար թափուած ոստերը, թփերը, մացառները թողնում էին լքուած անկիւնի տպաւորութիւն: Շէնքի դուռը բաց էր, ներսը պատերից կախուած էին նահատակ յեղափոխականների նկարներ. երկու սենեակների միջանցքաձև մասում, ապակեպատ դարակներում շարուած էին գրքեր: Մաքուր, համեստ կահաւորուած պաղ սենեակները թողնում էին աւելի շուտ յիշատակարանի, քան բնակարանի տպաւորութիւն: Մարդ չէր երեւում. գերեզմանի պէս լուռ էր շէնքի ներսը: Տարակուսանքով դուրս էի գալիս, երբ ներքնայարկից լսեցի կանացի մի ձայն:

– Ո՞վ է:
– Ներեցէք, տիկին, ո՞ւր է տանտէրը, կամ մէկը...
– Ի՞նչ տանտէր...

Ու յանկարծ դիմացս բուսաւ մագաղաթի պէս դեղնած դէմքով, նիհարակազմ մի մարդ, որ ձեռքը կողին, վիրաւորուած արժանապատուութեամբ յարեց.

– Այս շէնքին մէջ կիներ չկան, պարոն, սխալ հասցէով եկած էք...

Ինձ համակած ակամայ զուարթութիւնը բարկացրեց նրան:

– Ո՞վ էք և ի՞նչ կ'ուզէք:
– Ներեցէք, երեւի դուք տիար Անտոնն էք:
– Այո՛:
– Ընկերները պատմել են ինձ ձեր մասին:
– Ի՞նչ ընկերներ,– ասաց այժմ հետաքրքրութեամբ:
– Ամերիկայի:
– Ընկեր Թէհլիրեա՞ն:
– Այո՛:
– Չըսե՞ս մի, օրհնուածի զաւակ, արի ներս...

Այստեղ պարզուեց, որ մեր ներկայացուցիչը հինգ օր առաջ մեկնել էր, առանց յայտնելու, թէ ուր, թողնելով տիար Անտոնի մօտ ինձ համար մի նամակ: Նա գրում էր, թէ Պոլսից ստացած մի նամակի շնորհիւ գտել է իր մօտ ազգականներից մէկի հետքը Բերլինում, ուր և մեկնում է: Պէտք է ես էլ աճապարէի, եթէ ուզում էի համալսարան մտնել...

Տիար Անտոնը ունէր յեղափոխական որոշ անցեալ Բալկաններում: Բայց գրեթէ «Դրօշակ»ը Ժընևում հաստատուելուց ի վեր, հանդիսանում էր շէնքի ու գոյքերի բծախնդիր վերահսկիչը: Նա հասկացաւ, որ եկել եմ կարեւոր գործով, բայց ոչ մի հետաքրքրութիւն չարտայայտեց: Հիւրասիրեց ինձ թէյով: Զրոյցից պարզուեց, որ «Դրօշակ»ի խմբագրութիւնը ուզում էին փոխադրել Փարիզ և մտադրութիւն կայ Ժընևի շէնքը ծախելու, այնտեղ մի ուրիշը գնելու համար: Դառնութեամբ էր խօսում այդ մասին. նրա կարծիքով «Դրօշակ»ը Ժընևից փոխադրուելուն պէս կը խամրի: Դա մի անպատասխանատու գործ էր, անգամ ոճիր՝ շէնքի փառապանծ անցեալի նկատմամբ: Նա չէր կարող հասկանալ, թէ ի՛նչպէս կարելի է «Հայ Յեղափոխութեան Էջմիածին»ը վաճառել: Տիար Անտոնը միտք չունէր Ժընևի շէնքից հեռանալու. կատուի պէս, նա տիրոջից աւելի կապուած էր շէնքի ծակ ու ծուկերի հետ. նա գրեթէ վստահ էր, որ մինչև վաճառուիլը այդ շէնքի մէջ էլ կը մեռնի. արդեն շատ ապրելիք չունէր, տարիքը, հիւանդութիւնը եւ այլն. հակառակ պարագային՝ պիտի խնդրէր շէնքի նոր տիրոջից թոյլ տալ ապրելու այնտեղ դռնապանի պաշտօնով:

Լսում էի, բայց միտքս ուրիշ տեղ էր: Յուզուած ու ցրուած էի, «հետքը գտնուել էր». պէտք ունէի մինակ լինելու այդ լուրի արժէքը չափելու համար: Տիար Անտոնը ինձ օգնեց տեղաւորուելու հարևան մի պանդոկում: Հակառակ աճապարանքիս, հինգ-վեց օր տեւեց մինչև կարողացայ վիզա ստանալ Բերլինի համար, ուր գնում էի մեքենագիտութիւն ուսանելու նպատակով: Դեկտեմբերի 3ին մեկնեցի:

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝