Յայտարարութիւն

Monday, May 11, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 4

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 4






Գերմանիա դեռ գտնւում էր պատերազմի հետեւանքով ստեղծուած ծանր կացութեան մէջ: Հաշտութեան պայմանները ստեղծել էին երկրի համար կիսագաղութային մի վիճակ, տնտեսական առումով: Պատերազմական ծանր տուգանքները քայքայել էին երկրի տնտեսութիւնը: Հաշտութիւնից ի վեր իրար յաջորդող կառավարութիւնները անկարող էին ելք գտնել: Երկիրը անհանգիստ էր, գործադուլները մարում ու նորից բռնկում էին ամէն տեղ:

Բերլին հասայ երեկոյեան. թէև հազիւ ժամը 10 էր, բայց չորս միլիոն բնակիչ ունեցող այդ քաղաքի կեանքը մեռած էր: Տեղում էր ձիւնախառն անձրև: Ինքնաշարժը կանգ առաւ «Թիրկարտէն» հիւրանոցի դիմաց, ուր ապրում էր ներկայացուցիչը (1): Անհամբեր էի իմանալու, թէ ինչ դրութեան մէջ է գործը: «Շատ լաւ է», եղաւ պատասխանը: Թալէաթը Բերլինում էր: Եւ ցոյց տալով գերմաներէն մի թերթ ընդգծուած մասերով՝ ասաց.

– Այս յօդուածը ուղղուած է «Իթթիհատ»ի, յատկապէս Իսմայիլ Հագգըի դէմ. գրում է Մէհմէտ Զեքին:
– Ովքե՞ր են դրանք:
– Առաջինը իթթիհատական երիտասարդներից է, որ երեք տարի առաջ կուսակցութեան կողմից ուղարկուած է Բերլին ուսում ստանալու համար: Մէհմէտ Զեքին մութ անձնաւորութիւն է, որ ժամանակին Պոլսոյ մէջ «Ազգային Պաշտպանութիւն» անունով շաբաթաթերթ էր հրատարակում, յայտնի շարլաթան, նշանաւոր դրամաշորթ, նախկին իթթիհատական պնակալէզ. հիմա այստեղ, ըստ երեւոյթին, գործը լաւ չէ նախկին պետերի հետ և ձեռնարկել է մերկացումների: Այս յօդուածի մէջ Մէհմէտ Զեքին, խօսելով Իսմային Հագգըի կողմից հայկական խնդրի շուրջ գրած մի յօդուածի մասին, յարում է.
«Զարմանալի է, որ իրենց պետը գերման հանրապետութեան հիւրը»... «Եւ Բերլին բնակող ոճրագործների կոմիտէի մասին Իսմայիլ Հագգըն ոչինչ չի գրում»: Ապա շարունակելով.

«Մենք գիտենք, որ Իսմայիլ Հագգը բէյը միայն Թալէաթ փաշայի հետ չէ որ յարաբերւում է սերտօրէն, այլ և Դոկտոր Նազըմի և Հալէպի նախկին կուսակալ Պետրիի հետ: Յայտնի է, որ հայկական ողբերգութիւնը կազմակերպող ու գործադրողները, ինչպէս նաև իրենց անցանկալի նկատուած թուրքերին մէջտեղից վերացնողները, այս երեքն են: Պոլսոյ կառավարութիւնը պիտի չուշանայ նրանց արժանի պատիժը տնօրինելու: Բերլին գտնուող իթթիհատականները վերջերս սկսել են ընկերվարական յայտարարել: Պէտք չէ հաւատալ, ընկերվարականների պետը իշխան Սապահէտտինն է, որ հազիւ կարողացաւ իթթիհատականների հալածանքներից ազատուել: Ես մօտ օրերս մի դասախօսութիւն պիտի կարդամ, այդ բոլոր խնդիրները անկողմնակալօրէն քննութեան առնեմ եւ մերկացնեմ Իթթիհատ-Թերագգըի գործունէութիւնը»:

Մեզ համար կարեւորը այն է, որ այլևս կասկած չէր մնում, թէ ոճրագործները այստեղ էին: Բերլինում էին Թալէաթը, Պոլսի նախկին ոստիկանապետ Պետրին, Իսմայիլ Հագգըն, Տրապիզոնի վալի՝ Ջեմալ Ազմի բէյը, որ ծխախոտի գործի էր սկսել և իր անունով բացել էր խանութ, ուր զբաղում էր նաև գորգավաճառութեամբ:

Այս վերջին լուրը ինձ ուղղակի շշմեցրեց. տասնըչորս հազար մարդ կոտորել, նրանց հարստութիւններով գործ ստեղծել ու անվրդով ապրիլ մի քաղաքակիրթ երկրի մայրաքաղաքում... Ես անհամբեր էի այս սրիկայի հաշիւը տեսնելու, բայց այդ քայլը կարող էր փախցնել միւսներին, աւելի մեծերին, մանաւանդ Թալէաթին, որի ճիւաղային ուրուականը հալածում էր ինձ գիշեր ու ցերեկ: Պէտք էր շարժուել զգոյշ և որսը ձեռքից չփախցնել, թէև աներևակայելի էր ինձ համար, որ Տրապիզոնի վալին յայտնագործուելուց յետոյ կարող էր դեռ ապրիլ...

Պարզուեց, որ մի քանիսի յետեւից արդէն նշանակուած էր հետախուզութիւն և առհասարակ գործը իր ընթացքի մէջ էր: Ես էլ, ուրեմն, պէտք է լծուէի աշխատանքի, առաջին հերթին ձեռնարկելով հետախուզութեան:

Յաջորդ առաւօտ, դեռ հիւրանոցից դուրս չէի եկել, յայտնուեց Յազօրը, 27 – 28 տարեկան մի թխադէմ երիտասարդ, որ ուսանում էր Բերլինի համալսարանում: Նրա դուրեկան դէմքին պարզուեց մի լայն ժպիտ, երբ ծանօթացաւ հետս: Նա ասաց, թէ եկել էր յայտնելու մի քանի հետաքրքրական տեղեկութիւններ, որ իմացել էր Հրափից (2): Իբր թէ այս օրերս Էնվերը Մոսկուայից այս կողմերը պիտի գայ՝ Իթթիհատը վերականգնելու նպատակով: Բայց այդ խնդրի շուրջ իր և Թալէաթի միջև մրցակցութիւն կայ: Վերջինի կողմնակիցները ուզում են, որ վերակազմուած կուսակցութեան կենտրոնատեղին լինի Բերլինը և կուսակցութիւնը արտասահմանեան հանգամանք ունենայ: Այն ինչ Էնվերը պնդում էր, որ կուսակցութեան կենտրոնը լինի Մոսկուայում: Ինքը՝ Հրափը կարծում է, որ այս տարակարծութեան պատճառը հետեւեալն է- Էնվերը շատ յաճախ գտնւում է Մոսկուայում, Անդրկովկասում և ուզում է իր ազդեցութեան տակ պահել կուսակցութիւնը: Բացի այդ, ցանկանում է կարելի եղածին չափ մօտ լինել Անատոլուին և բաժին ունենալ երկրի ներքին գործերի մէջ: Մինչդեռ Թալէաթի կողմնակիցները կանգնած են այն տեսակէտի վրայ, որ իրենց միջամտութիւնը կարող է աղմուկ բարձրացնել Եւրոպայում և վնասել երկրում սկսուած ազգայնական շարժման զարգացման: Այդ առթիւ, իբր թէ մի քանի օր առաջ խորհրդակցութիւն է եղել թալէաթականների, եգիպտացի շէյխ Աբտիւլ-Ազիզի, սիւրիացի Ասլանի և այստեղ գտնուած հնդկաստանցի մի քանի իսլամների մասնակցութեամբ: Թալէաթը՝ ինքը ներկայ չի եղել այդ խորհրդակցութեան:

Հրափը այս տեղեկութիւնները ստացել էր թուրք ուսանողներից, որոնց հետ մտերիմ էր: Ինքը՝ Հրափը, ինչպէս պատմեցին, դէմքով, անունով, անաղարտ տաճկերէնով իսկական թուրքից չէր տարբերւում: Բայց ընտիր հայ էր: Ունէր մտերիմներ թուրք ուսանողների և թուրքերի մէջ, զգալի ծառայութիւններ էր մատուցում մեր դիւանագիտական ներկայացուցչին կարեւոր տեղեկութիւններով:

Այս տեղեկութիւնները հաղորդելուց յետոյ, Յազօրը մեկնեց: Քիչ վերջը դուրս ելանք և մենք: Ձիւնում էր խոշոր փաթիլներով, որոնք թիթեռնիկների պէս ճախրում էին ամէն ուղղութեամբ ու յամրօրէն վար իջնում: Տաք, հանդարտ և հաճելի ձմրան օր էր: Գնում էինք յամրաքայլ, ամէն մէկը իր մտքերի հետ: Քիչ անց՝ մտանք մի լայն պողոտայ, որ երկարում է կայսերական պալատից ուղիղ գծով Բրանտէնբուրգ Կիշըն Թոռ, Բերլինի ամենամեծ փողոցը: Անհրաժեշտ էր, որ ծանօթանայի քաղաքի դասաւորութեան, գլխաւոր թաղամասերին, փողոցներին: Անհրաժեշտ էր, որ գէթ մի քանի գերմաներէն բառեր սովորէի:

Թեքուեցինք դէպի ձախ, ապա՝ անցնելով մի քանի երկրորդական փողոցներ՝ հասանք մի անկանոն հրապարակ: Դէպի աջ, հրապարակը մտնող փողոցի անկիւնի բութ ծայրում գտնւում էր Ջեմալ Ազմիի ծխավաճառանոցը:

Անցանք խանութի առջևից: Հազիւ զսպեցի ցանկութիւնս ներս մտնելու հրէշի կենդանի կերպարանքը տեսնելու համար: Դէպի աջ երկարող փողոցով դուրս ելանք հրապարակից և շրջելով թաղամասը՝ զուգահեռ փողոցով յետ դարձանք դէպի հրապարակի ձախ մասը, ուր փողոցի ծայրին չհասած, կար մի ճաշարան-սրճարան: Ճաշի համար դեռ շուտ էր. տեղ բռնեցինք պատուհանի մօտ, որ նայում էր հրապարակի միւս մասում Ջեմալ Ազմիի խանութին, և պատուիրեցինք մի-մի սուրճ: Երրորդ օրն էր, որ հսկողութիւն նշանակուած էր այստեղ. բայց մինչև հիմա՝ ապարդիւն. առևտուր չունէր, ժամերով չէր բացւում խանութի դուռը: Հազարներով վարձք վճարել և խանութի դուռը գոց պահել, նշանակում է յատուկ նպատակով էր հաստատուած խանութը: Տարակոյս չկար, որ ժամադրավայր էր, բայց ո՞ւր էին անիծեալ տէրերը:

Իմ ուշն ու միտքը դեռ Յազօրի ասածների վրայ էր. եթէ յաղթող հանդիսանայ Էնվերի տեսակէտը, Թալէաթն էլ կարող է մեկնիլ Ռուսաստան կամ Անդրկովկաս: Թէև, միւս կողմից, թուրք ազգային շահերի համար Թալէաթի ներկայութիւնը աւելի կարեւոր էր այստեղ, Եւրոպայում: Յայտնի էր, որ նա վարում էր Եւրոպայում եռանդուն դիւանագիտական աշխատանք, անկասկած նոյն ինքն Քեմալի գիտութեամբ ու ցանկութեամբ: Թէև քանիցս Մուսթաֆա-Քեմալին վերագրուեցին յայտարարութիւններ, որոնք նպատակ ունէին այն համոզումը տարածել, թէ իր ղեկավարութեան տակ եղած ազգայնական շարժումը ոչ մի կապ չունի Թալէաթի իթթիհատական խմբակի հետ, բայց տարակոյս չկայ, որ Անատոլուի մէջ ծայր տուած այդ շարժման ջիղը իթթիհատականներն էին: Բանակը, «Ազգային Մեծ Ժողով»ը, երեսփոխանները, մեծ մասամբ իթթիհատականներ էին: Ի՜նչ հաշիւ կայ այդ բազմութեան վրայ Թալէաթին էլ աւելացնելու: Թէ՛ Ռուսաստանում կատարուած բանակցութիւնների ժամանակ, թէ՛ Իտալիոյ խողովակով ստացուած զէնքի ու ռազմանիւթի օժանդակութեան մէջ առաւելապէս Եւրոպա գտնուող իթթիհատականներն էին աշխատանք թափել: Փաստօրէն Թուրքիոյ ճակատագիրը վարողները դարձեալ իթթիհատականներն էին՝ աշխատանքի բաժանումով ուրիշ ազգայնականների հետ:

Այս մտքերը ինձ պաշարել էին, երբ յանկարծ նկատեցի, որ մի կին մտաւ Ջեմալ Ազմիի խանութը: Ես անմիջապէս թռայ դուրս. վայրկեան չանցած մայթի վրայ երեւաց և ընկերս: Բայց ներս մտնելն ու կնոջ դուրս գալը մէկ եղաւ: Ինչ որ ներքին տհաճութեամբ հարկադրուեցի հետեւիլ այդ կնոջ՝ անցնելով հրապարակի միւս մասը: Քիչ վարը հասաւ ընկերս՝ պնդելով, թէ լսել էր խօսացութիւնը Ազմիի հետ:

Հրէշը ասել էր. «Յոյս ունեմ, որ ինձ կ'իմացնէք». կինը պատասխանել էր. «Անպայման, եթէ արտօնէ»: Ըստ երեւոյթին Հրափի տեղեկութիւնները ճիշդ էին:



(1). Ներկայացուցիչը կրնայ ըլլալ Շահան Նաթալին, որ գործօն մասնակցութիւն բերած է ահաբեկումներու այս շարքի սկիզբին, չափով մը օժանդակելով նաև Պեհաէտտին-Ազմի զոյգի ահաբեկման գործին, տարի մը ետք:
(2). Հրափ ծածկանունն է Հրաչի, կամ Կարպիս Փափազեանի, դաշնակցական և ազգային իրականութեան մէջ յետագայ տասնամեակներուն ծանօթ՝ իբր Հրաչ Փափազեան: Իր անսովոր խորհրդապահութիւնը, ինչպէս և, անշուշտ, գործին բնոյթը պատճառ եղած են որ Հրաչ Փափազեանի կենսական, անփոխարինելի դերը, նաև առասպելականի հասնող ճարտարութիւնը իբր ընդյատակեայ գործի կազմակերպիչ, տեղեկատու գործիչ ու պատասխանատու –, չարժանանան ընդհանուր ճանաչման և գնահատումի: Չափազանցութիւն պիտի չըլլար զայն նկատել նեմեսիսեան բազմահանգրուան այս գործին ոգին, գլխաւոր շարժիչը՝ սկսած զինադադարէն, պոլսական ահաբեկումներէն, ուր կը գործէր իբրև տեղւոյն Կետրոնական Կոմիտէի գործավար: Իրաւաբանական համալսարանի ուսանող՝ թուրքի մը չափ սահուն թրքերէն կը խօսէր և լաւատեղեակ էր թրքական բարքերուն: Հոս կը տեսնենք, որ 1920ի աշնան ան արդէն Պերլին է, հող պատրաստելու համար հետախուզական բուն աշխատանքներուն և ահաբեկումներուն: Իր դերը նոյնքան ու աւելի կարեւոր պիտի ըլլայ 1922ի պերլինեան ահաբեկումներուն մէջ: Ահա թէ ի՛նչ կը գրէ իր մասին Արշաւիր Շիրակեան.
«Այդ մէկը, այդ «կամաւոր»ը ներկայացած էր: Վայելչակազմ ու կենցաղագէտ, սալոնի տղայ, որուն հոգիին խորը սակայն ցեղին վրէժխնդրութեան կրակը կը վառէր: Իրաւաբանական ուսանող Կարպիս Փափազեան, կամ մեր ընկերական շրջանակներուն մէջ ծանօթ՝ Հրաչ ծածկանունով, որ բուն անունն էր մեր մեծ նահատակներէն մէկուն, ընդունած էր Մեհմէտ Ալի թրքական անունը և այդ ալ անբաւական նկատելով, թլփատուած էր, որպէսզի մեր ճամբան ապահով կերպով յարդարէ:
«Մեզմէ երկու ամիս առաջ հասած էր Պերլին, յաջողած էր մտերմանալ Ճեմալ Ազմիի տղուն՝ Էքմելին հետ և դառնալ անոր զուարճութեան ընկերը, տան փնտռուած բարեկամը կամ հիւրը, որուն ներկայութեան ամէն ինչ կարելի էր խօսիլ: Ներկայացած անոնց՝ իբրև կեսարացի մեծահարուստի մը զաւակը և սիրելի դարձած այդ գազանի որջը այցելող շարք մը բարձրաստիճան թուրքերուն, որոնք հոն հաստատուած էին կամ կու գային կ'անցնէին, ինչպէս նաև սիրելին՝ հանըմներուն: «Մելմէտ Ալի»ն քանիցս «քավալիէ» եղած էր նոյնիսկ Թալէաթ փաշայի այրիին:
Արտաքնապէս անխռով, սրտին քար դրած, օրերով մտիկ կ'ընէր ջարդարարներուն անմարդկային պատմութիւններուն, հայկական կոտորածի անլուր դէպքերուն և գազանավայել մանրամասնութիւններուն: Օր մը, դահլիճին մէջ, այդ անխիղճ հանըմներն ու գազան պէյ ու էֆէնտիները հաճոյքով ու ծիծաղներ արձակելով կը պատմեն, թէ ինչպէս Ճեմալ Ազմին հպարտութեամբ իրենց հաղորդած է սա աներեւակայելի հրէշութիւնը.
– Տրապիզոնի հայերուն երկսեռ առողջ ու սիրուն մանուկները զատեցի, մէկ քանին, 10-13 տարեկան, նուէր տուի տղուս, իսկ միւսներն ալ կողովներու և սնտուկներու մէջ տեղաւորել տալով թափել տուի:
– Պու սենէ խամսի չօղալսըն (այս տարի խամսի ձուկը թո՛ղ շատնայ), աւելցուցած էր ճիւաղը ծիծաղելով:
Հրաչը կամ Մ. Ալին այդ ամէնը կը լսէր անխռով արտաքնապէս, այլ ներքնապէս չարչարուելով ու տանջուելով: Ջիղերը քայքայուած էին, ինչպէս կը զգայի ու կը տեսնէի ամէն հանդիպումիս:Տարիներ անցած են այդ ահաւոր օրերուն վրայէն: Երբեմն կ'անդրադառնամ, որ առանց «Մեհմէտ Ալի»ի կամաւոր զոհողութեան, հաւանաբար հրէշները չգտնէինք ( անոնք ազատէին մեր վրիժառու գնդակներէն, ինչպէս ազատեցան շարք մը արիւնարբու իթթիհատականներ՝ Նազըմը, Մուամմերը, եւայլն, եւայլն:

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝