Յայտարարութիւն

Tuesday, May 12, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 5

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 5


Գ) ՊԵՐԼԻՆԻ ՄԷՋ

Շուրջ երկու շաբաթ հսկողութեան տակ պահեցինք կնոջ բնակարանը, բայց տիկինը այլևս չերեւաց: Օրական մէկ երկու անգամ այդ շէնքից յայտնւում էր մէկ կամ միւս սպասուհին ու գնումներով վերադառնում: Էնվերի հետքը մատնող որևէ նախանշան չյայտնուեց- եղե՞լ էր Բերլինում, պիտի գա՞ր, անկարելի եղաւ ստուգել: Մի օր միայն այստեղ կանգ առաւ մի ինքնաշարժ, որի միջից դուրս եկաւ Իսմայիլ Հագգըն և մուշտակի մէջ փաթաթուած մի ուրիշը: Դէպքը նորից իրար անցրեց մեզ. բայց երբ յաջորդ օրը նա յայտնուեց միայնակ, Յազօրը հետապնդելով պարզեց, որ բժիշկ է. ինչոր Վակներ:


Ծննդեան տօների նախօրեակին մենք մի խորհրդակցութիւն ունեցանք Լիպարիտ Նազարեանցի մօտ, որ խորհրդականի հանգամանքով աջակցում էր հայկական հիւպատոսարանի գործերը վարող հայ-գերմանացի Գրինֆիլտին: Շէկ, գանգրահեր, կապուտաչեայ Նազարեանը աւելի շատ նման էր ծայրագոյն հիւսիսի անաղարտ սլաւոնի, քան հայի: Մեր կարող ու փորձառու ընկերներից էր: Նրա կարծիքով ապարդիւն էր Էնվերին Բերլինում սպասելը:


– Հազար ու մի շշուկներ են շրջում Էնվերի մասին,– ասում էր նա.– անցեալներում թրքական մի թերթ գրում էր, որ Էնվեր փաշան սաւառնակով Բերլին պիտի գար, բայց ճանապարհին իբր թէ սաւառնակը ջարդուել է և նա հազիւ է ազատուել մահից: Բախտախնդիրը ինքն է հնարում և տարածում այդ լուրերը, իր հետքը կորցնելու համար: Կարծում եմ՝ այդպիսի լուրեր են նաև այստեղ՝ թրքական շրջաններում եղած զրոյցները:



Նա թէև չէր գտնում նաև անհաւանական, որ Էնվերը եղած լինի Բերլինում, բայց ոչ աւելի քան մէկ երկու օրով, իսկ այդ քիչ ժամանակ էր նրան ձեռք անցընելու համար:



Խորհրդակցութիւնը վէճի բնոյթ ստացաւ ու երկար տևեց: Բայց ինձ այլևս չէր հետաքրքրում այդ:


Նոր էի հասկանում, որ ոճրագործների հետ միևնոյն քաղաքում լինելը բաւական չէ. գործը տևական ջանքերի և անխոնջ հետապնդումների պէտք ունի...


*
* *



Դեկտեմբերի վերջերին հիւանդութիւնը գամեց ինձ անկողին: Նորից մթագնում էին աչքերս և ունենում էի գլխապտոյտ: Վերջին անգամ այդ հիւանդութիւնը կրկնուել էր Երևանում, երեք-չորս տարի առաջ, իսկ ես կարծում էի, որ նա վաղուց անցած է:


Ոտքի ելլելուս պէս «Թիրկարտէն» հիւրանոցից փոխադրուեցի Աուգսբուրգեր փողոց թիւ 51 բնակարանը, ուր ապրում էր հայկական հիւպատոսարանի քարտուղար Երուանդ Աբէլեանը, 23-25 տարեկան մի աչքաբաց երիտասարդ: Այն ժամանակ շատ դժուար էր Բերլինում ազատ սենեակ գտնել. Աբէլեանը յաջողել էր համոզել տանտիրուհուն՝ տրամադրելու ինձ հարեւան սենեակը:


Վաթսունամեայ տանտիրուհիս, տիկին Էլիզաբէթ Շթէլբաում, ամէն գերմանուհու նման, բծախնդիր տանտիկին էր և ուզում էր սենեակիս կարգ ու կանոնը և մաքրութիւնը, մինչև անգամ կօշիկներս մաքրելը, իր ձեռքով կատարել: Բայց ես ոչ մի աշխատանք չէի թողնում նրան, ինչ որ նախապէս տարօրինակ թւում էր նրան, ապա հետզհետէ հաճելի: Պարզում էի նրան, որ ես երիտասարդ եմ, ինքը ծեր, իսկ մեզ մօտ ընդունուած չէ, որ ծեր կանայք ծառայեն երիտասարդներին: Նա գտնում էր որ թէև շատ յարգելի և բանաւոր է այդ սովորութիւնը, բայց պարտաւոր է իրը գործադրելու, որ վարձակալութեան պայմանը այդպէս է ու ես էլ դրամ եմ վճարում այդ բոլորին համար: Եւ այդ մեծ մասամբ դէմքի ու ձեռքի շարժումներով զրոյցները օգնում էին ինձ քիչ-քիչ գերմաներէն հասկանալ:


Աբէլեանին յաճախ այցելում էր իր մօտ ընկեր Լեւոն Էֆթեանը, 21 տարեկան մի կենսուրախ ուսանող, որ ապրում էր քրոջ ու փեսայի հետ: Մի քանի օրուայ մէջ նրանք մտերմացան ինձ հետ: Բայց երկուսն էլ անտեղեակ էին խնդրին և կարծում էին, թէ եկել եմ ուսանելու: Սրտաբաց և նուիրուած ընկերներ էին: Նրանք դժգոհ էին, որ շատ քիչ ժամանակ եմ տրամադրում գերմաներէն սորվելու. նրանց համար այդ մի անհանդուրժելի բան էր, հայ ուսանողի համար անպատուաբեր, և օր չէր անցնում, որ չարծարծէին այդ հարցը:


– Այդ ձևով դու չես կարող համալսարանի երես տեսնել, բարեկամ,– ասում էր Աբէլեանը:
– Միայն սիրոյ միջոցով կարելի է լեզու սովորել. անհրաժեշտ է մի սիրուն ուսուցչուհի գտնել սրա համար,– կատակում էր Էֆթեանը:


Ու մի երեկոյ, յանկարծ նրա հետ ինձ այցի եկաւ մի շատ սիրուն աղջիկ, որ պարապում էր լեզուի դասերով:
– Ամօթով չձգես ինձ,– ասաց նա հայերէն՝ ներկայացնելով ինձ օրիորդին. – ասել եմ, որ դու ես խնդրել գալու, որովհետեւ հիւանդ ես, և այլն:


Անակնկալի մատնուած՝ ստիպուած եղայ հաստատել այդ, թէև ոչ մի բաղձանք ունէի աւելի ընդարձակելու շրջանակս: Թարմ, գեղեցիկ, մանաւանդ պարզ ու բնական օրիորդ Լեօլա Բայլընզոնը՝ իր մանկութիւնը անցրել էր Մերձ-Բալտեան շրջանում և գիտէր ռուսերէն: Բայց ես գերմաներէն չէի հասկանում, իսկ Էֆթեանը՝ ռուսերէն, որով անհնար եղաւ ընդհանուր զրոյցը: Այս պայմաններում նախաձեռնութիւնը անցաւ Էֆթեանին. նա երկար խօսում էր իմ մասին օրիորդին. վերջինը լսում էր ու մտերմօրէն ժպտում: Վերջապէս ստեղծուեց այնպիսի մի կացութիւն, որ մեծ անքաղաքավարութիւն պիտի ըլլար մերժելը. Էֆթեանը ինձ դրեց կատարուած իրողութեան առաջ և ես պայմանաւորուեցի շաբաթական երկու ժամ լեզուի դասերին յատկացնել օրիորդի մօտ: Առաջին դասերս այնքան յաջող էին, որ յոյս ունէի կարճ ժամանակում այդ դժուարութիւնը յաղթահարել:


Կաղանդի գիշերը հրաւիրուած էի Էֆթեանի քրոջ մօտ. ամուսնու՝ պարոն Թէրզիպաշեանի հետ Օրանիէն փողոցում ունէին ծխավաճառի մի համեստ գործ: Նրանց մօտ ծանօթացայ տարագիր հայրենակիցներից Գէորգ Գալուստեանի հետ, որ նոյն վայրում ունէր նպարավաճառի ճաշակաւոր մի խանութ: Մնում էի զարմացած, թէ ի՛նչպէս այդ հայրենակիցները, կորցնելով ամէն բան ու ճողոպրելով մահից, հինգ տարուայ մէջ նորից կարողացել էին դիրք և բարեկեցիկ վիճակ ստեղծել: Աւելի զարմանալին այն էր, որ կեանքի դժուարութիւնները չէին ճզմել նրանց մէջ մտաւոր-բարոյականի պահանջը. ամերիկեան կոլէջի նախկին ուսանող Գալուստեանը համալսարանականի չափ բան գիտէր, բոլորն էլ տիրում էին գերմաներէնի, մայրենի լեզուի պէս:


Դեռ երիտասարդ տէր և տիկին Թէրզիպաշեանները ոչինչ չէին խնայել՝ կատարեալ դարձնելու կաղանդը: Սակայն բաւական էր օրուան կապակցութեամբ վերյիշել անցեալը, որպէսզի ուրախութեան սեղանը զգացուէր ծածկուած սեւ քօղով: Ո՛չ, մեր սերունդը նման առիթներով այլևս չէր կարող սրտանց ուրախանալ...


Յաջորդ իրիկունը նոր էի տուն դարձել Ուհլանտի հսկումից, երբ ներս մտան Էֆթեանն ու Աբէլեանը: Դէմքերից անմիջապէս հասկացայ, որ նոր դաւադրութիւն էին նիւթել իմ դէմ: Էֆթեանի դէմքին գծագրուած էր նուրբ և չարաճճի մի ժպիտ, իսկ Աբէլեանը զննում էր ինձ հետախուզող հայեացքով:


– Վաղուանից դու պէտք է մեզ հետ յաճախես պարի դասերի,– ասաց Էֆթեանը ձեռքերը գոհունակութեամբ իրար շփելով:
– Ի՞նչ պարի դաս:
– Եւրոպական. – և Աբէլեանին գրկելով մի պտոյտ գործեց նրա հետ. – ա՛յ այսպէ՜ս...
– Խե՞նթ էք, ի՞նչ էք. ի՞նչ պարելու ժամանակ է:
– Ճիշդ ժամանակը հիմա է. գարնանամուտ, պար և սիրահարութիւն:
Ու դիմացս նստաւ անգործ մարդու անտարբերութեամբ:
– Է՜, ի՞նչպէս պիտի լինի այդ,– ասացի ընդառաջելով տրամադրութիւններին:
– Ամէնից առաջ պէտք է վրադ գլուխդ մի քիչ կարգի դնես...
– Թող, եղբա՛յր, տղան նախ անհրաժեշտութիւնը հասկանայ,– միջամտեց Աբէլեանը, կարեւոր գործի բնոյթ տալով իր խօսքին.– խնդիրը այն է, որ միայն դաս առնելով դու չես կարող գերմաներէն սովորել, մինչև հիմա սովորածդ «վաս իս տաս»ից այն կողմը չի անցել...
– Կ'ուզէիք, որ երկու դասով գերմաներէն ճա՞ռ ասեմ:
– Ամսից աւելի է այստեղ ես,– գոչեց Էֆթեանը՝ անցնելով յարձակողականի:
– Անհրաժեշտ է գերմանական միջավայրի հետ շփման մէջ մտնել, կենդանի խօսք լսել, որ ականջդ վարժուի,– վրայ բերեց Աբէլեանը:
– Ականջը խուլ է, միայն սրտի միջոցով կարող է սովորել:
– Այդ իր գործն է, թող բոլոր զգայարանքները գործի դնէ, միայն թէ սովորի:
– Ես պարող չեմ...
– Ի՞նչպէս թէ պարող չես, երբ արդէն արձանագրել ենք և այս ծանր պայմաններում դրամն էլ վճարել...

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝