Յայտարարութիւն

Wednesday, May 13, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 6

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 6



Յաջորդ օրը, իրիկուան դէմ «Գրիւնէվայլտ» զբօսավայրին յարակից փողոցներից մէկում, ինչ որ պարի պրոֆեսոր Ֆրիտրիխի դպրոցի մեծ սրահում խմբուած էին 60 – 70 երիտասարդներ: Տղաները նման էին պահակազօրի ձիերի՝ առոյգ, կայտառ, կարմրաթուշ, ինքնավստահ դէմքերով: Աղջիկները զմայլելի էին՝ ալեծածան սարքուած կամ հիւսքով վար կախուած փարթամ վարսերով: Խմբուած՝ բոլորն էլ գեղեցիկ էին, բայց ամէն մէկը առանձին, ի հարկէ, պակասութիւն ունէր:

Ուշացել էինք. ընկերներս ժամանակ չունեցան ինձ ներկայացնելու պարոն Ֆրիտրիխին. գոհ էի, արդէն տաղտուկը պարուրել էր հոգիս:

Բայց կուրծքը օսլայած շապիկով, ֆրակով պարոն Ֆրիտրիխը, ճաղատ գլուխը չափից դուրս յետ նետած, օդի մէջ ինչ որ բաներ գոչեց և օձիքից դուրս քաշելով մետաքսէ թաշկինակը՝ սրբեց քրտնած ճակատը: Ընկերներս նետուեցին դէպի աղջիկները և մէկ մէկ հատ գրկելով՝ անցան շարքերի մէջ: Յանկարծ պարոն Ֆրիտրիխը սագի նման մի զիլ ձայն հանեց. դաշնամուրը դղրդաց. պարողները արձանացած՝ սկսեցին պտուտքիլ...

Ու մտածում էի, թէ ի՜նչ լաւ կը լինէր, եթէ յանկարծ հրաման լինէր մի «գէոնտ» պարելու, օրինակ, թէկուզ «սխտոր ծեծեմ»ը, և կամ մեր սքանչելի «դատարանիս դաշտում»ը, որ այն երազ օրերին վարում էր Իրիցանց Զոռօն, կարմիր թաշկինակը ճօճելով, շուրջպարի գլուխն անցած: Յիշում եմ, թէ ի՛նչպէս, հակառակ անցած տարիքին, ցատկռտում էր նա կապիկի ճկունութեամբ՝ դաշտից կալ քաշելով, կալից սար հանելով շուրջպարի մէջ եղած հարսներին և աղջիկներին, որոնց վզկալները պարի մէջ խուլ մրմնջում էին ծնծղաների պէս: Ինձ պատկերանում էին թոհուբոհի մէջ շարքից վար ընկնող ու լալով նորից շարքն անցնող փոքրերը, հարսների զուսպ ծիծաղը, աղջիկների հրավառ աչքերը: Ու կարծես լսում էի Զոռոյի այծենման մկըկոցը. «Դատարանիս դաշտում դատը վերջացաւ, մեր հայ մանկանց սրտերը յոյսով լեցուեցան», որին անմիջապէս յաջորդում էր բազմազան ձայների ներդաշնակ աղաղակը.– ա՛խ այդ աղաղակը, որ մինչև հիմա ականջիս մէջ է.– Կռուեցէ՛ք, հայ տղերք, վառուած սրտերով, ճամբորդել սկսել ենք քաջ ընկերներով»: Տէ՛ր Աստուած, ո՜րքան հմայիչ էր այդ ամէնը իր միամիտ պարզութեամբ...

Պարոն Ֆրիտրիխը չոր կոկորդով սագի նման հեծկլտաց. դաշնամուրը եղանակը փոխեց. գիտեմ, «պոլկա» է. զոյգերը համեստօրէն ոստոստում են աջ ու ձախ դառնալով: Դահլիճի մէջտեղը կանգնած յոգնատանջ պարոն Ֆրիտրիխը ղեկավարում է նրանց կրկէսում ձիեր կրթողի պէս՝ յետ ու առաջ ընկնելով. նա մերթ ընդ մերթ գազազած վազում է դէպի թերացողները. դաժան է: Պարողների դէմքերին դրոշմուած է ակնածանք և հանդիսաւոր լրջութիւն, նրանք չեն խօսում. ամէն մարդ լաւ ցուցադրութեամբ շահագրգռուած է ու կլանուած իր պարով: Միայն չեմ հասկանում, թէ ինչո՛ւ բոլորն էլ չեն պարում: Մանչերի, աղջիկների մի խումբ գոհանում է կանգնած տեղը գլխի շարժումներով և մտովի պարելով. ըստ երեւոյթին սրանք պատկանում են «վարի դասարան»ին: Եւ իրօք, հենց որ պարը վերջացաւ, յայտնուեցին ընկերներս և ինձ ծանօթացրին մի աղջկայ հետ, որ գոհացաւ գլխի նազելի շարժումով և ապա մազերի թանձր հիւսքը ձախ ուսից նետեց աջին: Պարոն Ֆրիտրիխի գործնական բացատրութիւններով մենք սկսեցինք մանկապարտէզային շարժումներ գործել, երբ յանկարծ աչքերս մթագնեցին, գլուխս դարձաւ. վար չընկնելու համար ամրապէս փարեցի ընկերուհուս իրանին, բայց չեղաւ, լսեցի, որ ճչաց...

Այս հին հիւանդութեան կրկնութիւնը ինձ մտահոգեց: Բարեբախտաբար հետեւանքները այնպէս ծանր չէին, ինչպէս Երեւանում, և յաջորդ օրը արդէն ի վիճակի էի գնալ լեզուի դասին: Սակայն դասը սկսելուն պէս զղջացի, որ եկել եմ. ոչինչ չէի հասկանում: Ուշադիր Օր. Բայլընզոնը անմիջապէս նկատեց:
– Ի՞նչ է պատահել ձեզ:
– Մի քիչ տկար եմ:
– Ոչ, ես վաղուց եմ նկատել, որ դուք մի բանով միշտ զբաղուած էք:
– Այո, օրիորդ,– ասացի ես՝ ճշմարտութեան պահանջի մղումով:
– Չէ՞ք կարող ասել ինձ, թէ ինչ է այդ:
– Ո՛չ...

Նա թեթեւապէս ցնցեց գլուխը, անտեղի մտքեր վանելու ձևով:
– Այդ դէպքում պատմեցէք ինձ ձեր հայրենիքի մասին:
– Ես հայրենիք չունիմ, օրիորդ,– ասացի, խնդրելով ինձ արձակել...

Երկու օր յետոյ ի վիճակի էի հերթապահութիւնս վերսկսելու Ուհլանտում: Կէսօր էր, երբ յանկարծ այդտեղ նկատեցի ընկերոջս, որ դիմացի մայթով իջնում էր դէպի վար երկու մարդու յետեւից: Դրանցից մէկին անմիջապէս ճանաչեցի, Բէհաէտտին Շաքիրն էր: Սիրտս ուժգնօրէն բաբախում էր. միւսը ո՞վ էր...
– Դոկտոր Նազըմն է, – շշնջաց ընկերս, երբ հասայ նրան:
– Ո՞րտեղից ես բերում:
– Ազմիի խանութից:

Անոնք մտան թիւ 47 բնակարանը: Հասանք վարի անկիւնին: Քառորդ ժամ չանցած մայթի վրայ յայտնուեց Բէհաէտտին Շաքիրը և ուղղուեց դէպի վեր:
– Հետամուտ եղիր, ես կը սպասեմ Նազըմին,– ասաց ընկերս:

Շաքիրը գնում էր շատ արագ, իսկ ես դեռ թոյլ էի և այդ պահին յոգնած: Թաղամասի կենտրոնական շրջանում, ուր Տաունցիհն Շտրասէ, Կանտ Շտրասէ և Կիւրֆիւրստէնտամ լայն պողոտաները կազմում են Շարլոտենբուրգի անցուդարձի մեծագոյն երակները, ես քիչ մնաց նրան կորցնէի, բայց վրայ հասայ: Ուժասպառ էի, երբ Վիլհելմշտրասէի մէջ նա կանգ առաւ մի հոյակապ շէնքի առաջ, որի ճակատին պարզուած դրօշակը մատնում էր անգլիական դեսպանատունը: Անցուդարձով զեռուն այդ շրջանում նրան սպասելը ոչ մի անպատեհութիւն չէր ներկայացնում: Բայց յոգնութիւնից գլուխս ցաւում էր: Մտածում էի, թէ ի՜նչ դաւեր է նիւթում արդեօք այնտեղ Շաքիրը և այստեղից ո՞ւր կարող է գնալ...: Յանկարծ նա դուրս ելաւ. գողի պէս չորս կողմը նայեց ու գնաց: Անիծապարտը շատ արագ էր քայլում, զարտուղի փողոցներով, կրակի պէս. կարծես գիտէր, որ հետապնդւում է. բայց այդ դէպքում ինչո՞ւ ինքնաշարժ չէ առնում: Մտաւ Երուսալեմեր երկարաձիգ փողոցը ու դիւահարի պէս քայլեց: Հասել էի գրեթէ փողոցի ծայրին, երբ յանկարծ աչքերիս իջաւ խաժամուժ, յենուեցի պատին, շէնքերը կարծես ցատկռտեցին, մթնեցին, ես ինկայ...

Ո՞րքան ժամանակ էր անցել, չգիտեմ: Ինձ շրջապատել էր ամբոխը: Մի մարդ հարցնում էր հասցէս...

Այս անգամ ինձ համակեց յուսահատութիւն: Վազան առաջնորդեց ինձ ջղային հիւանդութիւնների մասնագէտ պրոֆեսոր Կասիրէրի մօտ...

Անցաւ մի շաբաթ: Քիչ շատ կազդուրուելով՝ խնդիր արի մաքրելու արդէն յայտնագործուած ոճրագործների՝ Ազմիի, Շաքիրի, Նազըմի հաշիւը: Տարիներ շարունակ երազելով գլխաւոր ոճրագործի մասին, այժմ զգում էի, որ այլեւս ուժ չունիմ երկարելու: Եւ վերջապէս, ի՞նչ տարբերութիւն կար նրանց և Թալէաթի միջև: Ընկերս, սակայն, հակառակ էր: Այդ առթիւ խորհրդակցութիւն ունեցանք, ուր որոշուեց հարցի լուծումը թողնել համապատասխան մարմնին, իսկ մինչ այդ շարունակել հետախուզութիւնը...

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝