Յայտարարութիւն

Thursday, May 14, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 7

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 7




Դ) ԱՀԱԲԵԿՄԱՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Առաւօտ կանուխ վազեցի «Թիրկարտէն». ընկերս եկել էր:
– Վերջապէ՜ս:
– Այստե՞ղ է,– գոչեց:
– Այո՛:
– Տեղը գիտե՞ս:
– Ի հարկէ:
– Փառք Աստծոյ...



Մանրամասն պատմեցի ամէնը՝ սկսելով կայարանից մինչև վերջին պահը: Լսում էր ագահութեամբ:
– Ժամը քանի՞ն է:
– Ինը քառորդ անց:
– Ելի՛ր գնանք, չուշանանք:
– Դեռ ժամանակ կայ. Թալէաթի նկարներից մէկ հատ տուր ինձ:



Դուրս հանեց դարակից նկարների ծրարը, քրքրեց ու դուրս քաշելով Պոլսոյ ոստիկանապետ Պետրիի նկարը, հարցրեց.
– Սրա նման չէ՞ այդ «մռայլադէմ» կոչուածը:
– Ո՛չ, նրա նկարը չունինք, տո՛ւր Թալէաթի նկարը,– ասացի բանալով գրչահատս:
– Հետաքրքիր է. ասում ես «Ռըսուհի՜»,– ասաց նա յանձնելով ինձ Թալէաթի նկարը.– ոչ լսել, ոչ կարդացել եմ այդպիսի մի անուն... ի՞նչ ես անում, այ տղայ...
– Պեխերը պիտի քերեմ...



Յանկարծ դուռը ծեծեցին: Նկարը դրի ծոցս: Սպասաւորն էր, որ մեկնեց մի նամակ՝ յայտնելով, թէ ստացուել է երկու օր առաջ: Ծածկագիր էր Փարիզից: Սրտմաշուք դանդաղութեամբ էին պարզւում խառնափնթոր թուանշանները. գրութիւնը վերաբերւում էր խնդրին: Առաջին բառերն էին. «Եւրոպացի բարեկամից իմացանք, որ Թալէաթը»... Վերջապէս պարզուեց բովանդակութիւնը. Թալէաթը գտնւում էր Ժընևում. Փետրուարի սկզբներին այնտեղ ունեցել է տեսակցութիւն անգլիական մի դիւանագէտի հետ...
– Ինձ շշմեցրեց այդ ծածկագիրը:
– Ե՞րբ է գրուած:
– Տասն օր առաջ:
– Շատ ժամանակ է...
– Այո՛, խնդիրն էլ այդ է:
– Ե ՞րբ է այստեղ ստացուած:
– Սպասաւորը ճիշդ ասաց՝ երկու օր առաջ...



Տարակուսանքների մէջ մխրճուած, ամէն մէկս իր մտքերի հետ, դուրս ելանք: Բայց արդէն ուշ էր: Ոչ Ուհլանտում, ոչ Հարտենբերգ Յազօրը չկար: Ընկերոջս ցոյց տուի Ալի Սալիհ բէյ կոչեցեալին բնակարանը: Բաժանուեցինք՝ իրիկունը հանդիպելու պայմանով:



Հասնելով տուն, դուռը փակեցի և սկսեցի քերել Թալէաթի պեխերը. Գանձ փորողի պէս անհամբեր էի, բայց չեղաւ. յանկարծ դուռը ծեծեցին՝ Էֆթեանն էր:
– Եղբա՜յր, էս ո՞ւր ես,– գոչեց ձեռքերը տարածելով,– շուտ հագնուիր, գնա՛նք:
– Ո՞ւր:
– Քոյրս հրաւիրել է քեզ ճաշի:
– Այսօր լաւ չեմ, Լեւոն:
– Անկարելի է, առանց քեզ չեմ կարող տուն գնալ:
– Մի ուրիշ անգամ...
– Տօ, վե՛ր կաց, ասում եմ քեզ, այսօր ծննդեանս օրն է:
– Էլ ուրիշ օր չկա՞ր ծնուելու,– ասացի դառնութիւնս սքողելով կատակով:
– Շո՛ւտ, շո՛ւտ, Աբէլեանն ու Գալուստեանը երեւի արդէն գնացել են, Գարեգինն էլ պիտի գայ:
– Գարեգինը ո՞վ է:
– Մշեցի Գարեգինը՝ չգիտե՞ս, նա քեզ ճանաչում է...



Երազի պէս յիշեցի Էրզրումից Երզնկա տանող ճանապարհը և մեր կառապան մշեցի Գարեգինին:
– Ի՞նչ է անում այստեղ:
– Ինչ պիտի անի. գիշեր-ցերեկ մտածումն ու զրոյցը ջարդերն են, գրեթէ խենթացել է...



Ճաշասենեակում նստած էին Թէրզիպաշեանները և Գարեգինը: Տիկինը բողոքեց, որ իրենց մոռացել եմ:
– Եա՜,– բացագանչեց Գարեգինը՝ արջի պէս առնելով ինձ հզօր բազուկների մէջ:



Դժբախտ օրերը այդ պահին թուացին ցանկալի անցեալ: Աշխարհը չափչփել էր: Այժմ Բերլինի արուարձաններում կատարում էր սեւ աշխատանք ինչ որ ատաղձի գործարանում: Ըստ երեւոյթին, պատմում էր դէպքերից. գոհացաւ մէկ երկու հարցումներով Յովնանի, Սահակի մասին ու դարձաւ նրանց.
– Աղբօրս ըսեմ, լոյսը չբացուած կծիկը դրի...
– Իսկ մա՞յրդ, քոյրե՞րդ,– հետաքրքրութեամբ հարցրեց տիկին Քրիստինէն:
– Մայրս, քոյրերս իրենց պզտիկներով Մուշի հովիտէն տարագրուածներուն մէջ կը գտնուէին, ետքէն իմացայ անոնց քաշածները...



Եւ Գարեգինը պատմում է հարազատների գողգոթան աղեկէզ մանրամասնութեամբ՝ ամէն տեսակ նզովքներ թափելով Թալէաթի գլխին: Գազազած, ջղային անհամբերութեամբ սպասում էի, թէ ե՞րբ պիտի վերջանայ այդ պատմութիւնը, որ յիշեցնում էր հարազատներիս վիճակուած բախտը:



_________________________________________________________



Էֆթեանի, Աբէլեանի, Թէրզիպաշեանների ջանքերը տրամադրութիւն ստեղծելու՝ չէին յաջողւում: Ճաշը վերջանալուն պէս ներողութիւն խնդրեցի տիկնոջից և մեկնեցի:

Տուն հասնելով՝ սկսեցի քերել Թալէաթի պեխերը: Ստոյգ նմանութիւնը Ալի Սալիհ բէյի հետ ինձ ցնցեց. իսկ երբ մատիտով ֆէսի վրան ուրուագծեցի եւրոպական գլխարկ, ոչ մի տարբերութիւն չմնաց...



Նկարը առած վազեցի «Թիրկարտէն»: Ընկերս նոր էր վերադարձել ճաշարանից ու քննում էր թերթերի ընթացիկ լուրերը: Խելայեղօրէն բացագանչեցի.
– Նա է, հաւատացի՛ր, ահաւասիկ, եթէ յիշում ես կայարանից...



Դիտեց նկարը հարեւանցի:
– Այժմ ես էլ կասկած չունիմ. թէեւ մի քիչ շփոթութիւն պատճառեց ծածկագիրը, բայց հասկացայ...
– Ինչպէ՞ս:
– Յազօրից իմացայ, որ այսօր էլ այդ Ալի Սալիհ բէյը ճիշդ ժամը տասին այցելել է Ուհլանտի ժամադրավայրը, իսկ դու ասում էիր, որ մինչև կայարանում յայտնուելը նա չի եղել այնտեղ:
– Այո՛:
– Նշանակում է այդ ժամանակ եղել է Ժընեւում. ուր և տեսակցել է անգլիական դիւանագէտի հետ. ծածկագրի թուականն էլ հաստատում է այս հետեւութիւնը:
– Ուրե՞մն...
– Պէտք է վերջացնենք. միայն թէ նախ քան այդ, պէտք է մի անգամ էլ տեսնենք նրան:
– Վաղը...
– Այո՛, բայց պէտք է շատ զգոյշ լինել. Բերլինը նորից անհանգիստ է, աննշան պատահականութիւնը կարող է ամէն բան փճացնել, փողոցներում հետապնդելը շիտակ չէ. մինչեւ հիմա պէտք էր, որ այդ շրջանում մի սենեակ գտնուէր:
– Շատ լաւ պիտի լինէր այդ, բայց այժմ, երբ խնդիրը որոշ է...
– Դժուարը հիմա է. այլեւս քո այնտեղ երեւալը գործի համար օգտակար չէ. Յազօրին էլ Ուհլանտում պէտք է փոխարինել Հայկոյով, միշտ միևնոյն մարդու երեւումը կարող է նկատուել: Ինչ որ է, հիմա կը գան ընկերները, կը խօսինք:
– Նորից խորհրդակցութի՞ւն:
– Այո՛, անհրաժեշտ է վերջնական որոշում տալ:

Իրար յետեւից յայտնուեցին Յազօրը, Հայկօն, Վազան: Սկսուեց խորհրդակցութիւնը հետազօտութեան վերջ տալու և դրական գործի անցնելու մասին: Կարծես անակնկալ եղաւ այդ՝ ընկերների համար. որքան դիւրութեամբ էին դիրք ճշդում նախնական աշխատանքների ժամանակ, այնքան այժմ դժուարանում էին որոշ կարծիք յայտնելու: Ըստ Վազայի, տուեալները ակնբախ էին, բայց գործի ձեռնարկելու համար՝ անբաւարար: Եւ սակայն չէր կարելի որոշակի ասել, թէ ի՛նչ լրացումներ են անհրաժեշտ: Հայկօն կարծում էր, որ անհրաժեշտ է սպասել, Ալի Սալիհ բէյի կնոջ տեսնելու առիթ ունենալ ու կնոջ նկարի հիմքով ամուսնու ինքնութիւնը հաստատել: Յազօրը գրեթէ համոզուած էր, որ հետապնդուողը Թալէաթն է, բայց այդ խղճի խնդիր համարելով՝ չէր ուզում պատասխանատուութիւն ստանձնել:
Ի վերջոյ, որոշուեց մի սենեակ գտնել Հարտենբերգ թիւ չորս բնակարանի շրջանում թէ՛ հետախուզութիւնը շարունակելու և թէ գործը յաջողութեամբ գլուխ հանելու համար: Թէեւ այն չէր՝ ինչ սպասում էի, բայց լռեցի:

Մարտի 2ն էր, Կիրակի, իրիկնամուտ: Յազօրը անմիջապէս գործի անցաւ: Եռանդուն, աչքաբաց, բարեխիղճ և ամէն կազմակերպչական աշխատանքի համար անփոխարինելի մէկն էր նա: Խորհրդակցութիւնից հազիւ անցել էր երկու երեք ժամ և ուզում էինք դուրս գալ ընթրելու, երբ նա շնչահատ ներս մտաւ. յայտնեց թէ Հարտենբերգ թիւ 4 բնակարանի դիմաց թիւ 37 բնակարանում վարձել էր մի սենեակ, որի պատուհանը նայում էր փողոցին: Սենեակը պարպւում էր երեք օրից. փոխադրուել կարելի էր Մարտ 5ին:

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝