Յայտարարութիւն

Friday, May 15, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 8

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 8




Ե) ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՎՃԻՌԻՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Գիշերը երազիս տեսայ մայրս. իբր թէ Երզնկայից մեկնում եմ դէպի Բալկանները: Հարսները իրար են անցել ծուխի և մուրի մէջ կորած թոնրատանը, նրանք պատրաստում են ճամբորդական պաշարս: Մայրս ծնկաչոք անշարժ նստած է մինտարին վրայ, թոնիրի մօտ. փոքրիկները, թարմ հացի կտորներ ձեռքերին, բոլորուել են շուրջը: Անթիւ ճանճեր վխտում են Մարգարի բերանի և գլխի չորս կողմը, որովհետեւ նրա հացին վրայ քսուած է մեղր: Դուրսը աղջամուղջ է. արտոյտները պարզում են, թափ տալիս թեւերը: Երբ խուրջինս լեցնում են, ես առնում եմ ուսիս և ասում. «Մնաք բարով»...



Այդ ժամանակ վեր է կենում մայրս և ինձ հետ դուրս գալիս: Գնում ենք լուռ: Նրա ընկերակցութիւնը անախորժ է ինձ. կ'ուզէի արդէն բաժանուած լինել, որ այլեւս նրա մասին չմտածեմ:
«Մայր, դու ո՞ւր»,– ասում եմ:
«Մինչեւ Սուրբ Նշան, զաւակս, ուխտ ունիմ քեզ մինչեւ այնտեղ ճամբու դնելու»:



Հասնում ենք Սուրբ Նշան: Մայրս կոյրի պէս շօշափում է դէմքս, ուսերս, ձեռքերս ու մրմնջում.
«Այսպէս մէկ-մէկ մեծացնում եմ, թեւ էք առնում, թռչում ու ես մնում եմ չոր գլուխ»:
«Տուն գնա»,– ասում եմ նրան ու շարունակում ճանապարհս:



Սուրբ Նշանից ուղիղ գծով բաւական վար՝ հորիզոնի տակ յայտնւում է արեւի հրավառ սկաւառակը: Յանկարծ յետեւից լսում եմ մօրս կերկերուն կանչը: Յետ նայելով՝ տեսնում, որ նա այնտեղ դեռ կանգնած է: Դառնում եմ դէպի նա:
«Ի՞նչ կայ, մա՛յր»:
«Գնո՞ւմ ես»,– ասում է նա հազիւ լսելի ձայնով:
«Ի հարկէ, չասացի՞, որ դուն յետ դառնաս»:



Այն ժամանակ մայրս յամրօրէն քայլում է դէպի տուն: Մի քանի քայլ յետոյ նա օրօրում է գլուխը ու քայլերը արագացնում:
«Մա՛յր»,– գոչում եմ: Բայց նա այլեւս յետ չի նայում. նա գնում, գնում, վազում է ու յանկարծ չքանում...



Առաւօտ էր, թունդ ելած ջղերս անկարող եղայ հանդարտեցնել ու մանկան պէս լաց եղայ...



Յաջորդին, 11ի մօտերը, մի ինքնաշարժ կանգ առաւ դիմացի շէնքի մայթի մօտ: Սիրտս ուժգնօրէն բաբախում էր. ինքնաշարժից դուրս եկան մռայլ դէմքով Ռըսուհին և սեւ վերարկուով դեռատի մի կին: Մինչ առաջինը կը վճարէր, կինը թեթեւօրէն վեր սահեց տարածուն հինգ-վեց աստիճաններով ու բանալին դարձնելով՝ ներս մտաւ: Շունչ առի. կասկած չկար, որ Թալէաթի կինն է... Մօտ երկու ժամ քարացած մնացի պատուհանիս մօտ: Բայց այլեւս անցուդարձ չկար: Անհրաժեշտ էր լուր տալ ընկերոջս յուսատու անակնկալի մասին:



Լսեց այս կարեւոր լուրը և իր հերթին յայտնեց, որ Ամերիկայից օդային պոստով ստացել է ծածկագիր մի նամակ: Ընկերները, կրկնելով պոլսոյ տեղեկութիւնը, խնդրում էին բոլոր հնարաւոր միջոցներով վերջ տալ Թալէաթի գործին: Մնացած ոճրագործները պատժելու համար ձեռք են առնուած միջոցներ և այդ խնդիրը մեզ պէտք չէ զբաղեցնէ: Ծածկագիրը Փետրուարի սկիզբներին մեր կատարած դիմումի պատասխանն էր:



Մարտ 13ի առաւօտեան, մայթի վրայ յայտնուեց Թալէաթի կինը և դանդաղօրէն շարժուեց դէպի վեր: Դեռ Պոլսից գիտէի, որ ընդունակութիւններով օժտուած և քաղաքականութեամբ հետաքրքրուող անձ էր: Նա մասնակից էր ամուսնու գործերին, երբ նա հեռագրական պարզ պաշտօնեայ էր, ներքին գործոց նախարար, մեծ վեզիր: Ասում էին, որ նոյնիսկ մեծ ազդեցութիւն ունէր ամուսնու վրայ: Յայտնի էր իբրեւ հրապարակագիր: Իթթիհատականների նեղ շրջանակում անծանօթներից չէր: Կարող էր երբեմն երեսը բաց, առանց քօղի հանդէս գալ Պոլսոյ փողոցներում: Այնուամենայնիւ հաճոյքով չէր, որ դուրս եկայ հասկանալու, թէ ո՞ւր է գնում. կին հետապնդելը անհաճոյ էր:



Հասաւ կենդանաբանական այգի ու ներս մտաւ: Գարուն էր. ձիւնից նոր ելած կանաչները կարծես լուացուած, սրբուած էին: Բայց դեղատոմսային ճշդութեամբ բաժանուած մարգերն ու համահաւասար թփիկները աւելի հետաքրքրութիւն, քան հաճոյք էին պատճառում ինձ: Նա գնում էր յամրաքայլ դէպի ցայտաղբիւրները, ուր շիթերով բարձրանում ու անձրեւի պէս իջնում էին ջրերը: Յանկարծ սիրտս լեցուեց անսահման կարօտով դէպի մեր հայրենիքը, դէպի պղտոր Եփրատը, որ ամպեր համբուրող սրագագաթ լեռների միջով մտնում է կիրճերը, գոռում հազարաւոր վագրերի միաբերան ոռնոցով, ապա զայրոյթից փրփրած դուրս է նետւում ու հեղեղատի պէս տարածւում...



Տիկինը հասաւ, կանգ առաւ այստեղ շատերի պէս: Գերտրուտ Գոլտը իրաւունք ունէր. գեղեցիկ է. տժգոյն դէմք, մեծ սիրուն աչքեր, սեւ հարուստ մազեր, փոքրիկ բերան, բարեձեւ, նազելի՝ նման հայուհու: Յայտնի է, որ շրջապատի գեղեցկութիւնից զատ նրան ոչինչ չի զբաղեցնում: Ու թէեւ իր գիտութեամբ և ամուսնու հրամանով անապատներում դատապարտուել են սովամահութեան, և թրքական հարեմներում խամրել են նման տասնեակ հազարներ, այնուամենայնիւ իրաւունք ունի խաղաղութեամբ վայելելու բնութեան բարիքները:



Վերադարձայ տուն...



Յաջորդ կէսօրին Յազօրից իմացայ, որ Ուհլանտը այդ օրը նման է եղել ուխտատեղիի. այնքան շատ մարդ է մտել ու դուրս եկել. այնտեղ եղել են Բէհաէտտին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Իսմայիլ Հագգըն, դոկտոր Ռըսուհին, անգամ Ջեմալ Ազմին. վեց-եօթ ուրիշներ եւս, որոնց չի ճանաչել: Անշուշտ, շուտով պիտի երեւար և Թալէաթը...



Կրկին վերադարձայ տուն: Միջանցքում դէմ առ դէմ եկայ տիկին Դիտմանին. աւելի քան սիրալիր էր, բայց ես չկարողացայ նրա հետ հաստատել այն պարզ, դրացիական յարաբերութիւնները, ինչ տիկին Շթէլբաումի հետ: Նա միշտ շփոթութիւն էր պատճառում և որքան ուզում էր պարզել, այնքան աւելի դժուարութեամբ էի հասկանում ասածները: Այո՛, առողջութիւնս լաւ է, պարապմունքներս՝ նոյնպէս. չգիտեմ ինչո՛ւ ենթադրում է, որ ինձ հետ դժբախտութիւն է պատահել, կամ ես չհասկացայ, ու նա ժպտում է. ես մտնում եմ սենեակս...



Իրիկուան դէմ փողոցում յայտնուեց Ռըսուհին զամբիւղով. շուտով նա յետ դարձաւ և այլևս դիմացի շէնքի դուռը չբացուեց: Մութը կոխելուն պէս ճրագ վառուեց առաջամասի դահլիճում, բայց յանկարծ մարեց ու բացուեց պատշգամի ձախ մասի սենեակում: Երկար չտեւեց նաեւ այստեղ ու շէնքը դարձեալ պարուրուեց խաւարով:



Առաւօտը սովորականից շուտ դուրս ելայ. արեւի շողերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս և ուզում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եզրին՝ երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամում տեսայ Թալէաթին: Քարացայ. նա՞ էր արդեօք: Այո՛...
Նա մէկ երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց մայթը՝ նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ մտքերի ծանրութեան տակ՝ գլուխը կախեց: Ըստ երեւոյթին թեթեւ չէր կեանքը, գործած անպատում ոճիրից յետոյ: Յամենայն դէպս, թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ. Պոլսոյ պատերազմական ատեանի և Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Առաջինը նրա համար, հաւանաբար, ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր» մեծ գործը, հարազատ երկրի մէջ հարազատները դատապարտում էին նրան մահուան, իբրեւ սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկանային կատարած գործի արժէքը, եթէ... եթէ չլինէր Հ. Յ. Դաշնակցութեան դատավճիռը: Այնուամենայնիւ, չկարողացաւ այդ կուսակցութեան բոլոր ղեկավարներին բնաջնջել: Բայց ո՞վ մնաց իր ճանաչածներից: Փաստօրէն մէկ հոգի – Գարեգին Փաստրմաճեանը: Չէ՞ր յիշում արդեօք իր վերջին զրոյցը նրա հետ...



Լծակի պէս հաստ դաստակը վեր տարաւ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտաւ: Նայեցի ժամացոյցին. 10 էր: Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Յանկարծ նա յայտնուեց դրան մօտ ու փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելայ փողոց, դիմացի մայթով արդէն բռնել էր Ուհլանտի ուղին: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուել ձեռիցս, բայց և յուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:
«Հասի՛ր, վազի՛ր. անցի՛ր միւս մայթը, ու շեղակի կռնակից, մէջքի՛ն, գլխի՛ն, շո՛ւտ, անցի՛ր փողոցը»...

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝