Յայտարարութիւն

Saturday, May 16, 2009

Սողոմոն Թեհլիրեանի Յուշերը - 9

Թերթօն Սողոմոն Թեհլիրեան մաս 9



Մայթից իջայ փողոց՝ յետեւը անցնելու համար, բայց յանկարծ մի բան յետ մղեց ինձ. հազար անգամ պարզուած բացորոշ բանը այդ պահին մէկէն ի մէկ կասկածելի թուաց. նա՞ է արդեօք...
«Անցի՛ր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակատի՛ն. շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, վազի՜ր»...


Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քայլերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած՝ զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ...


Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն. ապա՝ սղոցուած կաղնու պէս երեսի վրայ տապալուեց թնդիւնով... Քիչ դէնը մի կին ճչաց ու գետին փռուեց. մի մարդ վազեց դէպի նա... Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ գետին պիտի փռուի գազանը: Մի վայրկեան մղում ունեցայ բոլոր գնդակները պարպելու մէջքին, բայց փոխանակ կրակելու՝ ատրճանակս նետեցի: Սեւ, թանձր արիւնը վայրկենապէս լճացաւ Թալէաթի գլխի շուրջ. կարծես ջարդուած անօթից մազութ էր դուրս թափւում...
– Մարդ սպաննե՜ց,– լսեցի...


Նայեցի վեր, վար, դիմացը. ամէն կողմ մարդիկ կանգ առած՝ նայում էին ինձ...
– Մարդ սպաննե՜ց, բռնեցէ՛ք,– ճչաց մէկը՝ ցանցաձեւ պարզելով դէպի ինձ ձեռքերը...


Բայց լճացող արիւնը կարծես դիւթել էր ինձ:
– Բռնեցէ՛ք, բռնեցէ՛ք,– ճչացին ուրիշներ...


Ես անցայ նրանց մօտով. ոչ ոք փորձեց ինձ բռնել: Բայց երբ թիկունքից աղաղակները բազմացան, քարացած ջղերս յանկարծ թունդ ելան ու ես ինձ նետեցի հարեւան փողոցը, ի՞նչ անելու՝ չգիտեմ: Ահաւոր աղմուկով մարդիկ ինձ հետապնդեցին: Ես փախայ: Դիմացից եկող մէկը բռնեց ինձ...


Կարո՞ղ էի արդեօք խուսափիլ. հաւանաբար, եթէ այդ մասին նախապէս մտածած և որոշած լինէի: Անմիջապէս ամբոխը ինձ շրջապատեց: Չէի հասկանում, թէ ինչ են ուզում ինձանից. գոռում են, բռունցքները ճօճելով յարձակւում, այնինչ ես ոչ ոքի հետ գործ չունեմ: Մէկը ինձ քաշքշեց, ուրիշներ սկսան անխնայ հարուածել. մի զինուած բռունցք իջաւ գլխուս. աչքերս մթնեցին. վար ընկնելուց խուսափելով՝ չոքեցի. արիւնը ակօսում էր դէմքս. բազմաթիւ ձեռք ու ոտք էին իջնում վրաս. անզօր կատաղութեամբ պոռացի.
– Ի՞նչ էք ուզում. ես՝ հայ, նա՝ թուրք, ձե՞զ ինչ...


Յանկարծ ամբոխը ճեղքուեց. մի ոստիկան ոտքի հանեց ինձ.
– Հա՜յ են, թո՜ւրք են,– խլրտում էր տեղի տուող ամբոխը:


Գլխիցս արիւն էր հոսում: Հասան ուրիշ ոստիկաններ: Ամբոխը յետ քաշուեց: Ինձ դարձրին Հարտենբերգ: Մայթի վրայ նոյն դիրքում ընկած էր հրէշը: Ոստիկաններ, բազմութիւն, որոշ հեռաւորութեան վրայ, բոլորուել են չորս կողմը:
Անցանք...


Գազազած ոստիկանները նետեցին ինձ Շարլոտենբուրգի ոստիկանատան մի խցիկը: Ապա յայտնուեց մի պաշտօնեայ, որ գլուխս վիրակապերով փաթաթեց ու ինձ դուրս հանեց: Ինքնաշարժով փոխադրեցին գաղտնի ոստիկանական բաժինը: Պաշտօնեաների և ոստիկանների մի բազմութիւն կար այստեղ. մէկը ինձ ներս տարաւ մի աւելի մեծ խուց...


Համակուած էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակութեամբ, որի նմանը չէի ապրել երբեք: Արճիճի պէս վրաս ծանրացած տեւական մղձաւանջը չքացել էր յանկարծ: Ամէն բան փոխուել էր կարծես. կաշկանդուած հոգիս ազատ ու լայնարձակ թռչում էր. կարծես էութեամբ ձերբազատուած՝ մտքերս շրջան էին անում աշխարհի ծանօթ բոլոր անկիւններում:

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝