Յայտարարութիւն

Thursday, May 21, 2009

ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ ԱՐՁԱԳԱՆՔ…

Ջ. Գյուլամիրյան
մանկ. գիտ. դոկտ.
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ






«Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ,
եթե երեխաների մեջ սպանեք չարաճճիությունը»
Ժան Ժակ Ռուսո




Բոլոր փոքրիկները քնքուշ են ու հմայիչ: Նրանց մի մասը դառնում է ծնողների ուրախութունն ու հպարտությունը,նրանց նեցուկն ու մտերիմ բարեկամը: Դժբախտաբար, այդ փառահեղ ու փխրուն էակներից ոմանք դառնում են եսասերներ, անզգա, անսիրտ մարդիկ:

«Ինչո՞ւ այդպես ստացվեց, ի՞նչ անեմ», - հաճախ են հարցնում ծնողները` համոզված, որ արդեն ոչինչ հնավոր չէ փոխել: Բայց լավ չէ՞ր լինի, որ այդ հարցերը նրանք իրենց տային ավելի վաղ, երբ դեռևս նոր էին պատրաստվում իրենց վրա վերցնել մարդու պարտականություններից դժվարագույնը` մոր և հոր դերը: Ցավոք, շատ ծնողներ միայն այն ժամանակ են զբաղվում դաստիարակչական հարցերով, երբ իրենց աղջիկը կամ տղան թույլ են տալիս անթույլատրելի, անընդունելի արարքներ:

Ե՛վ ծնողների և՛ մանկավարժների հետ գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հնչում են երեխաներին պատժելու հետ կապված հարցեր: «Ինչպե՞ս պատժել», «Ո՞ր տարիքից երեխային կարելի է պատժել», «Արդյո՞ք առանց պատժելու հնարավոր չէ դաստիարակել» և այլն:

Եթե այդքան կարևոր է պատժելը, և նրա ձևերը մտահոգում են երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողներին, նշանակում է այն արդիական խնդիր է, և վերջապես անգամ դասական մանկավարժները մանկավարժության տեսության մեջ պատիժը ներկայացնում են որպես դաստիարակության միջոց: Ուրեմն` այն պետք է, կա, գոյություն ունի…

Ընդունված է երեխաներին համեմատել ծաղիկների հետ, նրանք մեր կյանքի ծաղիկներն են: Երբ ծաղիկը պատուհանագոգին` թաղարի մեջ սկսում է չորանալ կամ ծաղիկներն առողջ չեն բացվում, մենք ծաղկին չենք մեղադրում, նրա ցողուններն ու տերևները չենք տանջում, այլ ձգտում ենք պարզել թոռոմելու պատճառները և աշխատել այդ պատճառների վերացման ուղղությամբ: Սակայն, երբ սխալներ են թույլ տալիս մեր կյանքի ծաղիկները` երեխաները, մենք հաճախ մտածում ենք` «Ինչպե՞ս պատժենք նրանց, որ մեծանան օրինավոր մարդիկ, այլևս սխալներ թույլ չտան», ու ոչ քիչ առիթներով ազատություն ենք տալիս մեր ձեռքերին:

Հայկական ժողովրդական երգերից մեկում ասվում է, որ «Ապտակով մեծացած երեխան պաշտոնով կլինի»: Հնարավոր է, և այդ դեպքում, անշուշտ, ապտակն արդարացի է, եթե դաստիարակության նպատակը «պաշտոնով» մարդ դաստիարակելն է: Սակայն եկեք մտածենք` մի՞շտ է արդյոք ապտակով մեծացած պաշտոնով մարդը երջանիկ, մի՞շտ է արդյոք պաշտոնատարը լավ հայր, լավ մայր, եղբայր, քույր ընկերուհի, ժողովրդական ղեկավար: Հարցրե՛ք ապտակով մեծացած պաշտոնավորին, թե ինքը ինչպիսի զգացումներով է հիշում իր մանկությունը և այնտեղից ինչը կփոխադրեր (կամ փոխադրել էր) իր երեխաների մանկություն:Որպես կանոն, ապտակով մեծացած մարդը դաժան է լինում, անհանդուրժող,դեպի շրջապատը թշնամանքով լցված, հաճախ նաև ունենում է կոշտ հոգի, իսկ երբեմն էլ հակառակը` վախկոտ, թուլակամ, գերզգայուն, կամազուրկ և չհաղորդակցվող: Երկու դեպքում էլ նա բարդություններով լի մարդ է, որը միշտ պաշտպանվելու ցանկություն ունի. մի դեպքում շրջապատին ահ ու դողի մեջ պահելն է նրա պաշտպանական զենքը, մյուս դեպքում` սուս ու փուս, կուչ եկած ապրելը (որպեսզի հանկարծ որևէ մեկին չխանգարի, չմեղադրվի):

Արդեն ընթերցողը կռահեց մեր դիրքորոշումը պատիժի նկատմամբ:

Ինչո՞ւ չի կարելի պատժել երեխային, ի՞նչ է նշանակում պատժել առանց նրա արժանապատվությունը վիրավորելու: Ինչպե՞ս անել, որ երեխան առանց նվաստանալու զգա իր սխալը և շտկի իրեն, չկրկնի նույն սխալը:

Անառարկելի է, որ յուրաքանչյուր ծնող կամենում է օրինավոր երեխա մեծացնել, և եթե անտարբեր, անարձագանք մնա իր զավակի նկատմամբ, նրան դուրս թողնի իր հսկողության դաշտից, ի վերջո երեխան կդառնա անկառավարելի, չի կարող ապրել հասարակության մեջ, աշխատել, համագործակցել… Իրավացի են այն մանկավարժները, որոնք պնդում են, որ ճիշտ, մարդասիրական դաստիարակությունը տարբեր սուբյետկների, կոնկրետ անձանց սոցիալական փոխգործունեությունն է, համագործակցությունը: Այսինքն, երեխան իր սխալը կզգա, կշտկի ոչ թե պատժելով և վանվելով պատժողներից, այլ ճիշտ փոխհարաբերություններից. «Դա սուբյեկտ- սուբյեկտ համագործակցությունն է, որին մասնակցում են կոնկրետ մարդիկ, և նման համագործակցության դաստիարակչական արդյունավետությունը պայմանավորված է այն անձանցով, որոնք մասնակցում են այդ գործընթացին, որքանով են նրանք` այդ անձերը, իրենց անձ համարում և անձ են տեսնում գործընթացին մասնակից յուրաքանչյուրի մեջ»:



Նախ առանց քննարկելու ասենք, որ ֆիզիկական պատիժը նվաստացնում է երեխային, խորությամբ ցավեցնում նրա հոգին, նվաստացնում արժանապատվությունը և այդ ամենից հետո` դաստիարակչական ոչ մի արժեք չի ունենում. դառն արցունքներ է քամում երեխայից: «Խնայեցե՛ք ձեր երեխաների արտասուքները,որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին»,- իրավացիորեն խորհուրդ է տալիս Պյութագորոսը, իսկ Մաքսիմ Գորկին այն կարծիքին է, որ «Վատ երեխաների համար պետք է պատժել ծնողներին»: ՈՒրեմն` ֆիզիկական ցանկացած պատիժը ոչ միայն չի օգնում երեխային, այլև հակառակը` նա դառնում է դաժան, վրեժի ոխը սրտում` ձգտում է վրեժխնդիր լինել ուրիշներից, բնականաբար, իրենից թույլերից, անկարողներից, տարիքով փոքրերից,նույնիսկ… անշունչ առարկաներից, անգամ` սեփական զավակներից: Ֆիզիկական պատիժ կրող երեխաներն են, որոնք կոտրում են դպրոցի ապակիները, նստարանները, խազում պատերը, գրատախտակը, պատռում ընկերների գրքերն ու հագուստը, ծեծում ընկերներին: Այսինքն` ծեծը, ֆիզիկական ցանկացած պատիժը ոչ միայն չի ուղղում երեխային, այլև վնասում է նրա հոգեկանը, առողջությունը, անընդհատ կրկնվող արարքները ձևավորում են խաթարված բնավորություն:Ինչպես ՈՒ.Թեքերեյն է ասում.«Արա՛րք ցանեցեք, սովորությո՛ւն կհնձեք, սովորությո՛ւն ցանեցեք, բնավորությո՛ւն կհնձեք»:

Բայց չէ՞ որ պիտի արձագանքել երեխայի բոլոր արարքներին և արձագանքել ոչ թե այն ժամանակ, երբ համբերության բաժակը լցվել է (այդ դեպքում առավել ևս պատիժը չի օգնի, որովհետև սխալ արարքներն արդեն վերածվել են սովորությունների, սովորությունները` բնավորության), այլ երբ սխալի սկիզբն է: Եթե մենք վատ արարքը, որը հետագայում կարող է վերածվել զանցանքի, այնուհետև` հանցանքի, հիվանդության հետ համեմատենք, իսկ պատիժը պայմանականորեն ընդունենք որպես դեղահաբ, ապա մենք, այսպես ասած, «բուժումը» պիտի սկսենք հիվանդության ախտանիշների հայտնաբերման սկզբից, ոչ թե թողնենք խորանա, բարդանա այն աստիճան, որ անպայման վիրահատության կարիք զգացվի: Այս պարագայում պատիժն ուժեղ, զորավոր դեղ է,և եթե այն հաճախ, երկարատև ու մշտական գործածենք, ապա դեղահաբի ազդեցությունը կնվազի, օրգանիզմը աստիճանաբար կընտելանա և առանց դրա չի կարող գոյատևել:Ի՞նչ ստացվեց, արժէ՞ ընտելացնել մեթոդին… Նախ կարևորենք, որ ինչպես դեղահաբի գործածությունը, այնպես էլ վատ արարքը դատապարտելու մեթոդը, ձևը պետք է սկսել գործածել ամենափոքր, ամենամեղմ չափաբաժնով (դոզայով):

Եթե մենք պատիժ բառի փոխարեն օգտագործենք արձագանքը, ապա այդ հնարը հմտորեն օգտագործելու համար պետք է.

1. Որպես գործելաոճ, սկզբունք ընդունել արդարացիությունը: Եկեք մտածենք, արդյո՞ք մենք միշտ ենք նույն ձևով արձագանքում մեր երեխայի սխալներին, բացասական, անընդունելի, դատապարտելի արարքներին, թե՞ երբ տրամադրություն չունենք, զայրացած ենք ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ մեկից խռոված ենք, վիրավորված: Գաղտնիք չէ,որ մենք հաճախ միևնույն արարքի համար մե՛կ պատժում ենք երեխային, մե՛կ` ոչ, նայած մեր տրամադրությանը, նայած, ինչպես ասում են`«որ ոտքի վրա ենք արթնացել»: ՈՒրեմն` երեխան այդպես էլ չի հասկանում` իր արարքը պատժե՞լի է, թե ոչ, և մենք նրան պատժում ենք ոչ թե նրա համար, որ դատապարտելի ենք համարում երեխայի այս կամ այն արարքը, այլ զայրացած ենք, պիտի գոռանք, ծեծենք, կոտրենք, որ հանգստանանք: Հենց խաղաղվենք, հանգստանանք, բարիանանք, մենք կգրկենք մեր բալիկին, կգուրգուրենք, իսկ խելամիտները ներողություն կխնդրեն, մայրիկները հաճախ հանգստանալուց հետո զղջում են պատժելու համար և նիյնիսկ լաց են լինում: Երեխան հոգու խորքում զգում է , որ ինչ- որ բան այսպես չէ, և կրկնում է արարքը, ու ամեն ինչ դարձյալ ընթանում է նույն ուղիով: ՈՒրեմն` պատժելուց, մեղադրելուց առաջ անհրաժեշտ է մտածել, ծանր ու թեթև անել, որոնել արդարությունը և որոշել` երեխա՞ն է մեղավոր, թե՞ ես եմ զայրացած:

2. Երեխան պիտի իմանա իր մեղքը, հասկանա իր արարքի դատապարտելիությունը և համոզվի, որ ինքը մեղավոր է: Հակառակ դեպքում` երեխան միշտ կարող է անարդար համարել իր նկատմամբ վերաբերմունքը և այդ դեպքում չի «որոշի» փոխվել, չի զղջա, ներողություն չի խնդրի:

3. Կարևորել ոչ այնքան ա՛յն,թե ինչ է արել երեխան, որքան ա՛յն, թե ինչու է այդպես արել, այսինքն` որոշել արարքի դրդապատճառները, որոնք կարող են մեղմացնել ձեր զայրույթը: Անհրաժեշտ է փորձել մտնել երեխայի դրության մեջ, արարքը ծնող երևույթին նայել երեխայի տեսանկյունից, գուցե այդ դեպքում դատապարտանքի, մեղադրանքի, պատժի ա՞յլ ձև կընտրվի. զրույց, բարեկամական հանդիմանանք, խորհուրդ, բացատրություն… Հիշենք` կարևորը ոչ թե պատժելն է, այլ շտկելու նպատակին հասնելը:

4. Երեխայի թույլ տված վատ արարքի դատապարտման առաջին քայլը թող լինի դեպքի քննարկումը (կա՛մ երեխայի հետ առանձին, կա՛մ նրա համար հեղինակավոր մեկի ներկայությանբ, կամ ընտանիքի անդամների մասնակցությամբ):

5. Երեխայի դատապարտելի արարքների քննարկումը պիտի կրի հումանիստական բնույթ. երեխան պիտի զգա, որ քննարկվում դատապարտվում, մեղադրվում է ոչ թե ինքն ընդհանրապես, այլ իր կատարած տվյալ արարքը: Այդ դեպքում նա իրեն նվաստացած չի զգա (ոչ թե դու անշնո՛րհք ես, ոչ թե դու անտա՛կտ ես, այլ քո ա՛յս արարքը տակտով չէր և այլն):

6. Երեխայի արարքը քննարկելիս, այդ կապակցությամբ որևէ որոշում ընդունելիս կարիք չկա օգտագործել պատիժ բառը (հիմա ես քեզ կպատժեմ, որպես պատիժ` կհավաքես թափածդ թղթերը, կոտրածդ իրը և այլն): Հարկավոր է պարզապես հանձնարարել. հավաքի՛ր քո թափած խաղալիքները, փորձի՛ր ինքդ կարել պատռածդ վերնաշապիկը, մաքրի՛ր հատակը և այլն:

7. Պատեհ - անպատեհ առիթներով չի կարելի երեխային ստիպել ներողություն խնդրել: Ներողությունը նախ պիտի գիտակցվի երեխայի կողմից: Եթե անգամ նա պարտադրաբար արտասանի այդ բառը, օգուտ չունի, որովհետև «ներողություն» ասողը պիտի խորապես զղջա. պարտադրաբար ասված ներողությունը զղջում չի ակնարկում, և կեղծ ներողություն խնդրելը դառնում է սովորություն: Ասենք նաև,որ ներողություն բառի իմաստը և կիրառելիության պատեհությունը երեխան շատ ավելի ուշ է հասկանում:

Միաժամանակ նշենք, որ երեխայի համար դժվար է ընդունել սեփական սխալը (և ոչ միայն երեխայի), առավել ևս` քավել այն: Նա առանց այդ էլ իր կարգավիճակով գտնվում է ծնողի կամ ուսուցչի «ճնշման» տակ, իսկ «ներողությունը» կարծես ավելի է նրան «ստրկացնում»: Սովորոբար երեխաները տարաբնույթ բախումներից հետո «քսմսվում» են ծնողներին, իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Սա ևս զղջման ձև է: Հարկավոր է հանդուրժող լինել. ո՞վ է անցածն անընդհատ հիշեցնում… Պարզապես անհրաժեշտ է երեխաներին բացատրել, որ վատ արարքը զղջալու համար պիտի անցնել ճանապարհ, որն անշուշտ , դժվար է: Սակայն այդ ճանապարհն անցնելուց հետո երկու կողմերն էլ թեթևանում են: Բայց ավելի լավ է, եթե երեխան ներողություն է խնդրում սեփական ցանկությամբ, սրտի թելադրանքով և ոչ պարտավորաբար: Եվ հետո, հնարավոր չէ՞ արդյոք, որ երեխան չափազանց հեշտությամբ ներողություն խնդրի և հետո դարձյալ թույլ տա սխալ արարքներ: ՈՒրեմն` կարևորը ոչ թե «ներողությունն» է, այլ երեխայի հետագա գործունեությունը, հետագա վարքը:

Վերջապես չմոռանալ պատժի հիմնական նպատակները.
▪ կանխել բացասական արարքները,
▪ ամրակայել գործունեության դրական որակները,
▪ սովորեցնել ինքնավերլուծաբար, ինքնաքննադատաբար վերաբերել սեփական արարքներին,
▪ օբյեկտիվորեն գնահատել թույլ տված սխալները, սեփական վարքը:
Անկախ երեխայի դաստիարակության գործընթացի նկատմամբ իրենց ունեցած տեսակետների տարբերությունից` բոլոր մանկավարժներն ու հոգեբանները կարևորում են մի քանի հանգամանք. ▪ Եթե երեխան քննադատվում է, նա սովորում է մեղադրել:
▪ Եթե երեխան ծաղրանքների է ենթարկվում, նա դառնում է երկչոտ:
▪ Եթե երեխայի նկատմամբշրջապատը թշնամանքով է վերաբերվում, նա պատրաստվում է պայքարի:
▪ Եթե երեխան ապրում է ամոթանքի ենթարկվելով, ապա նրան չի լքում մեղքի զգացումը:
▪ Եթե երեխան ապրում է համաձայնությամբ, նա համբերատար է լինում:
▪ Եթե երեխան խրախուսվում է քնքշորեն, նա վստահում է մարդկանց:
▪ Եթե երեխային արժանապատվորեն են վերաբերվում, նա սովորում է գնահատել:
▪ Եթե երեխան ապրում է ազնվությամբ, արդարամիտ է դառնում:
▪ Եթե երեխան ապրում է անվտանգության մեջ, սովորում է հավատալ:
▪ Եթե երեխան խրախուսվում է , սովորում է գնահատել իրեն:
▪ Եթե երեխան բարեկամությամբ է շրջապատված, նա անպայման սեր կգտնի այս աշխարհում:




0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝