Յայտարարութիւն

Saturday, June 13, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 10

– Ընդհանուր ժողով պէտք չէ գումարուի, շեշտեց նա։
– Բայց ինչպէ՞ս չգումարել, երբ ամէնքը պահանջում են։
– Պէտք չէ գումարել, աւելի ուժեղ շեշտով առարկեց Կոմիտասը։ Եւ ցոյց տուեց նաեւ միջոցը, որ ես պէտք է գործադրէի, իբրեւ Ճեմարանական Միութեան Նախագահ։

Միջոցը շատ պարզ էր։ Կիրակի օր մեր լսարանցիները իրեն հետ կ՚երթան Օշական։ Այնտեղից կ՚անցնենք Աշտարակ։ Ապա՝ Փարբի, Բիւրական։ Գարեգին հայր սուրբը արտօնութիւն կը տայ։ Երբ վերադառնանք, աշակերտների տրամադրութիւնը փոխուած կը լինի։

Այո՛, միջոցը պարզ էր, բայց մի քիչ էլ փախուստի տպաւորութիւն էր թողնում։ Այդպէս կարող էին բացատրել ընկերները մեր ընթացքը։ Յամենայն դէպս, Կոմիտասի պնդումի վրայ, ես խոստացայ խորհրդակցել մեր լսարանցիների հետ։ Եթէ նրանք համաձայնուեն, ես հօ համաձայն եմ ու համաձայն։

Ի զարմանս իմ, ընկերներս ուրախութեամբ համաձայնուեցին։ Նրանք ինձանից աւելի հակառակ էին դասադուլի։ Մի քանի ամիս էր մնացել մեր աւարտելուն։ Ճեմարանի փակուելը կարող էր մեր ամբողջ ապագան խորտակել։

Տեսուչ Գարեգին հայր սուրբին համոզելու պէտք չեղաւ. նա անմիջապէս թոյլ տուեց, որ մի շաբաթով արձակուրդ առնենք։ Վերջին պահին, սակայն, Կոմիտասը մեզ խաղի բերեց. չեկաւ մեզ հետ, չեմ յիշում, ինչ որ «շատ լուրջ» պատճառ բերելով։ Այնուամենայնիւ, մենք մեկնեցինք եւ ամբողջ մի ամիս մնացինք Աշտարակի շրջանում, հիւրասիրուելով մեր դասընկեր Անուշաւան Տէր Միքայէլեանի ծնողների կողմից։ Այդտեղ էր, որ մենք հաւաքաբար յօրինեցինք մի երգ, որի մէջ գուշակւում էր մեզանից իւրաքանչիւրի ապագան։ Եւ զարմանալի կերպով, շատերի վերաբերմամբ մեր գուշակութիւնը ճիշդ դուրս եկաւ։

Այսպէս՝ երգում ասուած էր, որ Ճեմարանը աւարտելուց յետոյ, Անուշաւանը վարժապետ պիտի դառնայ, պիտի ամուսնանայ պառաւ աղջկայ հետ եւ մէկ երկվեցեակ աղջիկ պիտի ունենայ։ Գրեթէ այդպէս էլ պատահեց. միայն աղջիկների թիւը 12ի չհասաւ կարծեմ։
Արշաւիր Շաւարշեանը պիտի երթար Գերմանիա, մանկավարժութիւն պիտի ուսանէր եւ հայ ազգի զաւակներին պիտի լուսաւորէր։ Այդպէս էլ եղաւ, Նա դարձաւ մեր լաւագոյն մանկավարժներից մէկը։

Արշաւիր Տէր Մկրտիչեանին վերապահւում էր աննախանձելի ապագայ. նա պիտի դառնար փողոցային մի ստահակ, քէֆի եւ անառակութեան հերոս։ Թերեւս ոչ այնքան խիստ, բայց մարգարէութիւնը ըստ էութեան իրականացաւ։
Իմ մասին երգում ասուած էր.–
Պետական Դուման վերջապէս բացուեց,
Եւ Գրուզինեանը վեր կացաւ խօսեց.
Նա մէկ-մէկ թուեց հայ ազգի պահանջ,
Բայց, աւաղ, ոչ ոք չդրեց ականջ…

Կարծեմ, որոշ չափով, այս գուշակութիւնն էլ ճիշդ դուրս եկաւ…

Երգում էինք «Մօտ է գարունը, շուտով կը բացուի»ի եղանակով։ Եւ այդ մարտական երգով էլ վերադարձանք Ճեմարան, ուր, իրօք, տրամադրութիւնները արդէն փոխուել էին։

Ռուսաստանը բռնուած էր գործադուլներով։ Յեղափոխութիւնը խորացել էր։ Ժամանակ էր, ուրեմն, որ մենք էլ դուրս գայինք «հին ռեժիմ»ի դէմ։ Եւ ահա, դասերը լքած, բարձր դասարանների աշակերտներն ու լսարանցիները, ամսից աւելի, անընդհատ ժողովներ գումարեցին մշակելու համար պահանջները Ճեմարանի վարչութիւնից։

Գրգռուած հոգեվիճակ էր տիրում։ Ուսուցիչները չէին համարձակւում նկատողութիւն անելու։ Տեսուչը մի անգամ փորձեց ժողովին ներկայանալ ու զգաստութեան յորդոր կարդալ, բայց լալով դուրս եկաւ։ Կոմիտասը չէր մօտենում մեզ, բայց յայտնապէս տառապում էր։

Վերջապէս, «պետիցիա»ն պատրաստ էր։ Ափսոս, այդ պատմական փաստաթուղթը մէջտեղ չկայ – ինչե՜ր-ինչե՜ր պիտի տեսնէինք մէջը։ Ճիշդ թիւը չեմ յիշում, բայց կարծեմ մօտ վեց տասնեակ կէտեր էր պարունակում մեր պահանջագիրը։ Մենք պահանջում էինք, որ Ճեմարանի ծրագրից ջնջուեն բոլոր աստուածաբանական առարկաները եւ տեղը դրուեն ընկերաբանութիւն, քաղաքատնտեսութիւն, քաղաքական գիտութիւններ։ Պահանջում էինք, որ մեր հոգեւորականի հագուստը փոխարինուի աշխարհականի զգեստով, որ պասը վերացուի։ Որ եկեղեցի երթալու պարտականութիւնը ջնջուի։ Որ Ճեմարանից ազատ ելեւմուտք ունենանք։ Որ ամէն տեսակ լրագիր կարդալու իրաւունք տրուի։ Եւ էլ չեմ յիշում։

«Պետիցիա»ն կազմելուց յետոյ, հերթը եկաւ որոշելու, թէ ո՞վ պիտի կախէ զանգակը։ Եւ երկար վէճերից յետոյ, որոշուեց, որ պահանջագիրը տեսչին պէտք է ներկայացնէ ժողովների նախագահը, այսինքն՝ ես, երկրորդ լսարանի ուսանողներ Սահակ Թորոսեանի եւ Վահան Տէր Գէորգեանի – Խորէնիի – հետ միասին։

Ամէնից նշանաւորը, սակայն, այս զաւեշտա-ողբերգութեան վերջաբանը եղաւ։

Ժամադրութիւն խնդրեցինք տեսչից, եւ Սահակը, Վահանն ու ես, սերտարանի սենեակից, ուր տեղի էին ունենում մեր ժողովները, բարձրացանք վերի յարկը։ Աստիճանների վրայ հանդիպեցինք Կոմիտասին, որ առանց մեր երեսին նայելու, մռայլ, իջաւ վար։ Գարեգին հայր սուրբը իր սենեակում նստած էր բազմոցի վրայ։ Բարեւեցինք ու կեցանք։

– Հը՜, ասացէք տեսնեմ, ի՞նչ էք ասում, կէս հեգնական ու տխուր, յոգնած ձայնով արտասանեց տեսուչը։

Ես սիրտ առի եւ յայտնեցի, թէ Ճեմարանի աշակերտութեան պահանջներն ենք բերել։ Ու սկսեցի կարդալ։

Հազիւ կէսը կարդացել էի, մէկ էլ «ա՛խ, վա՛խ», մեր Գարեգին հայր սուրբը նուաղելով՝ տարածուեց բազմոցի վրայ։ Պետիցիա-մետիցիա մէկ կողմ նետեցինք. շուարած մէկս աշխատում էր բարձրացնել հայր սուրբին, միւսը ջուր էր բերում։ Շուտով դրսից վրայ հասան վերակացուները։ Մեծ դժուարութեամբ ուշքի բերինք մեր տեսչին եւ գլխիկոր իջանք վար…
Իսկական նուաղո՞ւմ էր, թէ, ինչպէս չար լեզուները պնդում էին, դիւանագիտական խաղ։ Փաստն այն է, որ «պետիցիա»յից բան դուրս չեկաւ։ Գարեգին հայր սուրբը մի առժամանակ հիւանդ մնաց. ապա վրայ հասան քննութիւնները եւ աւարտական օրերը։ «Պետիցիա»ն մոռացուեց։

Աւարտեցինք ու ցրուեցինք մեր տները Կոմիտասի հետ գրեթէ խռով։ Նա չներեց մեր ըմբոստութիւնը։

Շուտով, 1906ին, Կոմիտասը ինքն էլ հեռացաւ արտասահման։ Էջմիածնի մթնոլորտը այլեւս անտանելի էր դարձել նրա համար։ Արտասահմանի կեանքը, անշուշտ, աւելի եւս զգալի դարձրեց վանական հեղձուցիչ օդի ծանրութիւնը։ Եւ այդ պատճառով, Եւրոպայից վերադառնալուց յետոյ, նա այլեւս չկարողացաւ երկար դիմանալ վանքում։ Մի պահ Իզմիրլեանի կաթողիկոսացումը նրան որոշ յոյսեր ներշնչեց, թէ պայմանները կարող են փոխուել Էջմիածնում, բայց շուտով համոզուեց, որ սխալուած է։ Ազատ մթնոլորտի պահանջքը այնքան զօրացաւ նրա մէջ, որ ի վերջոյ որոշեց հեռանալ Էջմիածնից։ 1909 թ. Սեպտեմբեր 5ին, նա հետեւեալ դիմումը ուղղեց Իզմիրլեան Կաթողիկոսին։


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՏԱՍ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝