Յայտարարութիւն

Thursday, June 18, 2009

ՇԱՐԺԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ - 1

Ուրախ ենք հրապարակելու Փրոֆ. Տիկին Ժիւլիէթա Կիւլամիրեանի տպաւորապաշտ գրութիւնը Շարժայի Օհաննէսեան Հայկական Վարժարանի մասին : Յօդուածը տպուած է «Մանկավարժական Համալսարան» թերթին մէջ Տիկնոջ երկշաբաթեայ գաղութս այցելութենէն ետք, ուր հրաւիրուած էր Օհաննէսեան Վարժարանի Հոգաբարձութեան կողմէ՝ մանկավարժական վերապատրաստման դասընթացքներ տալու համար Վարժարանի ուսուցչական կազմին:
«Նշանակ»


___________________________________________________________


ՇԱՐԺԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ
Ջուլիետտա Գյուլամիրյան



Աշխարհի չորսդին ձևավորված հայկական գաղթօջախներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր առանձնահատկությունները, որոնցով այն տարբերվում է մյուս գաղթօջախներից: Միաժամանակ բազմաթիվ գաղթօջախների համար կան ընդհանուր գծեր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի հայկական գաղութը մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Դրանք պայմանավորված են ոչ միայն այդ համայնքի համեմատաբար երիտասարդությամբ, այլև ձևավորման գործընթացի ինքնատիպությամբ: Միանգամից նշենք, որ առաջին և ընդգծված ընդհանրությունն այլ գաղութների հետ այն է, որ ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, իրար գլխի հավաքված մի խումբ հայրենասեր մարդիկ առաջին հերթին հիմնել են դպրոց. կրկնվել է ավազի վրա հայ մանուկներին գրաճանաչ դարձնելու աշխարհասփյուռ պատմությունը: Բավական է ասել, որ ընդամենը 30 տարվա պատմություն ունեցող Շարժա քաղաքի հայկական մեկօրյա (շաբաթ օր) դպրոցն ունի երեսունամյա պատմություն` իր ավանդույթներով, սովորություններով, կրթության ինքնատիպ բովանդակությամբ ու խնդիրներով:

Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրում իրականացվող կրթության խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են տվյալ երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և կրթական ոլորտի առանձնահատկություններով: Եվ որպեսզի Շարժայի մեկօրյա դպրոցի կրթության խնդիրները, բովանդակությունն ու մեթոդները մենք կարողանանք հիմնավորապես ներկայացնել, կարևորում ենք ՄԱԷ-ում իրականացվող կրթության քաղաքականության վերլուծությունը: Նշենք, որ մեկօրյա դպրոցի բոլոր սաները հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները և միայն մեկ օր (շաբաթ)` հայկական դպրոց:

Թե́ Դուբայը, թե́ Շարժան ունեն 30 տարվա պատմություն: Անապատների վրա ընդամենը երեք տասնամյակների ընթացքում տարածվել են նշված քաղաքները` ինքնատիպ և մեկը մյուսին չնմանվող երկնաքերներով, շքեղաշուք պետական-առևտրական շինություններով, մինչև վերջին մանրուքը մտածված ու ձևավորված փողոցներով, զբոսաշրջիկներին զարմացնող կամուրջներով, անցումներով և ավազուտների վրա փռված ծաղկե գորգերով ու կանաչ պսակներով:

Նշենք, որ Դուբայ հնդկերեն նշանակում է երկու եղբայր, իսկ Շարժա` արևաշատ, արևոտ:

Եվ այսպես, այս արևաշատ երկրի բնակչության 50%-ը հնդիկներ են (հիմնական աշխատուժը), 20%-ը` տեղացիներ (մուսուլման արաբներ), 30%-ը` բազմազգ մի հասարակություն (եթովպիացիներ, հայեր, ռուսներ, ֆիլիպինցիներ, արաբներ (այդ թվում քրիստոնյա), չինացիներ, աֆրիկացիներ, կոլումբիացիներ, մարոկոյացիներ, բրազիլիացիներ, պաղեստինցիներ, անգլիացիներ և այլն):

Երկրում գրանցում (այսինքն` քաղաքացիություն) ունեն միայն 20% տեղացիները` մուսուլման արաբները: Մնացած 80%-ին քաղաքացիություն չի տրվում. յուրաքանչյուր տարի նրանք ձեռք են բերում ժամանակավոր գրանցման վկայական: Այսինքն` Միացյալ Էմիրություններում ապրող բնակչության միայն 20%-ի համար է այս երկիրը հայրենիք: Երկրի հարստության հիմնական աղբյուրները նավթն է և զբոսաշրջությունը, պետության բյուջեն հարստանում է նաև բազմազգ գործարարների` պետությանը բարեխղճորեն տրվող հարկերով: Թե́ կրթության, թե́ պետական լեզուն անգլերենն է: Երկրի ողջ բնակչությունը հաղորդակցվում է անգլերենով, թեև առանձին ազգերի ներկայացուցիչներն իրար հետ խոսում են նաև իրենց մայրենի լեզվով, հավատում իրենց կրոնին, աղոթում իրենց լեզվով, պաշտում իրենց Աստծուն: Որպես երկրորդ լեզու պարտադիր ուսուցանվում է նաև արաբերենը, իսկ օտար լեզու` ֆրանսերենը:

Եվ այսպես, բազմակրոն (միայն հնդիկներն ունեն 50 տարատեսակ` իրենց լեզվով, իրենց կրոնով), բազմալեզու այս հասարակության մեջ ապրում են մեր հայրենակիցները` երկրով մեկ տարածելով իրենց բարի համբավն ու ազգային արժանապատվությամբ ներծծված նվիրումն ու հավատարմությունը այդ երկրին և նրա կառավարությանը: Աշխատասեր, ազնիվ, բարեխիղճ, հյուրամեծար մեր ժողովուրդը վայելում է անառարկելի հեղինակություն և վստահություն բոլոր ազգերի մեջ: Պատահական չէ, որ հայ արհեստավորների և գործարարների աշխատանքներում ներգրավված են երկրում բնակվող բազմաթիվ այլ ազգեր: Հայերի երեխաները հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները, ուր նշված բազմազանությամբ միևնույն դասարանում նստած են հատ ու կենտ հայեր: Դասարանի բազմաշերտությունն արդեն ասում է, որ այստեղ սովորող երեխաների հետ հայրենիք գաղափարի և կրոնի շուրջ աշխատանք գրեթե չի տարվում, և հնարավոր էլ չե տանել: Երկրում գործում են ինչպես անվճար (չնչին տոկոսը), այնպես էլ վճարովի դպրոցներ, որոնց կրթության բովանդակությունը թեև նույնն է, սակայն դրանք իրարից տարբերվում են դպրոցի պայմաններով, ուսուցման մեթոդներով և ուսուցչական կազմի պատրաստվածության մակարդակներով: Հայ երեխաները բացառապես հաճախում են վճարովի դպրոցներ, ուր աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ, վարքով և բազմաբնույթ շնորհներով: Ինչպես երկրում, այնպես էլ դպրոցներում չկան ազգային խնդիրներ, և որքան ե՜ս հասկացա, բոլոր ազգերն էլ գտնվում են հավասար պայմաններում:

Հանրակրթական դպրոցների ուսումնական գործընթացի ուսումնասիրության արդյունքում ես գործնականորեն ամբողջացրեցի համաշխարհայնացման (գլոբալիզացիա) մասին իմ տեսական պատկերացումները:

Հանրակրթական դպրոցը տասնհինգամյա է: Երեխաները դպրոց են գալիս երեք տարեկանից (սա, ըստ էության, մանկապարտեզ է, որն ընդգրկված է հանրակրթության մեջ): Երեք տարի տևողությամբ կրթության այս օղակում երեխաները սովորում են անգլերեն և արաբերեն` ինչպես խոսել, այնպես էլ` կարդալ ու գրել: Կրթադաստիարակչական գործընթացն իրականացվում է խաղային մեթոդներով: Սակայն սա կրթության պարտադիր օղակ չէ: Շատ երեխաներ հաճախում են առանձին մանկապարտեզներ, հետո նոր ընդունվում են հանրակրթական դպրոցի առաջին դասարանը: Այդպիսի մի մանկապարտեզի տնօրինուհի է մեր հայրենակից Լորիկ Քաթրջյանը, որի հիմնադրած մանկապարտեզ են հաճախում նաև հայ երեխաներ, ուսուցչուհիների մեջ նույնպես կան հայ օրիորդներ: Ոչ պետական այդ մանկապարտեզում ստեղծված են ինչպես շենքային, այնպես էլ աշխատանքային հրաշալի պայմաններ, մանկավարժամեթոդական իմաստով ընդունելի առարկայական անկյուններ, նկարչական «գետիններ», ուսումնական պատեր և այլն:

Այս հիասքանչ հայուհու մանկապարտեզում շրջելիս ես ապրեցի մի անբացատրելի ազգային հպարտություն. այս մանկապարտեզ էին գալիս բազմազգ երեխաներ, որոնց ծնողները, թողած իրենց ազգային մանկապարտեզները, բալիկների կրթության և դաստիարակության խնդիրները վստահել էին երիտասարդ հայուհուն: Ի դեպ, կարևորում եմ նշել, որ աշխարհի շատ երկրներում են օտարազգիները գերադասում իրենց երեխաներին բերել հայկական մանկապարտեզ և դպրոց: Օրինակ, Հալեպի Գյուլբենկյան վարժարանի արաբ տնօրինուհին մի անկեղծ զրույցի ժամանակ ասաց, որ եթե դպրոցը տեղ ունենար, հայ ծնողներն իրենց զավակներին սիրով կբերեին հայկական մանկապարտեզ կամ դպրոց: Աշխարհի բլոր անկյուններում հայկական դպրոցները համարվում են ավելի բարեկեցիկ, առավել բարձր կարգապահությամբ և օրինավոր կրթօջախներ, իսկ ուսուցիչները` բարեհամբույր ու աշխատասեր:

Եվ այսպես, անկախ նրանից, թե երեխաներն իրենց նախադպրոցական տարիքը ո́ր հաստատությունում են անցկացրել, պիտի դպրոցական ուսուցման անցնեն անգլերենի լավ իմացությամբ (թե́ հաղորդակցական խոսք, թե́ կարդալ-գրել), որովհետև, ինչպես ասացինք, այս երկրում կրթության լեզուն անգլերենն է:

Բազմազգ երեխաների խաղաղ, համերաշխ կրթադաստիարակչական գործընթացը, ինչպես կռահեցիք, լի է վտանգներով, այդ թվում` ազգի ձուլման, ազգային նկարագրի, հոգեկերտվածքի ու մտակեցվածքի խաթարմամբ: Հենց այս ամենն էլ գիտակցել են ազգային արժեքները գնահատող, հայ երեխաների ապագայով մտահոգված հայ հայրենասեր տիկնայք և պարոնայք, որոնք արաբական անապատների վրա երեսուն տարի առաջ հիմնել են հայկական դպրոց, իսկ 10 տարի առաջ ազգի միջոցներով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին և Օհաննիսյան հայկական վարժարանի լուսավոր ու հայաշունչ շենքը: Դպրոցն ու եկեղեցին կից են ոչ միայն շենքային առումով, այլև գործունեության ուղղություններով: Դպրոցում է «նստում» նաև հովվապետը, որը երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքի անմիջական մասնակիցն է: Դպրոցի առօրյան մշտապես գտնվում է հոգաբարձուների խորհրդի ուշադրության ու հոգածության կենտրոնում:

Վարժարանի երեք բաժիններում (մանկապարտեզ, նախակրթարան և միջին դպրոց) սովորում են շուրջ 150 հայորդիներ, որոնք ազատ տիրապետում են արևմտահայերենին, մտածում են հայերեն, ունեն հայեցի մտակեցվածք և վարք ու բարք:

Մանկապարտեզում, ինչպես ընդունված է սփյուռքում, երեխաների կրթությունը կազմակերպվում է «Բողբոջ», «Կոկոն» և «Ծաղիկ» խմբերում, ուր համապատասխանաբար ընդգրկված են 3-4, 4-5 և 5-6 տարեկան փոքրիկները, որոնք շաբաթվա մնացած օրերին հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները: Այս երեք տարիներին գումարվում է հանրակրթության 12 տարին, և ընդհանուր կրթությունը դառնում է տասնհինգամյա:
Ցավոք, երկրում իշխող բիզնեսն ու նյութական մրցավազքը, դպրոցի հեռավորությունը և այս ամենից ավելի` հանրակրթական դպրոցի ծանրաբեռնվածությունը տեղի է տալիս ծնողների ազգային գիտակցությանը, և հայկական մեկօրյա դպրոց են հաճախում հայ բնակչության դպրոցահասակ երեխաների չնչին տոկոսը: Ի դեպ, Շարժայում ապրում են թվով ավելի շատ հայեր, քան ՄԱԷ-ի մնացած քաղաքներում (հայկական դպրոց է գործում նաև Աբհու-Դաբիում): Կարևորում ենք, որ Շարժայում ապրող հայերը հիմնականում արտագաղթել են Սիրիայից (Հալեպից, Լաթաքիայից, Քեսապից), Լիբանանից, Պարսկաստանից, ինչպես նաև` Հայաստանից: Բնականաբար, նրանք Շարժա են բերել Սիրիայի մի շարք մանկապարտեզներում և նախակրթարաններում նախկինում գործածության մեջ գտնվող «Մրգաստան» այբբենարանը և մայրենի լեզվի ընթերցարաններն ու քերականության դասագրքերը` կից տրված լեզվական վարժությունների տետրերը:





ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՄԷԿ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝