Յայտարարութիւն

Friday, June 5, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 2

Մի զարհուրելի հռհռոց բարձրացաւ դասարանում։ Բարձր ծիծաղ։ Ծիծաղում էր եւ ինքը Կոմիտասը։

Ես, սակայն, երջանիկ էի։ Այո՛, երեւի, ձայնս այնքան էլ վատ չէր, որ երգչախմբի մէջ ընդունուեցի։ Պատերազմը շահող զօրավարի յաղթական քայլերով վերադարձայ տեղս։ Բայց ի՞նչ էր նշանակում այս անզուսպ ծիծաղը։ Խնդալու ի՞նչ կար։

Ինչո՞ւ էք ծիծաղում, հարցրի մօտս նստած Լեւոն Բարխուդարեանին։

Չե՞ս իմանում, պատասխանեց նա, առանց ծիծաղը զսպել կարողանալու. «Գայիանէ»ի վանքում Ճեմարանի կովերն են պահում…

Ահա՜ թէ ի՛նչ… վրաս պաղ ջուր լեցուեց. ահա՜ թէ ինչ, ինձ կովերի երգչախմբի արժանի գտաւ այս տարօրինակ վարդապետը, բոլորովին խորտակելով իմ երաժշտական ապագան, որ, աւա՜ղ, մինչեւ այսօր էլ «Գայիանէ»ի երգչախմբի մակարդակից չի բարձրացել։

Հիասթափութիւնս անսահման էր։ Էջմիածնում երկրորդ ահաւոր հարուածն էր ստանում իմ ինքնասիրութիւնը. Հայրիկը ծաղրել էր «մեծ գլուխս». սա էլ ծաղրում էր ձայնս։ Անարդա՜ր, տմարդի՛ վերաբերում…

Էլ չիմացայ, ինչպէս վերջացաւ Կոմիտասի դասը, ինչպէս վերջացան այդ օրուայ բոլոր դասերը։ Անարգուած էի, հոգեպէս խորտակուած։ Ի՞նչ գործ ունէի ես այս անկիրթ մարդոց մէջ։ Պրն. Քիրլեանը ինչո՞ւ ուղարկեց ինձ այստեղ…

Դուրսը արդէն տարածուել էր «Գայիանէ»ի երգչախմբի պատմութիւնը։ Եւ թւում էր, թէ ամէնքը հեգնանքով ինձ էին նայում եւ իրար փսփսում. «Տե՛ս, տե՛ս, «Գայիանէ»ի երգչախմբի անդամը…»:
Լեւոն Բարխուդարեանը, տեսնելով իմ հոգեկան տագնապը, ամէն կերպ աշխատում էր համոզել ինձ, որ կարեւորութիւն չտամ, որ Կոմիտաս հայր սուրբը բարի մարդ է, որ արածը կատակ էր սոսկ, բայց իմ վիշտը շատ խորն էր։ Եւ իսկապէս, ինչո՞ւ էի այդքան վրդովուել։ Ձայնս մի բան չէր, այդ վաղուց յայտնի էր ինձ եւ ամէնքին։ Կոմիտասի արածն էլ, անշուշտ, կատակ էր, բայց – փորձեցէք մի տգեղ աղջկայ ասել. «Օրիորդ, դուք շատ տգեղ էք» եւ յետոյ պահանջեցէք, որ նա չվիրաւորուի։

Յիշում եմ, որ Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովներից մէկում ես բուռն ընդհարում ունեցայ մեր անուանի խմբապետներից մէկի՝ Սեպուհի։ Նրան խիստ քննադատում էին իր զինուորական գործողութիւնների համար, եւ նա բարի ժպիտով ոչ մէկ փորձ չէր անում հակաճառելու։ Ընկերվարութեան մասին նրա խօսած մի ճառից յետոյ, ես ասացի, թէ «դու բան չես հասկանում ընկերվարութիւնից», եւ տեսնէիք, թէ ինչ փոթորիկ բարձրացրեց. բռունցքը վար շարժելով ինչպէ՜ս յարձակուեց վրաս եւ քիչ մնաց ծեծէր, եթէ չմիջամտէր Ռոստոմը։ Ես նրա ցաւոտ վէրքի վրայ էի դրել մատս։

Չէ, սիրելի Լեւոն Բարխուդարեան, զուր ես մխիթարում ինձ. ես «Գայիանէ»ի կովերի երգչախմբին էի արժանացել, կարելի՞ բան է…

Երեկոյեան դէմ, երբ ընկերներս ամէնքը խաղում էին բակում, ես տխուր նստած էի մեր մարգում, ծառի տակ։ Լեւոնն էլ մօտս։

Զարմանալի տղայ էր այս Լեւոնը։ Կոշտ արտաքինի տակ քնքուշ սիրտ ունէր եւ ընկերական աննման ոգի։ Յետագային, դասարանում, մենք մրցորդ դարձանք իրարու հետ։ Ընդունակ, խելացի, շատ կարդացող, առաջին աշակերտն էր, բայց առանց ցաւի ու նախանձի ինձ զիջեց իր տեղը, եւ երեք տարի նստեցինք կողք-կողքի ու սիրտ-սրտի, օրինակելի մտերմութեամբ։ Վեցերորդ դասարանից նա մեկնեց Գերմանիա ուսանելու եւ ջերմ նամակներ էր գրում այնտեղից։

Մի օր էլ հօրեղբօրից լուր առի, թէ Լեւոնը մեռել է իր նուիրական նպատակներին չհասած…։
Նստած էինք Լեւոնի հետ ծառի տակ։ Մէկ էլ, յետեւիցս, երկու ուժեղ ձեռքեր գոցեցին աչքերս։ Աշխատեցի ազատուել – անօգուտ։ Կարծես երկաթէ աքցանի մէջ էր առնուած գլուխս։
– Բա՛ց թող, ո՞վ է։
Պատասխան չկայ։ Միայն զսպուած խնդուք։
– Բա՛ց թող, ասում եմ։ Յիմար կատակ, թէ չէ…
Բաց թողեց. Կոմիտասն էր…

Ես շփոթուած՝ ցատկեցի տեղիցս։ Չէի իմանում, ինչ անել։ Իսկ նա քահ-քահ՝ բարձրաձայն քրքջում էր։ Աչքերը վառվռում էին հրճուանքից։ Ծիծաղում էր եւ Լեւոնը։

Նստեց։ Մեզ էլ տեղաւորեց մօտը։
– Հը՛, ասա նայենք՝ ի՞նչ ես քիթդ կախել, ինչո՞ւ չես խաղում։
Ես խօսք չէի գտնում պատասխանելու։
– «Գայիանէ»ի երգչախումբը, ասաց Լեւոնը։

Կարծես ամպերը պայթեցին երկնքում, մի այնպիսի ծիծաղ փրթաւ։

Ով չի լսել այն օրից Կոմիտասի ծիծաղը, նա գաղափար չունի ծիծաղի մասին – այնքա՛ն բուռն, այնքա՜ն զուարթ եւ այնքա՜ն անկեղծ։ Այնքա՜ն մանկական։

– Վա՜յ, մաթռաբազ, վա՜յ… ուրեմն այդպէս, հա՞ – «Գայիանէ»ի երգչախո՞ւմբը։ Հապա ուզում էիր, որ քեզ Բերլինի օփերա՞ն ուղարկէի։
Ու սկսեց հարց ու փորձ անել. ո՞վ եմ, ո՞րտեղացի, ինչո՞ւ եմ եկել Ճեմարան, ի՞նչ եմ սիրում։ Եւ բազմաթիւ նման ուրիշ հարցեր։ Եւ այնպիսի պարզ ու մտերիմ խօսքերով, որ կատարեալ զինաթափ արաւ ինձ։

Ի միջի այլոց, պատասխանեցի, որ Չէօրէքչեան սարկաւագն է ուղարկել ինձ Ճեմարան, որ նպատակ ունիմ, ուսումս աւարտելուց յետոյ, վարդապետ դառնալ։

Կոմիտասը սկզբում լսում էր ուշադիր։ Ապա սկսեց կատակել։

Չէօրէքչեանի անունը լսելիս ասաց ծիծաղով.
– Բարեկամիդ օրինակին չհետեւիս, հա՜։

Ակնարկը հասկանալի էր. Չէօրէքչեանը թէեւ կուսակրօն էր, բայց ապրում էր հետը բերած մի գերմանուհու հետ, որքան գիտեմ, քաղաքացիական ամուսնութեամբ։

Կոմիտասը խստակրօն մարդ էր բարոյական հարցերում։

Ժամից աւելի նստեց մեզ հետ եւ երբ հեռացաւ, իմ սիրտը արդէն նուաճուած էր. «Գայիանէ»ի երգչախմբից ոչ մի հետք չէր մնացել մէջս։

Զարմանալի մարդ էր Կոմիտաս հայր սուրբը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԵՐԿՈՒ

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝