Յայտարարութիւն

Friday, June 19, 2009

ՇԱՐԺԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ - 2

Կ. Ջուհարյանի դասագրքով աշխատանքը զգալի առաջընթաց է: Այս դասագրքերը շահեկանորեն տարբերվում են «Փոքրիկ Անին» և «Պետիկն ու գայլը» դասագրքերից, իսկ բարձր դասարաններոմ գարծածվող նույն հեղինակի դասագրքերը ուսուցիչների հավաստմամբ, երկար տարիներ լուծում են դպրոցի ուսումնական խնդիրները:

Անշուշտ, մեկօրյա ուսումնական շաբաթվա պայմաններում այնքան էլ դյուրին չէ յուրացնել ողջ ծրագրային նյութը (դասագրքերի բովանդակությունը), սակայն արդյունքում ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նախապատրաստական դասարանի ավարտին հիմնականում ձևավորված են լինում երեխաների կարդալու կարողությունները (այսինքն` ուսուցման IV տարում):

Գրաճանաչության ուղղությամբ աշխատանքներն սկսվում են «Բողբոջ» խմբից, ուր երեխաներն իրենց ուսուցչուհու` շնորհալի հայուհու` Նվարդ Թնկրյանի օգնությամբ պարզապես ծանոթանում են այբուբենի մի քանի տառերին: Այս գործընթացը, անշուշտ, տարբեր հիմնավորումներով այնքան էլ դյուրին չէ: Ուսուցչուհու օգնական Մարիա Պաշտոյեանի հետ միասին ջան քու եռանդ չի խնայվում, որ 3-4 տարեկան անուշիկ բալիկները սովորեն հայերեն խոսել, երգել, պարել հայկական պարեր: Ասացինք, որ այս խմբում ընդգրկված 3-4 տարեկան (հաճախ ավելի փոքր տարիքի) երեխաները, որոնցից շատերը նույնիսկ խոսել չգիտեն: Մեր դասալսումների և օրիորդների հետ դրանց արդյունքների քննարկման հիման վրա ձևավորվեց այն համոզմունքը, որ սխալ է այս տարիքի երեխաներին տառեր սովորեցնելը, ավելին` անարդյունք: Պարզապես դպրոցն առաջնորդվում է այն սկզբունքով, որով երկրի մանկապարտեզներում 3-4 տարեկան երեխաների հետ տարվում են անգլերեն լեզվի գրաճանաչության պարապմունքները: Մեր հետաքրքրության բավարարման սուղ հնարավորության սահմաններում մեզ համար պարզ դարձավ, որ ուսուցման այս օղակում երկրի դպրոցներում օգտագործում են ակտիվ ուսուցման հաղորդակցական մեթոդներ` խաղային հնարներով հագեցած, որոնց միջոցով երեխաները ձեռք են բերում երկու լեզուներով (անգլերեն, արաբերեն) հաղորդակցվելու ունակություններ:

«Բողբոջ» խմբից տառուսուցման որոշումն ու իրականացումը պայմանավորված է երկրի կրթական համակարգի առանձնահատկություններով.
1. Երկրի բոլոր դպրոցներում գրաճանաչությունն սկսում են մանկապարտեզի «Բողբոջ» խմբից: Գաղութի պատասխանատուներն ու սովորողների կրթությամբ զբաղվողներն արդարացիորեն մտահոգված են, որ եթե երկրի դպրոցներում դեռևս լեզուն չբացված հայ երեխաներն սկսեն անգլերեն և արաբերեն սովորել, ապա նրանց մայրենի լեզվով մտածողությունը, հնչյունային լսողությունը կխաթարվի:
2. Ուսուցիչները ենթարկվում են ծնողների պահանջներին, համաձայն որոնց, երեխան դպրոց է գալիս, ուրեմն` պիտի գրել-կարդալ սովորի: Ծնողները շտապում են իրենց երեխայի ձեռք բերած արդյունքները տեսնել, և քանի որ «Բողբոջ» խմբի երեխաների հետ տարվող աշխատանքների հստակ ծրագիր դեռևս չկա, ծնողները չեն տեսնում, թե ինչով են զբաղվում, ինչ են ձեռք բերում երեխաները մեկ ուսումնական տարում:

ՈՒսուցիչների հետ իրականացրած մեր աշխատանքների արդյունքում որոշակիացվեցին այս խմբի կրթության բովանդակությունն ու իրականացման մեթոդները:

Մանկապարտեզի «Կոկոն» խմբում հայրենասեր ու աշխույժ ուսուցչուհի Վարդուհի Կարագյուլեանի ջանքերով շարունակվում է գրաճանաչությունը, և երեխաները ճանաչում են ևս 19 տառ, սովորում անցած տառերով բառեր կարդալ և գրել: Անշուշտ, օրիորդի թափած մեծ ջանքերի շնորհիվ երեխաների մեծ մասը ճանաչում են տառերը և ձեռք բերում դրանցով կազմված բառեր և պարզ նախադասություններ կարդալու ունակություն: Այս խմբի երեխաները (ուսուցչուհու օգնական` Ռոզեթ Պաշտոյեան) ազատ խոսում են հայերեն, ստանում են հայեցի կրթություն: Եռանդուն ուսուցչուհու ջանքերով դասարանը շնչում է հայերեն, մտածում է հայերեն...

Տառաճանաչությունն ավարտվում է «Ծաղիկ» դասարանում, ուր համեստ ու համբերատար Սեդա Կիրակոսյանի (օգնական` Քարին Գալաճեան) ջանքերով ամփոփվում է առաջին երկու տարիներին երեխաների սովորածն, ու երեխաներն սկսում են կարդալ, գրել հայերեն: Շահեկանորեն առաջընթաց է նկատվում նաև նրանց խոսքի և մտածողության զարգացման գործընթացում:

Կասկածից վեր է, որ վաղ տարիքից (3 տարեկան) տառուսուցումն ու այդ գործընթացի ձգձգումը մի շարք տեսանկյուններից չի հիմնավորվում, ավելին` խոչընդոտում է սովորողների ուսումնական դրդապատճառների ձևավորման ու պահանջմունքների բավարարման գործընթացը:

Նախ` երեք տարեկանից գրաճանաչության կազմակերպումը վնասում է երեխաների առողջությանը, հոգնեցնում նրանց ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Հոգնության, այն էլ անարդյունավետ, արդյունքում մարում են սովորելու նկատմամբ երեխաների մեջ դեռևս նոր-նոր ծագող ուսումնական դրդապատճառները, մայրենի լեզվի նկատմամբ սերը: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ երեխաներն իրենց մայրենի լեզվով գրել-կարդալ են սովորում գրեթե չորս տարում: Այսպիսի ձգձգումը սովորողների մեջ առաջացնում է ձանձրույթ, իսկ ծնողների մեջ` հուսահատություն, սպասվող արդյունքի նկատմամբ անվստահություն:

Այս ամենով հանդերձ` դպրոցին հաջողվում է պատվով կատարել ժամանակակից կյանքով, գայթակղիչ վայելքներով, մեր ազգայինի հակասող բարքերով հարուստ այս երկրում հայ երեխաներին հայ պահելու իր վեհ առաքելությունը: Փառք ու պատիվ այս գործն իրականացնողներին:

Ուսուցման երրորդ տարվա վերջում, այնուամենայնիվ, երեխաները չեն կարողանում ազատ գրելու կարդալ, պատմել կարդացածը ամբողջական կապակցված խոսքով: Թեև գրաճանաչությունն իրականացվում է վերլուծական-համադրական հնչյունային մեթոդով, սակայն աշխատանքային մեթոդի դասագրքերում անկատար ներկայացման, ուսուցիչների մանկավարժահոգեբանական պատրաստվածության անբավարար մակարդակի պատճառով փաստորն երեք տարվա կրթության արդյունքում երեխաները դեռևս ի վիճակի չեն միանգամից անցնել ընթերցարաններով աշխատելուն. ձևավորված չեն կարդալու բոլոր որակական հատկանիշների պահպանմամբ ընթերցելու կարողությունը: Հենց այս դժվարության հաղթահարման նպատակով էլ ուսումնական խորհրդի որոշմամբ մինչև երեխաների առաջին դասարան տեղափոխվելը ստեղծվել է մի միջանկյալ` նախապատրաստական դասարան: Այս դասարանում է աշխատում լրջախոհ, քնարական ու կիրթ մի հայուհի` Նորա Սեկեանը, որի բարեխիղճ ու ջանադիր աշխատանքով ավարտվում է գրաճանաչությունն ու աշակերտները սկսում են ազատ կարդալ ու գրել հայերեն:

Նախապատրաստական դասարանից հետո աշակերտները տեղափախվում են առաջին դասարան: Առաջին դասարանում Ալին Պետուրյանի ջանքերով երեխաների կարդալու կարողություններն ու խոսքի զարգացումն աստիճանաբար վերածվում են հմտության: Առաջին դասարանցիներն արդեն կարդում են արտահայտիչ, կարողանում են կատարեն «Մրգաստան» դասագրքում տրված լեզվական վարժությունները: Այս գործընթացը շարունակվում է II և III դասարաններում, ուր ուսուցչուհիներ Թամար Գավլաքյանի և Մարալ Մանճիկյանի թափած ջանքերի շնորհիվ աշակերտները խորամուխ են լինում հայոց լեզվի քերականույան գաղտնիքների մեջ, ծանոթանում է հայոց պատմությանը, հայ գրականությանը, ստանում են քրիստոնեական դաստիարակություն: Ի դեպ, կրոնի դասերը նախատեսված է դպրոցի բոլոր դասարաններում, որոնց աշակերտները մասնակցում են սիրով, գիտակցաբար և ըմբռնումով:

Դպրոցի IV դասարանում ուսուցչուհի Սալբի Աբելյանի վարած դասերի ժամանակ աշակերտների հետաքրքրությունն ու ուշադրությունը հասնում է իր գագաթնակետին: Երեխաների ակտիվ ուսումնական գործունեությանը նպատում են ուսուցչուհու ստեղծագործական մտահղացումները, որոնք ընթերցանության և մայրենիի ժամերը դարձնում են դեպի հայ գրականությունն ու հայոց լեզուն սիրո ու նվիրումի դասեր:

Դպրոցի 5-8-րդ դասարաններում (ուսուցիչներ` Սևան Կարճիկյան, Ճորճ Գալելյան, Գևորգ Պերղուտյան և Անի Գավլաքյան) աշակերտների մեջ առավել հասունացած է հայերեն անթերի սովորելու, կարդալու, հայոց պատմությունը խորությամբ ուսումնասիրելու պահանջմունքն ու ձգտումը: Մենք էական ենք համարում հայերենն սովորելու պահանջմունքը, քանզի առանց դրա դժվար թե հանրակրթական դպրոց հաճախող և այնտեղ իրենց ուսումնական ձգտումները բավարարող երեխաները միայն հայրենասիրական քարոզներով իրենց հանգստյան օրը զոհաբերեին հայերեն գրել-կարդալ սովորելուն: Շնորհիվ դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվի, տնօրեն պարոն Տաթևի, գաղութի պատասխանատուների, մասնավորապես նրանց բոլորի ավագ կազմակերպչի` Նշան Բասմաճյանի ջանքերի` Շարժայի շաբաթօրյա դպրոցը դարձել է հայկական մի ջերմ օջախ` հայի տուն, ուր հաճախ են կազմակերպվում հայկական ավանդական տոներ, հավաքներ, աշակերտական ու ուսուցչական մրցումներ: Այս ամենը նպաստում են ոչ միայն հայ երեխաների կրթությանը, այլև նրանց հայեցի դաստիարակությանը, համախմբվածությանը, ազգային արժեքների պահպանմանը:

Դպրոցն իր գործունեությամբ հավաքատեղի է ոչ միայն հայ երեխաների, այլև նրանց ծնողների համար, որոնք մասնակից են դպրոցի բոլոր միջոցառումներին, բոլոր հավաքներին, իսկ համայնքի պատասխանատուները, գործարարներն ու ողջ հայրենասեր հասարակությունը սիրահոժար պատրատ են ցանկացած զոհողության:

Շարժայի հայ գաղութի կյանքը շնչում է ազգասիրությամբ, դեպի Հայաստանն ու յուրաքանչյուր հայը նվիրումով …

Գաղութից հեռանալիս լսողությանս մեջ շարունակում էր հնչել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ մարդկանց հոգուց ծորացող Արևագալի պատարագը, իսկ միտքս կրկնում էր. «Ո́վ երկնավոր անշարժ պահել զեկեղեցիս ու զժողովուրդս» խորախուրհուրդ խոսքերը, որոնք գրված են հայ առաքելական եկեղեցու բեմակատին:

Եվ թող տա΄ Աստված…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԵՐԿՈՒ և ՎԵՐՋ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝