Յայտարարութիւն

Saturday, June 6, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 3

II

ՈՐՊԷՍ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿ

Կոմիտասը մէկ տարի էր որ վերադարձել Գերմանիայից, 1899 թ. Յունիսին նա աւարտել էր Բերլինի Երաժշտանոցը, ինչպէս նաեւ Բերլինի Համալսարանի երաժշտութեան եւ փիլիսոփայութեան դասընթացքը։ Նոյն տարուայ Սեպտեմբերից սկսած, երաժշտութեան դասատու էր Ճեմարանում եւ արդէն հիմք էր դրել ճեմարանական նշանաւոր երգչախմբին։ Սիրուած էր բոլոր աշակերտների կողմից։ Կոմիտասը որպէս ուսուցիչ անգերազանցելի էր։ Դասարանում նա իրեն պահում էր լուրջ, երբեմն նոյնիսկ խիստ, թէեւ, յաճախ, կատակներով զուարթ տրամադրութիւն էր ստեղծում։ Դասը համեմում էր սրախօսութիւններով, բայց երբեք թոյլ չէր տալիս, որ աշակերտները ձեռքից դուրս գան։ Երբեմն չէր քաշւում ե՛ւ քանոնը խաղացնել սրա եւ նրա գլխին։ Դասը անցնում էր պարզ, յստակ եւ հրապուրիչ։ Հաճոյք էր նրան լսելը։ Մանաւանդ, երբ խօսում էր հայկական երաժշտութեան, շարականների եւ գեղջկական երգերի ու խաղերի մասին։

Մինչեւ վեցերորդ դասարան, երեք տարի, մեզ դասաւանդեց հայկական եւ եւրոպական երաժշտութիւն։ Նմանապէս ե՛ւ միւս դասարաններում։ Եւրոպական երաժշտութեան տարերքն էր միայն տալիս – պարզ սկզբունքներ, ձայնանիշների գիտութիւն եւ ձայնագրութիւն։ Աւելի ոյժ էր տալիս հայկական ձայնագրութեան – փօ, է, վէ, բէ, խօ, նէ, պա, փօ։ Յաճախ, ինքը երգում էր որեւէ շարական կամ ժողովրդական երգ եւ մեզ հերթով, գրատախտակի վրայ, ձայնագրել էր տալիս։ Ինքն էլ, սկզբի շրջանում մանաւանդ, առաւելապէս հայկական ձայնանիշներով էր ձայնագրում իր հաւաքած ժողովրդական երգերը։ Զարմանալի էր տեսնել, թէ ինչպէս այդ ձայնանիշները, իրենց կիսաձայներով ու քառորդ կամ ութներորդ ձայներով, արտայայտում էին ամենանուրբ հնչիւնները։

Երբեմն համեմատութեան կամ կատակի համար, գործ էր ածում հնդկական ձայնանիշներ – սա, րի, կա, մա, պա, տա, նի, սա։ Կոմիտասը յարակցութիւն էր գտնում հայկական եւ հնդիկ երաժշտութեան միջեւ։ Ընդհակառակը, վրդովումով էր խօսում այն երաժշտագէտների մասին, որոնք հայկական երգեցողութիւնը աղաւաղում էին թրքական մեղեդիներով։ Պէտք էր տեսնել նրա ծաղրը – երբեմն եւ զայրոյթը – երբ չափազանցուած կլկլոցներով օրինակներ էր բերում թրքահայ շարականներից, մասնաւորապէս պոլսեցիների երգելու ձեւերից։ Նա ահագին աշխատանք թափեց մաքրելու համար հայ եկեղեցական երգեցողութիւնը օտարամուտ տարրերից, յատկապէս թրքական ազդեցութիւնից։

Բացի դասարանական պաշտօնական ժամերից, Կոմիտասը դուրսն էլ պարապում էր ձայնեղ եւ երաժշտութեան մէջ ընդունակութիւն ցոյց տուող աշակերտների հետ։ Ունէր իր սիրելիները, որոնց համար ժամանակ եւ աշխատանք չէր խնայում։ Դրանցից էին, օրինակ, Սպիրիդոն Մելիքեանը, ապարանցի, որից յետագային շնորհալի երաժշտագէտ եւ ուսուցիչ դուրս եկաւ։ Վահան Տէր Առաքելեանը, Հայոց Ձորի Մալիշկա գիւղից, որ շատ ուժեղ ձայն ունէր, բայց բութ ականջներ։ Մեծ յոյսեր էր կապում Կոմիտասը Վահանի հետ, տարիներով մարզեց նրա ձայնը։ Վահանը մինչեւ Պետերբուրգ գնաց նշանաւոր երգիչ դառնալու յոյսով, բայց վերջը դարձաւ քաջ զինուորական։ Եւ Կոմիտասի յոյսերը յօդս ցնդեցին։

Կոմիտասի սիրելիներից էր ե՛ւ Մելքոն Քրիշչեանը, զոկ։ Լաւ ձայն ունէր եւ երաժշտական շնորհք, բայց սա էլ կեանքում անյաջողակ դուրս եկաւ։ Գնաց Գերմանիա ուսանելու եւ փոշիացաւ։ Գրիգոր Քեպապճեան, եոզղատցի, որ սուր ականջ ունէր եւ զարմանալի արագ ձայնագրող էր։ Սրանից էլ բան դուրս չեկաւ։ Խոսրով Փախչանեան, վանեցի, երաժշտական բացառիկ ընդունակութեան տէր պատանի։ Մեռաւ, կարծեմ թոքախտից, Վանում։ Արշաւիր Տէր Մկրտիչեան, երեւանցի, գեղեցիկ ձայնի եւ երաժշտական շնորհքի տէր, քէֆ ու խնճոյք սիրող մի աւարա։ Նոյնպէս փուչ դուրս եկաւ կեանքում։

Տարօրինակ է, Կոմիտասի էջմիածնական աշակերտներից Սպիրիդոն Մելիքեանի բացառութեամբ, ոչ մէկը նշանաւոր չդարձաւ կեանքում։ Այդ տեսակէտից յետագային էլ բախտաւոր չեղաւ Կոմիտասը. եթէ չհաշուենք Բարսեղ Կանաչեանին եւ մասամբ Վարդան Սարգսեանին, նրա անուան արժանի մէկը կարելի չէ ցոյց տալ իր աշակերտների շարքում։

Եւ, հետեւաբար, pro domo sua խօսելով՝ ես էլ կարող եմ արդար իրաւունքով հպարտանալ, թէ Կոմիտասի աշակերտ եմ եղել, թէեւ իմ պարագան տարբեր էր։ Երբ դասի միջոցին պէտք էր լինում մէկի երգածը ծաղրել, Կոմիտասը ինձ էր օրինակ բերում։ Փոքր աչքերը մեղմ սեղմած, հազիւ ծիծաղը զսպելով՝ նա ինձ էր ցոյց տալիս, թէ՝ սրա պէս ես երգում։ Այսինքն, այնպէս անշնորհք, որից վատը կարելի չէր երեւակայել...

Բայց վերաբերումը բոլորովին փոխւում էր, երբ խնդիրը գալիս էր ձայնագրութեան։ Սա էլ բնութեան տարօրինակ հեգնանքներից մէկն էր. ես որքան անտաղանդ երգիչ էի, նոյնքան էլ յաջող էի ձայնագրութեան մէջ։ Այնքա՜ն, որ յաճախ, Կոմիտասը ինձ էր հանում գրատախտակի մօտ սրբագրելու լաւագոյն ձայնագրողների սխալները։ Բայց, աւա՜ղ, ես Բեթհովէն չդարձայ կեանքում...։

Մի դէպքում էլ իմ «երաժշտական» տաղանդը երեւան եկաւ իր բովանդակ փայլով։ Ճեմարանի երգչախումբը կազմուած էր բացառապէս աշակերտներից, եւ որոշ ձայներ թոյլ էին։ Կոմիտասը նեղւում էր առանձնապէս բամբ ձայների տկարութիւնից։ Այդ թերին սրբագրելու համար նա Գերմանիայից բերել տուեց չորս սաքսոֆոն – մէկական՝ իւրաքանչիւր չորս ձայների համար։

Երբ պսպղուն գործիքները հասել էին Ճեմարան, մի օր, Կոմիտասը կանչեց ինձ, թէ՝
– Այս սաքսոֆոնը դու պէտք է նուագես։

Զարմանալի էր, ես որ միայն «Գայիանէ»ի երգչախմբին էի արժանացել, հիմա պէտք է Կոմիտասի երգչախմբում սաքսոֆոն նուագէի։ Որքան զարմանալի, այնքան եւ շոյիչ էր իմ ինքնասիրութեան համար։

Գաղտնիքը, սակայն, շուտով պարզուեց եւ ոչ այնքան նպաստաւոր իմ երաժշտական արժանապատուութեան համար։ Պարզուեց, որ բասօ սաքսոֆոնը այնքան ծանր էր, որ Կոմիտասը ինձանից զատ ուրիշ յարմար մէկը չէր գտել այդ բեռը վերցնելու։ Եւ այդ պատճառով ես էի շալակում այդ վիթխարի գործիքը, որից ելած ձայները երբեմն ջղայնացնում էին Կոմիտասին եւ անվերջ կատակի նիւթ ծառայում ընկերներիս համար։ Մինչեւ այսօր էլ ականջիս հնչում է սաքսոֆոնի խրոխտ բոմբիւնը սէգ Սիփանի քաջերի ցնծագին աղաղակներին միախառնուած...։

Մի ուրիշ դէպքում էլ Կոմիտասը ինձ արժանացրեց իր երգչախմբի անդամութեան պատուին։

Խաչվերացի տօնը Էջմիածնում առանձին հանդիսութեամբ էր կատարւում։ Նախատօնակը տեղի էր ունենում վանքի գաւիթում. Մայր Տաճարի կողքին, կաթողիկոսի, բոլոր միաբանների եւ ուխտաւորների խուռն բազմութեան ներկայութեամբ։ Երգչախումբն էր երգում այդ օր, եւ Կոմիտասը պատուիրեց ինձ, որ ես եւս շապիկ հագնեմ խմբի մէջ։ Տարօրինակ էր, որովհետեւ եկեղեցական ծիսակատարութեանց միջոցին սաքսոֆոնը չէր գործածւում։ Ի՞նչ պիտի անէի ես երգչախմբում։

Կացութիւնը շուտով պարզուեց։ Այդ օրը, ծիսակատարութեան ամբողջ տեւողութեան ընթացքին, դպիրներից մէկը պէտք էր բարձր բռնէր 16 գրուանքանոց արծաթէ մի խաչ։ Կոմիտասը գտել էր, որ ես եմ արժանի այդ պատուին։ Ուրիշ խօսքով՝ իմ երաժշտական դերը փաստօրէն սահմանափակւում էր բեռնակրութեամբ։ Գրեթէ «Գայիանէ»ի երգչախմբի անդամութեան հաւասար մի պաշտօն։

Բարեբախտաբար, միայն ես չէի, որ Կոմիտասի օյիններին էի արժանանում։ Յաճախ նա նման խաղեր էր անում եւ Լեւոն Բարխուդարեանի գլխին, որ նոյնպէս բաղաձայն էր, թէեւ ոչ ինձ չափ։ Բայց ամէնից շատ Կոմիտասի կատակների առարկայ էր դառնում մեր ընկերներից Ձանձրոյթ Մարտիրոսը, մեծազանգուած մի տղայ, որ բոլորովին զուրկ էր լսողութիւնից, բայց յամառ կերպով ջութակի դաս էր առնում, առանց մէկ հատիկ եղանակ ուղիղ նուագել կարողանալու։

Ճեմարանը օրինակելի ուսուցչական կազմ ունէր։ Ոմանց մենք առանձնապէս յարգում էինք, ինչպէս, օրինակ, Կարապետ վրդ. Տէր Մկրտիչեանը իր բարձր զարգացման եւ աշակերտներին ներշնչած բարոյական հմայքի պատճառով։ Կամ Սիրական Տիգրանեանն ու Յակոբ Մանանդեանը, որոնք երկուսն էլ – մտերիմ ընկերներ – լրջութեան մարմնացում էին։ Ոմանց էլ սիրում էինք, ինչպէս Մանուկ Աբեղեանը, որի խոժոռ մարմնի մէջ զարմանալի քնքուշ սիրտ էր բաբախում։ Կամ Յովհաննէս Յովհաննիսեանը, որի մեր չսիրած ռուսերէնի դասերը բանաստեղծական ներշնչումների պահեր էին։ Կոմիտասին մենք ե՛ւ յարգում էինք, ե՛ւ սիրում։ Եւ մի քիչ էլ աւելի։ Նրա դասերին սպասում էինք անհամբեր։ Բայց դասարանից դուրս էլ, իբրեւ դաստիարակ, նա մտերիմ կապերով կապուած էր մեզ հետ։ Ուսուցչից աւելի՝ աւագ ընկեր էր մեզ համար։ Մեր դասարանը համերաշխ մի ընտանիք էր, եւ Կոմիտասը ընտանիքի գլուխը։ Նա ուշադրութեամբ հետեւում էր մեր աշխատանքներին, մեր վարք ու բարքին։ Եւ ամէն անգամ, որ մէկը նեղութեան էր մատնւում, վրայ էր հասնում, իբրեւ փրկարար հրեշտակ։



ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԵՐԵՔ

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝