Յայտարարութիւն

Sunday, June 7, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 4

Այսպէս, հինգերորդ դասարանում պատահեց մի անմեղ դէպք, որ եթէ Կոմիտասը չլինէր, մեզանից մի քանիսի համար պիտի վերջանար ողբերգութեամբ։

Ինչ որ տօնի առթիւ մի խումբ աշակերտներ գնացել էինք Երեւան, քաղաքը տեսնելու համար. ախալքալաքցի Վահրամ Վարդապետեանը, գանձակեցի Սեթ Աստուածատրեանը, երեւանցի Արշաւիր Տէր Մկրտիչեանը, ես եւ մէկ-երկու ուրիշներ, որոնց անունը մոռացել եմ։

Սարդարի պալատում էինք, երբ մէջտեղ բուսաւ Արշակ Ջամալեանը – այն ժամանակ Իսահակեան – որ մեզանից երկու դասարան բարձր էր։ «Բա՛հ, դուք այստե՜ղ», բացագանչեց նա եւ առաջարկեց գիշերը միասին մի լաւ քէֆ անել։ Արշաւիր Տէր Մկրտիչեանը, որ քէֆերի սիրահար էր եւ Երեւանի ամէն ծակ ու ծուկին ծանօթ, իսկոյն յանձն առաւ կազմակերպել քէֆը։

Գիշերը, Ղանթարի տակը, թուրք քարվանսարայի վերին յարկի մի սենեակում փառաւոր խրախճանք ունեցանք։ Խորոված, գինի, չոր միրգ, երգ ու պար եւ անվերջ ճառեր Արշակի առաջնորդութեամբ։ Արշակը գոց արտասանութիւններ էր անում Հոմերոսից ու Շեքսպիրից։ Սեթը գինով փորձում էր ճառել, բայց նրան թոյլ չէին տալիս։ Վահրամը անվերջ կրկնում էր Համլէթի օրինակով.

Լինե՞լ, թէ չլինել – Սեթի պէս անշնորհք ճառախօս չլինել։ Իսկ Արշաւիրը, մեղրոտ աչքերով, թուրքերէն բայաթիներ էր հնչեցնում։

Անմեղ պատանեկան ժամանց։ Յաջորդ երեկոյ, երբ վերադարձանք Ճեմարան, ամէնքը տարօրինակ աչքերով էին նայում մեզ։ Շուտով վրայ հասաւ մեր Արգոսը – աւագ վերակացու Գէորգ Ղազարեանը. «Ո՞ւր էիք, ի՞նչ էիք անում, չէ՞ք ամաչում. Ճեմարանի անունը խայտառակեցիք»...

Պարզուեց, որ մեզանից առաջ մեր քէֆի լուրը հասել էր Ճեմարան այլանդակուած ձեւերով։ Իբր թէ մենք անվայել բաներ էինք արել. մեր քէֆին մասնակցել էին եւ օրիորդներ. ոստիկանութեան ականջին էր հասել մեր խայտառակութիւնները...

Տեսուչ Կարապետ Կոստանեանը, որին մենք Մեծ Ինկուիզիտոր անունն էինք տուել, զայրացած՝ կարգադրել էր խուզարկել մեր գզրոցները եւ արգելուած բաներ գտնել։ Արշակի գզրոցից գտնուել էր նրա խմբագրած «Նաւակ» աշակերտական թերթը։ Իմ գզրոցից տարել էին մեր դասարանի «Աշակերտական Սիրտ» պաշտօնաթերթը, որի խմբագիրն էի ես։ Երկու թերթերում էլ Կոստանեանի հասցէին ոչ հաճելի բաներ էին գտնուել։ Նշանակուած էր յատուկ քննութիւն եւ մանկավարժական ժողով՝ մեզ դատելու համար։

Նախքան ժողովը, սակայն, պարտաւոր էինք հաշիւ տալ մեր դաստիարակին։ Կոմիտասը սեւ ամպի պէս մռայլ էր։ Երբեք նրան այդպէս լուրջ չէինք տեսել։ Պատմեցինք ամէն ինչ ամենայն անկեղծութեամբ։
– Ազնիւ խօ՞սք, հարցրեց նա։
– Այո, հայր սուրբ, ազնիւ խօսք։ Անմեղ քէ‎ֆ էր. սուտ են տարածուած լուրերը։
– Շատ բարի, հապա թե՞րթը։

Թերթի մասին ի՞նչ կարելի էր ասել. թերթը թերթ էր։ Ես իմ վրայ առի ամբողջ պատասխանատուութիւնը։

Կոմիտասը կարծես գոհ մնաց մեր պատասխաններից, բայց հարցաքննութիւնը շարունակուեց մի քանի օր։ Կոստանեանը չէր հաւատում մեր խօսքերին եւ թւում էր, թէ ուզում էր անպատճառ պատժել մեզ։

Մանկավարժական ժողովը տեւեց մի քանի ժամ։ Մենք սրտատրոփ սպասում էինք ժողովի որոշման, որ կարող էր մահավճիռ լինել մեզանից ոմանց համար։

Ի՞նչ էր պատահել ժողովում։ Շաբաթներ վերջը միայն իմացանք, որ բուռն վէճ էր տեղի ունեցել։ Կոստանեանը պահանջել էր որ երեք հոգի – Արշակ Ջամալեան, Արշաւիր Տէր Մկրտիչեան եւ ես – արձակուեն Ճեմարանից։ Աբեղեանը, Մանանդեանը, բայց մանաւանդ Կոմիտասը բուռն կերպով ընդդիմացել էին։ Կոմիտասը նոյնիսկ սպառնացել էր հրաժարուել ուսուցչութիւնից, եթէ մեզ հեռացնէին Ճեմարանից։ Կոստանեանը զիջել էր։

Յաջորդ օր, առանձին-առանձին ներկայացանք մանկավարժական ժողովին, լսելու մեր դատավճիռը – խիստ յանդիմանութիւն եւ նախազգուշացում, որ կրկնութեան պարագային մեզ պիտի վտարէին Ճեմարանից։ Արշակը եւ ես երկու անգամ կանչուեցինք ժողովին – մէկ Երեւանի քէֆի համար, մէկ էլ որպէս խմբագիր արգելուած թերթերի։ Կոմիտասին էինք պարտական մեր փրկութիւնը։

Բայց միշտ այդպէս բարի ու ներողամիտ չէր Կոմիտասը եւ պատժել էլ գիտէր ցասումով։ Վերը յիշուած Վահրամ Վարդապետեանը եւ մեր դասարանցիներից մէկ ուրիշը՝ Համբարձում Տէր Մինասեանը, կրօնական մի վէճի ժամանակ, չտպագրուելիք անպատշաճ խօսքեր էին ասել Յիսուսի մասին, որ նա Աստուած չէր, այլ մեզ նման մի մարդ։ Լուրը հասել էր Կոմիտասի ականջին, որ, իբրեւ դաստիարակ, սրտին շատ մօտ ընդունեց այդ միջադէպը։ Քննութիւն նշանակուեց, ու նաեւ Կոմիտասի պահանջով երկուսն էլ արտաքսուեցին Ճեմարանից։ Խիստ էր պատիժը. Վահրամն ու Համբարձումը լաւ ընկերներ էին. մեզ մեծ ցաւ պատճառեց նրանց վտարումը, բայց Կոմիտասը մինչեւ վերջ մնաց աններող։ Էջմիածնի միաբաններից այդ երեւութապէս ամէնէն աշխարհիկը մոլեռանդ կրօնաւոր էր, անհանդուրժող լինելու աստիճան։

Որպէս մարդ, Կոմիտասը շեշտուած անհատականութիւն էր, ուժեղ նկարագրով եւ խորունկ, հաստատուն համոզումներով։ Ընդունակ արագ եւ կտրուկ որոշումների։ Հոգիով բանաստեղծ. երբեմն ոտանաւոր էլ էր գրում եւ ինքը ծիծաղում իր գրածի վրայ։ Երաժշտական մասնագիտութիւնից դուրս, նա մտաւոր շատ լայն պաշար չունէր, բայց լաւ ծանօթ էր հայ մատենագրութեան եւ բանահիւսութեան։ Հայ մարդ էր մինչեւ ուղն ու ծուծը։ Աւանդապաշտ։ Խստակրօն։ Եւ արտասովոր կերպով խստակեաց։

Ամիսը մի քանի անգամ մենք հրաւիրւում էինք Կոմիտասի մօտ մի բաժակ թէյի։ Եւ առ հասարակ, նրա դուռը, ինչպէս եւ սիրտը, բաց էր մեր առջեւ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՉՈՐՍ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝