Յայտարարութիւն

Monday, June 8, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 5

Ապրում էր Կոմիտասը վանքի ներսի փակում, միաբանների նոր հանրակացարանի կողքին, մի հին խցում, որի առջեւը կար մի փոքրիկ պարտէզ։ Բնակարանը՝ երկու սենեակներով եւ մի փոքրիկ խոհանոցով՝ անհրապոյր երեւալու աստիճան պարզ էր։ Մի սենեակում, որ եւ ընդունարանն էր, մի մեծ սեղան էր դրուած, հասարակ աթոռներ, գրադարան եւ հին ձեւի մի ֆիլհարմոնիա, ով գիտէ ումից ժառանգութիւն մնացած։ Մինչեւ վերջին տարիները դաշնամուր չունէր եւ տառապում էր դրանից։ Օգտւում էր Ճեմարանի դաշնամուրից։

Ննջասենեակը – միայն Կոմիտասը կարող էր քնել նման սենեակում – պարզ փայտից մի հասարակ թախտ, իբրեւ անկողին. վրան փռուած էր մի սաւան։ Մի կոշտ բարձ եւ վերմակի տեղ բարակ բրդէ մի ծածկոց։ Վառարան չունէր։ Ամառ-ձմեռ այս էր Կոմիտասի մահիճը։

Տաք եղանակին թէյը, սովորաբար, խմում էինք պարտիզում։ Ինչքան գուրգուրանք ու հոգածութիւն էր դնում նա այդ մի քանի թիզ հողի վրայ, մի քանի ծառերով ու ծաղիկներով։ Ինքն էր մշակում հողը եւ հպարտութեամբ հիւրասիրում իր պարտէզի պտուղներով ու ծաղիկներով։ Թէյն էլ իր ձեռքով էր պատրաստում։ Սիրում էր համեղ թէյը մուրաբայով եւ երջանիկ ծիծաղում էր, երբ հիւրերը գովում էին նրա պատրաստած թէյը կամ քաղցրաւենին։

Երբեմն նստում էր ֆիլհարմոնիայի առջեւ, հայեացքը ուղղում նուագարանի վերեւ, պատից կախուած խունացած «ծաղկեփնջին» եւ սկսում նուագել ու երգել։ Յաճախ էին պատահում այդպիսի պահեր։ Նա բոլորովին վերանում, կարծես կտրւում էր հողից եւ սաւառնում մթնոլորտի մէջ։ Հիանալի, յստակ ու ոլորուն ձայն ունէր եւ մոգական թովչութեամբ տիրապետում էր ձայնին։ Հոգեւոր եղանակների մէջ անմրցելի էր։ Կարելի էր ժամերով լսել նրան ու չյագենալ։

Ամենաոգեւորուած վայրկեանին, մէկ էլ, յանկարծ, կտրում էր եւ... սկսում էր զուարթ ժողովրդական մի երգ։ Ու վերջն էլ – քահ-քահ – վերջացնում էր ծիծաղով։ Թռչում տեղից ու
– Քերթենքէլէ, մօտեցնում էր բռունցքը մեզանից մէկն ու մէկի քթին։

Մանկական մի գիծ կար նրա բնաւորութեան մէջ։ Խորագէտ էր, բայց եւ միամիտ ու դիւրահաւատ։

Յիշում եմ, իմ առաջին տարին, Էջմիածին այցելեց պարսից Մուզաֆէր Էդդին շահը։ Վանքը փառաւոր ընդունելութիւն սարքեց նրան։

Կոմիտասը շահին նուիրուած յատուկ երգ էլ էր յօրինել, որի պարսկերէն խօսքերը, կարծեմ, Աճառեանն էր գրել. գէթ այդպէս էին խօսում։ Կոմիտասը համոզուած էր, թէ պիտի արժանանայ շահի ուշադրութեան եւ նոյնիսկ յոյս ունէր Առիւծի եւ Արեւի շքանշան ստանալ։

Շահը, ամպհովանիի տակ, հանդիսաւոր կերպով անցաւ Ճեմարանի բակից դէպի վանք։ Աշակերտները եւ խռնուած բազմութիւնը «կեցցէ» էին կանչում անվերջ։ Ճեմարանի առջեւ երգչախումբը, Կոմիտասի առաջնորդութեամբ, սկսեց երգել շահին ձօնուած երգը, որի ամէն տուն վերջանում էր «Հէյ, Շահ» բացագանչութեամբ։ Մուզաֆէր Էդդինը կեցաւ մինչեւ երգի վերջանալը, ուշադրութեամբ լսեց, ժպտաց եւ անցաւ։ Առիւծն ու Արեւն էլ անցան գնացին նրա հետ։ Կոմիտասը երկար սպասեց։ Վերջապէս, Թիֆլիսի պարսից հիւպատոսից ստացուեց պարզ շնորհակալութեան մի գիր... Կոմիտաս անկեղծօրէն վրդովուած էր.
– Վա՜յ, մաթռաբազ, վայ, էս էլ քեզ Շահ...

Մի ուրիշ անգամ, ռուսաստանից մեծահարուստ մէկը եկել էր Էջմիածին. հիացած քառաձայն պատարագից՝ նա այցելեց Կոմիտասին։ Մեր դասարանցիներից մի քանի հոգի ներկայ էինք այդ տեսակցութեան։

Ադամանդէ մատանիներ մատներին, ժամացոյցի ոսկի հաստ շղթայ պատկառելի փորի վրայ՝ պարոնը իր հիացումը յայտնեց Կոմիտասին նրա բազմաձայն պատարագի համար։ Կոմիտասը շոյուած էր զգում իրեն։

Այցելուն հետաքրքրուած դիտեց սենեակը եւ մէկ էլ, հայեացքը ուղղելով ֆիլհարմոնիային, հարցրեց.
– Հապա ո՞ւր է ձեր դաշնամուրը։

Յայտնի եղաւ, որ Կոմիտասը դաշնամուր չունի։ Պէտք էր տեսնել պարոնի զարմանքը։
– Դուք դաշնամուր չունէ՜ք։ Կարելի՞ բան է։ Այս օրուանից հաշուեցէք, թէ դուք ունէք դաշնամուր։ Ես խօսք եմ տալիս մի լաւ դաշնամուր ուղարկել ձեզ։

Կոմիտասի դէմքը ճառագայթում էր։ «Չէ, ի՞նչ պէտք կայ, շնորհակալ եմ», բայց ժպտուն աչքերը հակառակն էին ասում։

Այնուհետեւ պարոնը հարցրեց, թէ ի՞նչ տեսակ դաշնամուր կը նախընտրէր Կոմիտասը – ռուսակա՞ն, թէ գերմանական։ Ի հարկէ, գերմանականը նախընտրելի էր։ Պարզուեց, որ պարոնը դաշնամուրի տեսակներից էլ հասկացողութիւն ունէր։ Եւ մի անգամ էլ հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ շուտով վարդապետը կ՚ունենայ սեփական դաշնամուր։ Պարոնը նոյնիսկ որոշեց, թէ սենեակի որ մասում լաւ կը լինէր դնել դաշնամուրը։

Մի քանի ժամ Կոմիտասը հիւրասիրեց այցելուին։ Երգեց նրա համար։ Նուագեց ֆիլհարմոնիա։ Մուրաբայով թէյ հրամցրեց։

Վեհանձն պարոնը ջերմ խօսքերով հրաժեշտ տուեց։ Գնաց, եւ իրար ետեւից անցան ամիսներ ու ամիսներ, բայց դաշնամուրը չստացուեց։ Ու երբեք էլ չեկաւ։

Այնուհետեւ, նման ուրիշ դէպքեր էլ պատահեցին, բայց Կոմիտասը այլեւս հաւատ չէր ընծայում։ Տարիներ վերջը միայն Կոմիտասը մի թանկագին դաշնամուր ստացաւ նուէր՝ Մանթաշեանից։ Մինչ այդ, նա գոհացաւ միայն իր նահապետական ֆիլհարմոնիայով։ Եւ գրեթէ ամէն կէսօրից յետոյ, փակւում էր Ճեմարանի հանդիսարանում, ուր մի քանի ժամ, դաշնամուրի առջեւ, նուագում ու երգում էր։ Դաշնամուրը դրուած էր այնպէս, որ առջեւի մեծ պատուհանից երեւում էր Մասիսը...

Հայ լերան այդ փառաւոր տեսարանը կարծես աւելի էր բորբոքում Կոմիտասի երեւակայութիւնը, եւ երկար հնչում էին նրա հոգեզմայլ եղանակները։

Վերջը իջնում էր Ճեմարանի բակը եւ մանկական խանդավառութեամբ նետւում խաղերի մէջ, աշակերտների հետ։

Կոմիտասը շատ էր սիրում խաղ եւ զբօսանք։ Շաբաթ չէր անցնում, որ նա, իբրեւ մեր դասարանի դաստիարակ, պտոյտի չտանէր մեզ, վանքից դուրս այգիները, կամ նշանաւոր վայրերը, երբեմն էլ աննպատակ դէպի դաշտ այս կամ այն ուղղութեամբ, կամ Ներսիսեան անտառը։ Զբօսանքը միեւնոյն ժամանակ եւ դաս էր մեզ համար։ Միշտ առիթ էինք գտնում նրանից որեւէ բան սովորելու։ Կամ կատակներով ու ծիծաղով անհոգ ժամանակ անցընելու։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՀԻՆԳ

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝