Յայտարարութիւն

Wednesday, June 10, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 7

Անդին Արայի լեռը։ Միւս կողմը աղառատ Կողբի սարը։ Արարատեան դաշտը երեք կողմերից պատնէշուած է հայոց լեռներով եւ մի կողմից, դէպի արեւելք, նեղ անցքով, հորիզոնը միախառնւում է Շարուրի հետ։ Այդ կողմ էր ուղղւում իմ հայեացքը ամէն անգամ, երբ վիթխարի լեռները սկսում էին ճնշել Սարմատեան դաշտերին վարժ իմ հոգիին...։

Թեթեւ քայլերով կտրեցինք դաշտի ճամբան, անցանք փրփրուն Քասախի հնամեայ կամուրջը, այգիների միջով մագլցեցինք վեր եւ ծնրադրեցինք Սուրբ Մեսրոպի գերեզմանի առջեւ։ Կոմիտասը վերացած լուռ աղօթում էր ծունկի եկած։ Այն ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ մի Սուրբ Մեսրոպ էլ ինքը պիտի լինէր նոր ժամանակների համար։

Ապա խմբով մասնակցեցինք պատարագի արարողութեան եւ գիւղի քահանայի ճաշը վայելելուց յետոյ, նոյն աշխոյժով, երգով ու խաղով վերադարձանք Էջմիածին։

Առիթից օգտուելով, Կոմիտասի խնդրանօք, քահանան հաւաքեց գիւղի նշանաւոր երգասացներին եւ Կոմիտասը իր «փօ, է, վէ»ով ձայնագրեց մի շարք ժողովրդական երգեր։

Սա նրա թոյլ կողմն էր, ինչպէս ասում էր Մանուկ Աբեղեանը։ Անկարելի էր, որ նա մի տեղ գնար եւ ժողովրդական երգեր չհաւաքէր։ Ապա այդ երգերը մշակում էր, անվերջ սրբագրում, փոփոխում, տասը անգամ երգում էր սրան ու նրան, մինչեւ որ կատարելութեան էր հասցնում։

Մանուկ Աբեղեանը օգնում էր նրան քառեակները հայացնելու։ Նրանք միասին հաւաքել էին հազարաւոր քառեակներ, որոնցից մէկ թէ երկու պրակ հրատարակեցին միասին, «Հազար ու մի խաղ» անունով։ Կոմիտասը մաքրում էր քառեակները տգեղ կամ օտար բառերից եւ նոր ձեւ էր տալիս։

Այսպէս, ժողովուրդը երգում էր.
Ինժինէր եարը, դարդիման եարը
Կոմիտասը դարձրեց.
Իմ չինար եարը, գովական եարը
Ժողովուրդը երգում էր.
Մնացիր, մնացիր, սալդատ գնացիր
Ըստ Կոմիտասի.
Մնացիր, մնացիր, զինուոր գնացիր։
Կամ՝
Սոնա դիլբար, Սոնա եար
Ըստ Կոմիտասի.
Սոնա սիրուն, Սոնա եար
Ժողովուրդը երգում էր.
Էս եանը պոպոք, էն անը պոպոք,
Իմ եարը եկաւ հագին էր սապոգ

Պոպոք նշանակում է ընկոյզ Արարատեան բարբառով։

Սապոգ՝ կօշիկ ռուսերէն։ Կոմիտասը շատ աշխատեց պոպոքին նոյնայանգ բառ գտնել հայերէն եւ չգտաւ։

Կոմիտասը արտասովոր երաժշտական հոտառութեան տէր մարդ էր, բայց ստեղծագործող չէր։ Փորձում էր ինքնուրոյն ստեղծագործութիւն էլ տալ եւ սակայն միշտ էլ անյաջող։ Յիշում եմ՝ նա երկար աշխատեց Թումանեանի «Անուշ»ի վրայ։ Դեռ Արմէն Տիգրանեանից շատ առաջ ուզում էր օպերայի վերածել։ Նոյն իսկ մի քանի տեսարաններ յօրինել էր, որոնք մեր Ճեմարանի հանդէսներում ներկայացուեցին, բայց յաջողութիւն չգտան։

Մեծ յաջողութիւն չունեցան ե՛ւ Յ. Պարոնեանի երկերից յօրինած զաւեշտական երաժշտախաղերը։ Այսպէս, Կոմիտասը երկար աշխատեց պատրաստելու «Քաղաքավարութեան Վնասները»ից մի օպերէտ։ Ամիսներով փորձեր տեղի ունեցան։ Ներկայացման օրը Ճեմարանի սրահը լեցուած էր բերնէ-բերան։ Հիւրեր էին եկել նոյն իսկ Երեւանից։ Խաղը, ինչպէս ասում են, անցաւ աշխոյժ, բայց ոչ մէկ տպաւորութիւն չգործեց հասարակութեան վրայ։ Ամբողջ խաղից մի փոքրիկ եղանակ միայն մնացել է իմ յիշողութեան մէջ – պոնժուր ըսէ տիկինին...

Աշակերտները ցատկռտում եւ երգում էին.
– Պոնժուր ըսէ տիկինին...

Ի վերջոյ, կարծեմ Կոմիտասը ինքն էլ համոզուեց, որ երաժշտական ստեղծագործութիւնը իր ասպարէզը չէ։ Միւս կողմից, այն էլ պէտք է ասել, որ Կոմիտասը սովորական իմաստով մշակող, դաշնաւորող կամ բանահիւսող էլ չէր։ Նրա վերամշակած եղանակներից շատերը իրենց մէջ պարունակում են ե՛ւ ստեղծագործական տարր, ինչպէս ժողովրդական երգերը կամ եկեղեցական եղանակները. «Սուրբ Սուրբ»ը, օրինակ, կամ «Հաւիկ»ը, «Տիրամայրը» կամ «Հորովէլ»ը, «Անտունի»ն, «Մոկաց Միրզէ»ն, «Սիփանայ Քաջեր»ը, վերջինը Մանուկ Աբեղեանի բանաստեղծութեամբ։

Կոմիտասի գլխաւոր գործը, անշուշտ, եղաւ հայ երաժշտութեան վերածնունդը։ Զինուած ժամանակակից գիտութեան լաւագոյն զէնքերով, ինքն եւս հոգիով ու մտքով արտակարգ արուեստագէտ, Կոմիտասը յայտնագործեց դարերի ընթացքին կորստեան մատնուած կամ խաթարուած հայկական երաժշտութիւնը, մաքրեց օտարամուտ տարրերից, իր հանճարով վերականգնեց նրա իսկական դէմքը, ժողովրդականացրեց հայութեան մէջ եւ օտարների աչքին եւ ստեղծեց զուտ հայկական ազգային երաժշտական մշակոյթ։ Ինչ որ Սուրբ Մեսրոպը եւ իր աշակերտները կատարեցին հինգերորդ դարում ընդհանրապէս հայկական մշակոյթի վերաբերմամբ, քսաներորդ դարում կոմիտասը մենակ կատարեց հայ երաժշտութեան համար։ Եւ այդ պատճառով, չափազանցութիւն չի լինի, եթէ Կոմիտասին էլ դասենք հայ ժողովրդի մեծ լուսաւորիչների շարքին։ Ժամանակակիցները նրան չհասկացան, բաւարար չափով չգնահատեցին նրա գործի մեծութիւնը։ Հանճարներից շատերի ճակատագիրն է այդ, աւա՜ղ։ Կոմիտասն էլ ցմրուր խմեց այդ ճակատագրի դառնութեան բաժակից...։


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԵՕԹ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝