Յայտարարութիւն

Thursday, June 11, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 8

III

ՏԱՏԱՍԿՈՏ ՃԱՄԲԱՆ


Այո՛, դառնութեան բաժակը։ Կոմիտասը երջանիկ չեղաւ Էջմիածնում։ Այդ կենսուրախ, զուարթ, կատակող ու խնդացող մարդը, տարիների ընթացքում հետզհետէ լրջացաւ ու ինքնամփոփուեց,եւ երբ ես Ճեմարանից հեռացայ 1906ին, այլեւս բոլորովին տարբեր մարդ էր նա, քան իմ տեսած առաջին տարիների Կոմիտասը։ Վանքը, այդ մեծագոյն բամբասարանը եւ խարդաւանքների բոյնը, Կոմիտասին էլ ընկճեց յուսահատութեան մատնելու աստիճան։ Տատասկոտ ճամբայ անցաւ ու զարհուրելի վախճան ունեցաւ նա։

Ես հաւատացեալ ընտանիքի զաւակ էի։ Առաւօտ ու երեկոյ աղօթել, Կիրակի ու տօն օրերին եկեղեցի երթալ, պաս պահել սովորական բաներ էին մեզ համար։ Այդ զգացումներով էլ գնացել էի Ճեմարան, բայց մի քանի ամսուայ կեանքը Էջմիածնում բաւական եղաւ, որպէսզի կրօն ու հաւատ հիմքից խախտուէին մէջս։ Վանքում ես տեսայ ժխտումը բոլոր այն սրբութիւնների, որոնցմով համակուած էր իմ պատանեկան հոգին։ Էջմիածնի միաբանների մեծ մասը շատ հեռու էր այն մտապատկերից, որ ես կազմել էի հեռուից։

Սկզբի շրջանում, ի հարկէ, արտաքին երեւոյթներն էին միայն ազդում իմ մտքի վրայ, հասարակ ու սովորական բաներ կեանքում։ Օրինակ, վանքի լուսարարապետ Ղեւոնդ եպիսկոպոսը իր հետը եկեղեցի էր բերում նաեւ իր... կատուն։ Ծալապատիկ նստած խորանում, մօրուքը շոյելով, նա փայփայում էր իր չորքոտանի սիրելուն։ Է՛, ի՞նչ կայ որ, կատու է էլի, էշ չէ, բայց այդ մի փոքրիկ փաստը իմ վրայ ցնցող տպաւորութիւն գործեց. կատո՛ւ Մայր Տաճարում, ժամասացութեան միջոցին...։

Ծերութիւնից երկտակ եղած Եղիա վարդապետը, ամէն անգամ որ մենք՝ աշակերտներս խմբով եկեղեցի էինք գնում, ատելութեամբ նայում էր մեզ եւ մեր յետեւից նզովքի խօսքեր հասցնում. «անհաւատներ», «սատանայի զաւակներ»... բայց Ղեւոնդ Եպիսկոպոսի կատուն եկեղեցում չէր տեսնում։

Միաբանները դրսից սուրբ էին ձեւանում, բայց իրենց խցերում, իմ հասկացողութեամբ, խայտառակ բաներ էին անում – պաս չէին պահում, սրա ու նրա միսն էին ծամում, իրար հետ կռւում էին, Վաղարշապատից կասկածելի հիւրեր էին ընդունում...

Մեծ տօներին միաբաններն ու ճեմարանցիները միասին էին ճաշում վանքի սեղանատունը։ Եւ մենք տեսնում էինք, թէ վարդապետներից ոմանք ինչպիսի որկրամոլութիւն էին ցոյց տալիս. ոմանք էլ հարբում էին եւ սկսում ճոռոմաբանել...

Ներսիսեան լճի եզերքը տեսակցութեան վայր էր երիտասարդ միաբանների եւ Վաղարշապատի օրիորդների եւ տիկինների համար ի գայթակղութիւն Ճեմարանի աշակերտների։
Միաբանների նոր հանրակացարանի ճակատը, տպարանի դիմաց, վարդապետների եւ եպիսկոպոսների հաւաքավայրն էր։ Ժամերով այդ տեղից ծիծաղ ու հռհռոց էր լսւում։ Այդ վայրի անունը ճեմարանցիները դրել էին «ազգային բամբասարան»...։

Սրբութեան ոչ մէկ հետք իմ սուրբ կարծած Էջմիածնում։ Այս ամէնը, սակայն, ոչինչ բաներ էին, շուտով իմ աչքերի առջեւ բացուեց ներքին փտութիւնը – ատելութիւնն ու թշնամանքը միաբանների միջեւ, որոնք բաժնուած էին երկու մասի՝ ազատամիտներ եւ պահպանողականներ կամ մշակականներ եւ նոր-դարականներ։

Իրօք, գաղափարական մեծ տարբերութիւններ չկային այդ երկու խմբակցութեանց պատկանողների եւ սրանց հետեւորդների միջեւ։ Աւելի շուտ իշխանութեան եւ նախանձի հարց էր։ Մանաւանդ, հները չէին հանդուրժում եւրոպական կրթութիւն ստացած նորերին, որոնց ազդեցութիւնը կոտրելու համար ներելի էր նկատւում ամէն միջոց։

Տարօրինակ էր այս երեւոյթի հանդէպ Կաթողիկոսի՝ Հայրիկի վերաբերումը։ Նա քաշուած էր իր պատեանի մէջ եւ կարծես բնաւ չէր հետաքրքրւում միաբանների ներքին կեանքով։ Գոնէ մենք դրսից չէինք նկատում նրա միջամտութիւնը։ Իսկ նրա պատահական ակնարկներից այն տպաւորութիւնն էր ստացւում, որ նա շատ էլ քաջալերանքով չէր վերաբերւում դէպի արտասահմանում ուսած երիտասարդ միաբանները։ Կարապետ վարդապետի հանդէպ, օրինակ, նա չէր ծածկում իր վերապահ դիրքը։ Առանձին ջերմութիւն ցոյց չէր տալիս ե՛ւ Կոմիտասի վերաբերմամբ։ Մինչեւ վերջ էլ, օրինակ, նա զլացաւ Կոմիտասին մի դաշնամուր ապահովելու, թէեւ այդ մասին նրան մէկից աւելի դիմումներ էին եղել։ Կոմիտասի քառաձայն երգեցողութիւնն էլ կարծես սրտովը չէր։

Ծանօթ է Թարգմանչաց տօնի առթիւ Ճեմարան հանդիսում Հայրիկի ցոյց տուած վերաբերումը, որ անսահման վիշտ պատճառեց Կոմիտասին։

Մի ուրիշ անգամ, երբ Կոմիտասը իր երգչախմբով պատրաստւում էր մեկնելու Թիֆլիս համերգներ տալու, վերջին պահին, Հայրիկը արգելք դրեց, թէեւ առաջուց համաձայնութիւն էր տուել։ Պէտք էր տեսնել Կոմիտասի յուսահատութիւնը. արցունք էր գալիս նրա աչքերից։ Թիֆլիսից հասած խնդրանքի վրայ, Հայրիկը, ի վերջոյ, վերացրեց արգելքը, բայց նրա այդ քայլը անջնջելի հետք թողեց Կոմիտասի սրտում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՈՒԹ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝