Յայտարարութիւն

Friday, June 12, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 9

Հայրիկի շրջապատը, առհասարակ, չէր համակրում Կոմիտասին, եւ վերջինս գիտէր այդ։ Լուսարարապետ Ղեւոնդ Եպիսկոպոսը, օրինակ, որ Կոմիտասից առաջ դպրապետ էր եղել, տանել չէր կարողանում Կոմիտասի ներկայութիւնը տաճարում, սրբապղծութիւն էր համարում քառաձայն երգեցողութիւնը եւ չէր քաշւում Կոմիտասի հասցէին անարգական խօսքեր ուղղելուց։ Կոմիտասն էլ փոխադարձում – չալղըճի։

Մասնաւորապէս վերջին տարիները, Կոմիտասը իրեն օտար էր զգում Էջմիածնի միաբանութեան մէջ։ Երեւութապէս գրեթէ բոլորի հետ էլ խօսում-խնդում էր, բայց իրեն հարազատ էր զգում միայն Ճեմարանի մթնոլորտում, աշակերտութեան շրջանում եւ իրեն մտերիմ մի քանի վարդապետների հետ։ Վանքում նրա դէմքը աւելի եւ աւելի մռայլ տեսք էր ընդունում։

Եւ, յիրաւի, վանքը այլեւս բանտ էր դարձել նրա համար։ Նրա արուեստագէտի թեւերը ճախրել էին ուզում ազատ օդում. վանքի խեղդիչ մթնոլորտը կապանք էր դնում նրա թեւերի վրայ։ Քանի զարգանում էր նրա միտքը, որքան հարստանում էր գիտական պաշարը, այնքան ուժեղանում էր նրա մէջ արտայայտուելու պահանջը։ Եւ վանքը զլանում էր նրան այդ հնարաւորութիւնը։

Խռովքն ու ներքին անհանգստութիւնը Կոմիտասի մէջ առանձնապէս սաստկացան, երբ նա Թիֆլիսի համերգներից յետոյ, յաղթական վերադարձաւ Էջմիածին։ Այդ համերգները աննկարագրելի խանդավառութիւն էին առաջ բերել հասարակութեան մէջ, մանաւանդ, հայ գեղջկական երգերը, որոնք նոր աշխարհ էին բացել։ Թիֆլիսի հայութեան ցոյց տուած գուրգուրանքը ջերմացրել էր նրա սիրատենչ հոգին եւ միաժամանակ աւելի շեշտուած ձեւով ցոյց տուել այն վիհը, որ կար վանքի եւ դրսի աշխարհի միջեւ։

Վանքը այլեւս կորցրել էր իր հրապոյրը նրա աչքում։

Ճիշդ է, Կոմիտասը արուեստագէտ լինելուց առաջ իրեն զգում էր Հայաստանեայց Եկեղեցու սպասաւոր։ Նա հաւատացեալ մարդ էր, եւ վեղարը նրա աչքում անարժէք բան չէր։ Բայց բնութիւնն էլ դեր ունի մարդկային կեանքում: Թիֆլիսը զարթեցրեց նրա մէջ մարդը, արուեստագէտ մարդը։ Հին աստուածները սկսեցին շարժուել նրա հոգում եւ իրենց պահանջը դնել։

Մենք, նրա աշակերտներս, շուտով նկատեցինք Թիֆլիսի առաջ բերած հոգեփոխութիւնը Կոմիտասի մէջ։ Նա այլեւս քիչ էր հետաքրքրւում վանական կեանքով։ Աւելի ժամանակ էր տալիս երաժշտական նիւթերի մշակման։ Այդ շրջանում էր, որ ես ամիսներով աշխատեցի նրա մօտ նիւթեր արտագրելով հին գրչագրերից։ Նա յատկապէս գլուխ էր յոգնեցնում երաժշտական հին խաղերի առեղծուածի վրայ, որոնց բանալին մինչեւ վերջ էլ չկարողացաւ գտնել։

Միեւնոյն ժամանակ սկսեց ե՛ւ ինքնուրոյն կտորներ յօրինել։ Այդ շրջանում էր, որ Ճեմարանում բեմադրուեց Պարոնեանի «Քաղաքավարութեան Վնասները»ից նրա կազմած օպերէտը։ Խօսում էր ե՛ւ «Սասմայ Ծռերը» օպերայի վերածելու մասին։ Ստ. Կանայեանը նոյն իսկ ձեռնարկել էր լիբրետոյի պատրաստութեան, որ, սակայն ծրագրից անդին չանցաւ։ Լրջօրէն ձեռնարկել էր «Անուշ» օպերայի հեղինակութեան, որ նոյնպէս մի քանի նախափորձերից այն կողմ չանցաւ։

Մենք այլեւս լսարանական ուսանողներ էինք, եւ Կոմիտասի դաստիարակի պաշտօնը վերջացել էր, բայց մեր մտերիմ յարաբերութիւնները շարունակւում էին։ Նա մեր վրայ արդէն նայում էր իբրեւ մեծերի։ Մենք էլ մեզ մեծ էինք զգում։

Հայ եկեղեցական կալուածների գրաւման դէպքերը յեղաշրջել էին ե՛ւ Ճեմարանի կեանքը։ Աշակերտութիւնը հեւ ի հեւ հետեւում էր դրսի անցքերին։ Բարձր դասարանների եւ լսարանների աշակերտութիւնը կազմակերպուած էր Դաշնակցութեան դրօշի տակ եւ գաղտնի ժողովներ էր գումարում։ Ես նախագահն էի Ճեմարանի դաշնակցական աշակերտական միութեան։

Կոմիտասը այդ գիտէր։ Մենք էլ գիտէինք, որ նա հակառակ էր մեր շարժման։ Բայց ոչ մէկ անգամ նա զգալ չտուեց, որ ինքը ծանօթ էր կամ հակառակ էր մեր գործունէութեան։ Մի անգամ, սակայն, չդիմացաւ։

Երեկոյ էր։ Հազիւ էր մութը կոխել. մենք հաւաքուած էինք լսարանականների ննջարանի պատշգամբում, որ նայում էր Վաղարշապատի գլխաւոր պողոտայի վրայ։ Մէկ էլ լսուեց ատրճանակների պայթիւն։ Ապա՝ իրարանցում ու խուճապ դուրսը։ Այդ վայրկեանին Կոմիտասը բարձրացաւ պատշգամբ, մեզ մօտ։ Եւ նոյն ժամանակ լուր հասաւ, թէ սպանել էին «դաւաճան Փոթէեանին», որ ռուս իշխանութեան օգնել էր վանքի գոյքերի գրաւման միջոցին։ Կասկած չկար, որ Դաշնակցութեան ահաբեկումն էր։

Կոմիտասը սարսափով լսեց լուրը, գունատուեց ու պոռթկաց։ Չեմ յիշում խօսքերը, բայց ասածի իմաստը այն էր, որ աններելի է սպանութիւնը, զէնքի դիմողը ինքն էլ զէնքի զոհ կ՚երթայ։ Մանաւանդ, աններելի է հայասպանութիւնը հայի ձեռքով։ Եւ խօսում էր այնպէս, որ կարծես մենք լինէինք Փոթէեանին սպանողը։ Մեզանից ոչ մէկը չառարկեց, ձայն-ծպտուն չհանեց։ Ինքը մեր գլխին թափեց զայրոյթը եւ հեռացաւ։

Մի քանի օր նա խուսափեց մեզանից, բայց վերջը վերահաստատուեցին մեր «դիւանագիտական յարաբերութիւնները», ինչպէս ինքն էր ասում։

Բայց նախկին մտերմութիւնը կարծես չմնաց։ Նա զգում էր, որ մենք գաղտնիքներ ունենք իրենից։ Մենք էլ գիտէինք, որ նա համակիր չէր յեղափոխութեան։ Ինչ որ պարապութիւն էր առաջ եկել մեր եւ նրա միջեւ, որ երթալով լայնանում էր։ Խզում չեղաւ, բարեբախտաբար, բայց առաջուայ ջերմութիւնն էր չմնաց։

Մի դէպք առանձնապէս սուր կերպով մեխուել է իմ յիշողութեան մէջ։ 1905-1906 թուի խռովայոյզ օրերն էին։ Ռուսաստանը բռնուած էր յեղափոխութեան հրդեհով։ Ամէն կողմ ցոյցեր ու գործադուլներ էին տեղի ունենում։ Հանգիստ չէին ե՛ւ Ճեմարանի աշակերտութեան մտքերը։ Մենք էլ գոհ չէինք Ճեմարանի «հին ռեժիմ»ից, որ գլխաւորուած էր տեսուչ Գարեգին վարդապետով – յետոյ Կիլիկիոյ Կաթողիկոսը։ Ամէն կողմից մեր խմբերի անդամները պահանջում էին ժողովներ գումարել եւ «պետիցիա» ներկայացնել տեսչութեան։ Ամբողջ Ռուսաստանը զբաղուած էր «պետիցիա» (պահանջներ) կազմելով։ «Պետիցիա» էին ներկայացնում ե՛ւ Ռուսաստանի աշակերտներն ու ուսանողները։ Մենք ինչո՞ւ պիտի ետ մնայինք։ Կոմիտասը հոտը առել էր եւ մի օր ինձ կանչեց մօտը։

Գնացի իր խուցը։ Իմ հասած րոպէին նրա մօտից դուրս եկաւ մեր տեսուչը՝ Գարեգին հայր սուրբը։ Կասկածելի նշան էր։
– Մաթռաբազ, եկա՞ր, իր սովորական բացագանչութեամբ դիմաւորեց Կոմիտասը։ Եւ մի քանի ներածական խօսքերից յետոյ, կտրուկ կերպով յայտնեց միտքը։

Նա իմացել էր, որ Ճեմարանի աշակերտութիւնը մտածում է պահանջներ ներկայացնել եւ մերժումի դէպքում դասադուլ անել։ Այդ բանը պէտք չէ տեղի ունենայ։ Եւ ես պէտք է խօսք տայի, որ տեղի չի ունենայ։

Ճշմարիտն ասելով՝ ես էլ համամիտ չէի դասադուլի։ Վախենում էի որ կառավարութիւնը, պատրուակ բռնելով աշակերտութեան խռովութիւնները, կը փակէ Ճեմարանը։ «Հին ռեժիմ»ից գոհ չէի, ի հարկէ, բայց դասադուլն էլ համարում էի վաղաժամ։ Մենք պէտք չունէինք առաջ անցնելու. թող կացութիւնը պարզուի Ռուսաստանում, դրա համեմատ կը վարուենք նաեւ մենք։

Այս բաները չասացի, անշուշտ, Կոմիտասին եւ պատասխանեցի, թէ ես անկարող եմ իր պահանջը կատարել։ Աշակերտների ընդհանուր ժողովից է կախուած որոշումը։


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԻՆԸ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝