Յայտարարութիւն

Thursday, June 4, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ

«Նշանակ» այսօր կը սկսի «Թերթօն» ի կողքին հրապարակել ՃԱՆՉՆԱՆՔ ՀԱՅ ՄԵԾԵՐԸ պիտակի տակ շարունակական յօդուածաշարք : Կը սկսինք Կոմիտասի մասին ,Սիմոն Վրացեանի «Անձինք Նուիրեալք» հատորէն արտատպուած վկայութիւն ուսումնասիրութեամբ: Վրացեան աշակերտած է այս մեծ Հայուն, որուն մասին կը վկայէ «...այն ատեն մենք չէինք հասկանում որ մի Սուրբ Մեսրոպ էլ ինքը պիտի լինէր նոր ժամանակների համար» :

Հիւմուրով խառն այս լուրջ ուսումնասիրութիւնը չի սահմանափակուիր լոկ Կոմիտասով:Վրացեան հարազատօրէն կը վկայէ Գէորգեան Ճեմարանի մասին,այնտեղ պաշտօնավարող որակեալ ուսուցիչներու մասին ինչպէս Մանանդեան,Աբեղեան,Յովհ. Յովհաննիսեան: Կը վկայէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկի երևութապէս անտարբեր կեցուածքին մասին հանդէպ Էջմիածնի Մայրավանքի նեխած մթնոլորտին, անբարոյ կղերներուն, Հայրիկի անհանդուրժողութեան մասին հանդէպ Կոմիտասի, քսաներորդ դարու սկիզբի խռովայոյզ օրերու, յեղափոխական խմորումներու մասին ևայլն:

Այս ուսումնասիրութիւնը պիտի հրապարակուի 11 անգամով : Հետևեցէք, կարդացէք . յաջորդող 3Օ էջերուն մէջ այնպիսի հետաքրքրական գիտելիքներ պիտի գտնէք ,զորս այլ գիրքի մէջ դժուար թէ կարենաք գտնել: Բարի վայելում դարձեա՜լ:

«Նշանակ»

________________________________________________________



ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 1


Սիմոն Վրացեան




I

ԳԱՅԻԱՆԷԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ





Արդէն Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի աշակերտ էի։ Ընդունուել էի չորրորդ դասարանը։ Դասերը դեռ չէին սկսուած։ Ամէն օր տեղի էին ունենում մանկավարժական ժողովներ տարեսկզբի կարգադրութիւնների համար, իսկ մենք՝ աշակերտներս առաւօտից մինչեւ երեկոյ անգործ պտտում էինք Ճեմարանի պարտիզում, Ներսիսեան անտառում կամ լճի շուրջը։


Մեզ՝ նորեկներիս համար ամէն բան հետաքրքրական էր եւ հրապուրիչ – ե՛ւ Ճեմարանի գեղեցիկ շէնքը հանդիսարանի բարձրահայեաց գմբէթով, ե՛ւ պարտէզի «մարդերը» հայրենակցականների միջեւ բաժանուած ծաղկոց-ածուներով, ե՛ւ Մասիսի վեհափառ տեսքը ուղիղ մեր առջեւ, ե՛ւ միաբանական նոր հանրակացարանի առջեւ, արեւի տակ, ծոյլ-ծոյլ յօրանջող վեղարաւորները եւ, մասնաւորապէս, մեր ուսուցիչները, որոնք առանձին-առանձին կամ խմբով անցնում էին Ճեմարանի բակից։ Հին աշակերտները ծանօթացնում էին նրանց։


Ահա, բարձրահասակ, պատկառելի տեսքով Կարապետ վրդ. Տէր Մկրտչեանը, Գերմանիայում ուսում առած եւ արդէն գիտնականի համբաւի տիրացած մեր տեսուչը։ Անցնում է հանդիսաւոր քայլերով, շորորալով, վեղարի ծալքերը հովին տուած։


Նրա կողքին, կարճահասակ ու վտիտ, մանր աչքերով ու մանր քայլուածքով Գարեգին վրդ. Յովսէփեանը – «Պօղոս Առաքեալը» – Կիլիկիոյ ապագայ կաթողիկոսը, ջղային շարժումներով ինչ որ բան է պատմում։


Ահա Մանուկ Աբեղեանը – գիւղացու ծանրախոհ դէմքով, գլուխը միշտ կախ, հաստ գաւազանը ձեռքին – Ստեփան Կանայեանը, պատմութեան եւ գերմաներէնի դասատու։ Սա էր, որ քննութեան ժամանակ ինձ հարցրեց. «Ասա տեսնենք, ապո՛ւշ, այն ո՞ր թագաւորն էր, որ Պարսկաստան տարուելով ասաց. «Ես, Արշակ թագաւորս,… », «Արշա՛կը», պատասխանեցի ես արագ։


«Ապրիս, շատ լաւ», հաւանութիւն տուեց Կանայեանը։ Ընթերակաները ծիծաղում էին։


Ահա՜ բարդիի պէս սլացիկ, գլուխը բարձր, գերազանցօրէն լուրջ դէմքով, մաքուր հագնուած, ամուր կոճկուած – Յակոբ Մանանդեանը, յունարէնի ուսուցիչը։ «Գիգնոնտոյ» անունը ստացաւ մեզանից։


Սա էլ ահա բանաստեղծ Յովհաննէս Յովհաննիսեանը՝ առիւծի ալեհեր բաշով եւ անփոյթ շարժումներով, խօսում է ռուսերէն, ասորական մօրուքով, անժպիտ, գլուխը աջ թեքած մի երիտասարդի հետ – Սիրական Տիգրանեանը՝ Պետական Դումայի անդամ ապագային, Հայաստանի Խորհրդարանի փոխ-նախագահ եւ Հայաստանի համալսարանի ուսուցչապետ։


Սա էլ… Կարծես իրեն հալածող լինէր. վանքի դարպասից արագ-արագ Ճեմարանի բակը մտաւ, վեղարը մինչեւ աչքերը քաշած երիտասարդ մի վարդապետ։ Միջահասակ։ Նուրբ կազմուածքով եւ կարճ մօրուքով։ Փոքր եւ կայծկլտող աչքերով։ Աջ ու ձախ դիտելով, սրան-նրան խօսք նետելով մօտեցաւ հանդիսարանի տակ կանգնած ուսուցիչների խմբին։ Ինչ որ բաներ ասաց, ու մէկ էլ – ասես մի տոպրակ արծաթ դրամ թափուեց քարէ սալայատակի վրայ – պոռթկաց վարակիչ ծիծաղով՝ իրեն հետ քաշելով եւ միւսներին։


Սա էլ Կոմիտաս վարդապետը։

Տարօրինակ եղաւ իմ ծանօթութիւնը Կոմիտաս վարդապետի հետ։ Ճեմարանի նախապատրաստական բոլոր աշխատանքները արդէն լրացած էին, եւ ահա առաջին դասը։


Մեր դասարանում սովորութիւն էր եղել տարեսկզբին ընտրել այդ տարուայ դասարանի ամէնից ուժեղ աշակերտին։ Նախորդ տարուայ ամէնից ուժեղը ղազուինցի Լեւոն Բարխուդարեանն էր – շէկ մազերով, բարձրահասակ, հաստամարմին մի տղայ, որի հետ ես տեղ գրաւեցի միեւնոյն նստարանի վրայ, դասարանի վերջին շարքում։ Այնպէս եղաւ, որ մրցումի առաջին փորձը ինձ վիճակուեց։


Փորձը շատ պարզ էր։ Առաջին դասից առաջ, երբ դեռ զանգը չէր հնչած, ես պէտք է երկու ձեռքով բարձրացնէի դասարանի ամենափոքր աշակերտին՝ կարսեցի Նիկողայոս Սուլթանեանին եւ դասարանի յետեւի մասից տանէի առջեւ, մինչեւ գրատախտակը։ Եթէ յաջողէի, առանց գետին ձգելու, տեղ հասցնել – մրցանակը ե՛ս շահած պիտի լինէի։


Սուլթանեանը կարճ, գունտ-կլոր տղայ էր։ Բայց անիրաւը կարծես արճիճով էր լեցուած։ Հազիւ բարձրացրել էի իմ բեռը եւ բոլորի «Հրաշափառ» շարականի հանդիսաւոր երգեցողութեամբ մի քանի քայլ էի արել, յանկարծ, դասարանում տիրեց քար լռութիւն։ Բնազդօրէն բեռը ձգեցի գետին եւ գամուեցի տեղս անշարժ ու շփոթուած։ Նայեցի դէպի բացուած դուռը – շեմքին կեցած էր… Կոմիտաս վարդապետը։


Կոմիտասը կանգնած էր հանգիստ, եւ շարժուն աչքերում կայծեր էին խաղում։ Բարկացա՞ծ էր։ Պիտի ծիծաղէ՞ր։ Մի վայրկեան լուռ դիտեց եւ արագ քայլերով ուղղուեց դէպի ուսուցչական սեղանը։
– Նստեցէք… բայց աչքերում շարունակում էին կայծեր խաղալ։


Նստանք։ Կարծես ոչինչ չէր պատահել։ Բացեց ձեռքի մատեանը։ Ինչ որ գրեց մէջը։ Եւ առանց նախաբանի, միշտ լուրջ, անցաւ գործի։


Մանկավարժական ժողովի կողմից ինքը նշանակուել էր մեր դասարանի դաստիարակ։ Երաժշտութեան դաս պիտի տար մեզ։ Այժմ պիտի փորձէր նորեկների ձայնը երգչախմբի մէջ առնելու համար։


– Դո՛ւ, անցիր նայենք առաջ, խօսքը ուղղեց ինձ։ Բարեգուշակ նշան չէր։ Ինչո՞ւ անպատճառ առաջինը ինձ պիտի կանչէր։ Անշուշտ, քիչ առաջուայ տեսարանի պատճառով։ Քրտինք եկաւ վրաս։


Մօտեցայ սեղանին։ Կոմիտասը հանդարտ դիտում էր ինձ՝ վերից վար, բայց աչքերի մէջ կայծերը չէին մարում։ Դասարանում ասեղ ձգէիր՝ ձայնը կը լսուէր։ Ամէնքը լարուած հետաքրքրութեամբ սպասում էին, թէ ի՞նչով պիտի վերջանայ մուկ ու կատուի այս խաղը։
– Երգել գիտե՞ս, հարցրեց Կոմիտասը շատ լո՛ւրջ։


Ցաւոտ տեղիս զարկեց։ Ես երգ սիրում էի, բայց երգե՜լ… Ինքս ինձ համար, այո՛, երգում էի։ Նոյն իսկ կարծում էի, թէ լաւ էի երգում։ Սակայն, «երգել գիտե՜ս»… Տրորուելով պատասխանեցի.
– Այո՛, գիտեմ։
– Ի՞նչ գիտես, երգիր տեսնենք։


Մի քիչ էլ տրորուեցի ու սկսեցի.


Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն…


Մէկ շնչով լրացրի առաջին տունը։ Կոմիտասը քաջալերանքով շարժում էր գլուխը, «շատ լաւ, շատ լաւ»։ Մատներով խաղում էր կարճ մօրուքի հետ։ Եւ աչքերից շարունակ կայծեր էին թափւում։
– Շատ լաւ, շատ լաւ։ Շարունակիր։


Վրաս ոյժ եկաւ։ Ուրեմն, այնքան էլ յուսահատական չէր կացութիւնս. ուզում է որ շարունակեմ։ Ճիշդ է, ձայնիս մասին ես ինքս էլ բարձր համարում չունէի, բայց երեւի, շատ էլ վատ չէր…


Երգեցի երկրորդ տունն էլ, այս անգամ աւելի համարձակ։
Կոմիտասը միշտ միեւնոյն ձեւով շարունակում էր քաջալերել – «շատ լաւ, շատ լաւ, հիանալի է»…


Երկրորդ տունն եւս անսայթաք աւարտեցի եւ կեցայ։ Վերջին դատաստանին ներկայացող մեղաւորի յուզումով եւ, ինչո՞ւ չխոստովանուեմ, նաեւ յուսով սպասում էի դատավճռին։
Կոմիտասի աչքերում կայծերը կարծես շատացան։ Մի պահ լռեց։ Տոմարի մէջ ինչ որ նշանակեց եւ–


– Քեզ կ՚արձանագրեմ «Գայիանէ»ի երգչախմբում…


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՄԷԿ

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝