Յայտարարութիւն

Friday, July 10, 2009

Քեսապի Մասին Պատմական Ֆիլմ



Սիրելի «Նշանակ»ի Ընթերցող,

Վարի յայտարարութիւնը ստացանք Մխիթարեան Միաբանութեան երիտասարդ , գործունեայ և խոստմնալից անդամ՝ Հայր Համազասպ Քէշիշեանէն:Հայր Սուրբը հիմնադիրներէն մին է Քեսապցիներ Քեսապի Համար կայքէջին և ապագայի աշխատակից ՝«Նշանակ»ին:«Յավուրյան» Ստուդիայի կողմէ ծրագրուած այս աննախընթաց ձեռնարկը համահայկական նշանակութիւն և արժէք պիտի ստանայ եթէ իրականանան այն բոլոր խոստումները զորս Նանէ Բագրատունին կը կատարէ իր ծրագրի հակիրճ ներկայացման ընդմէջէն:
«Նշանակ» ի սրտէ կը շնորհաւորէ այս ձեռնարկը մտայղացող Նորայր Մելքոնեանը, Նանէ Բագրատունին և իր խումբը և կը խոստանայ բանիւ և գործով քաջալեր հանդիսանալ համազգային արժէք ներկայացնող այս գործին: Յաւելեալ մանրամասնութեանց համար ընթրցողները կապ կրնան հաստատել Հայր Համազասպին հետ hamazasp18@hotmail.com հասցէով:

Յարգանօք՝
«Նշանակ»


՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝
Պատմենք աշխարհին Քեսապի մասին...

Ողջույն,

Նախ ՝
Յավուրյան“ Ստւդիան, երիտասարդ ռեժիսորների, օպերատորների ու լուսանկարիչների մի միությունն է, որ կրում է հայ կինոօպերատրության վարպետ Ալբերտ Յավուրյանի անունը: Վարպետը, որ եղել է հայ կինոյի մեկ այլ վարպետ` Սերգեյ Փարաջանովի գործընկերն ու ընկերը, իր սաներին գիտելիքների հետ, փոխանցել է ստեղծագործական ազատության թռիչքներում համամարդկային արժեքների կողքին չմոռանալ հայեցի արժեքները կարևորելու մասին:
Ստուդիան, ստեղծվել է մեկ տարի առաջ, վարպետի մահից հետո.այն արդեն հասցրել է երկու անգամ շահել Հայատանի Վայոց Ձորում հարավկովկասյան “Ես Մարդ Եմ” կինոփառատոնի կազմակերպման իրավունքը, և աջակցել է կրթական շատ ծրագրերի, որի արդյունքում շատ պատանիներ ու երիտասարդներ սովորել ու սովորում են ֆիլմարվեստի, լուսանկարչության հմտությունները, և պատրաստել տասնյակ վավերագրական ֆիլմեր ու ֆոտոհոլովակներ:

Ինչո՞ւ Քեսապ

Ես Քեսապցի չեմ բայց ունեմ Հայաստնում բնակվող Քեսապցի ընկերներ: Քեսապի մասին, այսօր Հայաստանում շատ քիչ երիտասարդներ գիտեն, ես էլ շատ բան չգիտեի, միայն լսել էի: Ծագումով Քեսապցի, իմ ընկերներից մեկը` Նորայր Մելքոնյանը, առաջարկեց վավերագրական /դոկումենտալ/ ֆիլմ պատրաստել Քեսապի մասին, սիրով համաձայնեցա, երկու հոգուց բաղկացած թիմով, տրամադրել ժամանակ և ջանք, Քեսապն աշխարհին մեկ անգամ էլ ներկայացնելու համար:


Ֆիլմ Քեսապի մասին

Քեսապի մասին պատրաստվելու է ֆիլմ: Վերջնական մոնտաժված տարբերակը լինելու է 40-60 րոպե տևողությանբ փաստավավերագրական ֆիլմ:
Ի հարկե մեկ ֆիլմում հնարավոր չէ ամեն բան պատմել, բայց մենք անդրադառնալու ենք Քեսապի ամենակարևոր, արժեքավոր պատմական անցքերին, պատմամշակութային արժեքներին, նշանավոր անձանց, մերօրյա Քեսապի և քեսապցիներին:
Ֆիլմը ամփոփ կերպով և հնարավորինս ամբողջական կներկայացնի Քեսապի պատմությունը` ներառելով աշխարհագրական տեղեկություններ, ավանդական տոների, հատուկ պատրաստությունների, ածականների, խաղիկների և տեղեկություն այն ամենի մասին, ինչը պահպանելով ապրում է այսօրվա Քեսապցին: Կանդրադառնանք եկեղեցական համայնքներին, գյուղական համայնքներին, բարքերին, նիստ ու կացին, տարազներին և այլն:
Ֆիլմում անպայման կպատմվի Երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Քեսապցի լինելու մասին: Այսօր շատ քչերն են որ տեղյակ են նրա կյանքին ու գործունեությանը, և Քեսապցի լինելու փաստին: Ֆիլմում կպատմվի մի շարք կարևոր անձանց մասին, ովքեր, իրենց ներդրումն ու լուման ունեցել են Քեսապի գոյատևման և բարգավաճման գործում:

Նկարահանումների, այս մեծ նյութն ուսումնասիերլու համար նվազագույնը 15-20 օր պետք կլինի, որից հետո մոնտաժը կարվի Հայաստանում, Վայոց Ձորում, «Յավուրյան» Ստուդիային պատկանող տեղնիկայով և կքասհի 1 կամ 2ամիս: Այս ամենից հետո կպատրաստվեն տեսաերիզներ, որոնք կտարածվեն ողջ աշխարհով /ֆիլմը կունենա անգլերեն գրավոր թարգմանություն/ և կհեռարձակվի Հայաստանում հեռուստաալիքներով :Համոզված եմ, որ կհեռարձակվի նաև այլ երկրների շատ հայկական գաղթոջախներում : Ինչպես նաև տեսանյութեր կտեղադրվեն ինտերնետային կայքերում:

Կարծում եմ ֆիլմը Քեսապի մասին պատմելու ամենաազդեցիկ ձևերից մեկն է, քանի որ ֆիլմի միջոցով մարդն ավելի ամբողջական է ընկալում մատուցված նյութը, տեսնում, լսում և վերապրում է տեսածն ու լսածը` արժևորելով մատուցված նյութը:

Երբ հայրիկիս ասացի, որ կուզեմ ֆիլմ նկարել Քեսապի մասին, հայրս ՝ Աստվածավախ մի մարդ, որ պատիվ էր ունեցել շփվել Երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ասաց .
_ Աստվածահաճո գործ կանես: Քեսապը չտեսած ու քեսապցու չճանաչող մարդը, չի հասկանա դա ինչ է: Քեսապն իր ամեն ինչով տարածքով, մարդկանցով, մշակույթով անկրկնելի, յուրահատուկ է, շատ կարևոր օջախ է հայերի համար, ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ դա իմանա:


Այնպես որ Քեսապցի ընկերներիս, հայրիկիս խորհուրդը, և Տիրոջ ու մարդկանց առջև բարի գործ անելու մղումն ինձ ստիպեց ձեռնամուխ լինել այս գործին:

Քեսապի մասին աշխարհին ևս մեկ անգամ պատմելու հնարավորություն ունենալու համար, ակնկալում ենք աջակցություն:
Հարգանքներով ու ամենայն սիրով
«Յավուրյան» ստուդիայի փոխտնօրեն
Նանե Բագրատունի /Ասատրյան/



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝