Յայտարարութիւն

Wednesday, September 30, 2009

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՆՐԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է - 1 - ԺԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆ

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ,
ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՅԱՋՈՐԴԱԲԱՐ ՊԻՏԻ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ , ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏՈՔԹ. ՓՐՈՖ. ՏԻԿ. ՃԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՅՕԴՈՒԱԾԸ: ՄԵՐ ԹԵՐԹՕՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՊԻՏԻ ԸՆԴՀԱՏՈՒԻ ԵՐԿՈՒ ՕՐՈՎ , ՈՐՄԷ ԵՏՔ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԻ «ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ» ԳՐՔԻՆ:

«ՆՇԱՆԱԿ»


՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝


Յուրաքանչյուր նետարձակ, որ ձգում է աղեղը, ուզում է, որ այն հասնի նշանակետին, իսկ այդ նշանակետը` թիրախը, իր համար պարզ է, հայտնի, հասանելի: Նետարձակը գիտի, թե ինչ ուժով պիտի ձգի աղեղը, որպեսզի նետը հասնի ճիշտ կետին, չվրիպի, իր ջանքերը զուր չանցնեն: Որպես «նետաձիգներ»` մենք էլ գիտենք, թե դեպի ուր պիտի հասնեն մեր զավակները, և ինչ ջանքեր են մեզ պետք մեր ընտրած նշանակետին նրանց հասցնելու համար: Այդ նպատակն իրականացնելու գործում իրենց կարևոր տեղն ունեն մարդու կարիքները` պահանջմունքները, որոնք բոլոր տարիքի մարդկանց համար նույնն են` սկսած մանկության տարիներից:

Մանուկների դաստիարակության գործընթացում զգալի արդյունավետության հասնելու և այն առանց դառնությունների ու անցավ իրականացնելու համար կարևոր է ավագների` դաստիարակողների այն համոզմունքը, որ մանուկն էլ ունի այն պահանջմունքները, ինչ զառամյալ ծերունին:Պարզապես կարիքների խմբի մեջ ըստ տարիքի կարող են փոխվել դրանց չափաբաժինները, ձևաչափերը:

Մարդ դաստիարակելը, երեխա մեծացնելը երբեք էլ դյուրին չի եղել: Վստահ ենք, որ այսօր այն առավել դժվար է: Եվ այդ բնական է: Մեր երեխաներն այսօր ապրում են բացառապես այլ պայմաններում, քան մենք ենք ապրել, դիմագրավում են այլ բնույթի մարտահրավերներ: Այդպես են մտածել նաև մեր ծնողները, մեր ծնողների ծնողները:

Ուրեմն` այսպես, մարդն ունի որոշակի պահանջմունքներ, առանց որոնց բավարարման հնարավոր չէ ապրել երջանիկ, գոհ ու դրսևորվել, ինքնագնահատվել, ինքնաճանաչվել: «Ինքնաճանաչությամբ մարդը դառնում է ներքնապես խաղաղ, ինքնավստահ և աներկյուղ»,- ասում է Գարեգին Նժդեհը:

Աբրահամ Մասլոուն իր` «Մարդու պահանջմունքների ստորակարգությունը» գծակարգի միջոցով մարդու պահանջմունքները`ներկայացնում է կարիքների եռաբաժան բուրգի միջոցով: Այդ բուրգը նա բաժանում է նաև ենթաբաժինների` բուրգի յուրաքանչյուր «հարկում» նշելով իրարով պայմանավորված կարիքները: Այդ կարիքների մեջ նա կարևորում է մարդու պատկանելության և սիրո պահանջմունքը: Պատահական չէ, որ Մասլոուն այդ երկու պահանջմունքը բուրգի միևնույն կարգի վրա է տեղադրում: Սիրո և պատկանելիության զգացողությունը մարդն ունի դեռևս վաղ մանկության տարիներից: Երբ մարդը (մարդ է նաև փոքրիկը, որն ունի նույն զգայություններն ու կարիքները) սիրված է և պատկանում է որևէ խմբի` ընտանիքի, համայնքի, ժողովրդի, պետության,եկեղեցու, նա իրեն ընդունված, հետևաբար ապահով է համարում նշված հավաքականության մեջ):

Ջոն Տրեշերը նշում է ընդունված լինելու ութ պայման: Այս պայմանների հաշվառումը երեխայի ընտանեկան դաստիարակության ընթացքում ոչ միայն երեխային է դարձնում երջանիկ, այլև նրա ընտանիքը, իսկ ընտանեկան մթնոլորտը` խաղաղ և արգասաբեր: Այդ պայմաններն են.

1.Զավակիդ ընդունի՛ր իբրև եզակի անձ:
Այս պայմանի խորհուրդն այն է, որ յուրաքանչյուր երեխա եզակի է և նման է իրեն ու միայն իրեն: Փորձել նրան ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա, նշանակում է նրան սիրել հենց այդպիսին` իր արատներով, թերություններով հանդերձ: Չէ՞ որ երբ երեխան ծնվում է ֆիզիկական որևէ արատով, մենք նրան չենք մեղադրում կամ պատժում. նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին նա կա, և անում ենք ամեն ինչ, որ նա երջանիկ ապրի: Անշուշտ, երբ երեխան բարի գործեր է կատարում, լավ է սովորում, դառնում է մրցանակաբաշխությունների հաղթող, խրախուսելի արարքների մեջ առաջինն է, մենք հպարտանում ենք նրանով: Եթե նա այս ամենը չի կատարում, չի նշանակում, որ նա մեր զավակը չէ, և մենք պարտավոր չենք նրան ընդունել իբրև մեր զավակի, կամ նա ընդունված չպիտի լինի ընտանիքում` նրա յուրաքանչյուր անդամի կողմից: Երեխային պիտի ընդունել այնպիսին,ինչպիսին ինքը կա` սիրո և հոգատարության միջոցով նրան փոխելու, շտկելու փորձեր անելով: Մեծ մանկավարժ Պեստալոցցին երեխային համեմատում է ծաղկի հետ, իսկ նրան դաստիարակողին` պարտիզպանի: Եթե ծաղիկը պարտեզում կամ թաղարի մեջ թոշնում է կամ չորանում, մենք նրան չենք մեղադրում, չենք պատժում` զրկելով ջրից և արևից. լավ պարտիզպանն անմիջապես մտածում է. «Արդյոք շա՞տ ջրեցի: Արդյո՞ք հողը լավը չէ: Պարարտացնել պետք չէ՞…»: Նույն կերպ պիտի մտածել, թե ինչու երեխայի վարքում ինչ-որ բան այնպես չէ, ինչո՞ւ… Ո՞րն է այս հարցում ի՛մ մեղքը, ի՛մ սխալը…«Երեխայի վատ արարքի համար պիտի պատժել նրա ծնողներին»…Փնտրե՛ք ձեր մեջ… եթե պատճառը գտաք` կեցցե՛ք: Ուրեմն` իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ:

2.Նկատի՛ր և գովաբանի՛ր զավակիդ հաջողությունները:
Որպեսզի երեխան բարեխղճորեն կատարի իր պարտականությունները և գովեստի արժանանա, նախ հարկավոր է նրա ուսերին դնել հաղթահարելի պարտականություններ և դրանք բարդացնել աստիճանաբար:Երեխայի յուրաքանչյուր աստիճանով աճը, ամենափոքր զարգացումն անգամ պետք է նկատել և հպարտությամբ ցույց տալ գոհունակություն ցուցաբերել:

Երկրորդ` երբեք երեխային չի՛ կարելի մենակ թողնել իր դժվարությունների հետ:Ավագ բարեկամներից մեկը (ցանկալի է ծնողներից մեկը) պիտի միշտ ընկերակցի նրան, որպեսզի փոքրիկը միշտ թիկունքում զգա ապահով մի ձեռք և վստահությամբ ներշնչվի ու չվախենա:
Երեխայի հաջողությունները պիտի գովաբանել,նրան խրախուսել` համեմատելով նրան ոչ թե ընկերների հետ, այլ իրեն` իր հետ` նշելով ոչ միայն այդ պահի ձեռքբերումը, այլև այն աշխատանքը, այն ճանապարհը, որով անցել է նա, այն դժվարությունները, որոնք հաղթահարել է այդ ճանապարհին:



3.Երեխայիդ ցու՛յց տուր, որ սիրում ես նրան:
Կա այն սխալ մտայնությունը, որ ծնողները չպետք է ցույց տան զավակներին իրենց սերը: Մեր մեծերը ասում էին, որ «Երեխային միայն քնած ժամանակ կսիրեն, որպեսզի նա երես չառնի»: Այսօր այդպիսի մոտեցումը դիտվում է կատարյալ մոլորություն: Չէ՞ որ, մեզ ևս դուր է գալիս,երբ մենք զգում ենք, որ մեզ սիրում են: Անշու՛շտ, դուր է գալիս:Եվ որքան մեզ սիրում են, մենք այնքան պարտավորված ենք զգում` սիրով փոխհատուցել: Ո~վ է սիրում իրեն չսիրողին: Փոքրիկը միշտ սիրո հավաստիքի կարիք է զգում և հաճախ ծնողներին հարցնում «Մա՛մ, դու ինձ սիրո՞ւմ ես»: Այո՛, ինքը գիտի իր արածը, բայց մայրիկի սիրո կարիքը, միևնույնն է` զգում է : Երեխային պիտի սիրել` ոչ միայն նրա նկատմամբ հոգատարություն դրսևորելով, այլև գնահատելով, մեծարելով նրան, գուրգուրելով, համբուրելով, ինչպես նաև խոսքով. «Ես քեզ սիրում եմ», «Ես չեմ պատկերացնում, թե մենք ինչպես կապրեինք առանց քեզ»,«Մենք հպարտ ենք, որ դու մեր որդին ես» և այլն: Այսպիսի խոստովանությունը շոյում է երեխայի ինքնասիրությունը, ու նա մի օր անպայման այդ կգնահատի:

4.Երեխայիդ ընկերների բարեկա՛մը դարձիր:
Մանկության տարիներին երեխայի համար (և ոչ միայն մանկության տարիներին) ծնողներից ոչ պակաս արժեք և հեղինակություն ունեն ընկերները: Հետևաբար, պիտի հարգել և գնահատել նրա ընկերներին: Հաճախ մենք մեր երեխաների արժեքների և զգացմունքների վրա փորձում ենք ազդեցություն ունենալ նաև նրանց ընկերների միջոցով: Այդ նշանակում է` մենք պիտի ընդունենք և ոչ թե ընտրենք նրանց ընկերներին:
«Իսկ եթե այդ ընկերն անցանկալի է և վատ ազդեցություն է թողնում մեր զավակի վրա»,-կարող են մտածել բազմաթիվ ծնողներ: Անշո՛ւշտ, հաճախ պատահող դեպք է: Եկե՛ք հիշենք, թե մեզ ինչ է տալիս այն, որ մենք սկսում ենք պայքարել այդպիսի ընկերոջ դեմ` մեր զավակին համոզելով ընկերություն չանել նրա հետ: Վստահաբար, ավելի կամրացնենք նրանց հարաբերություններն ու համագործակցությունը. ճնշումը միշտ հակազդեցություն է ծնում և ավելի ուժեղ, քան ճնշման ուժն է: Ուրեմն` անհրաժեշտ է ոչ թե պայքարել, այլ ընկերանալ զավակի հետ` պայքարելով ոչ թե նրա ընկերոջ դեմ, այլ աշխատել զավակի հայացքների, ճաշակի, արժեքների վերաձևավորման ուղղությամբ: Անհրաժեշտ է նախապես որոշել` որն է այդ ընկերության հիմքը, ինչն է նրա մեջ գրավում ձեր զավակին: Գուցե նրա մեջ կա մի բան, որը չկա ձեր զավակի մեջ, ու հենց դրա կարիքն էլ ունի նա:

5. Երեխայիդ հետ անկե՛ղծ և շիտակ եղիր:
Երբեք անձնական մանկությունը կատարյալ չպետք է պատկերացնել, ավելին` այդպիսին չի կարելի ներկայացնել սեփական զավակին: Անհրաժեշտ է հիշել մանկության տարիների չարաճըճիություններն ու դժվարությունները, մանկության տարիներին, հարցնել ծնողներին, թե ինչեր ես արել ինքդ, և այդ դեպքում անսակարկ կհասկանաս փոքրիկին և չես մեղադրի նրան: Ավելին, անհրաժեշտ է անկեղծորեն նրան պատմել դպրոցական տարիներին կրած հոգսերի, դժվարությունների մասին, ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է նրա հետ, քեզ հետ էլ է պատահել: Մեծ մանկավարժ Յու. Կորչակն ասում է, որ երեխային հասկանալու համար պիտի հիշել սեփական մանկությունը:

Միաժամանակ զավակի վստահությունը շահելու համար հարկավոր է շիտակ հարաբերություններ կառուցել նրա հետ, և եթե պատահում է, որ սխալ ես թույլ տվել, անհրաժեշտ է անկեղծորեն ներողություն խնդրել ու ցույց տալ, որ զղջում ես: Բոլոր դժվարությունների մեջ անհրաժեշտ է զավակին նեցուկ դառնալ, հասկանալ և օգնել նրան, եթե անգամ նա դատապարտելի արարք է գործել:

Շար. 1


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝