Յայտարարութիւն

Tuesday, October 27, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ 1

Սիրելի Ընթերցող,
Քիչ մը դադար պիտի տանք «Երազային Հալէպը» ի հրապարակման և պիտի հրապարակենք Ուիլիըմ Սարոյեանի հետ ժամանակ անցուցած մարդոց վկայութիւնները , իւրաքանչիւր վկայութիւն՝ պատառիկ մը Սարոյեանական Հիւմուրէն:

Այս վկայութիւնները առնուած են 1978 ին Պէյրութի մէջ հրատարակուած «Հանդիպումներ Ուիլեըմ Սարոյեանի Հետ» հատորէն՝ խմբագրուած գրագէտ Պօղոս Սնապեանի կողմէ:

Նախ շնորհակալութիւնս կը յայտնեմ սիրելի Պօղոս Սնապեանին , որ ամէն հանդիպման գիրք մը կը նուիրէ ինծի անուշ խօսք մը մակագրելով առաջին էջին վրայ: Շնորհակալ եմ Տալիտա Գալըպճեանին, որ առանց տրտնջալու , ընդհակառակը, մեծ սիրով մեքենաշարեց բոլոր յօդուածները:

Սիրելի Ընթերցող, յուսամ պիտի վայելես Սարոյեանի մասին այս վկայութեանց ընթերցումը: Բարեհաճիր կատարել քու գնահատանքդ ու քննադատութիւններդ : Քննադատութիւնը մարդս առաջ կը տանի, հետև աբար, սիրելի ընթերցող, մի զլանար այդ բարիքը կատարելու «Նշանակ» ին:

Շնորհակալութիւն,
Նշան Պասմաճեան

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Վարի վկայութիւնները Գուրգէն Մահարիի վկայութիւններն են 1935 ին և 1960 ին Սարոյեանի Երևան այցելութեանց ընթացքին պատահածներուն , խօսուածներուն և Սարոյեանական տարօրինակութեանց մասին :«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

Յետադարձ

Քառորդ դար առաջ, 1935 թուականին, Երեւան ժամանեց երիտասարդ Ուիլեըմ Սարոյեանը: Պէտք է ենթադրել,որ այն ժամանակ ես էլ երիտասարդ էի: Պէտք է ենթադրել նաեւ այն, որ նա ինձ մօտեցաւ ու մտերմացաւ այն պատճառով, որ իմ մէջ գտաւ մի բան, որով օժտուած էր ինքն էլ,
- ես էլ, նա էլ սիրում էինք թափառել:
-
Մենք թափառում էինք եւ զրուցում մեծ մասամբ անցեալից, նա Բիթլիսից, ես Վանից: Նա ինձ նախանձում էր, որ ես ծնուել եմ Վանում եւ յիշում եմ Վանը, իսկ ինքը ծնուած է «Քալիֆոռնիոյ մէջ» եւ հետեւաբար` «բան մ'ալ չեմ յիշեր». Բայց պատմում էր Բիթլիսից այնպիսի մանրամասնութիւններ, որ չէր կարող զարմանք չպատճառել ինձ: Հանգստացնելու համար, ամէն անգամ վերջում աւելացնում էր.
- Մայրս է պատմեր...: Իրաւ կ'ըսեմ:
-
Ինչպէս հիմա, այն ժամանակ էլ նրա Հայերէնն իր հայերէնն էր, իր շարայարութիւնն ու իր քերականութիւնը: Ինչպէս հիմա, այն ժամանակ էլ թւում էր, թէ միայն իր ձայնով կարելի է այդպէս հնչեցնել Հայոց լեզուն, շեշտը անգլիական, բարբառը` բիթլիսցիական...: Ինչպէս հիմա, այն ժամանակ էլ նա Ուիլեըմ Սարոյեան էր,- զգայուն, անմիջական, մանկաւուն, երբեմն կամակոր, բայց ինքնատիպ ու մեծաշնորհ:

Իմ յիշողութեան մէջ թարմ է մնացել օգոստոսեան շոգ այն ցերեկը, երբ ես նրան առաջարկեցի գնալ»Կապոյտ մզկիթ»` պարսկական թէյ խմելու: Նա սիրով համաձայնեց: «Կապոյտ մզկիթ» կամ «Գէոյ մէջիթ» կոչուածը այն հնամենի մզկիթն էր, որը հիմա Երեւանի քաղաքային Թանգարանն է: Մզկիթի բակում, հաստաբուն եւ սաղարթախիտ չինարների ստուերում խփում էր զովաշունչ շատրուանը, իսկ նրա շուրջը դրուած էին հասարակ սեղաններ եւ նստարաններ:

Այստեղ հաւաքւում էր Երեւանի ինտելիգենցիան անուշաբոյր, մուգ թէյ վայելելու: «Կապոյտ մզկիթ» հասնելու համար հարկաւոր էր անցնել արեւկէզ, փոշոտ մի տարածութիւն, որի վրայ այսօր կանգնած է Արարատի բնակելի շէնքը եւ փռուած է Կիրովի անուան մանկական զբօսայգին:
Փոշոտ ու քրտնաթոր կտրում ենք ահա այդ տարածութիւնը: Ուիլեըմ Սարոյեանի ուշադրութիւնը գրաւեց մի սովորական, շարքային աւանակ, որը գնում էր առաջ, հնազանդ տիրոջ ճիպոտին,ականջները թափ տալով:
-Այս էշը ես եմ,- ասաց նա` մատով ցոյց տալով էշը:
Ես, որ որոշ չափով վարժուել էի նրա հումորին, այս անգամ չկարողացայ կողմնորոշուել, ի նչ է ուզում ասել նա:
-Ինչո ՞ւ, -կարողացայ միայն հարցնել ես:
-Հայրս կ'ըսէր, երբ մեծնաս, էշ պիտի դառնաս,- պատասխանեց նա խորին լրջութեամբ:

Երբ Մոսկուայում մի ամիս առաջ լսեցի, որ ժամանել է Ուիլեըմ Սարոյեանը եւ իջեւանել «Նացիոնալ» հիւրանոցում, յիշեցի 1935 թուականի մեր թափառումները, յիշեցի երիտասարդ Ուիլեըմ Սարոյեանին, մտածեցի գնալ ու ներկայանալ: Կշռադատելով իմ որոշումը, ես հասայ այն եզրակացութեան, որ` ոչ, ոչ պէտք է գնալ, ոչ պէտք է ներկայանալ: Ես մտածեցի, որ միամտութիւն կը լինի մտածել, որ նա ինձ կը յիշի, պէտք է թողնել երջանիկ պատահականութեան, նորից հետը ծանօթանալու համար:
Այդ երջանիկ պատահականութիւնը երկար սպասեցնել չտուեց իրեն: Երկու օր յետոյ գրողների միութեան արտասահմանեան բաժամունքում Էդ. Թոփչեանը ներկայացրեց ինձ նրան.
-Ծանօթացէք խնդրեմ, մեր գրողներից...
Նա ժպտաց ուրախ, լայն ժպիտով, սեղմեց ձեռքս, ապա գոռաց իր զրգուն ձայնով.
-Գուրգէ~ն, մազերդ ո՞ւր են... ես քեզ Երեւանի մէջ պիտի փնռէի, դուն Մոսկուայի մէջ ինծի գտար:

Այսպէս սկսեցին մեր մոսկովեան, ապա երեւանեան ամոռանալի օրերը Ուիլեըմ Սարոյեանի հետ:
Չէ, սխալուել էր Ուիլեըմ Սարոյեանի հայրը: Մեծացաւ նրա որդին եւ Արեւմուտքի գրականութեան ջունգլիներում խլելով բնութիւնից իրեն սահմանուած փառքի մեծ բաժինը, հպարտ եւ տիրական, մեծաքանքար եւ կորովի անցաւ աշխարհի սրտի միջով, մնալով միշտ մարդ, միշտ Ուիլեըմ մնալով, մա նաւանդ, միշտ Սարոյեան:


Գուրգէն Մահարի

Շար 1
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝