Յայտարարութիւն

Thursday, October 1, 2009

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՆՐԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է - 2 - ԺԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆ

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ,

ԱՅՍՕՐ ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ , ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏՈՔԹ. ՓՐՈՖ. ՏԻԿ. ՃԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՅՕԴՈՒԱԾԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ: ՄԵՐ ԹԵՐԹՕՆԻ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԻ «ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ» ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՎԱՂՈՒԸՆԷ ՍԿՍԵԱԼ:

«ՆՇԱՆԱԿ»

`````````````````````````````````````````````````````````````````````````````````````

Ուշադի՛ր լսիր երեխայիդ յուրաքանչյուր խոսքը և կարևորի՛ր այն:
Հին ճշմարտություն է`մարդն ամենից շատ իրեն լսողի կարիք ունի: Երբ մենք նեղված ենք կամ ուրախ, ոչ թե համեղ կերակուրի կամ թանկարժեք նվերի կարիք ունենք, այլ մեզ լսելու, լսողի՛ կարիք ունենք, ոչ միայն նրա համար, որ ուզում ենք, որ մեզ հասկանան, այլև նրա համար, որ երբ մարդը խոսում է, բացատրվում, պատմում իրեն անհանգստացնող, մտահոգող դեպքի, երևույթի մասին, նա դատարկվում է, հանգստանում, թեթևանում: Ուրեմն` հարկավոր է մշտապես ժամանակ գտնել զավակին լսելու համար: Եթե անգամ զայրացած եք նրա վրա, և իրավացի է ձեր զայրույթը, ուժ և համբերություն պիտի ունենալ` նրան լսելու. պետք չէ շտապել մեղադրել ու հարցում, առավել ևս` որոշում կայացնել: Երբ երեխան ուզում է ձեզ հետ խոսել, մի՛ հետաձգեք խոսակցությունը. անհրաժեշտ է անգամ ամենակարևոր գործերը թողնել անավարտ և հենց այդ պահին լսել խոսելու ցանկություն ունեցող զավակին: Հայտնի է`օրը ծերության ծնողները շատ են ուզելու խոսել զավակների հետ, ուզելու են, որ նա իրենց պատմի իր կյանքն ու հոգսերը, կիսի իր երջանկությունն ու ձեռքբերումները: Ավա~ղ… Նա արդեն չունի այդ սովորությունը:

Ուրեմն`անհրաժեշտ է պայմաններ ստեղծել նրանց լսելու, հենց հիմա՛ լսելու համար:
7.Երեխայիդ հետ վարվիր այնպես, ինչպես կվարվեիր քեզ համար շատ հեղինակավոր և բարձրարժեք մարդու հետ:

Սա նշանակում է երեխաների հետ անկեղծ և շիտակ լինել: Երեխան անմիջապես զգում է հարաբերությունների մեջ կեղծիքն ու շինծուն: Երեխայի նկատմամբ անկեղծ, քաղաքավարի, հարգալից և մեծարանքով դրսևորված վերաբերմունքը նրա մեջ ձևավորում է ուրիշներին ևս հարգելու սովորություն: Ոչինչ մարդու համար այնքան էական չէ, որքան այն զգացումը, այն համոզմունքը, որ ինքը կարևոր է. մարդն իր բոլոր կարիքների` պահանջմունքների մեջ ամենից ավելի գնահատում է շրջապատի մարդկանց մեջ կարևոր, պիտանի լինելու զգացողությունը:

Տարիներ առաջ, երբ զավակներս փոքր էին, նրանց հետ բակ էի իջել: Երեխաները խաղում էին, իսկ ես հետևում էի նրանց խաղին. ինչպես են հաղորդակցվում, ինչպես են խաղալիքներով խաղում, դրանք իրար զիջում, կռվում,հաշտվում և այլն: Երեխաները փոքրիկ դույլիկներով ավազը տեղից տեղ էին փոխադրում,կենդանիների և մրգերի կաղապարներով խոնավ ավազից առարկաներ էին ծեփում: Ուշադրությունս գրավեց մի փոքրիկ, որին երեխաները կարծես դուրս էին թողել իրենց շրջանից: Նա լուռ, մի կողմ կանգնած` հետևում էր խաղացողներին: Բնականաբար, ինձ մտահոգեց այդ երեխան, ու ես հորդորեցի փոքրիկներին` Հակոբին ևս մասնակից դարձնել: Երեխաներն, անհաղորդ իմ հորդորին, շարունակեցին խաղը: Երբ խաղացողներից ավագը` Լուսինեն, բաժանեց կաղապարները, Հակոբը ճչաց.«Ես էլ ե՛մ այստեղ, ինչո՞ւ ինձ չտվեցիր; Ի՞նչ է ինձ չե՞ք տեսնում»: Հենց սա է երեխայի` կարևոր,գնահատված լինելու պահանջմունքը, որի բացակայությունը երեխային հուսահատեցնում է, իջեցնում նրա ինքնքգնահատականը, շրջապատի նկատմամբ նրա դարձնում անտարբեր, աստիճանաբար` պասիվ, անհաղորդ, իսկ ավելի ուշ` դաժան, անհանդուրժող: Երեխային իբրև կարևոր անձ ճանաչելու առաջին քայլերը պիտի ծնողը կատարի և նրան սովորեցնի կարևորել նաև միջավայրի բոլոր մարդկանց:

Ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ բարեկրթության ամենալավ դասն է: Մեծ փիլիսոփա-մանկավարժ Ջոն Լոկն ասում է. «Որքան վաղ տարիքում ես տղայիդ տղամարդու տեղ դնում, այդքան էլ կարճ ժամանակում և ավելի դյուրին նրան տղամարդ կդարձնես»:

Հիշե՛նք` գովեստը միշտ պարտավորեցնող, սեփական գնահատականը բարձրացնող զորավոր միջոց է:
8. Պայմաններ ստեղծիր, որ զավակդ ապրի և զարգանա իրե՛ն և միա՛յն իրեն հատուկ ձևով, ի՛ր հնարավորություններին համապատասխան:

Այս պատվիրանի խորհուրդն է` ճանաչել սեփական զավակին, որոշել նրա հնարավորությունները, կարիքները, արժեքները, հակումներն ու ընդունակությունները և միայն դրանց համապատասխան որոշել ակնկալիքները: Կարիք չկա նրանից պահանջել այն, ինչ նա չի կարող , ինչ ուրիշներն են անում կամ կարող են անել: Անհրաժեշտ է թողնել, որ երխան նման լինի իրեն, կարիք չկա փորձել սեփական գաղափարներով նրան սնել` ակնկալելով, որ նա երբևէ պիտի քո նման լինի: Դրանով մենք կվնասենք նրա բնությանը: Ինքը եթե իր նման լինի, կեղծ չի լինի և ավելի հաճույքով կընդունվի միջավայրի կողմից: Անհրաժեշտ է միշտ գնահատել սեփական զավակներին և հպարտանալ նրանցով որպես ամենամեծ արժեքի: Այդ դեպքում իրենք իրենց ընդունված կզգան:

Որպեսզի երեխան` ընտանիքի մյուս անդամներին հավասարազոր անդամը, նույն իրավունքների տեր անձն իրեն ընդունված զգա, հարկավոր է.

Ա.Նրան չքննադատել: Անընդհատ քննադատությունը մարդու շուրջ ստեղծում է ծանր մթնոլորտ, անվստահության, ցածր ինքնագնահատման հոգեվիճակ, երեխային անընդհատ մտահոգություններ պատճառող հարաբերություններ, որոնց դեպքում նա մշտապես պատրաստվում է հարձակման:

Բ.Նրան չհամեմատել ուրիշի հետ:Արդեն ասացինք, ամեն մարդ նման է միայն իրեն, նա չի կարող ուրիշին նմանվել: Հենց որ փորձեց նմանվել, չի ընդունվի, կեղծ կլինի: Նա միաժամանակ կսկսի թշնամանալ նրա հետ, ում հետ համեմատում են իրեն: Երեխայի առաջընթացը կամ հետընթացը նշելու համար նրան պիտի համեմատել իր հետ, իր նախկին ձեռքբերումների, նվաճումների հետ: «Դու այսօր ավելի՛ լավ կարդացիր, քան երեկ», «Ինձ դուր չեկավ քո շարադրությունն այսօր: Նախորդ անգամ ավելի՛ լավ էիր մտքերդ շարադրել»: Իսկ եթե հարկավոր է` անպայման նշել այդ արարքի դատապարտելիությունը, պիտի այպանել միայն ա՛յդ արարքը և ոչ թե այն թույլ տված մարդուն ընդհանրապես: Ոչ թե պիտի ասել` «Դու շատ անքաղաքավարի ես», այլ` «Քո այս արարքը շատ անքաղաքավարի էր»:

Գ.Զերծ մնալ ավելորդ խնամակալությունից:Անշո՛ւշտ, յուրաքանչյուր ծնողի պարտքն է իր երեխային վտանգներից հեռու պահել: Սակայն չափից դուրս «ծնողի շվաքի տակ պահելը» զավակին դարձնում է անպաշտպան, անօգնական: Քարնեգինն ասում է, որ փոքրիկը մինչև չընկնի, չբարձրանա, լավ քայլել չի սովորի. մի անգամ էլ կընկնի ու այլևս չի կարողանա կանգնել: Անշուշտ, այս խոսքերն ասված են փոխաբերական իմաստով: Երեխային պիտի թույլ տալ ինքնուրույն և համարձակ գործել` մշտապես «աչքը վրան պահելով», ինչպես ասում են մեծերը:

Դ.Երեխայի ուսերին դնել հաղթահարելի պարտականություններ, այնպիսին, որպիսին նա կարող է կատարել: Ավելին, քան կարող է անել երեխան, անթույլատրելի է նրանից պահանջել:Երբ չստացվեց սպասվածը, փոքրիկը կամ մեծը կհուսահատվեն, չեն վստահի իրենց ուժերին, չեն ձգտի զորավոր դառնալու: Բայց երբ պարտականություններն աստիճանաբար բարդանան, երեխան չի հուսահատվի, նա ինքը կհամոզվի իր կարողությունների մեջ:

Ե.Չփորձել, որ երեխան հասնի նրան, ինչին մենք չենք հասել, կամ անի այն,ինչ մենք չենք կարողացել:Անհրաժեշտ է հիշել, որ մեր կյանքն ուրիշ առաջնահերթություններ ուներ, մենք ուրիշ մտակեցվածք ունեինք, ուրիշ միջավայր, ապրում էինք ուրիշ ժամանակներում: Զավակի փոխարեն պետք չէ գծել նրա ճակատագիրը. նա դժգոհ կմնա իր ճակատագրից, ինչ էլ, որ մենք անենք: Թող ինքը մտածի իր կյանքի ճանապարհը կառուցելու մասին, իսկ մենք նրա հետ քայլենք այդ ճանապարհով, ոչ թե նրան ձեռքերի վրա պահելով (կամ ուսին), այլ նրա կողքին լինենք աննկատ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ջ. Գյուլամիրայն, Երկխոսություն ծնողների հետ, Երևան, «Զանգակ-97», 2002:
2. Ջոն Տրէշըր, Պետքեր որոնց կը կարօտի մանուկը, Շոտլանդիա (թարգմանությունը` Անի Ֆստգճեան-Թաշչեանի)

Շար. 2 և Վերջ


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝