Յայտարարութիւն

Wednesday, October 28, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ -2-

Սիրելի Ընթերցող,
Քիչ մը դադար պիտի տանք «Երազային Հալէպը» ի հրապարակման և պիտի հրապարակենք Ուիլիըմ Սարոյեանի հետ ժամանակ անցուցած մարդոց վկայութիւնները , իւրաքանչիւր վկայութիւն՝ պատառիկ մը Սարոյեանական Հիւմուրէն:

Այս վկայութիւնները առնուած են 1978 ին Պէյրութի մէջ հրատարակուած «Հանդիպումներ Ուիլեըմ Սարոյեանի Հետ» հատորէն՝ խմբագրուած գրագէտ Պօղոս Սնապեանի կողմէ:

Նախ շնորհակալութիւնս կը յայտնեմ սիրելի Պօղոս Սնապեանին , որ ամէն հանդիպման գիրք մը կը նուիրէ ինծի անուշ խօսք մը մակագրելով առաջին էջին վրայ: Շնորհակալ եմ Տալիտա Գալըպճեանին, որ առանց տրտնջալու , ընդհակառակը, մեծ սիրով մեքենաշարեց բոլոր յօդուածները:

Սիրելի Ընթերցող, յուսամ պիտի վայելես Սարոյեանի մասին այս վկայութեանց ընթերցումը: Բարեհաճիր կատարել քու գնահատանքդ ու քննադատութիւններդ : Քննադատութիւնը մարդս առաջ կը տանի, հետև աբար, սիրելի ընթերցող, մի զլանար այդ բարիքը կատարելու «Նշանակ» ին:

Շնորհակալութիւն,
Նշան Պասմաճեան

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Վարի վկայութիւնները Գուրգէն Մահարիի վկայութիւններն են 1935 ին և 1960 ին Սարոյեանի Երևան այցելութեանց ընթացքին պատահածներուն , խօսուածներուն և Սարոյեանական տարօրինակութեանց մասին :«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

ԱՅՍՕՐՈՒԱՆ ՈՒԻԼԵԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԸ

Միջահասակից բարձր եւ թիկնեղ, տոհմիկ, հայկական դիմագծերով, որոնք վաւերացուած եւ հաստատուած են աւելի քան տոհմիկ, բուն արեւմտահայ բեղերով, լայն, խոհական ճակատ եւ խաժ ու խորունկ աչքեր, մետաղի զրնգուն ձայն, վարակիչ եւ կորովի մի ամբողջականութիւն` անկրկնելի ու եզակի իր տպաւորութեամբ, - ահա Ուիլեըմ Սարոյեանը:
-Ասանկ բաներ, օղուլ...

Այս «օղուլ»ն անգամ Ուիլեըմ Սարոյեանի մօտ հայերէն է:

Առաջին միաւոր րոպէների ընթացքում միայն գիտակցում եւ զգում ես, որ նստած ես համաշխարհային համբաւի տէր գրողի մօտ: Բայց ահա այդ ճշգրիտ գիտակցութիւնը, այդ յուզիչ զգացողութիւնը նահանջում է հինգ-վեցերորդ գծի վրայ եւ քեզ թւում է, որ խօսակիցդ հին ծանօթ է, վաղածանօթ ու հին մտերիմ, որի հետ շարունակում ես քո ընդհատուած զրոյցը:
Ուիլեըմ Սարոյեանի մտածելու եւ խօսելու «եղանակը» նովելային է: Քիչ են գրող Ուիլեըմ Սարոյեանի մօտ բացարձակապէս վերջացած նովելներ. մեծ մասամբ նրանք շարունակւում են, շարունակւում են ընթերցողի մտքերի եւ զգացումների ներաշխարհում: Ճիշդ այսպէս էլ է բանաւոր Սարոյեանը: Երբ բաժանւում ես նրանից, դու շարունակում ես խօսել նրա հետ եւ «կախման կէտերն» անգամ /խօսքը մտաւոր կախման կէտերի մասին է/ անզօր են մի նոր թեմայի անցնելու համար:

- Երբ եօթ տարեկան էի, Քալիֆոռնիոյ մէջ մայրս ինծի հայկական դպրոց տուաւ-լաւ էր, շատ լաւ էր. Մեզի կ'ուսուցանէր հայ քահանայ Տէր Գասպարը: Այս «շատ լաւ էր» որ ըսի, մէկ շաբաթ քաշեց: Մայրս մէկ շաբաթ յետոյ հարցուց.
- Է, տղաս, ի՞նչ սորվեցար, պատմէ նայինք...
- Ըսի`
- Մայրիկ, սովրեցայ. «Ահա՜, կատո ւն - բռնեց, զմո՜ ւկ:
Մայրս ըսաւ
- Այդ մենք վաղուց գիտենք: Գնա ՜, լրագիր ծախէ...
-
Ահա սկիզբը Ուիլեըմ Սարոյեանի անհանգիստ եւ հարուստ կեանքի, որին վիճակուած էր մեծ ընթացք եւ ապագայ:

Դժուարին մանկութիւն եւ նոյնքան դժուար պատանեկութիւն, միշտ հասարակ աշխատանքների վրայ, միշտ օրուայ ապրուստը դժուարութեամբ հայթայթող հասարակ մարդկանց շրջապատում, պատանի, երիտասարդ, ապա չափահաս Սարոյեանը պիտի ստեղծէր իր գրական ստեղծագործական սարոյեանական աշխարհը, որի բնակիչները պիտի լինէին իր ճանաչած մարդիկ: Խորն է զգացել կեանքի հակասութիւններն ու դժուարութիւնները, բայց այդ ծանրութիւնը նա տարել է միշտ լաւատես ժպիտով , գրեթէ մանկական անմիջականութեամբ, միշտ հեռու միստիցիզմից եւ յոռետեսութիւնից, բթամատը միշտ կեանքի զարկերակին, միշտ իրական կեանքում լաւը որոնելու եւ անպայման գտնելու ցանկութեամբ տառապող հոգու մակընթացութիւններով եւ տեղատուութիւններով, յաճախ հակասական, չարի դէմ անզէն ու անզօր, բայց միշտ լաւատես, բայց միշտ հումանիստ:

Մոսկուա: Հիւրանոց «Նացիոնալ»:107 րդ սենեակ»: Միշտ զուսպ եւ հաւասարակշիռ Էդ. Թոփչեանը , զուարթ եւ անմիջական Յակոբ Սալախեանը, ես` 1935 թուին Երեւանում տեսած Ուիլեըմ Սարոյեանի եւ այս Ուիլեըմ Սարոյեանի անհամեմատելի համեմատութեան ճիգ ու ջանքի մէջ, իսկ նա իր զրնգուն ձայնով խօսում է, պատմում է, ծիծաղում մանկական առողջ ծիծաղով եւ ինչ որ պատմում է մի նովել է, սարոյեանական մի դրուագ: Նրա բանաւոր ռեպերտուարի գլխաւոր թեման իր ճանաչած ամերիկահայերի, իր ազգականների, բարեկամների եւ ծանօթների հետ կապուած առօրեայ դէպքերի պատմութիւններն են:
Իմ բարեկամ Խաչատուրը եկաւ մօտս եւ ըսաւ.
- «Ուիլեըմ, ամուսնացայ»:
- «Շատ աղէկ ես ըրեր, օղուլ»,- պատասխանեցի:
- «Առաջին տղայիս անունը խաչիկ պիտի դնեմ»,-ըսաւ:
- «Շատ ճիշդ ես մտածեր»,-պատասխանեցի:
- «Երկրորդին` Վարդան...»:
- «Աղուոր, աղուոր...»:
- «Երրորդին` Լեւոն...»:
- «Պատուական ես խորհեր, -ըսի,-կը շնորհաւորեմ...»:
Գնաց: Ինքը գնաց, բայց լուրերն եկան: Առաջինը` աղջիկ, երկրորդը` աղջիկ, երրորդը ` աղջիկ...: Մի՜ խնդաք, չորրորդը` աղջիկ եւ հինգերորդն ալ աղջիկ: Եկան մօտս մարդ ու կնիկ.
- «Ուիլեըմ, ըսին,- այս ի՞նչ եղաւ...»:
- «Մի յուսահատուէք,- ըսի,-գացէք անգամ մ'ալ փորձ փորձեցէք»:
Գացին: Ատեն մը անցաւ, օր մը նստած կ'աշխատիմ, հեռախօս:- Ո ՞վ է,- կը հարցնեմ:- Ես եմ, Ուիլեըմ, Խաչատուրն է: - է, ի՞նչ կայ,- կը հարցնեմ:- Ուիլեըմ,-կ'ըսէ,-Խաչիկն եկաւ...

Ահա երջանիկ Խաչատուրը , ահա նորածին, փոքրիկ Խաչիկը, նրա հինգ քոյրերը կռացած նորածինի օրօրոցի վրայ,
- շարունակիր նովելը ինչպէս կ'ուզես:

Գուրգէն Մահարի

Շար. 2


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝