Յայտարարութիւն

Thursday, October 29, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ 3

Սիրելի Ընթերցող,
Քիչ մը դադար պիտի տանք «Երազային Հալէպը» ի հրապարակման և պիտի հրապարակենք Ուիլիըմ Սարոյեանի հետ ժամանակ անցուցած մարդոց վկայութիւնները , իւրաքանչիւր վկայութիւն՝ պատառիկ մը Սարոյեանական Հիւմուրէն:

Այս վկայութիւնները առնուած են 1978 ին Պէյրութի մէջ հրատարակուած «Հանդիպումներ Ուիլեըմ Սարոյեանի Հետ» հատորէն՝ խմբագրուած գրագէտ Պօղոս Սնապեանի կողմէ:

Նախ շնորհակալութիւնս կը յայտնեմ սիրելի Պօղոս Սնապեանին , որ ամէն հանդիպման գիրք մը կը նուիրէ ինծի անուշ խօսք մը մակագրելով առաջին էջին վրայ: Շնորհակալ եմ Տալիտա Գալըպճեանին, որ առանց տրտնջալու , ընդհակառակը, մեծ սիրով մեքենաշարեց բոլոր յօդուածները:

Սիրելի Ընթերցող, յուսամ պիտի վայելես Սարոյեանի մասին այս վկայութեանց ընթերցումը: Բարեհաճիր կատարել քու գնահատանքդ ու քննադատութիւններդ : Քննադատութիւնը մարդս առաջ կը տանի, հետև աբար, սիրելի ընթերցող, մի զլանար այդ բարիքը կատարելու «Նշանակ» ին:

Շնորհակալութիւն,
Նշան Պասմաճեան

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Վարի վկայութիւնները Գուրգէն Մահարիի վկայութիւններն են 1935 ին և 1960 ին Սարոյեանի Երևան այցելութեանց ընթացքին պատահածներուն , խօսուածներուն և Սարոյեանական տարօրինակութեանց մասին :«Նշանակ»
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»««»

Բազում են Նաջարեան Լեւոնի, կամ, ինչպէս ինքն է ասում` Նաջրի Լեւոնի հետ պատմութիւնները: Այսպէս` պատմում է նա այն, ինչ պատմել Է նրան Նաջրի Լեւոնը.
- Քրոջս որդին, Տիգրան Բաղդասարեանն իր օթոյով կը մօտենայ Արամին եւ կ'ըսէ.
- Արամ, այստեղ սպասէ, ճիշդ կէս ժամէն, ժամը 6-ին կուգամ, քեզի կը վերցնեմ:
- Արամ կը սպասէ մինչեւ ժամը 6-ը, 6 եւ կէսը, 7ը, 8ը... Տիգրան չկայ: Վեց ժամ յետոյ Արամը կը հանդիպէ ինծի եւ տխուր կերպով կ'ըսէ.
- Քրոջդ որդին` Տիգրան Բաղդասարեանը, մեռա՞ւ , ինչէ՞ն մեռաւ:
- Տիգրան ողջ եւ առողջ է, ինչո՞ւ պիտի մեռնի,-կը պատասխանեմ զարմացած:
- Արամը ինձմէ աւելի կը զարմանայ:
- Հապա վեց ամիս առաջ ինծի ըսաւ,- այստեղ սպասէ, ժամը 6-ին կուգամ, քեզի կը վերցնեմ: Եթէ սպասէի, մինչեւ հիմա կայնուկ էի...
-
Հետաքրքիր են Սարոյեանի 1935 թուի յուշերը, կապուած Չարենցի, Թոթովենցի, Զապէլ Եսայեանի հետ: Շատ լաւ յիշում է նա Խանջեանին, Գիւլի-Քեվխեանին: Յիշում է նաեւ հասարակ, անանուն մարդկանց.
- Աբովեանի վրայ հիւրանոցի մէջ կ'ապրէի: Մի օր առաւօտեան ներս կը մտնէ երիտասարդ, շատ երիտասարդ մի տղայ եւ բարձր ձայնով կ'ըսէ.
- Վերջապէս` բարեւ ձեզ...
- Ըսաւ ու գնաց: Շատ հետաքրքիր է իմանալու, ո՞վ էր, ի՞նչ եղաւ, հիմա կա՞յ:
- Յետոյ ինծի ըսին, որ էջմիածին երթամ, հնութիւններ տեսնեմ: Ամառ էր, աղուոր շոգ: Գացի Զուարթնոց, այնտեղ տեսայ մի մարդ, հին, շատ հին հրացան ուսին: Ըսի`- ո՞վ ես- պահապան եմ,- պատասխանեց: Ըսի`-ներողութիւն. Ո՞ր տեղացի ես...- պատասխանեց,- Բիթլիսցի: Ըսի`-ես ալ բիթլիսցի եմ...:- Շատ ուրախացաւ: Ըսի`- ներողութիւն, հայրիկ, Պիթլիս որտեղ է ...ոտքի ելաւ, ձեռքը պարզեց այսպէս, մէկ սանթիմ այս կողմ, այն կողմ տարաւ-բերաւ, այսպէս, յետոյ հաստատուն կէտի մը վրայ ձեռքը կանգնեցուց. Այսպէս` եւ ըսաւ.
- Ճիշդ այսպէս կ'երթաս, այսպէս ուղիղ,եօթ օր, եօթ գիշեր կ'երթաս, կ'երթաս, կը հասնես Բիթլիս: Գնա՜:
Յետոյ մօտեցաւ ծիրանի ծառի մը, ամուր ժժխեց... Վեց-եօթ ծիրան ընկաւ: Նուազ ծիրաններ էին, բայց աղուոր...: Մինչեւ հիմա չեմ մոռնար:

- Ուրիշ բան մ'ալ պատմե՞մ: Բարեկամ մը ունէինք, որ շատ զարմանալի մարդ էր: Միտքը բանի մը վրայ չէր կեդրոնանար: Մեզի կուգար եւ հեքիաթներ կը պատմէր: Մենք փոքրերս կը շարուէինք անոր շուրջ ու կը նայինք անոր բերնին, թէ ի նչ պիտի պատմէ: Շատ կը սիրէր պատմել տնային օձի մասին:
- Ահա օձը մէկ կանգուն, վեց կանգուն, տասը կանգուն պատի վրայ ելաւ, ելաւ, ելաւ, մինչեւ առաստաղ ելաւ, յետոյ այնտեղէն եկաւ, կախուեց, իջաւ մէկ կանգուն, վեց կանգուն, տասը կանգուն կախուեց, եկաւ,եկաւ...
Մենք բոլորս բերանաբաց կը լսենք, վերջը ի՞նչ պիտի ըլլայ, իսկ նա յատակին ընկած մատիտ մը կը տեսնէ, կը վերցնէ.
- Այս ին ՞չ է, մատի ՞տ է...
Այսպէս կը խաղար մեզի հետ:

Չի սիրում, երբ խօսում են իր գրական մեծութեան մասին: Յանցանքի մէջ բռնուած երեխայի պէս մի րոպէ ասես կորսնցնում է իրեն, յետոյ վարպետօրէն փոխում է խօսակցութեան նիւթը:

- Ես կը հաւատամ, որ Ռուսաստանը պիտի հասնի Ամերիկային:
Մի անգամ ես մտայ նրա մօտ.
- Քեզի հետաքրքիր բան պիտի ըսեմ: Տես, ինչ է գրուած...
Նա ինձ ցոյց տուեց անգլերէն մի գիրք, այնտեղ գրուած էր, որ Վլադիմիր Իլյիչ Լենինը 1918 թուին ապրել է « Նացիոնալ» հիւրանոց 107ում:
- Պիտի ըսեմ քեզի, որ ամերիկեան ժողովուրդը կը սիրէ Խրուշչովի համարձակութիւնը եւ հումորը: Այո, պատուական մարդ է Խրուշչովը:
-
- «Էջմիածնի բոզբաշ,- մատուցողը մատուցեց, իսկ « Արարատ» ռեստորանի կառավարչուհին զեկուցեց,- «էջմիածնի բոզբաշ»:
Պէտք է ենթադրել, որ դժուար թէ Երեւանի «Արարատ»ը նման լաւ պատրաստուած կերակուրով հիւրասիրի մեր գրողին, այն, ինչ կարողացաւ անել... Մոսկուայի «Արարատ»ը:
- Այս ինչ անուշ բան է: Ամերիկայի մէջ ասանկ բան եթէ պատրաստես, մեծ դրամ կը շինես:
- Ես չեմ կասկածում, որ այդ րոպէին նա մտքով տեղափոխուեց Կալիֆորնիա եւ յիշեց իր բազմաթիւ ազգականներից մէկին կամ միւսին, որոնք կարող էին մասնաւոր մի ճաշարան բանալ եւ ... «Էջմիածնի բոզբաշ»ով լաւ «Դրամ շինել»...: Արագ-արագ ուտելով` նա գլուխը մի րոպէ բարձրացրեց եւ քրթմնջաց, - «միայն թէ` հարց ու փորձ ընելու է, թէ ինչպէս կը պատրաստեն»: Յետոյ, միշտ կռացած բնակի վրայ ծիծաղում է : Պարզ է, թէ ինչու է ծիծաղում: Նովելը պատրաստ է:- Նաջրի Լեւոնը Քալիֆոռնիայում փորձում է «Էջմիածնի բոզբաշ» պատրաստել, առանց ռեհանի եւ առանց Հայաստանի բանջարեղէնի եւ համեմունքների...
- Լեւոն,այս ի նչ ես եփեր:
- Էջմիածնի բիշտեքս է, օղուլ, կամ, եթէ ճիշդը կ'ուզես` Քալիֆոռնիոյ բոզբաշ...
- Սեղանի վրայից մի փունջ Հայաստանեան ռեհան վերցրեց, հոտոտեց եւ գրպանեց:
- Ասիկա ռեհան է, ես գիտեմ, այս ռեհանի մասին մայրս ինծի պատմեր է, պիտի տանիմ հետս:
Ընթրիքից յետոյ, երբ մօտեցանք «Նացիոնալ» հիւրանոցին, ուշ գիշեր էր: Հիւրանոցի մօտ հաւաքուած էր երիտասարդական մեծ բազմութիւն եւ երգում էր «Մերձմոսկովեան երեկոներ»ը:
Կանգնեց, ժպտաց, շոյեց իր բեխերը:
- Ասոնք եկեր են Վան Քլիբերի համար: Վան Քլիբերն իր ամբողջ յաջողութիւնը պարտական է Մոսկուային: Անիկա Ամերիկայի մէջ այնքան գնահատուած չէ, որքան այստեղ: Լաւ կը չալէ, օրինակի համար, Չայկովսկի լաւ կը չալէ, փիանոյի վրայ լաւ չալողներէն է, բայց դեռ երիտասարդ է` Շոփեն, Մոցարտ չալելու համար շատ երիտասարդ է:

Գուրգէն Մահարի
Շար. 3



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝