Յայտարարութիւն

Monday, October 12, 2009

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐ - ՎԱՀԱԳՆ ԳԷՈՐԳԵԱՆ - Յատուկ «Նշանակ» ին

Լեռն էր , դիմացը հազարամյա քաղաքը: Քաղաքի շուրթին նոր ու կեղծ ճանապարհն էր, ՀԻՆ այգին կիսող ճանապարհը: Օտար քրմերի, սուտ բարոյագետների, օտարածին ապազգայինների թավշապատ խնամված բաղիվներն ու շավիղները սերունդներին տանում էին բաղնիք, կրկես, թատրոն, անգամ արևելյան շուկա, արդեն նոր ճանապարհով: ՈՒր ծնվում էին հազար ու մի պատմություններ: Պատմություններ՝ ծորուն, քաղցր, երբեմն ցողված կորուստների մխիթարիչ կսկիծներով: Շոգ ու տապ օրերին այգին լցվում էր բյուր մանուկների, ջրերի բարձրացող ու թափվող, կորչող կանչերով: Ապրում էր քաղաքը կեղծ ճանապարհներով խճողված:

Ապրում էր կորցրած ԼԵՌ ՏԱՆՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Իսկ ԼԵՌԸ շա՜տ էր մոտ... Նա եկել էր Լեռան կանչով, հպարտ ու մերկ, ոտաբոբիկ, կուժը՝ թևի տակ ,եկել էր հազարամյակների միջով: Հին էր քաղաքը , քարավանից ետ մնացած ուղտի պես նստել էր Լեռան դիմաց: Թաց ու խոշոր աչքերով նայում էր արևին , երբ արևը կրակ էր թափում ու ստվերը տագնապած հավի կերպարանքով, շուլալվում էին ուղտաքաղաքի ոտքերին, տղան կուլան թևի տակ՝ լեցուն ջրով կանչում էր.
_ՋՈՒ՜Ր, ԵՐԵՎԱՆԻ՜ ՍԱՌԸ ՋՈՒՐ...

Աղմկում էին հազար ու մի ցայտաղբյուրները, արձագանքը ծփում, ծավալվում էր երկնքում, Արևն էլ, ուղտն էլ, ասես մոտենում էին լեռանը արև, իհարկե, գտնուն էր իր ճանապարհը, միայն թե հազար ու մի նոր զանգակներով ծանրաբեռնված ուղտը՝ համառորեն փնտրում էր Լեռ տանող ճամփան ու նայում ԼԵՌԱՆԸ, որն այնքա՜ն մոտ էր :

Ո՜վ արարեց ջուր ծախող տղայի լեգենդը, ո՜վ նրան տեղավորեց այստեղ՝ հենց Լեռան հայացքի տակ, ու խճճված ճանապարհների հանգույցում, ո՞վ, կանչում էին ջրեր ու իրենք էլ երկրորդում. սու՜ս: ՃԱՆԱՊԱՐՀԸ կորցրած ազգը, քաղաքը, փորձում էին ապրել ոգով ու առաքինություններով: Սատանան ու նրա քրմերը կեղծ ծիսակարգերով ամենկերպ խճճում էին ուղին, արթուն հսկում բոլորին:

Նրանք հաճախ ազգի դավաճաններին , անգամ խառնածին դահիճներին նկարագրից զուրկ փոքր հոգիներին դասում էին Մարտիրոսների շարքը՝ հզոր ու անհեթեթ, վիթխարհի կոթողներով քողարկում ճանա-պարհին մոտեցող կածանները, ջնջում էին ազգի հիշողությունը՝ նրան ամենօր տանում էին անգամ ձրի՝ կրկես ու թատրոն , ավելի հաճախ շուկա ու բաղնիք, որպեսի ջրերի հետ անվերջ հոսեր սուտ պատմու-թյունը:

Ոչ մի կոթող չդիմացավ ժամանակի քննությանը: Բայց Սատանան համառ էր, հնարամիտ, Լեռը ԱՌԱՎԵԼ համբերատար ու հպարտ եսակենտրոն ու հզոր: Նա էր տղային օգնում, և գիշերները, երբ քնում էին սատանին երկրպագող քրմերը, ու նրանց խնկարկող ամբոխը, տղան ջուրն առած շրջում էր քաղաքի փողոցներով: Մտնում էր բոլոր բնակարանները արթնացնում քնած հիշատակները՝ Լեռան ու բարիձթող ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐԻ: Մարդիկ օրվա կորցրածը վերագտնում էին երազով, ու արթնացած առավոտյան ելնող արևի հետ նայում էին Լեռանը, տագնապը սրտներում մտնում էին այգի:

Տղան ինչպես միշտ կանգնած էր իր տեղում, քարացած Վիշապներին հիշեցնող քրմերի արանքում՝ հպարտ ու խիզախ, անտեր ու որբ՝ կուլան թեւատակին, կեղծ անտարբերությամբ, ինչպես օտար զինվորը:
Գալիս էին օրվա մեջ հավաքվում էին նրա շուրջը ծեր ու մանուկ: Օտար բարքերը չէին դիմանում, հզոր էր Լեռան ձգողական ուժը, անբեկանելի... Նրա մթին խորխորատներում իրենց մահվան վճիռն էին կնքել սատանին երկրպագող բազում անփառունակ քրմեր ու քրմերին քծնողները:

Լեռը ուներ իր օրենքները, լեռներում չեն քծնուն՝ ոչ մեկին, սատանան բարձրունքներում միշտ էլ խեղճանում էր, որովհետև նրա հետևորդները ծույլ ու ագահ մորթապաշտ մարդուկները, սոսկում էին Լեռան տեսքից:
Սատանան կռվում էր , նա շատ էր հնարագետ, Լեռն անխորտակ էր, Լեռան փոխարեն նա քշում էր բնիկներին, տարագրում էր, թշնամացնում/ իրարից հեռացնում:

Կառուցում էր նորանոր կոթողներ : Մի օր էլ , երբ արևը ուշացավ, լույսի դիմաց՝ սատանան աշխարհը լցրեց մութ ու խոնավ մշուշով, սուտ բարոյագետները, իշխանատենչ մարդուկները գողացան տղայի արձանը
քարեր շպրտեցին Լեռան ուղղությամբ, Լեռը չէր երևում, նրանք տղային տարել էին: Ժամանակը օգնում էր սատանին: Ամեն ինչ խառնվել էր, խենթ մոլուցքը իշխում էր քաղաքին: Կրքից, չա’ր բնազդներով լի սատանաճտերը վայրագորեն քանդում էին Լեռան ու որբի հիշատակները: Սատանան հրճվում էր....
Կեղծ ու ողորմելի բարձրունքներից սարսափող բանասարկու բարոյագետները ուրախացած ճչում , խոսում էին նոր կառուցվելիք կոթողներից, համոզում էին , չարժե որբի համար թշնամանալ սատանի հետ, նա շատ հզոր է ու քենախնդիր:

Միամիտ թուլամորթ քաղաքացիները վախեցած լրացնում էին.
_Ճիշտ է սատանան, տեսնում էք , քանդում ենք, մեր այգին փոքր է , առանց տղայի էլ հեշտ կապրենք, ճիշտ են քրմերը, մենք կիսված ենք, ճանապարհ չունենք... շրջապատված քրմերով ու նրանց բավիղներով: ԵՎ անվերջ խաղի մեջ մտած խառնածինների ու սատանի ուղղարկած բարոյագետների օգնությամբ, փորձեցին քանդել Լեռը: Եկան կեղծ ու սուտ թշնամի բարեգործները: Սատանան եղծվածներին հզորացնում էր, իր բարեգործական նպաստաթյուներով թույնավորում էր բնակիչներին: Բնակիչներից շատերը, մանավանդ տարեցները չէին մասնակցում քանդելուն, սովամահ չլինելու համար գլխիկոր հեռանում էին , գալիս էին նորերը՝ հեռուներից գալիս էին ու գալիս մի պատառ հացով զինվորագրվում սատանի խմբին, ամենինչ խառնվել էր:
Չկար ջուր ծախող տղայի նվիրյալների բազմությունը:

_Այս ալիքն էլ անցավ, մտածեց սատանան ու որոշեց ավերակների վրա կառուցել մի նոր այգի վերակերտելով այն, բայց սատանան խելացի էր ու բազմափորձ...առանց ջուր ծախող տղայի այգին կմնար թափուր:

Քաղաքն էր այգով, ու դիմացը ցավից տնքացող Լեռը: Քաղաքի ու Լեռան միջև բարեգործների ու սատանի օրհնանքով կառուցվում էր նոր այգին բաղնիք կրկեսով, այս անգամ քրմերի կոթողների տեղը օտար դեսպանատներն էին, նոր շուկայով: Հին քրմեր չկային, շքերթի հրամանատարը էլի սատանան էր, այս անգամ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ, օտար նվիրյալների հոծ խմբերով:
- Բոլորն են ներկա: Խաղաղվեք մարդիկ: Ահա անկյունում կանգնած է ջուր ծախող տղան
- բղավում ու կանչում էր սատանան:
Այս անգամ նրան աշխարհն է հսկում իր դեսպաններով էլ չեն գողանա:
Հորդորում էր Սատանան, անվերջ կանչելով .
_Խաղաղվեք մարդիկ, ձեր մահը չեմ ուզում , Լեռն էլ իր տեղում է: Խաղաղվեք:



Ճանապարհն էլ կկառուցենք:

Խաղաղվե’ք:
Բարոյականության ավերակները շտկում են ու կարկատում ջանադիր սատանին նվիրյալ քաղաքագետները բարեգործականի ԽՃԱՆԿԱՐՈՎ:
_Հավերժ կաս, արդար ու ճիշտ ես, օրն հազար անգամ դիմում են ՍԱՏԱՆԻՆ քծնողներն ու սուտ բարոյախոսները: Քնած են , թե’ արթուն, կարևորը չէ, արդեն:

Կարևորը քաղաքը ապրում է քարավանից զատված ուղտի պես չոքած Լեռան դիմաց: Ու թե, ջուր ծախող այս նորոք տղան, երբ է շրջելու գիտե հավերժող Լեռն ու կուլայից թափվող ջրի լեգենդը:


ՎԱՀԱԳՆ ԳԷՈՐԳԵԱՆ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝