Յայտարարութիւն

Sunday, November 1, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ - 5 -

Սիրելի Ընթերցող,
Քիչ մը դադար պիտի տանք «Երազային Հալէպը» ի հրապարակման և պիտի հրապարակենք Ուիլիըմ Սարոյեանի հետ ժամանակ անցուցած մարդոց վկայութիւնները , իւրաքանչիւր վկայութիւն՝ պատառիկ մը Սարոյեանական Հիւմուրէն:

Այս վկայութիւնները առնուած են 1978 ին Պէյրութի մէջ հրատարակուած «Հանդիպումներ Ուիլեըմ Սարոյեանի Հետ» հատորէն՝ խմբագրուած գրագէտ Պօղոս Սնապեանի կողմէ:

Նախ շնորհակալութիւնս կը յայտնեմ սիրելի Պօղոս Սնապեանին , որ ամէն հանդիպման գիրք մը կը նուիրէ ինծի անուշ խօսք մը մակագրելով առաջին էջին վրայ: Շնորհակալ եմ Տալիտա Գալըպճեանին, որ առանց տրտնջալու , ընդհակառակը, մեծ սիրով մեքենաշարեց բոլոր յօդուածները:

Սիրելի Ընթերցող, յուսամ պիտի վայելես Սարոյեանի մասին այս վկայութեանց ընթերցումը: Բարեհաճիր կատարել քու գնահատանքդ ու քննադատութիւններդ : Քննադատութիւնը մարդս առաջ կը տանի, հետև աբար, սիրելի ընթերցող, մի զլանար այդ բարիքը կատարելու «Նշանակ» ին:

Շնորհակալութիւն,
Նշան Պասմաճեան

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Վարի վկայութիւնները Գուրգէն Մահարիի վկայութիւններն են 1935 ին և 1960 ին Սարոյեանի Երևան այցելութեանց ընթացքին պատահածներուն , խօսուածներուն և Սարոյեանական տարօրինակութեանց մասին :


«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Թատերականի դահլիճը լեցուն է:
Բայց մի քանի անգամ աւելի շատ են տոմսակ չունեցողները, ճնշող տոկոսը` երիտասարդութիւն:

Նրանք դուրս մնացին:

-Շնորհակալութիւն, որ եկաք եւ ինծի պատուեցիք, - ասաց նա իր վերջին խօսքում, - բայց ես ձեր մասին քիչ կը մտածեմ :Ես աւելի շատ կը մտածեմ անոնց մասին, որոնք չկրցան ներս մտնել: Ես միշտ հոգիով, մտքով եւ սիրտով եղեր եմ դուրս մնացածներու հետ...

-Գրողը ժողովրդին նոր ոչինչ չի տար: Գրողը ժողովրդէն կը վերցնէ ամէն ինչ եւ անոր կը վերադարձնէ:

-Կեցցէ մեր հայրենիքը` Խորհրդային Հայաստան:

Հարցեր կա՞ն:
Եղան եւ հարցեր:
Մէկը հարցրեց.
-Ի՞ նչ տարբերութիւն, ձեր եւ Շէյքսփիրի մէջ:
Ուիլեըմ Սարոյեանը չկորցրեց իրեն.
- Ոչ մի տարբերութիւն, - պատասխանեց նա սարոյեանական «լրջութեամբ», - միակ տարբերութիւնն այն է, որ նա Անգլիացի է , իսկ ես` Հայ:
- Դուրս գալով դահլիճից, նա իրեն գտաւ դրսում յամառօրէն սպասողների օղակում: Խուռներամ բազմութիւնն ուղեկցեց նրան մինչեւ քանդակագործ –նկարիչ Երուանդ Քոչարի արուեստանոցը, իսկ այնտեղից` Թամանեանի զբօսայգին:
- Հիմա դուք ինծի նայեցէք, ես ձեզի, իրարմէ մեր կարօտն առնենք: Ես ուրախ եմ ձեզի տեսնելու այսքան աշխոյժ, պայծառ եւ հետաքրքիր: Ցանկամ ձեզ առողջութիւն, երջանկութիւն եւ մեծ-մեծ, շատ մեծ յաջողութիւն: Եւ ցտեսութիւն:

ԱՐԱՐԱՏ` ՁԻՒՆԸ ՎՐԱՆ

- Երբ գնացքը Արարատեան դաշտ մտաւ, առաւօտ էր:Պատուհանէն Արարատը տեսայ, ձիւնը վրան: Շատ պատուական տեսարան էր: Դուք ամէն օր կը նայի՞ք Արարատին: Ես Արարատը շատ կը սիրեմ:
- Թագուհի պալատին առջեւ կը կանգնի երիտասարդ մը եւ սազ կը չալէ, կը չալէ ցերեկ ու գիշեր, կը չալէ մէկ շաբաթ, երկու շաբաթ, մէկ ամիս...: Շորերը վար կը թափեն, ինքը կը մազոտի, կը նիհարնայ, բայց կը շարունակէ ցերեկ-գիշեր չալել:
Վերջը թագաւոր դուրս կուգայ, կ'ըսէ.
- Օղուլ, կը տեսնես, որ աղջիկս քեզի չի սիրեր, անօգուտ գործ ես բռներ, ինչո՞ւ զուր կը տանջես քեզի , գնա՜ տուն, հանգստացիր:
- Թագաւոր ապրած, - կը պատասախանէ տղան, - կարեւորութիւն չունի, թէ քո աղջիկը ինծի կը սիրէ, թէ ոչ, կարեւորն այն է, որ ես իրեն կը սիրեմ ու պիտի սիրեմ:
- Հիմա իմն ու Արարատինն է...

ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

_ Երբ աքաղաղը կը կանչէ...
- Աքաղաղն ի՞նչ է...
- Աքլոր:
- Չհասկցայ:
- Խորոզ:
- Խորոզն ի՞նչ է:
- Հաւ գիտե՞ս/:
- Հաւ գիտեմ, այն, որ հաւկիթ կուտայ:
- Հաւի ամուսինը:
- Է, Հա, ճե՜տ ըսէ, հայերէն չգիտէ՜ ք:
Ժպտում է:
- Մի անգամ նստած տունը կ'աշխատեմ, կը լսեմ, որ մայրս դրացի անգլուհու Միսիս Մերիի հետ կը խօսի: Իրար ածուներէն բաներ մը ցոյց կուտան, բաներ մը կը խօսին. Մայրս` հայերէն, անգլուհին` անգլերէն: Յետոյ կամաց-կամաց անոնց խօսակցութիւնը իջաւ-իջաւ ու մարեց. Դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտաւ.
- Բարկացած կ'երեւիս, - ըսի:
- Եւ իրաւունք ունիմ բարկանալու. Ասաց մայրս. Ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսաւոր երկիր, ամէն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանըհինգ տարի է այստեղ կ'ապրի, ինչո՞ւ հայերէն չի խօսեր...

ԶԱՆԳ` ԲԵՐՆԱՐԴ ՇՈՅԻՆ

- Երբ առաջին անգամ դողալով զանգ տուի Բերնարդ Շոյին, այսպէս բան պատահեց.
- Պարոն Բերնարդ Շօ, ձեզ կ'անհանգստացնէ Ուիլեըմ Սրոյըն:- Այսպէս ինձ կ'ըսէին ամերիկացիներ , Սրոյըն... – Շատ ամչցայ, երբ Բերնարդ Շոն ըսաւ.
- Որքան գիտեմ , դուն ոչ թէ Սրոյըն ես, այլ Սա րոյեա՜ն ...
- Շատ ամչցայ:

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ԻՆՉՔԻՑ ԿԱՐՈՂ Է
ՄԱՐԴ ՊԱՅԹԵԼ


-Ճերմակ գինիին հետ դեղձը շատ կը յարմարի:
-Ճիշդ է, միջամտեց Հրաչեայ Յովհաննիսեանը, - դեղձ, տանձ, ձմերուկ կարելի է, բայց գինի խմել եւ վրան խաղող ուտել չի կարելի:
-Ինչո՞ւ:
-Չի կարելի. Վերջերս հիմնարկային մի հաշուապահ գինի ու խաղող խառնել է եւ ... պայթիլ:
-Կատակ կ'ընես:
- Ոչ մի կատակ: Ճշմարտութիւն է:
- Ինծի ատանկ բան մի ըսեր, խաղողէն եւ գինիէն մարդ չի պատռեր:Գինի է խմեր մարդը, վրան խաղող է կերեր, յետոյ տուն է եկեր, կնկայ հետ կռուել է, սրտի նեղութենէն պատռեր: Խաղողը մեղաւոր չէ, կինն է մեղաւորը:
Պատուական:

«ԴՈՒՆ ԱՆՈՆՑ ՄԻ ՆԱՅԵՐ...»

-Ես մօրս շատ բանով եմ պարտական: Չկարծէք թէ միշտ ինծի կը սիրէր, ոչ, խիստ կին էր եւ ինծի կը ծեծէր: կը յիշեմ, անգամ մը ընկերներուս հետ կը խաղայի գործը թողած:
Եկաւ, կանչեց.
-Ի՞նչ գործի ես, օղուլ:
-կը խաղամ, - պատասխանեցի:
-Գնա՜, թերթեր ծախէ, դուն անոնց մի նայեր, օղուլ, անոնք ունեւոր են, մենք չունեւոր, -:Գործիդ գնա՜:
Այսօր չպիտի աշխատեմ . յամառեցի ես
Բռնեց, ծեծեց:
Ուշոնց-քիւֆուրով խաղս թողի ու գնացի: Մեծացայ` դեռ կը ծեծէր: Անգամ մը ըսի.
-Ալ մեծ եմ, ինծի ծեծել յարմար չէ:
Գլուխս շոյելով ըսաւ.
-Որքան կ'ուզես մեծցիր: Իմ Ուիլեըմս ես, պիտի ծեծեմ...

Գուրգէն Մահարի

Շար. 5

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝