Յայտարարութիւն

Tuesday, November 3, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ - 6

ՈՒԻԼԵԸՄ ՍԱՐՈՅԵԱՆ` ԳՐՈՂ, ՄԱՐԴ
ԿԱՄ `ՍԱՐՈՅԵԱՆԸ ԽՕՍՈՒՄ Է
ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Երբ 1934 թուականի «Սթորի» ամսագրում լոյս տեսաւ Ուիլեըմ Սարոյեանի «Թռչող մարզաձողերի վրայի խիզախ պատանին» առաջին պատմուածքը, քննադատներից ոմանք միաբերան բացականչեցին, որ յանձին Սարոյեանի, Սան Ֆրանսիսկոյում երեւան եկաւ ամենանշանակալից գրական տաղանդը Ջեկ Լոնդոնից յետոյ:

Այդ օրուանից անցել է 38 տարի, Սարոյեանը շարունակում է ստեղծագործել:»Ամերիկա» ամսագիրը գրում է. «Սարոյեանը մեզ նուիրեց բազմաթիւ վէպեր, պատմուածքներ ու պիեսներ, որոնք իրենց անկաշկանդ նրբագեղութեամբ ու անզուսպ սիրով դէպի կեանքը, չունեն հաւասարը մեզ մօտ»:

Ուիլեըմ Սարոյեանի տարբեր ժամանակներում գրած պատմուածքներից ու հարցազրոյցի ձեւով գրուած գրքերից սարքած ներկայ գրական մոնտաժը մի փորձ է ընթերցողին ներկայացնելու Սարոյեան-գրողին եւ մարդուն: Ընթերցողը հաղորդակից կը դառնայ Սարոյեանի յատկապէս վերջին տարիների խոհերին եւ յոյզերին` ծերութիւն, կեանք, մահ...

ՀԱՐՑ.- Ուիլեըմ Սարոյեան, ո՞վ էք դուք, ի ՞նչ կարծիք ունիք ձեր մասին, ի՞ նչ կ'ուզենայիք լինել:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Չգիտեմ ով եմ ես, չգիտեմ ինչ կարծիք ունեմ իմ մասին, գիտեմ միայն, որ կ'ուզենայի լինել այն, ինչ կամ:

ՀԱՐՑ.- Ինչի՞ մասին էք գրում:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Ես մեծ Թեմաներ չեմ շօշափում, մեծ կերպարներ չեմ ստեղծում: Ես պարզ, հասարակ լեզուով նամակներ եմ գրում հասարակ մարդկանց ու ասում, որ նրանք եղբայրներ են: Ոմանք կարող են ծիծաղել ինձ վրայ, բայց դա բոլորովին չի անհանգստացնում ինձ:

ՀԱՐՑ.-Ի՞նչ էք կարծում, ձեզ կը տա՞ ն «Նոբելեան մրցանակ»:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Չեմ ուզում:

ՀԱՐՑ.- Իսկ եթէ տա ն:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Չեմ ընդունի: Բայց մի անհանգստացէք չեն տայ:

ՀԱՐՑ.- Իսկ ինչո ՞ւ չէ. Դուք արժանի էք դրան. Ոչ ոք չի գրել ու չի գրի այնպէս` ինչպէս դուք էք գրում:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Դուք իրաւացի էք. Ես մեծ գրող եմ:

ՀԱՐՑ.- Ինչո՞ւ էք յաճախ ձեր մասին հումորով խօսում:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Ինձ ես աւելի շատ գիտեմ, քան մէկ ուրիշը: Իսկ այն, ինչ գիտեմ իմ մասին, ինձ թոյլ է տալիս այդպէս խօսել:

ՀԱՐՑ.- Երբեմն դուք գրում էք այնպէս, կարծես ձեզանից առաջ ընդհանրապէս գրականութիւն չի եղել, եւ ահա, դուք առաջին անգամ յայտնաբերում էք մարդկային մտքերի եւ զգացումների մարմնաւորման հրաշալի արուեստը բառերի մէջ:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Իմ ու Շէյքսփիրի միջեւ եղած հիմնական տարբերութիւնն այն է, որ Շէյքսփիրը հայ չէ:

ՀԱՐՑ.-Ի ՞նչ ազգի գրող էք համարում ձեզ:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Թէպէտ անգլերէն եմ գրում եւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող: Օգտագործած բառերս անգլերէն են, միջավայրը, որի մասին գրում եմ` ամերիկեան է, սակայն այն ոգին, որն ինձ գրելու է մղում` հայկական է: Հետեւաբար ես հայ գրող եմ:
Հայ ժողովրդի ազնուութիւնը, քաջութիւնը, ուշիմութիւնը, հեգնանքն ու սրամտութիւնը ժառանգութիւնն են բոլոր ճշմարիտ հայերի: Դրանք սնուցել են իմ կեանքը, ու ես երախտապարտ եմ դրա համար:

ՀԱՐՑ.- Ի՞նչ բան է փողը:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Փողը հաց է, պանիր, կօշիկ` աղքատի համար, իսկ հարուստի համար` թուաբանութիւն, թուեր , հաշւումներ...

ՀԱՐՑ.- Ի՞նչ է ձեր կարծիքը «Լաւի» մասին:
ՍԱՐՈՅԵԱՆ.- «Լաւը» մի բաժակ սառը ջուրն է, երբ ծարաւ ես:

ՀԱՐՑ.- Ի՞ նչ բան է լաւ գիրքը:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Լաւ գիրքը այն գիրքն է, որը գրել է լաւ մարդը:

ՀԱՐՑ.- Ուզում էք ասել, որ դուք լա ւ մարդ էք:
ՍԱՐՈՅԵԱՆ.- Այո՜...: Ենթադրում եմ: Եթէ իմ գրածները լաւն են , ուրեմն ես լաւ մարդ եմ:

ՀԱՐՑ.- Ձեզ մօտ գրեթէ չկան մտաւորական մարդիկ, ձեր հերոսները գրեթէ երբեք ոչինչ չեն կարդացել, վերացական փիլիսոփայական ու սոցեալ-քաղաքական պրոբլեմները նրանց չեն հետաքրքրում:

ՍԱՐՈՅԵԱՆ.- Ես ուզում եմ օգնել դժբախտ մարդկանց, սրտապնդել, համոզել, որ կարիք չկայ յուսահատուելու, որ այս աշխարհում եւս արժէ ապրել ու դեռ կարելի է սիրել այս աշխարհը, եւ կան բաներ , որոնց վրայ կարելի ծիծաղել կամ գոնէ ժպտալ:

ՀԱՐՑ.-Ի՞ նչ կ'ասէք որոշ քննադատների այն կարծիքի մասին, որ ձեր գրածները ռէալիստական չեն, սենտիմենտալ են:

ՍԱՐՈՅԵԱՆ.- Ինձ թւում է նրանք սխալւում են.: Որեւէ գործ, որը ազդեցութիւն է թողնում ընթերցողի վրայ, չի կարող ռէալիստական չլինել: Ինչ վերաբերում է իմ գրածներին, ապա դրանք խորապէս ռէալիստական են եղել, եթէ ոչ չափազանց ռէալիստական: Չեմ կարծում նաեւ, որ իմ գրածները սենտիմենտալ լինեն, թէպէտ շատ սենտիմենտալ բան է նախ` կենդանի էակ լինելը, յետոյ` ինքնին գրելը:


Շար. 6


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝