Յայտարարութիւն

Monday, November 30, 2009

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները- 9 - Ռուբէն

Երբ մի քիչ զարմացած` կը նայէի նրան, նա շարունակեց.
«Պաշտօնիս բերումով ես շատ շփումներ ունիմ զանազան մարդոց հետ: Աշակերտներիս ծնողները մի տարի առաջ, երբ «պոյքոթ» չկար, գալիս էին եւ հարցնում. « Էս չկոլը /դպրոցը/ որ աւարտեց մանչս, կրնա՞ յ չինովնիկ լինել եւ քանի՞ մանէթ հախ /քանի ռուբլի թոշակ/ պիտի առնէ»: Մի բան կը պատասխանէի, բայց կը տրտմէի: Երբ «պոյքոթը» եղաւ եւ ծնողները դպրոցից քաշեցին իրենց զաւակներին, այդ նոյն մարդիկ ինձ կը մօտենային այնպէս, որ կարծես քոլերա լինէի: Նրանցից մէկը նոյնիսկ, անշուշտ մերոնցից, ինձ շուն Յուդա անուանեց եւ իմ վրայ թրիք նետեց: Ես սրտիս մէջ ուրախացայ, ժպտացի ակամայ եւ դրա համար էլ նոր հայհոյանք լսեցի:
«-Ոչ պատիւ ունի եւ ոչ ապուռ, երեսին կը թքնես, կարծես անձրեւ կը համարէ:
«Ես լռեցի: Մի ուրիշ օրինակ էլ պատմեմ, որ հասկանաս մտայնութիւնը: Մի տէրտէր բարեկամ ունիմ, որ ճիշդ է լանջապանակ խաչ չունի, բայց իր ոսկի ժամացոյցը այնպիսի երկար ոսկու շղթայ ունի, որ կը կարծես թէ լանջապանակ խաչ ունի: Երբեմն ինձ տապկած հաւ, սեր, կարագ էլ կը բերէր եւ շարունակ իմ դպրոցի գովքը կ'ընէր:
«- Տէր հայր,- մի օր ասացի նրան,- ձեր գիւղը հարուստ է . եկեղեցին դպրոցը շատ «ովխ» հողեր ունի. Ես որ ձեր տեղը լինիմ, մի աւելի լաւ դպրոց կը բանամ քան այս ինձ յանձնուած դպրոցը: Այդ արէք եւ ինձ էլ վարժապետ տարէք:

«- Չէ, որդի, - պատասխանեց, - միտքդ լաւ է, բայց փորձառուի խորհուրդ չէ: Աւետարանը կ'ասէ. «երկու տէրանց չէ կարելի ծառայել»: Եւ ճիշդ, երկու ձմերուկ մէկ ձեռով կը բռնուի՞: Եկեղեցին պահենք, դպրոց չի պահուիր: Դպրոցը պահենք, եկեղեցին չի պահուիր: Այդ խորհուրդը ուրիշ տեղ չասես, քեզ համար էլ վատ է: Ի ՞նչ է, կ'ուզես որ ռուս թագաւորի դէմ դրօշա ՞կ քաշենք :Փառք տանք Աստուծոյ , որ թագաւորը ելեր` իր փողով այսպիսի դպրոց է բացեր եւ հայ վարժապետ է դրեր ու օտար տղաներին կ'ուզէ մարդ շինել: Ելնենք նրան երե ՞սը ճանկենք:
«Ես նեղը ընկայ ու չհակաճառեցի եւ ըսի միայն.
«-Քեզ փորձելու համար միայն ես այդ մտքերը յայտնեցի, տէր հայր: Ի հարկէ, քու ասածը ճիշդ է:
«Բայց հասկացայ, որ մեր տէրտէրը օձի պէս մի բան է: Յետոյ հասկացայ, որ շատ ձեռներէց մարդ է. թէ՜ եկեղեցու եւ թէ՜ դպրոցի անուան հողերը ոչինչ գնով կապալ է վերցուցած եւ միայն եկեղեցու բարեզարդութեան մասին կը մտածէ: Բայց թէ ի ՞նչ է մուտքը, ի ՞նչ է ելքը, այդ միայն ինք գիտէ: Մենք իրարից խրտչում ենք այժմ եւ, երբ հանդիպում ենք, փոխում ենք մեր ճանապարհը»:
- Լաւ, վաղինակ, այս բոլորի կապը ի 'նչ է քու «կեցցէ~ Գոլիցին» ի հետ:
- Քո 'ւ շտապելն ինչ է,- պատասխանեց եւ սամավարէն թէյ մըն ալ լեցուց: Այսօր էլ, միւս օրն էլ դու ինծի հետ ես: Կամաց կամաց իմ սիրտը կը բանամ: Քեզ վնաս չկայ, ինծի օգուտ կայ: Սիրտս լեցուած է, չեմ կարող դատարկել: Մի պատմութիւն էլ անեմ,որ հասկանալի լինի թէ ինչո ՞ւ «կեցցէ~ Գոլիցին» ասացի:
« Մի շատ խելացի բարեկամ յոյն ուսուցիչ կայ: Մտերիմ ենք եւ ինձ յաճախ հիւր կուգայ: Հայերէն էլ գիտէ: Մեր պատմութիւնը մեզնից լաւ գիտէ: Ժամանակ անցընելու համար հարցրի:
«- Կը պարծենաս, որ յոյն ես եւ աւելի խելօք ես քան ռուսերն ու հայերը: Արդ` երկու հարց դնեմ առաջդ. Լուծիր: հարցերս են.Ա/Ի՞ նչ պէտք է անեն ռուսերը, որ իրենց նպատակին հասնին հայերի վերաբերմամբ, եւ Բ/ Ի ՞նչ պէտք է անեն հայերը, որ ռուսերը իրենց նպատակին չհասնին:
«Բարեկամս ընդունեց առաջարկս, պայմանով որ ինքը պատասխանէ առաջին հարցումին, իսկ ես` երկրորդին: Որի՜ տուեալները որ լինին անառարկելի, նա շահած է եւ պարտուողը մի լաւ քէֆ պէտք է տայ: Ընդունեցի եւ նա սկսեց:


Շար . 9
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝