Յայտարարութիւն

Thursday, February 11, 2010

Կայարանում - 1 -Մարինէ Մարտիրոսեան

Երեք անգամով յաջորդաբար կը հրապարակենք ,«Նշանակ» ին յատուկ ուղարկուած ,երիտասարդ գրագիտուհի Մարինէ Մարտիրոսեանի կարճ պատմուածքներէն մին ՝ «Կայարանում»:
Մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք խոստմնալից գրագիտուհիին, որ միևնոյն ատեն թղթակից է Երևան հրապարակուող «168 Ժամ» և Պէյրութ հրապարակուող «Ազդակ» օրաթերթերուն:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»««»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»««


Կայարանում

Արդեն ուշ գիշեր էր, երբ հովիվ Իբրահիմի տունը դատարկվեց: Տունը փոքր էր` ընդամենը մեկ սենյակ, որին կից ախոռն էր: Պատուհանին մոտ դրված լամպի լույսն սկսեց թրթռալ, սակայն դեռ կարելի էր տեսնել քիչ առաջ սենյակում պարող փոշեհատիկները: Շուտով դրանք էլ ձուլվեցին խավարին, ու ամեն ինչ դարձավ միագույn, անգամ պատուհանի այն կողմից եր—ացող երկնքի սեւ փեշը: Սա Իբրահիմը չհասցրեց նկատել, որովհետեւ ախոռ էր շտապում: Սովորության համաձայն վերցրեց լամպն ու քայլերն ուղղեց դեպի ախոռ: Ճանապարհը նրան թվաց այնքան երկար, որ հասցրեց մտածել իր տարիների սովորության մասին, երբ ամեն անգամ վերցնում էր լամպն ու էլի մտածում, որ այն իրեն պետք է ոչ թե մթության մեջ կողմնորոշվելու համար, այլ ոչխարներին չվախեցնելու:

Հիմա փորձված է, ու գլխով ամեն բան անցել է: Երբ մոտեցավ ախոռի դռանը, կրծքի տակ խլրտոց զգաց, հոգոց հանեց, ասես, ինչ-որ բանի ազատություն տվեց: Դուռը ճռռաց: Իբրահիմը ներս մտավ, հետո անմիջապես ծածկեց այն: Նա լամպը բարձրացրեց ու մեկ էլ փափուկ հպումներ զգաց ոտքերին: Խանդաղատանքների ջերմությունից Իբրահիմի մտքերը ցաքուցրիվ եղան, բայց հետո կապույտ շտամպով ոչխարի մայունը նրան հանեց իր մտքերի կայարանից: Նա աչք ածեց ախոռի բոլոր անկյուններով ու տեսավ, որ ոչխարները դնչները դրել են իրար դմակներին ու հանգիստ քնել: Հետո ուզեց ինչ-որ բան ասել` չստացվեց: Նա, բառակույտը կուլ տալով, դուռը վեր քաշեց, որպեսզի չճռռա, ու հեռացավ:

Քունը չէր տանում, շունը` Յագորը, դա հասկանալով` մոտեցավ Իբրահիմին, գլուխը դրեց թաթերին ու աչքերը հառեց հեռավոր կետերի բազմությանը: Հովիվը նստել էր քարե սանդուղքին, գլուխը խոշոր ափերի մեջ առած` գնում էր: Շատ անգամ էր պատահել, երբ մարդկանց ներկայությամբ մտքերը կդներ թեւի տակ ու կգնար: Նա սկսեց հաշվել մտքերի շառավիղները: Մինչդեռ մարդիկ սա այլ կերպ են հասկանում: Նրանք սիրում են միայն իրենց մշակած կանոնները հետեւողներին, որոնք նույն շտամպն ունեն, ինչպես ախոռում հավաքվածները: Նրանց համար բոլոր ոչխարները ջրի կաթիլների պես են — տարբերվում են միայն շտամպերով ու քաշով: Դեռեւս ջահել օրերին Իբրահիմը փորձել էր նրանց ցույց տալ, որ իրենք ճիշտ չեն, բայց` անօգուտ: Ոչխարների հրամանտարին խորթ էր մարդկանց սովորական որակավորումները, որոնք ոչխարի լավն ու վատը որոշում էին միայն բրդի ու մսի շատությամբ: Ավելի ուշ նա նկատեց, որ այդ նույն աստիճանով մարդիկ գնահատում են նաեւ իրենց, — նա պարզապես խղճում էր իր նմաններին: Իբրահիմի համար ամեն մի ոչխար զինվոր էր մարդկանց մարտադաշտում: Նրանցից յուրաքանչյուրը բացի բնազդներից, ուներ հատուկ զգայարաններ: Իբրահիմը լավ զգաց, որ այս մասին միայն ինքն է իմանում: Նա անգամ սկսեց հաճույք ստանալ, երբ մտածեց կենդանիներով զբաղվող գիտնականնների մասին, որոնք հպարտանում են, երբ արդեն բոլորին հայտնի ճշմարտությունն են հրապարակում, ու նրանց սկսում են հարգել, որովհետեւ շատերի համար նման ճշմարտություններով զբաղվելը` ժամանակի կորուստ է, ու երեւի դրա համար էլ նրանց վարձատրում են: Իբրահիմին այս միտքը —ս շատ դուր եկավ: Հետո հասկացավ, որ սարերում կրթություն ստացածին ոչ ոք չի հարգում, որովհետեւ նրանք գիտնականի տասնամյակների աշխատանքը հասկանում են քամու մի հպումից: Նա շարունակում էր գնալ անկանգառ` իբր— գնացքի միակ ուղեւոր:

Արդեն քանի տարի է ոչխարատերերը շտամպեցին իրենց կենդանիներին ու դա ցավեցնում էր «զինվորների» հրամանատարին: Սկզբում շատ պայքարեց, բայց էլի անօգուտ, որովհետեւ դա միայն իր ցանկությունը չէր, այլ գյուղի մյուս հովիվների պահանջը: Սա մտածելուն պես Իբրահիմը հոգոց հանեց.

-Տեսնես, որ մարդկանց ճակատներին էլ գույնզգույն շտամպեր դնես ու ասես` դրանով քեզ կտարբերեմ, ի՞նչ կզգան: Ախր կասեն մարդը կենդանի չէ, այլ կենդանու տերը, չէ՞ հա աշխարհի տերը: Հենց էդտեղ էլ սկսում է իրենց հացակռիվը:

Իբրահիմն սկսել էր բարձրաձայն մտածել, իսկ շունը` տիրոջ պես ամրակազմ, ջլապինդ ու ձիգ կեցվածքով, այս խոսքերը լսելուն պես կանգնեց, առջեւի թաթերը ձգեց, հետո այնպիսի օղակներով ոռնաց, որ թվում էր, թե բողոքում է ողջ բնության անունից: Սրանից Իբրահիմն ուշքի եկավ` հեռուներում թողնելով գնացքը` մտավ տուն: Լամպի մեջ նավթը վերջացել էր. նա խավարում կողմնորոշվողի հմտությամբ մտավ անկողին ու զգաց, որ աչքերը ջրակալել են: Նրան թվաց, թե աչքերը եղանակ ունեն: Հետո շրջվեց դեպի պատը, ծնկները ծալեց ու աչքերը չփակեց. միեւնույնն է` մութ էր, աչքերը բաց էլ կքնի: Երբ մտածեց քնելու մասին, նա նկատեց, որ դա էլ մի տեսակ կանոնակարգ է: Մեկ էլ հիշեց շանը` ի՞նչ էր ուզում ասել: Եղանակը անձրեւային էր. մի քանի կաթիլ հոսեցին նրա ականջի կողքով ու թացացրին բարձը:

Սպիտակ վարագույրները, որոնք ձգվել էին փոքրիկ քառակուսիներով պատուհաններից ու մեխվել երկու կետերում, թույլ էին տալիս տեսնել առավոտի ծնունդը, որը գազօջախին դրված եռացրած կաթի պես սկսեց ագահորեն թափվել: Իբրահիմը հանդարտ վեր կացավ, ոտաբոբիկ գնաց դեպի պատուհանները, փորձեց վառել լամպը, որովհետ— սենյակում դեռ—ս մութ էր, բայց հիշեց, որ երեկվանից նավթը վերջացել էր ու պետք է հարեւան վարորդ Աբոյից վերցներ: Դա հետո էլ կանի:

Հուլիսյան քամին սուր էր փչում: Իբրահիմը դուրս եկավ տնից: Մի տեսակ դող անցավ մարմնով, բայց դա մի քանի վայրկյան տեւեց, հետո երբ ախոռի դուռը ճռռաց, նա հասկացավ, որ ջերմությունն իրեն ավելի շատ է դուր գալիս:

Արեւն արդեն բարձրանում էր, երբ աքաղաղները քնից նոր զարթնածի պես կրծքները փչելով` ավելի շատ ոչ թե մարդկանց արթնացնելու, այլ նրանց նախաճաշի մասին զգուշացնելու` սկսեցին իրար խառնվել` սկզբից մեկը, հետո մյուսը… Իբրահիմը չլսեց աքաղաղների ձայնը:

Ոչխարները` գիրուկ կանանց պես, քայլում էին հետույքները այս ու այն կողմ տարուբերելով: Նրանց հայացքներում հանգստություն կար. երեւի իմանում էին, որ իրենք պաշտպանված են: Իբրահիմին սա տարօրինակ չթվաց, ավելին` նա ներքին հրճվանք էր ապրում, որ իրեն վստահում են: Այդ պահին նրա շուրթերով գլորվեց ժպիտը: Հիշողությունների փոշոտ կարմիր վարագույրն իջավ ու երեւացին հարեւան Ոսկանը, Վարդուշը, Գուգոն, Կարոն, Համոն, իսկ մյուսների կերպարանքներն այնքան էին փոքրացել, որ անհնարին էր նկատել:

Իբրահիմի համար սառնությունն արդեն սովորական էր, երբ արեւի առաջին ոսկին ընկավ նրա ձեռնափայտին ձուլված կաշեպատ մատներին: Տաքության խուտուտներից մի թեթեւ սարսռաց, որովհետեւ այն էլ ցրտի պես ծակծկում էր:

* Դու արդեն մեծացել ես, Իբրահիմ, զգույշ եղիր: Ախր սար բարձրանալը քո տարիքի մարդու համար չէ, - Ոսկանն էր` կապույտ շտամպերով ոչխարների տերը:

Իբրահիմը հիշեց մյուսներին, ովքեր Ոսկանի մտքին` գլուխներով հավանություն էին տալիս: Բայց նրանք ամենքն էլ ընտրեցին Իբրահիմին: Երեսուն տարվա մեջ քանի- քանի անգամ է հեռավոր սարերում գառնուկներ ծնվել, մինչդեռ տերերն այդ մասին նույնիսկ տեղյակ չէին լինում ու սեփական անձից առավել վստահում էին «զինվորների» հրամանատարին: Նրանք կարծում էին, թե Իբրահիմը միամիտ է ու անգամ չէին ուզում, որ նա շփվեր մյուս հովիվների հետ: Շատ անգամ էլ նրանք ծիծաղում էին հովվի նվիրվածության վրա, բայց սա թաքուն, որովհետեւ վախենում էին, որ Իբրահիմի ականջով կընկնի: Նրանց ձեռնտու էր նրա լռակյացությունը: Իբրահիմը մտածում էր այս ամենի մասին ու մի կողմի վրա թեքված քայլում: Կողքից կարելի էր մտածել, որ նա այնքան հանգիստ էր քայլում, բայց այդպես միայն հմուտ վազորդները կարող են շարժվել: Ուսը ծանրությունից թեքվում էր, սա էլ մանկությունից էր եկել: Իբրահիմը փնտրում էր իր գնացքը ու նրան թվաց, թե ուշանում է:

-Երբեմն մարդ այնպիսի բաներ է անում,- մտածում էր Իբրահիմը,- որ դրանցից անտեղյակ է լինում: Ու հենց այդ ժամանակ մարդ ինքն իրեն չի ճանաչում, որովհետեւ կարծում է, թե սկզբունքային է: Մինչդեռ հենց մարդու աչքի առաջ այդ նույն սկզբունքները տրորվում են գնացքի անիվների տակ, որին պարզապես նայում ես անտարբեր: Բայց մի—նույնն է` դա ավելի է սկսում քեզ ցավ պատճառել:

Իբրահիմի հայացքը սահում էր այս ու այն կողմ: Նա գնում էր, որտեղ իրեն տանում էին: Նա վստահում էր «զինվորներին» ու դրա համար էլ նրանց պես քայլում էր առանց ավելորդ շրջադարձերի: Նրանք ամենքն էլ գիտեին` ուր են գնում, միայն երբեմն շունն էր ետ մնում նրանցից, նայում էր աջ ու ձախ, հետո կաղկանձելով միանում խմբին:

Շար.1

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝