Յայտարարութիւն

Saturday, February 13, 2010

Կայարանում - 3 - Մարինէ Մարտիրոսեան

Կրկին կախվեց արեւը եւ ոչխարները փռվեցին դաշտերում: Շունը տիրաբար մեկ քայլում էր ոչխարների մոտով, մեկ նրանց վախեցնում:

-Տեսնես ի՞նչ են հասկանում` ուտում-ուտում են, մինչդեռ հետո պետք է մորթվեն,- քարի վրայից նրանց էր նայում ու փորձում գտնել նպատակը, որը թվում էր` մոտերքում էր թաքնված,-բայց ախր նրանց դա չի հուզում: Նրանք երբեւէ չեն մտածել ապրելու իմաստի մասին,- Սա Իբրահիմին առավել ողբերգական թվաց, երբ կենդանի արարածն ապրում է միայն քաղցի պահանջը բավարարելու ցանկությամբ, սակայն նույնիսկ այդ պահին նրանք գիտակցում են կյանքի արժեքը:

Այն տարի փողկապավորներ էին եկել ու նրանց պատվին պետք է մորթեին Վաղիկի հոտի ամենակերած- խմած ոչխար: Վաղիկի ձեռքերը դողում էին: Նա բռնել էր կենդանու ոտ ու ձեռից, իսկ Իբրահիմը դանակն էր սրում: Կենդանին, ասես, հասկանում էր, թեպետ առաջին անգամ էր այդպիսի փորձության ենթարկվում: Արեւի մի քանի կաթիլ թափվեցին դանակի շեղբին, եւ Իբրահիմը ,րտապնդվելով` գործի անցավ: Այնպիսի մի մայուն բարձրացավ սարերում, որ ոչխարներն էլ մի պահ դունչները վեր քաշեցին, նույնիսկ դադարեցին ծամել: Ինչ-որ տեղ մեկն օգնություն էր խնդրում, մինչդեռ իրենք բացի լսելուց ոչինչ անել չէին կարող: Արյունն արդեն հոսում էր, իսկ մորթված կենդանու տաք մարմինը թպրտում էր: Վաղիկը փղձկաց, Իբրահիմն այդ տեսնելով` գլուխը շրջեց: Շուտով ջղաձգումները դադարեցին եւ փողկապավորների ռունգերը քոր եկան խորովածի անուշ հոտից:

Իսկ կապույտ անծիրում մի քանի փրփուր ամպեր հավաքվեցին, որոնք փորձում էին երկնքի հատակը լվանալ: Իբրահիմը ոգեւորված նայեց ու մի պահ հիացավ երկնքի մաքրասիրությամբ: Ամպերն սկսեցին կուտակվել: ՈՒր որ է կանձրեւի,-մտածեց Իբրահիմը: Մինչդեռ արեւը դեռեւս ճգնում էր ժպտալ, բայց քիչ-քիչ նրա ժպիտը լրջանում էր: Իբրահիմը խուճապի չէր մատնվում. միեւնույնն է վրանը պատրաստ է, որտեղ էլ կհավաքի ջոկատին:

Երկինքն ամբողջությամբ ս—ացավ, — երբ անձրեւի առաջին կաթիլները թափվեցին, վրանում տաք էր: Իբրահիմը դուրս եկավ վրանից եւ ամբողջ կրծքով կլանում էր մաքուր օդը: Իբրահիմին թվաց, թե ինչ-որ մեկը ցեխոտ կոշիկներով քայլել է այդ տարածքով: Այս մտքից սիրտը խառնեց ու այնպես ցանկացավ, որ քայլողը հենց նույն վայրկյանին կանգներ իր դիմաց: Բայց հետո հասկացավ, որ սուտ է, իր համարձակությունը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան, հետո արագ անէանում է: Չնայած սրան Իբրահիմը երբեւէ վախկոտության մասին չէր մտածել: Հիշեց, երբ մի ամառ հարեւանի թոռը հարցրել էր.

-Քեռի Իբրահիմ, դու գայլերից չե՞ս վախենում,-նա չպատասխանեց միանգամից, դե որովհետեւ փայտ էր ջարդում,-մենավոր մարդկանց նման են գայլերը,-մտածեց Իբրահիմը` չցանկանալով ստել փոքրիկին:

Իբրահիմի համար մանուկները ոչխարային մաքրություն ունեին: Իհարկե, նրանք լիովին տարբեր են , բայց ինչ-որ հատիկ նրանց ընդհանրացնում է: Թեպետ այդքան սիրելով մանուկներին` նա իր սեփականը չուներ: Այն ժամանակ, երբ դեռեւս ծնողները կենդանի էին, նրան հորդորում էին ամուսնանալ, բայց Իբրահիմը խուսափում էր.

Ես բնության մարդ եմ,- պատասխանում էր նա` ինքն էլ չգիտակցելով իր ասածը: Իսկ հիմա ծնողների տարիքին է հասել, բայց ծնող չէ: Իբրահիմը երբեւէ մոտ ընկեր չի ունեցել: Սակայն նա այն սակավաթիվ երջանիկներից է, ում բոլորը սիրում են եւ կարեւոր չէ` նրանց հետ ընկերություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Բոլորն էլ գիտեին Իբրահիմի բարի սիրտը: Իբրահիմի համար էլ չար ու բարի գոյություն չուներ: Նա եկեղեցի չէր գնում, բայց հավատում էր Աստծուն: Թեպետ քահանաները նրան տեսնելիս վախենում էին ու ճանապարհը շրջում, որովհետեւ գիտեին, որ Իբրահիմը նրանց թալանչի է անվանում:

Իբրահիմը գնացքի խցիկում նստած գնում էր ու հանկարծ հիշեց գյուղի քահանային, մորը, հորը, հարեւանններին, նույնիսկ հարեւան գյուղի ուստա Սերոբին: Այդպես է, մարդը մարդկանցից հեռու լինելիս ավելի է մոտենում մարդկանց: Իբրահիմը հիշեց մոր` իրեն ծիծաղելի թվացող հավատը, չնայած մոր մոտ չէր խոսում այդ մասին, որովհետեւ մոր հավատքում այնքան մաքրություն էր տեսնում: Ամեն կիրակի գյուղի կանայք դեսից-դենից հավաքում էին ու տանում քահանայի տուն` իբր այցելություն էին անում սուրբ օջախ: Իսկ սա արդեն ավանդույթի ուժ ուներ: Հետո հիշեց գյուղի մոմավաճառ կնոջը, որն ամբողջ օրը անցկացնում էր եկեղեցում, բայց ներքուստ աթեիստ էր: »Իհարկե, այսպիսի թեթեւսոլիկ բաներ մարդիկ չեն սիրում ու չեն էլ ուզում ճանաչել«,- մտածում էր Իբրահիմը:

Որքան հեռուն էր գնացել: Մինչդեռ անձրեւը վաղուց դադարել էր, իսկ Յագորն էլ նրա ոտքերի առաջ էր տարածվել.

-Յագոր, ինձ միշտ լսում ես, դրա համար էլ կհասկանաս: Հենց եկեղեցիներն են մեղավոր, որ մարդը մարդուց հեռանում է: Հասկանո՞ւմ ես, նրանք սկսում են խոսել կատարելությունների մասին, ու մարդիկ հենց սկսում են հավատալ, մեկ էլ ի՞նչ. այդ նույն քարոզ կարդացողները մաքրության այծենակաճից դուրս են գալիս:

Յագորը մի քանի անգամ հաչեց: Իբրահիմը կանգ առավ, վերցրեց մահակը. նրան թվաց, թե մոտերքում անհանգիստ գազաններ են շրջում: Բայց, փառք Աստծո, վտանգ չկար: Նա նորից նստեց վրանի կենտրոնում ու մեծ հոգոց հանեց:

* Յագոր, ինձ միշտ չոբան են ասում, բայց ես չեմ վիրավորվում, որովհետեւ մարդիկ երբեւիցե խնդիր չեն ունեցել բնության մարդու հետ շփվելու: Հա, մարդու նստվածքն է դա,- հետո էլ չխոսեց, երեւի մտածելով,որ հովիվները չխոսկան են, բայց Իբրահիմի համար նրանք ոչ թե չխոսկան են, այլ մենախոսությամբ զբաղվողներ:

Նույնիսկ Վաղիկի հետ քիչ էին խոսում: Շատ անգամներ փորձում էր պարզել պատճառը, բայց միեւնույնն է` բացի զգալուց չէր հասկանում ոչինչ: Զգալը Իբրահիմի համար գիտակցության ամենաբարձր ձեւն էր:

Կամաց-կամաց երկինքն իր մաքրություն էր վերականգնում, ու արեւը` խստապահանջ մաքրամոլի պես վերջին պատրաստություններ էր տեսնում: Իբրահիմը վաղուց արթնացել էր: Նա նստել էր քարին, երբ առաջին ցողերը համբույրներով բաժանվեցին:

-Հը, Աբո, կորիզը տեղ հասցրի՞ք,- Իբրահիմն էր խոսում մրջյունների հետ ու նույնիսկ չէր մտածում, որ հնարավոր է, որ Աբոն չէ, այլ նրա եղբայրը: Իբրահիմի համար դա չէր էականը, այլ այն, որ բոլոր մրջյունները մշտազբաղ են: Իսկ նրանց ավելի լավ կտարբերեն իր զինակիցները:

Առավոտ շուտ կրակ վառելը սարերում նույնն է, ինչ ձմռանը տաքուկ սենյակում պատուհանից նայելը: Կրակը ճրթճրթում էր: Իբրահիմն արդեն խաշել էր ձուն ու սկսել էր ախորժակով ծամել: Սա հովվի համար արքայական ուտելիք էր:

-Ուրեմն, ես հետեւողական եմ, այսինքն` կանոնապաշտ:,- այս ասելուն պես քիչ մնաց խեղդվեր: Նախաճաշն ավարտեց ու նորից նստեց քարին:

Ասիրա, Ասիր,- սկսեց կանչել կապույտ շտամպավոր ոչխարներից մեկին, բայց հետո զգաց, որ ոչխարը տրամադրություն չունի,- Ասիր ջան, շտամպիցդ մի քաշվիր: օրը նոր է սկսվել,: Դու հո գիտես, որ ձեզանից ամեն մեկը մի ուժեղ հրամանտար է,- ոչխարը լուռ լսում էր: Իբրահիմը պաշտում էր, երբ իր մենախոսությունը լսում են: Հետո ոչխարը գլխահակ պոկոտեց խոտը ու ծուլորեն ծամեց: Հանկարծ Իբրահիմը նկատեց, որ շունը չի երեւում:

-Յագոր, Յագոր,-բարձրացավ քարին ու սկսեց կանչել:

Շունը չէր երեւում: Իբրահիմը շտապով շոշափեց գրպանը. այնտեղ էին հովվի զենքերը` լուցկին, աղը եւ դանակը: Սիրտն այնպես էր զարկում, ասես,գարնան անհանգիստ գետը: Նրան թվաց, թե ամբողջ մարմինը միայն սրտից է բաղկացած ու հետո էլ թվաց, թե սրտի վրա են աչքերը:

Իբրահիմի հովվական կյանքում դեռեւս չէր եղել այնպիսի դեպք, որ շունը հոտից բաժանվի: Շատ անգամ է լսել փորձառու չոբանների պատմածները, որոնք ասում էին, որ վտանգն իմանալիս շունը փախչում է, որպեսզի կարողանա կանխել: Յագորն առաջին անգամ էր լքում հոտը, բայց սա չի նշանակում, որ Իբրահիմի հոտի հետ վտանգներ չեն եղել: Իբրահիմը հիշեց, երբ տարիներ առաջ ոչխարներից մեկը սեւ ու սպիտակ գառնուկներ էր լույս աշխարհ բերել: Իբրահիմը սա համարեց երջանկություն ու այնքան էր երջանկացել, որ մոռացել էր գազանների գոյության մասին: Հեմց այդ գիշեր գայլերը հարձակվեցին: Յագորի շնորհիվ Իբրահիմը կարողացավ պաշտպանել զորքին: Ճիշտ է, հետո մի մեծ վերք մնաց մեջքին, որը հետո քարտեզի տեսք ստացավ:

Մինչ Իբրահիմը տարված էր այս մտքերով, Յագորը վերադարձել էր ու նստել տիրոջ ոտքերի առջեւ:

* Յագոր, դո՞ւ էլ վատ ես զգում: Մի՞թե հոգնել ես:

Իբրահիմի համար էլ տարօրինակ էր իր հարցադրումը. ինչի՞ց է հոգնել` հոտի՞ց, սարի՞ց , իսկ գուցե հենց Իբրահիմի՞ց: Չոբանի շները միշտ երկար են ապրում ու հավատարիմ են ծառայության մեջ: Նրանք նմանվում են իրենց տերերին: Իսկ Յագորին Իբրահիմը անտառում էր գտել: Սկզբից տանն էր պահում, հետո, երբ շունը հարմարվեց, տեղափոխեց բակ: Շունը մի քանի ամսական էր, իսկ Իբրահիմի բեղերը դեռեւս նոր էին ծլել ու սեւին էին տալիս:

_ Յագոր, ինչի ասացի հոգնել ես,- այդ պահին կոկորդում փշե փունջը կրկին պտույտներ գործեց: Այս անգամ Իբրահիմին թվաց, որ այդ փունջը կապված է կրծքի տակ գտնվող ինչ-որ բանից:

Օրերը հանդարտ հոսում էին: Առավոտը վառում էր կարծրացրած օրերից մեկը, իսկ գիշերը փչում էր այն դեպի հեռուներ: Մի պահ Իբրահիմին թվաց, թե իր կյանքը մի դույլ ջուր է, օրերի մի տակառ ու թեպետ, խոհարարը տարրերի հերթականությունը պահում էր , բայց արդյունքը նույնն էր ` խառնուրդ` միագույն է ու էլի չգիտես ինչ:

Իբրահիմը աչքերով ման եկավ ամբողջ սարերը: Սկսեց արագ-արագ շնչել: Յոթին կանգ առավ, ասես, օդ էր հավաքում, բայց առանց այդ էլ անիծյալ տակառը թափվել էր ողջ մարմնի մեջ ու նույնիսկ չէր գոլորշիանում:

-Քիչ…Քիչ….

Իբրահիմը երբեմն չէր հասկանում ինքն իրեն: Դա համարում էր նորմալ: Ու հենց այս մտքից էլ գիտակցում էր, որ իրեն զգում է: Ոչխարները կուչ էին եկել: Օդն սկսել էր սառչել: Միշտ այդպես է` սարերում ամեն ինչ շուտ է սկսում, իսկ գուցե ժամանակին: Հենց դրա համար էլ Իբրահիմը պաշտում էր սարերը: Քամին այնպես էր փչում, ասես միտումնավոր: Ոչխարների բուրդը շերտ-շերտ բացվում էր ու երեւում էր նրանց մաշկը: Գուցե քամին ուզում էր սանրել ոչխարների բուրդը:

Մեկ, երկու, երեք, չորս… Եվ այնքան կարող ես հաշվել, մինչեւ ինքդ քեզնից հոգնես: Հետո գուցե քունդ տանի դեպի անծիրը: Ոչխարի գեղեցիկ օրորոցայիններից է այս քայլքը, երբ դու ես ամեն ինչ արարում եւ հենց այդ արարման արբունքը զգում ես ու մի պահ սուզվում հաճելիության մեջ: Այսպես էր նաեւ Իբրահիմի զորքի հետ քայլելը, երբ քայլերգի փոխարեն օրորոցային է հնչում: Նույնիսկ քամին վերածվում է հովի ու իր ողջ էությամբ տրվում խաղին: Քամին էություն էր, զգաց Իբրահիմը: Նա երջանկացավ, որովհետեւ օրերի հալոցքում ապրել ու զգացել էր անգամ էությունը ու սկսեց աղոթել` նույն էությանը դիմելով:

Երեկոն մարմանդ կրակներ վառեց առաստաղին: Իբրահիմի ախոռը դատարկ էր: Փառք Աստծո, այս կայարանում երկար չկանգառեց:

Գնացքի պատուհանները բաց էին: Խոնավությունն անառակ կնոջ պես վխտում էր ամենուրեք: Իբրահիմը նկատեց ծաղիկների փոշեհատիկների վերածված այն աղջկա կերպարը, որը ոչ ուրախ էր, ոչ էլ տխուր: Իբրահիմին անհեթեթ թվաց ձեռքերով ապակիներին խփելը, բայց հետո մատներով այնպես ճռռացրեց ապակին, որ շատ ուղեւորների մարմինները կփշքաղվեր: Աղջիկը կանգնած էր ու ասես ոչ նայում էր, ոչ էլ չէր նայում: Իսկ Իբրահիմին թվաց, որ աղջիկը իրեն է նայում:

հետո ասում են` Իբրահիմին էլ տեսնող չեղավ, բացի այն աղջկանից, որը կամ տեսավ կամ` ոչ: Սակայն մի բան հայտնի է, այն, որ կայարաններում մեծ-մեծ փշեր էին աճել, ինչը մարդիկ կապում են գոյության պակասի հետ, ասել է թե մարդկանց բացակայության արդյունքն է: Իբրահիմը տանել չէր կարողանում արդյունքը, ինչպես կայարանը, որն ավելի շատ հիշեցնում է ժամանակի ու մարդու մշտական կռվի մասին: Իսկ կայարանում ժանգագույն ժամատախտակը իր բերանն էր ծռել ժամանակի ու մարդկանց վրա: Ու չգիտեին, հովիվն, իրոք, եղել էր, թե դա էլ կայարանի պատրանքներից մեկն էր…..


3



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝