Յայտարարութիւն

Tuesday, February 16, 2010

«Թաթարուհին » - Վահան Գէորգեան

Սիրելի Ընթերցող,

Ստորև ՝ «Նշանակ»ի աշխատակից Վահան Գէորգեանի մէկ հետաքրքրական պատմուածքը:
Որպէս նախաբան իր պատմուածքին, հեղինակը ընթերցողին կը յայտնէ իր ապրած տագնապը հայ կեանքի իրական մէկ երեւոյթի մասին:
«Նշանակ»

.««.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«..«.«.«.«
«Հաճախ մենք վրիպում ենք ու ավելի խորացնում անջրպետը ,եւ մեր հավաքականության մեջ «դժվարությամբ » ընդգրկում այն հայերին , որոնց հայրը, կամ էլ մայրը ճակատագրի բերումով եղել է օտար: Անկախ այդ բոլորից նրանք իրենց համարում են հայեր:»
Վ.Գ.

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«
Հիշո´ւմ ես Աննային,_ ասաց ընկերս, երբ զգաց, որ նայում եմ անծանոթ կնոջը, ինքը վաղուց էր նկատել:
Մենք սեղանի շուրջը նստած զրույցում էինք: Դեռ երեկո չէր, սուրճի սեղանները թափուր էին: Հրապուրիչ կին էր, ավելի ուշադիր նայեցի, իրոք նման էր:Հասկացա ընկերոջս: Կինը զգաց նայում ենք, թեթևակի ժպտաց: Անտարբեր ժպիտ էր: Հիշեցի Աննային: Ընկերս վառեց ծխախոտը, մի կում սուրճ խմեց ու լռեց:

Նա էլ մտքով ետ էր գնացել: Քսանհինգ տարի առաջ մենք քսանհինգ տարեկան էլ չկայինք: Այն տարիներին սովորում էինք Համալսարանում: Վերջին տարին էր: Շատերս արդեն գիտեինք որտեղ ենք աշխատելու:Ավարտական տարում մեր խումբը համալրվեց նոր ուսանողներով: Նրանց մեջ մեկը կար , որը մյուսներից զատվում էր, թե´ արտաքինով, թե´ նկարագրով: Ազատ տիրապետում էր ռուսերենին, գիտեր գերմաներեն, իսկ հայերենը՝ Ղարաբաղյան բառամթերքով: Ոչ մեկիս մտքով չէր անցնում հարցնել ազգությունը: Ի՜նչ հարցնեինք, մեզ համար այդ տարիներին ազգությունը այնքան էլ էական չէր, բոլորս էլ կայսրության քաղաքացիներ էինք, սովետական «բանվորա-գյուղացիական» դաշինքով ամրագրված պետության
ետպատերազմյան երրորդ սերնդից: Չկար ոչ մի բարդույթ, իհարկե, ներքնապես միայն հայերս թուրքերին էինք կարողանում զատել:

Վրացին, ռուսը, բելառուսը մեր հողում մեր չափ ազատ էր ու անկաշկանդ: Մեր բնավորությունը ավելի հանդուրժող էր ու մարդկային: Եթե հիշում ես Երևանը յոթանասունականների,- շարունակեց ընկերս, -իր քսանը բոլորած սերնդով, ուրեմն կարող ես հաստատել, որ կապույտ տաբատները ջինսերը ամենուր աչք էին մտնում, թիկունքից թե´ աղջիկ, թե´ տղա, այնքան էին նման, որ հաճախ անհնար էր դառնում ճիշտ գուշակել՝ ո՞վ, ո՞վ է: Հագնում էին բոլորը: Ուսանողական տարազը՝ ջինսերն էին, ծիածանի բոլոր գույներով: Իսկ Համլսարանում բոլոր կոմերիտ տղաներն ու աղջիկները՝ մերժում էին ոչ միայն հիպիներին, «ջինսերին», այլև հոգևոր ու ազգային երգարվեստի երկրպագուներին էին ահաբեկում:

Անզիճուն, երիտասարդական ողջ կրքով ու եռանդով խուլ ու անողոք կռվում էին, ջինսամոլ ճարպիկները բնավ չէին երկնչում, մանավանդ աղջիկները դասերին հաճախում էին տաբատը տեղավորած պայուսակներում: Հանալսարանի ներսում,հանդերձասրահներում հագնվում էին ու անցնում լսարանները: «Ջինս ու յուբկա» անլուրջ խաղին դասախոսները չէին մասնակցում: Կոմսոմոլների նման պարապ ու ավելորդ ժամանակ չէին վատնում:
Կային հատ ու կենտ աղջիկներ, որ բնավ չտարվեցին խելահեղության հասնող մոդայով: Նրանք այն քչերն էին, որ օրը մի երկու անգամ հայլու մեջ զննելով իրենց թաքուն հրճվում էին: Հրճվում էին համոզված, որ իրենք անտիկ հելենուհիների նման ունեն գեղեցիկ սրունքներ: Նմանների ներկայությունը միշտ էլ ցանկալի էր, ամենուր մեղմացնում էին միջավայրի կապույտ պաղությունը, սրունքներից շողարձակած լույսը միջանցքների կիսամութը դարձնում էր խորհրդավոր:

Համալսարանում Աննան քչերի նման չօգտվեց ջինսից: Նա դասերին հաճախում էր ծունկը չծածկող կարճ փեշերով, թափանցիկ ու շղարշին հիշեցնող նուրբ վերնաշապիկներով: Տղաները արագ ընտելացան Աննային: Շատ էր կանացի ու գրավող: Աննան օրվա մեծ մասը սրճարանում էր, հաճախ ընթերցասրահում:
Լսարանում երկար չէր մնում: Շատ անգամ մեկն ու մեկի հետ հեռանում էր լսարանից: Բայց քննությունների ժամանակ իր կախարդիչ ու անմեկնելի կանացիությամբ կարողանում էր հասնել ցանկալի արդյունքի: Միայն գիտական կոմունիզմի ու աթեիզմի նորաթուխ դասախոսը ամեն անգամ նրան տեսնելուց կարմրում էր, հաճախ էլ մոռանում, որ իր դիրքով ու գիտելիքներով պարտական է Աստծո չգոյությանը: Մոռանում էր ու շփոթված մրմնջում. «Աստված իմ...», սիրատոչոր, վավաշոտ, կնամեծար հայացքով, ասես փրցնում էր աղջկան պլլված թափանցիկ, թանկարժեք, լաթակտորը, գիտակցում էր, որ մենք էլ ենք օգտվում իր չափ, գուցե, և´ ավելին՝ աղջկա անմեղ անհոգությունից, լուսավոր մերկությունից, անզորությունից կատաղած, մեկեն բռնկվում էր ու բղավում.
-«Աննա դուրս լսարանից...» Խաղի նման էր:
Ամեն ուրբաթ Աննան ներս էր մտնում լսարան, տեղավորվում էր հենց դասախոսի քթի տակ, առջևի շարքում: Դասախոսը՝ ճաղատ, դեմքը՝ պեպենոտ, մանր աչքերը՝ շեկ թարթիչներից հալածված, աջ ու ձախ վազվզելուց հուսաբեկ, մեկեն կառչում էին Աննայի կարճ փեշից, կիսաբաց կրծքերից:
Վայրկյաններ անց աթեիստը սկսում էր կարմրել, դեմքի պեպենները ասես հալվում էին, ու նա կորցնում էր ինքնատիրապետումը: Աննան անտարբեր, իբր միամիտ, մերթ էլ, անմեղ աղջնակի պես ոտքերը շարժում էր, երբեմն էլ շրջվում էր, ցուցադրելով սլացիկ իրանը, իսկ վարսերը/ սև, առատ, ու հերարձակ սահում էին ուսն ի վար, բացելով ճերմակ վիզն ու հոլանի ուսը, մենք զգում էինք պահի հասունացումը, խնամքով ծրարում պայթելու պատրաստ փրթկոցները, մինչև հատնում էր աթեիստի համբերությունը: Աննան դանդաղ ու աննկատ մոտեցնում էր պահը՝ անփույթորեն հեռացնում էր կիպ սեղմված ծնկները, որոնք նմանվում էին լուսավոր սույների: Հենց ծնկների լույսը սկսում էր թրթռալ, արտացոլանքը անմիջապես տեսնում էինք աթեիստի կարոտից չռված բիբերում, որն արդեն նմանվում էր կարմիր լաթը տեսած խելացնոր ցուլի:Նա գերված՝ ծնկալույսից, աչքերով սուզվում էր, կարճ փեշի բաց ծալքերից էլ անդին, ուր հավանաբար դեմ էր առնում էլի կարմրին տվող ներքնաշորին: Հենց այդ պահին էլ կատարվում էր անխուսափելին: Աթեիստը խրտնած կարմրից, կամ էլ լույսին հաջորդող մթից, կորցրած արդեն պատկերացրածը ունենալու մեղսավոր հույսը, անզորությունից բացում էր կրակի բորբոքից վառված շուրթերը, ու մենք երկտասնյակ ուսանողներս համերաշխ,աթեիստին կանխելով ասես մի շնչափողով բղավում էինք.
- «Աստվածուհի´ դուրս...»
Աղջիկը անշտապ նազանքով, Աստվածուհուն վայել չքմեղանքով դուրս էր գնում, դռան բացվել փակվելու ընթացքում հնչում էր բորբոքված, խեղճ ու մոլոր աթեիստի ցասումնախառն ճիչը.
-«Թո՜ւրք...»
Աղջիկը՝ ասես շանթահար, արթնացող ցասումով, լուսանի պես ճկվում էր վերի´ց վա´ր, լուռ չափում, ասես վերջին պահին հայացքով շամփրում էր, պատանքում, ողջամտությունը կորցրած աթեիստին:
Դուռն աղմուկով զարկվում էր պատին, ետ էր թռչում տեղավորվում շրջանակի ներսում: Լսարանը թաղվում էր լռության մեջ: Թուրք բառը մեզ էլ էր սթափեցնում, բայց ուշադրություն չէինք դարձնում, կարծում էինք չարությունից է ասում: Մենք մեղավոր, մեղքի գիտակցումին տեր կանգնած լռում էինք, լսվում էր մանրահատակի խուլ ճռճռոցը:
Թո´ւրք... ախր ինքն ավելի շատ էր թուրքի հիշեցնում, իր աթեիստական Աստծուն հերքող գիտելիքներով:Աղջիկը գնում էր, իր հետ տանելով լսարանին բարուրած ողջ լույսը:
Աթեիստը հուզված ետ ու առաջ էր քայլում: Կարմրությունը անցնում էր, երևում էին պեպենները, ու նա իրեն վերագտած շարունակում էր սերտած դասը Լութերին , կամ էլ Լենինին գրկախառնված մտնում էր մթին աշխարհի էվոլուցիայի թավուտները: Ժպտախառը, իբր կատակով, բռնում էր Դարվինի ձեռքը ու կապկելով դարվինիզմը, փորձում էր հավատալ, որ գոնե ի´ր նախնիները նախ եղել են կապիկներ, հետո... հետո` խոսում էր բարձրագույն նույթից ու ամբողջովին խճճված տագնապախառն պնդում.
-Աստված չկա, կապիկից ծնվեց մարդը, մարդն էլ կարոտից հորինեց Աստծուն:
Անհնարինը հնարավոր դարձնելու երազից մնաց կարոտը, որն ամենուր մենամարտում, պարտվում է, ո´ւ մարդը հաճկատար՝ երազներով լեցուն ապրում է հավատալով կարոտին: Խոսում էր ու զանգի հետ գնում, որ հաջորդ ուրբաթ օրը կրկին գար, բորբոքված բղավեր «թուրք» ու գնար: Ոչ մեկիս մտքով չէր անցնում թ՞ե ինչի հենց այդ «թո´ւրք» բառն էր ափից հանում, կատաղության շեմին հասցնում աղջկան:
-Ո՞վ գիտե ինչ էր անցնում դառնում նրա շռայլ վարսերով զարդարված գլխում:
Ես ոչինչ չէի հարցնում: Աղոտ հիշում էի, որ աղջիկը ապրում էր Գետառի ափին մնացած միհարկանի տներում: Ուր հիմնականում ապրում էին հին երևանցիները: Ապրում էր վարձով: Ընկերս Աննայի մտերիմներից էր: Հավանաբար, ավելին գիտեր: Նա էր պատմում.
...Որբ էր, ծնողներին չէր հիշում: Ապրել էր հեռավոր Ուֆա քաղաքի որբանոցում: Հայերենը սովորել էր դպրոցական տարիներին: Ղարաբաղցի դասընկերոջ տատը հատուկ գուրգուրանքով զբաղվում էր աղջկա դաստիրակությամբ: Հայրենիքից/ հեռու, հայերից հեռու, զինված ուժերում ծառայող զինվորականի մայրը, գիշերօթիկ դպրոցից հաճախ թոռան հետ շաբաթ կիրակի օրերին տուն էր բերում որբ աղջնակին:
Աննան տարիներ շարունակ հույրնկալվելով հայ զինվորականի ընտանիքում, ընտելացավ հայ ընտանիքին, և´ երբ նրանք ծառայության բերումով հեռացան ՈՒֆայից աղջիկը երկար ժամանակ, մինչև դպրոցն ավարտելը, նամակներ ու բացիկներ էր ստանում: Հետո խզվեց կապը, մեծ մամը մահացավ, թվում էր ամեն ինչ մոռացվեց:
Համալսարանի ավարտական տարին, երբ աղջկան առաջարկեցին մասնագիտական ճյուղը խորացնելու համար ընտրել երկրի նշանավոր կրթօջախներից որևիցէ մեկը, նա սիրով նախապատվությունը տվեց Երևանին:
Մեծ մոր հիշատակը վառ էր աղջկա սրտում, թեև հետագայում նա ճանաչեց իր զարնիկներին, բայց կար անջրպետը իր ու զարմիկների միջև:
Զարմիկների բոլոր ջանքերը աղջկան ընտելացնելու թուրքական միջավայրին մնում էր անարձագանք:
Հորեղբոր որդին երկրի խոստումնալից լրագրողներից Ռաուֆ Սաֆարզադեն Աննային հոր մասին պատմում էր, իսկ մոր մասին ոչ մի խոսք: Միայն գիտեր, որ մայրը իր ծնվելուց հետո մահացել է:
Աղոտ հիշում էր , մանկատան տարիքով դայակը՝ Մարին, անվերջ ասում էր չմոռանաս մայրիկինդ, նա մեռավ, որ դու ապրես: Հայրը, հորեղբայների պար-տադրանքով աղջկան՝ Աննային, տեղավորեց մանկատանը: Տարիներ անց հայրն ավտովթարից զոհվեց: Որբացած աղջիկը ահագին ուշացումով ճանաչեց հոր հաջորդ կնոջ զավակներին, խորթ եղբայրներին, ազգ ու տակին:
Աննայի ու իմ կապը պարտավորեցնող չէր,_ ընկերս աննկատ տարված հուշերով պատմում էր: Ես չէի ընդհատում, զգում էի, որ նա վերապրելով անցածը, բացելով սիրտը փնտրուն է Աննային...
...Հաճախ էի լինում իր բնակարանում, զգում էի , որ նա ցանկանում է ավելի խորացնել մեր կապը, իսկ ես իմ հասակակիցների նման խուսափում էի լրջությունից, ամուսնանալու հեռանկարը ինձ չէր ոգևորում, իսկ Աննան հպարտ աղջիկ էր, ոչինչ չէր ակնարկում:
Ապրում էինք օրերի հետ, առանց մտահոգվելու գալիքի համար: Այդպես էլ անցան տարիները ու ես դարձա երդվյալ ամուրի, թեև երեխաներ շատ եմ սիրում: Մի պահ լռելուց հետո նա կրկին տարված հուշերով, արդեն ինձ էլ մոռացած, ինքն իր համար տարվեց վերհուշով...
... Մի օր էլ, երբ այցելեցի մենակ չէր: Մենք երկու հասակակից տղամարդ երկար ու լուռ զննում էինք միմյանց: Ամեն ինչ անսովոր էր, գոնե ինձ համար:
Թվաց, թե´ Աննան կանացի խորամանկությամբ ավելի վաթարացրեց իրավիճակը, թեև մեզ ներկայացրեց միմյանց: Բայց մեզ հետ չնստեց, անվերջ գնում գալիս էր, մեր զրույցը չէր ստացվում:
Հարմար պահը ընտրելով ես բարի գիշեր մաղթեցի ու հեռացա: Միջանցքում Աննան աննկատ գրպանս մտավ, դրսում լապտերի լույսի տակ բացեցի ծալված թղթի կտորը: Աննան երկուսիցս թաքուն, թղթի վրա գրել էր «երկու ժամից վերադար'իր, կսպասեմ...»:
Թուղթը՝ ափիս մեջ, հազար ու մի ենթադրություններով մտա սրճարանը, նստեցի մեր մշտական տեղն ու սպասում եմ: Գլխումս ժխոր է, քաոս: Ո՞վ էր նա, ի՞նչու չխոսեց: Աննա՞յին վաղուց գիտե: Դե’ ինքդ էլ հասկանում ես, այդ տարիքում մենք բոլորս էլ ո’չ միայն խանդոտ ենք, այլև՝ շուտ բռնկվող, լավ էր երկար չմնացի, թե’ չէ, ո՞վ գիտե, ի՞նչ անուղղելի քայլ կկատարեինք: Պարզ զգացի, որ նա ին'ձ, ինչպես ես՝ իրեն, իմ չափ, գուցե ավելին ատեց:
Բնականաբար, մենք երկուսս էլ Աննային շատ էինք սիրում: Մի կերպ կարողացանք զսպել մեզ: Բայց ախր ո՞վ է նա, չէ՞ որ ես Աննային լավ եմ ճանաչում, մինչև հիմա ու՞ր էր, և’ ի՞նչու է եկել այն էլ գիշերով:
Եթե բացիկը չլիներ, հավանաբար խենթացած, ետ կդառնայի ու չգիտեմ, թե հետո ինչ կպատահեր: Տարեմուտի գիշերներից էր, սրճարանում սեղաններից մեծ մասը պարապ էր: Թեև ժամանակը դանդաղ, անցնում էր, ինձ մնում էր մոտ մեկ ժամի չափ:
Սրճարանում ծխի քուլաները, կիսամութը, տաք ժխորը պլլվում էին ներս մտնողներին, ամեն ինչ կորչում, ձուլվում էր անգո պատերին: Զուր փորձում էին ներս մտնողների մեջ առանձնացնել ծանոթ մեկին, ինձ տանջող մտքերից ազատվելու բնազդով:
Ոչ մի ծանոթ դեմք: Ասես օտար քաղաքում լինեի, նույնիսկ վերցրած սուրճս անհամ էր, տհաճ: Միայն ծխում էի: Ժամանակը թեև դանդաղ, անցնում էր:
Դուռը բացվեց, շեմին Աննան էր տաք ու խնամքով հագնված:
Չէր սպասել , մյուսին ճանապարհելուց հետո, ինքն էլ, իջել էր փողոց ինձ գտնելու: Զգացի փնտրող հայացքը մեկեն ձեռքով կանչեցի : Մնաց շեմի մեջ կանգնած: Ես մոտեցա: Լուռ քայլում էինք:
Կեսգիշերն անց էր, բացիկը ետ վերադարձրեցի, ասես մտքերից սթափվեց:
Մեկեն արտաբերեց հորեղբորս որդին էր, Ռաուֆը: Լուռ քայլում էինք: Ես ամենինչ հասկացա: Մինչև լույս քայլեցինք փողոցներով: Կսկտուր խոսքերից պարզվեց, որ զարմիկը ցանկանում է տեղափոխվել Երևան: Ոչինչ չէի հարցնում: Գիտեի անհրաժեշտը ինքը կպատմի: Մինչև հիմա էլ չհասկացա թե ի՞նչու տանը, երբ մեզ ծանոթացրեց չասաց, որ իր զարմիկն է: Անունն էլ չտվեց: Պարզապես ասաց. «ծանոթացեք»: Հիշում եմ, ես ներկայացա, բայց նա ոչ մի խոսք՝ միայն թեթևակի գլուխը շարժեց:
Լուսաբացին բաժանվեցինք: Բաժանվեցինք ջերմ, ես վեր չբարձրացա: Անցան ամիսներ, ոչ հաճախ, բայց նույն ջերմությամբ դեռ հանդիպում էինք:
Մի օր էլ հարցրեց, երբ ես ամուսնանալու, պատասխանեցի, երբ տուն ունենամ: Ոչինչ չասաց:
Դե արդեն մնացածը ինքդ գիտես: Քաղաքից երկար տարիներ բացակայեցի, հեռավոր արևելք, զինվորական ծառայություն,հետո ետ վերադարձա, անցա աշխատանքի: Հետո երկար փնտրեցի Աննային չգտա: Հորեղբոյր տղային հիշում էի, նրան մի քանի անգամ տեսա քաղաքում, բայց չմոտեցա, ասես նա էլ ցանկություն չուներ ինձ վերհիշելու: Առաջին հանդիպումից մնացել էր ցուրտ, վանող սառնությունը: Կամ ի՞նչ պիտի պարզեի, չէ որ նրանից այն ժամանակ էլ Աննան խուսափում էր: Դե մեր տղաներից ոչ-ոք չգիտեր իմ ու Աննայի մտերմությունը: Ես հիմա էլ չէի պատմի, բայց դե անցել է քսանհինգ տարի ու այդ բոլոր տարիներին ես փնտրել եմ նրան:
Տղաներից մի քանիսը պնդում են, որ նա երկրաշարժի ժամանակ եղել է Լենինականում: Նույնիսկ նկարվել են, բայց չեմ հավատում: Որովհետև ինքս Սումգայիթի դեպքերից հետո, մորաքրոջս հասցեով Աննայից ստացա ցավակցական հեռագիր: Հեռագիրը հետադարձ հասցե չուներ: Իսկ ես գիտեմ Աննան ու՜ր-ու՜ր, բայց
այնտեղ էլ չէր ապրի: Չնայած այդ ամենին, ես չեմ մոռացել հեռագրի տեքստը:
«Ես, ձեր համակուրսեցին, մինչև մահ ձերն եմ, ցավում եմ, որ այդ չարիքի որջում ծնվել են իմ զարմիկներն ու ինձ կյանք պարգևող հայրը, որին բնավ չեմ տեսել, ճանաչելու ցանկություն չեմ ունեցել... ինձ էլ համարեք կույր վրիժառության զոհերից մեկը, ես հոգով ու սրտով ձերն եմ, իմ թրքուհու ճակատագրով...» Գուլիև Աննա:

Վահան Գէորգեան



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝