Յայտարարութիւն

Tuesday, February 16, 2010

Բանաստեղծութիւն Վահան Գէորգեան

***
Երկու բան կա մարդուս համար
Այս աշխարհում շատ կարեւոր,
Երկու հրաշք հավերժ ներկա:
Աշխարհի չափ թանկ ու անգին.
-Հուրն արեւի գլխի վերեւ…
Հողն հայրենի ոտքերի տակ:
Իսկ թե ո՜նց են ապրում մարդիկ
Անհայրենիք, զուրկ արեւից…
Ես ոչ մեկին չեմ կամենում.
Անգամ , անգա՜մ ՝ ի՛մ թշնամուն:
Հայրենիքը հող չէ միայն,
Շուրթից պոկված բառ չէ բնավ,
Նայիր որբին , որ չունի հայր,
Նայիր , թեկուզ մայթին քնած
Այս ծերուկին պարզ չէ միթե,
Որ փնտրում , բայց չի գտնում.
Իր մանկության կորած ճամբան…
Ինձ հասկացար , ո՛չ մի՜ մանուկ
Դեռ չի ծնվել անհայրենիք:
***
Երազներով օրս լեցուն
Սրտիս ձայնին ունկնդրում,
Ես ինձ էի տեղավորում
Քո աչքերի լճակներում:

***
Զանգում են նորից ինձ հազար տեղից,
Հազար ձայների համանվագից
Քո ձայնն է սեր իմ սրտիս ծով խորքից
Հույզ ու երազներ արարում կրկին:
***
Ինչ ես ինձնից այդպես քաշվում,
Շիկնում հաճախ ու ամաչում...
Թե սերը կա, սիրո գրկում՝
Մենք հավասար երկու ալիք,
Ծովից պոկված՝ ափ ենք վազում,
Բայց միշտ մեկը առաջն ընկած
Շտապում է , որ ափ հասնի,
Իսկ մյուսը՝ հիասթափված
Մերկ ափերից ետ է դառնում
Մարող հույսով հանդիպումի:
Երկինք ու ծով գրկախառնված
Երկու ալիք տաք համբույրի...
***
Քո աչքերի ծով ծփանքին,
Խոստումներին հավատալով
Գինու գավը շուրթիս տանում
Ըմպում էի մրուրն անգամ:
Երբ կարոտած քեզ մոտենում,
Հեռվից նայում խնդում էիր...
Ինքս սիրո ծովը մտած,
Դեռ միամի՜տ չգիտեի...
Որ դու միայն ինձ չես սիրում...
Սիրուն աղջիկ, անմիտ թիթեռ,
Թռվռում ես ծաղկի՜ց- ծաղի՛կ,
-Տես չըվառես շուրթերդ նուրբ
Բոց համբույից ամոլների:


***
Տարված չէի, ոչ էլ գերված,
Հմայքներով քո ինքնածին,
Սեր, քնքշանք դեռ չգտած
Մոլորվեցիր մտքի անտակ
Խռովահույզ ծովում անծիր,
Լուռ ծփում ես ալեկոծվում:
Ինչքան երազ՝ բոլորը սին...
Ափ չհասած անցավ գնաց:

***
Բոց շուրթերդ ծաղկաթերթեր,
Խաբում էին նուրբ ու խնդուն,
Սրտիս դուռը անվերջ թակում՝
Հորինելով գինու երգեր:
Իմ սեւորակ, սեւ սատանա,
Գինովության դավից գերված,
Աչքերիս ծով թախիծն առնում
Խումարի մեջ խնդում էիր,
Քեզնով հարբած սրտիս վրա:
***
Ծովի պես խորունկ, գերող , գուրգուրող ,
Քնքշանք ունես:
Ծովի պես խարդախ , մռայլ ու մթին
Խորություն ունես:
Իմն ես, ի՜մը չես, ավազն եմ ափիդ,
Մերթ մոտենուն ես, փարվում ես, գրկում,
Մերթ ծովի նման իմ գրկից փախչում,
Սիրտս քամվում է քո ծփանքներից:
Խենթ ու խոլական ինչ ունես չունես
Շառաչով բերում ՝
Հառաչանքներ ես իմ շուրջը թողնում:
***

Ես քեզ համար եմ օրերս վատնում,
Որ շուտ մոտենա պահը հանդիպման,
Մտքումս հաճախ սրտիս նախատում
Անմարդաբնակ կղզի եմ ճարում,
Գիշերը անքուն կղզու կենտրոնում
Խարույկ եմ վառում , որ չմոլորվես,
Իմ բախտի ճրագ , էլ չունեմ մեկը՝
Սրտիս հույզերը, տաք երազները,
Որ միշտ տեսնում եմ արթուն պահերին
Քոնն են ու իմը, ուր ես իմ ճրագ:
***
Գարնանը եկար, իմ արեւ անմար,
Գարնան պես խելառ,
Սիրտս քեզ համար միշտ ճամփա գտավ,
Ջահել էր խեւոտ քո սերը նորոգ,
Շուրթերիս հասավ շշուկ ու որոտ,
Հազար սրտերում քո խինդը մնաց
Իմը՝ ծո՜վ կարոտ՝ հուշ ու երազանք:
Քունս չի տանում , գիշերվա կապույտ
Երկնքով թափուր Լուսինն է լողում,
Լուսնի պես տկլոր, Լուսնի պես մոլոր
Մտքերս անվերջ, քո շուրջն են դառնում,
Սիրտս քեզ համար հանգրվան մի նոր...
***
Գիտեմ , անգին մի օր պիտի
Ինձ ետ կանչես, ուշ կլինի,
Թե՜կուզ եւ ուշ, բայց ես կգամ,
Կողքիդ նստած լուռ կըծխեմ:
Դու գլխիկոր ու գլխահակ,
Աչքի տակով ինձ կընայես,
Գլխիս արծաթ մազերիս մեջ
Մեր մեղքերի հետքը գտած,
Կնճիռների խուրձն աչքիդ տակ
Պիտի արդեն թաքուն թախծես:
Հին հույզերի աղն էր առատ...
Ու՜ր մնացիր, շատ ուշացար
Զուր վատնեցի հույս ու երազ:
***

-Գալդ բարի սեր իմ անգին...
Ձեռքդ փափուկ տաք ափիս մեջ,
Սրտիդ զարկն է ինձ փոխանցում,
-Գալդ բարի սեր իմ անգին:
Իմ աշունը՝ քո գարնան մեջ...
-Գալդ բարի , սեր ի՜մ անգի՛ն,
Սիրտս գինով , շուրթս՝ ցամաք,
Քեզ կարոտած օրն է մաշում,
-Գալդ բարի՛, սե՜ր իմ անգի՛ն:
Աչքերս բաց երկինք անհուն՝
Ուր հավքի պես դու ես լողում:
-Գալդ բարի՛, սե՜ր ի՛մ անգին,
Իմ աշնան մեջ՝ գարուն, ամառ,
Տաք երազիս դուռն են բացում:
-Գալդ բարի՛, սե՜ր իմ անգին:
Քո շուրթերի բոցը հրկեզ
Սրտիս համար գինովություն,
-Գալդ բարի՛, սեր իմ գարուն:
***
Խենթ ու խելառ գարնան վարար
Գետի նման ափից ելար,
Ու վարարած հեղեղեցիր.
Երգ ու եռանդ զուր վատնեցիր,
Իմ կարոտի ծաղիկները
Ջրերի մեջ խեղդիր տարար:
Ափից ելար խենթ ու խելառ...
Մտորում եմ , մտքով տարված
Ես ինձ համար քեզնից թաքուն
Հազար տեսակ երգ հորինում:
Դու չգիտես, իմ երգերում
Սիրտս արթուն ոնց է զարկում,
Շուրթս վաղուց սրտիս խանդում
Քո անուն է արտաբերում:
***
Ափերից ելած իմ երես առած,
Խենթ աղջիկ լուսե , գարուն է գիտեմ
Քո սիրտը հիմա գարնան տենչերի
Կրակն է լափում.-Տե՛ս քո կարոտի
Հրացքոտ բոցում ի՜նքդ չայրվես ...
Խանձված թեւերով, հուշ մոխրակույտով...
Սիրտս քեզ համար թաքուն ու տրտում
Ոնց է արտասվում, իմ օրվա թիթեռ:
Քո հագ ու կապից, խոսք ու զրույցից՝
Սիրտս սեւակնած ծովածուփ ցավից
Գահավիժում է անհունը մթի:
Մի արա անգին, սիրտս մի քամի,
Ձույներից ծնված դու իմ ձնծաղիկ...
Սին հաճույքներին մի դարձիր գերի:

***
Խենթ ես խելառ գարնան վարար
Գետի նման ափից ելար,
Իմ կարոտը քո ափերից՝
Ջրերի մեջ խեղդիր տարար:
***
Չգիտեմ, ի՜նքդ ի՛նչ ես մտածում,
Արդյոք կամ մտքիդ փակ ամրոցում,
Արդյոք քեզ համար իշխանն եմ բախտիդ,
Նեցուկը օրվա, գալիք օրերիդ:
Չգիտեմ ինքդ ինչ ես մտածում,
Իսկ ես իմ անգին , ասեմ թե չասեմ,
Քեզ համար հաճախ սրտիս հետ կռվում,
Քունս կորցրած ելք եմ փնտրում,
Ճար, ճամփա չկա... եղածը մի նեղ
Կածան է մտքի՝ դեպի քեզ բերող,
Տարիքս, փորձս, օրերս առած
Ելնում եմ ահա ես այդ կածանով,
Չգիտեմ ինքդ ինչ ես մտածում:
***
Ափերից ելած իմ երես առած,
Խենթ աղջիկ լուսե գարուն է գիտեմ,
Պղտոր մտքերըդ օրերդ խառնում
Գետերից վայրագ ափերից ելնում
Ողջամտության պատերն ես քանդում:

***
Դու ինձ համար ՝ երազ , մուրազ,
Քո օրերի հոգսը տուր ինձ,
Ծով կարոտի երգն է շուրթիս,
Թող շուրթերդ մաքուր մնան,
Ես էլ չունեմ ուրիշ երազ:
***
Դու իմ երազ ,
Դու միշտ ներկա, սիրտս վկա
Ես ինչ գիտեմ, ինչ ես հիմա
Դու մտածում:
-Ով է արդյոք մտքիդ խորքում
Քո փոթորկված սիրտն ալեծուփ
Խաբկանքներով անվերջ խառնում...
Բայց ես վաղուց մտքիս ճամփեն,
Լոկ քեզ համար
Հարթարում եմ ու զարդարում:
***

Ես կարոտիս դուռը բացում,
Բախտիս վրա ծիծաղելով ,
Դեպի քեզ եմ անվերջ դառնում,
Սրտիս ծովում ալիք ես նոր
Ակն հույզերիս ալեկոծող:
Քո ծփանքն է հույս օրորում
Արեւն ես իմ երազներում :
***
Երազներս երգերիս մեջ,
Իսկ դու անվերջ ծափ ու ծիծաղ,
Խենթ ես, խեւ ես, ո՜ւ միամիտ,
Սիրտս ծով է՝ հույզ ու ալիք:
Ոնց հասկանամ քո ծփանքը,
Որ փչում ես ինչպես քամի՝
Աջ ու ձախից , վերից –վարից,
Անգամ , անցած հին օրերից:
***

Դու ինձ համար՝ երազ , մուրազ,
Քո օրերի հոգսը տուր ինձ,
Ծով կարոտի երգն է շուրթիս,
Թող շուրթերդ մաքուր մնան,
Ես էլ չունեմ ուրիշ երազ:
***
Ես որ հիմա այսքան փխրուն
Խեղճ եմ թվում,
Իմ միամիտ , ինքնահավան,
Զուր ես կարծում, որ օրն ի բուն
Սրտիս ծովն ես դու փոթորկում:
Ես կարոտիս թեւը մտած՝
Հարբածի պես տեղում ճոճվում
Գինով լեցուն խումհարի մեջ
Սրտիս կանչն եմ խլացնում:
***
Ձիեր, դեղին, ճերմակ, կապույտ ձիե՜ր,
Երազներիս, կարոտներիս ձիե՜ր,
Ձիե՜ր, ծովից ծովից ելած՝ ձիե՜ր,
Փրփրաբաշ, անսանձ, ձիե՜ր,
Իմ կարոտից ծված ձիե՜ր,
Փրփրաբաշ ձիե՜ր, ձիե՜ր,
Ափ չեք ելնում ձիե՜ր,
Ալիք դարձած ձիե՜ր...
Սրտիս ծովն է ծփում,
Ձեր աչքերից ագաթ
Արցունքներից համար
Կաղապար եմ ձեւում...
Ձիե՜ր, ձիե՜ր, ձիե՜ր,
Դեղին, ճերմակ, կապույտ՝
Երազ, մուրազ ձիե՜ր,
Իմ կարոտիս ձիե՜ր:
Շուրթիս դողը խլած,
Թրթռացող մաշկով
Երազներս գրկած՝
Ծովի խորքից գալիս
Էլի ծովն եք վարգում,
Ինձ կարոտած ձիե՜ր,
***
Ջինջ երկնքի կապույտի մեջ,
Քնից ելած անզարդ ու մերկ,
Վարսերն հուր-հեր ուսերն ի վար
Շռայլ-շենշող , մի՜շտ հոգեթով
Արեւը ի՛մ կյանք է, կի՜ն է, ու թունդ գինի:
Ես, որ վաղուց նրա գերին,
Խավար ու մութ գիշերներին,
Յարից խաբված մեկն եմ էլի,
Աչքս միշտ թաց , սի՜րտս ելած,
Սպասում եմ լուսաբացին,
Հավատում եմ իմ արեւին, նրա անկամ
Թոթովախոս, սուտ խոսքերին,
Գիրկս թափուր, սիրտս ելած,
Աչքս անվերջ կապույտի մեջ
Երկինքն ի վեր նրան տենչում.
Հավատում եմ, որ նա բարի, խենթ մի արեւ...
Հակառակը՝ սիրտս պիտի ցավից ճաքի,
Իսկ նա անկամ՝ հազար տեսակ
Ցուրտ ու մռայլ սրտերի մեջ,
Կրակ վառած, խոսքով տարված,
Ուշանում է, ինձ մոռանում,
Իսկ ես օրվա հոգսերի մեջ
Աչքս տնկած կապույտին ծով,
Սպասում եմ դարձին նրա,
Վերադարձին լուսաբացի...
Իմ մինուճար, իմ մի՜ հատիկ
Արեւ-կյանք՝ արեւակիրք
-Դարձի՛ր , արի , պատուհանից
Թեկուզ հեռվից ինձ սփոփիր:
***
Ժայռն եմ ծովափի,
Քո բախտի նավը,
Իսկ դու միամիտ ափ վազող ալիք:
Գիրկս չըհասած ափերիս փարվում,
Ավազների մեջ եռանդ ես վատնում:
Գալիս ես, գալիս , եւ՛ ամեն անգամ,
Եւ ամենուրեք, քո գալ-գնալով
Ինձ մտափոխում...
Ափ վազող ալիք՝ դու խաղն ես սիրում,
Իսկ ես ծովափին՝ սրտիս ծովի մեջ
Քո խաղերն անվերջ հիասթափության
Խորշի մեջ թաղում , քեզ համար նորից
Հիացումների ուղի եմ հարթում:



***
Սիրտս քամվում է , եւ ինձ թվում է,
Որ դու չես գալու, աշուն է հիմա,
Լսիր կարոտիս երգը մեղմանուշ.
Գիտե՛ս սիրելիս, որ երազները
Ոսկեզոծվում են տերեւների պես:
Աշնան երեկոն թաղվում է ահա
Իմ անուրջների մշուշոտ մեգում,
Սիրտս քամվում է որերրորդ անգամ:
Վայելքից քաղցր սարսուռն է շաղոտ
Շուրթերիս փարվում, թափվուն են հատ-հատ
Կարոտից շիկնած իմ տերեւները՝
Նամակներ առ քեզ, քամին խենթ ու խեւ
Իմ վերջին սիրո անփոձր մունետիկ՝
Քո հասցեն չունի, եւ զո՜ւր ջանում,
Քո հասցեն անգին չեմ ասի ՛ , գիտես,
-Դու կաս, եւ՛ չըկաս, իմ սրտում ես միշտ՝

***
Աչքս դիպավ աչքերին
Օտար հավք էր , ի՜նչ անեմ,
Սրտիս զարկն էլ թե ծածկեմ,
Բա աչքերիս ոնց սաստեմ:

***
Սիրտս կարոտ գգվանքի,
Դու արեւը իմ բախտի,
Ասա ինչքան ես պիտի
Հալվեմ վառվող մոմի պես...
Ու լուռ մնամ հանուն քեզ:
Քմայքով լի խենթ աղջիկ,
Քեզնից բացի էլ ով կա,
Քեզնից գթոտ կանացի,
Որ ցավերս ամոքի:
***

Գործս թողած, օրս վատնում
Ես քեզ համար հազար ու մի
Արահետ եմ գծում մտքում:
Կախարդական օղակի մեջ,
Շուրջդ լեցուն օտար դեմքեր՝
Նրանց մտքում կեղծապատիր
Դու ես արդեն խեղճ ու մոլոր,
Դու իմ միակ, իմ մինուճար,
Ես քո օրվա հոգսին վկա,
Վստահիր ինձ իմ բարեկամ:


***
Ուր էլ գնամ ես հիմա,
Դու իմ մտքում միշտ ներկա,
Աչքս արցունք է մաղում,
Սիրտս զարկում է կանչում:
***
Ծովը սրտիս մեջ, ծովն աչքիս առաջ,
Ծփում, ծավալվում , ափերն է լիզում,
Ծով երազանքի թեւրը պարզած
Ինձ ու քեզ գտած, թաց ավազներին
Ոտնահետքերիդ տակ կաղապարը
Իր պաղ ջրերով մաքրում է տանում:
Ծովն աչքիս առաջ ու դու ծովափին...
Ալիքները ժիր գալիս են հեռվից,
Գալիս են փարվում քո ոտաբոբիկ
Ոտնահետքերին...
Սրտիս ծովն արթուն շուրթերիդ կարոտ
Ողջախոհության ափերին հասնում
Ալեծփում է ու ալեբախվում:
***
Սիրահարը թվում է թե վախ չունի,
Ագահ սիրտը լեցուն սիրով չափ չունի,
Մութ զնդանից, թեժ գնդակից՝ ահ չունի,
Միայն խանդը ՝ կույր ու խարդախ չըզարկի...
***
Ծավալվում է, ծափ է զարկում,
Ծով ծփանքով ափ է վազում,
Ինքը՝ խելառ , ծովից ծնված
Ծովի գրկում ալիք մի նոր:
Երազներիս կապույտ անծիր
Հորիզոնն է ալեբախում,
Ես կարոտած ափին կանգնած
Դարերի մեջ ժայռ եմ թվում:
Ալիքի պես ինձ է վազում
Գիրկս միշտ բաց,
Բայց նա անվերջ
Ափ չհասած ետ է դառնում
Ծավալվում է ու ծիծաղում:
***
Դու իմ երազ , ոնց եմ ուզում,
Շատ են ուզում, որ ես ու դու
Ամբողջանանք, դառնանք միակ
Այն եզերքը, որ կապում է ծով ու եզերք...
Դու իմ երազ շատ եմ ուզում,
Որ շուրթերիդ եզրագիծը
Իմ շուրթերին շրջափակի
Ինչպես ծովի ալիքներին՝
Ավազները թաց ափերի...
Դու իմ երազ, ոնց եմ ուզում,
Շատ եմ ուզում ...
Քո աչքերի խորունկ մթում
Կապույտ երկինք տեղավորել:
Իմ կարոտած սիրտը հավետ
Քո ծփացող ափին մնաց:
Իսկ դու անվերջ ալիքվելով
Ափ չհասար ու փշրվեց ՝ փոշիացավ
Ավազ դարձավ սերս անցավ:

***
Սեր իմ ժպտա եկավ գարուն,
Դայլայլում է հավքը արթուն:
Տարված գույնով ծաղիկների՝
Ճյուղից ճյուղ է թռչում մարին:
Տաք համբույրիդ, քնքշանքիդ
Սիրտս կարոտ ու անդադրուն
Երկինք ու ծով իրար խառնում
Համատարած կապույտի մեջ
Արեւին է երկրպագում,
Թող արեւի շողքը բեկվի
Թող արցունքի վերափոխվի
Ու դառնա շող:

***
Երկինքն հեռու էր, երկինքը՝ անհաս,
Ու մենք գնացինք մեր սիրո մասին
Ծովին պատմելու:
Վաղ լուսաբացի արեւն ամոթխած
Ինչպես նորաթուխ մեր սերը մանուկ
Վատ երազ տեսած երեխայի պես
Նոր էր արթնացել ծովի գրկի մեջ:
Ու ծովը մոր պես օրոր էր ասում,
Սիրո ծփանքով սիրտն էր սփոփում:
-Իսկ դու արթնացած իմ սրտին հիմա
Պարզում ես գիրդ թաց ավազներին,
Եւ ճիչը սրտիս ծնված կարոտից
Ծովափին վազող փետրավորների
Մենախոսությամբ անվերջ ծածկելով ՝
Ցրտից , սարսուռից , քո փշաքաղված
Մաշկն էի շոյում ողջ քնքշանքով,
Երկինքն էր փլվել աչքերիս խորքում,
Իսկ դու անտարբեր, անհաղորդ, հե՜ռու
Ծովի դեմ դիմաց ՝ ծով էիր թվում:




***
Սերն ակնթարթ ինձ թվաց,
Վիշտ ու կսկիծ ապրեցի
Lույս-ճրագին շուլալված
Թիթեռի պես վառվեցի:
***
































































































































































































































































































«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝