Յայտարարութիւն

Monday, February 8, 2010

Վիլլին Վահան Գէորգեան

.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«
Յատուկ «Նշանակ»ին

«Վիլլին»
Հեղինակ՝ Վահան Գէորգեան

Շնորհակալութեամբ ստացանք և ուրախութեամբ կը հրապարակենք Պրն. Գէորգեանի գրական արժէք ներկայացնող ,այժմէական և Ամերիկահայ իրականութեանն առնչուած այս կարճ, հաճելի պատմուածքը:



«Նշանակ»

.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«
Սեւ էր, գանգրահեր, երկարահասակ: Հաշմվածի սահնակի մեջ տեղավորված,ոսկրոտ ու վտիտ, երկար ոտքերով, ոտաբոբիկ, հողաթափերով, ողջ օրը բանուկ մայթի վրա ետ ու առաջ, ծնկներին՝ռադիոինդունիչը, միշտ նույն կարճ ալիքի վրա, որեւէ ռիթմիկ աֆրիկյան մեղեդու ներքո օրն էր մթնացնում: Թաղամասում նրան բոլորն էին ճանաչում: Հույնը, հայը, հնդիկը, արաբն ու ալբանացին, եթոպիացին, իտալացին , իսպանացին, չինն ու կորեացին : Գինետան ու նրա հարակից տարածքի բոլոր տարիքի ու սեռի բնակիչները, անգամ մայթով վեր ու վար անցնող դարձողները: Վաղ լուսաբացից, նա իր մշտական անկյունում անվերջ գրանցում էր օրվա անցուդարձը: Վիլլին անիվներով աթոռի մեջ ընկղմված, երբեմն նիհրում էր, երբեմն էլ մոտենում էր հենց մայթի վրա բացվող ապակեպատ դռներին, բարեւում գործատերերին, մի երկու բառ փոխանակում: Հաճախ պատմում էր , թե այդ օրը որտեղ է գիշերել: Նա իր անկյունը ուներ. թե՛ հրեական , թե՛ կորեական , թե՛ իտալական օթեւանատներում, իր պատմելով մի քանի պանդոկներում մշտական գիշերող էր: Երբեմն հետեւում էր իր արտաքինին, հագնվում էր կոկիկ ու խնամքով, երբեմն էլ փոշու, կպչուն մրի մեջ կորած, դառնում էր խամրած,տրորված սեւ՝ ձուլվելով մաշված ասֆալտին:Խնամված, մաքուր օրերին փայլում էր , ինչպես լվացված մայթերը: Վիլլին ողորմություն չէր խնդրում: Նա մյուսների նման ձեռք չէր պարզում անցուդարձ անողներին: Բայց երբեք մանր դրամից չէր հրաժարվում , վերցնում էր, ու լուռ տագնապած ձիու կեցվածքով գլուխն էր վեր ու վար թափահարում:
Գարնանային տաք արեւոտ օր էր, գինետան առջեւ հավաքված խումբը աղմկում էր, ծիծաղում: Վիլլին՝ գլխին սեւաթյուր հյուսածե գլխարկը, իր տարերքի մեջ հուզված ետ ու առաջ էր դոփում, ինչպես «կենտավեր»ը: Ձիու փոխարեն՝ կպած երկանիվ կառք հիշեցնող հաշմվածի սայլակին:Արագ ու հուզված, անհոգ, ուրախ ճնճղուկի պես բլբլացնում էր պսպղացող աչքերը չըռած ունկնդիրների վրա: Ծնկներին ստվարաթղթից արկղ կար՝ լեցուն կանաչ դրամներով: Դրամների անսովոր քանակությունը նրան էլ էր շշմեցրել: Գլխին փառահեղորեն տեղավորված գլխարկը մոգական զորություն ուներ: Գլխարկի զորությունը Մեսրոպյան գիրն էր, ինչ որ մեկը գրել էր. «Թուրքերի մայրը......», ոչ մի ավելորդ բառ, ոչ մի անեծք, կամ ՝ աղտետություն, ուղղակի երեք ընթեռնելի բառ: Հայերեն գրերը սեւի սեւ գլխարկին ՝ ճերմակ ու հոծ տառերով: Մի ողջ շաբաթ Վիլլին շշմած ու շվարած դրամներն էր դարսում , հաշվում: Մոտենում էր ծանոթ , հին մտերիմնե
րին հարցնում էր գրերի իմաստը, կարդացողները ժպտում էին ուրախ, անկաշկանդ բացատրում. -«Աստված տեսնում է...»Վիլլին լսում էր , թերահավատ ժպտում: Քիչ անց մոտենում էր մեկ ուրիշին:Առաջին երկու օրը տենդորեն ցանկանում էր թափանցել գրերի իմաստի մեջ, զգում էր, որ կար ինչոր դավադրություն, դավ՝ ոչ իր հանդեպ: Հետաքրքրությունը գնալով ահագնանում էր:Երեք օր անց մի ողջ կեսօր, մի ողջ հավերժություն , ինչ որ մեկը գլխարկը փախցրել էր գլխից Վիլլին անտրամադիր էր, ցրված, նա չէր հիշում , ով էր փախցնողը, կամ հարբած էր, կամ էլ ննջելու պահին զգույշորեն թռցրել էին գլխից, դրամները չէին տարել: Բայց կորուստը մէծ էր ու անփոխարենելի: Չարացած , վանդակ շպրտված վիրավոր աֆրիկյան առյուծից էլ կատաղի ետ ու առաջ էր շարժում իր «կառքի» անիվները ու հայոյում բոլոր անծանոթներին, թուրքերին ու ոստիկաններին՝ իր նման անտուններին: Փողոցի անդորրը խախտվել էր: Վիլլին կորցրել էր սթափությունը, աղմկում էր: Տղաները մխիթարում էին , ոչինչ նորից նույնը կգրենք, լսում էր, բայց մտքում կասկածում էր , ո՜վ գիտե այդ նոր գիրը առաջվա պես զորեղ կլինի, թե՛ պարզապես մխիթարում են: Արդեն որոշել էին նոր գլխարկի վրա նույնը գրել, երբ թաղերով շրջող ծերերից մեկը բերեց ուրախալի լուրը:
Պարզվեց , գլխարկը Վիլլիի ընկերներից մեկն էր թռցրել: Հավանաբար գլխարկի զորությունը ստուգելու ցանկությամբ հիմա էլ նստած երկու փողոց վար գլխարկը գլխին իր համար դրամ է հավաքում , քթի տակ ինչ որ երգ մրմջալով: Ամեն ինչ պատմեցին Վիլլիին ,նա լսում էր ու աչքերից կայծեր-շանթեէ էին դուրս թռչում:Պարզ էր տխուր դեպքի ականատես պիտի դառնայինք: Երկար ու համբերատար բացատրեցին, որ ոչինչ չձեռնարկի: Մինչ այդ տղաներից մեկը ինքնաշարժով գնաց «անառակ» ընկերոջը գտնելու: Երեկոյան ամեն ինչ հարթվել էր: Գլխարկի գողը նստած էր Վիլլիի կողքին, իսկ գլխարկը փառավորապես տեղավորվել էր իր նախկին տեղում: Մենք Վիլլիին ոչինչ չէինք հարցնում : Նա էլ լռում էր, ասես ծնվել էր հենց այդ գլխարկով: Միայն խորամանկ ժպտում էր ու ի միջայլոց , իբր հենց այնպես, պատահաբար հարցնում էր.-«Ինչ է գրված գլխարկի վրա»: , մենք անգիր արածի պես ասում էինք .-«Աստված տեսնում է...» Վիլլին լայն ժպտում էր, մի պահ լռում. Հետո նստած տեղը ուղղում էր իրանը թոքերի մեջ օդ էր մղում պաթետիկ ձայնով շատ պարզորոշ արտաբերում.-«The Turks mother…» նա արդեն ինչոր մեկի շնորհիվ գիտեր ոչ միայն մոգական տառերի իմաստը: Հաջորդ օրերին Վիլլին չերեւաց, հետո իմացանք, որ նա գլխարկը գլխին շրջում էր Հոլիվուդի հայկական թաղերում : Շրջում է ու լսում հայկական դուդուկի մեղեդիները: Գոհ էր իրենից , իր գտած ինքնատիպ աշխատանքից , նման եկամտաբեր աշխատանք , այն էլ ամերկիայում ուր շատերը ամիսներով գործ չեն գտնում, համարյա հրաշք էր , մանավանդ Վիլլիի նման մեկի համար: Արդեն նույն անկյունում չէր մնում , շրջում էր ողջ օրը՝ գլխարկը գլխին, թղթե արկղը ծնկներին: Օրվա ավարտին բոլոր գործավորների նման գալիս էր գինետան մոտ հին ծանոթներին մանկան պարզամտությամբ ցույց էր տալիս վաստակած դրամների խուրձը: Մի օր էլ իմացանք , որ Վիլլիին կալանել են:Անցավ որոշ ժամանակ: Վիլլիին արդեն մոռանում էինք:Ուրիշ անտուններ էին զբաղեցնում նրա անկյունը:
Աշնան եկավ նույն Վիլլին էր: Սեւաթույր, խուճուճ մազերը ներկած, խնամքով հարդարած, սայլանիվը՝ ավելի նոր, արդիական: Առանց դադարի անհամբեր պատմում էր, որ իրեն ոստիկանները կեղծ հանցանշաններով ,իբր հարբած ու կարգ խանգարողի տարել են բանտ, բանտում վերցրել են ողջ ունեցվածքը,ցուցակագրել կալանքից հետո վերադարձնելու նպատակով, իսկ իրեն կալանել են:Շաբաթներ անց , երբ կալանքից ազատվել էր,ցուցակում եղած իրերն ու անգամ դրամը վերադարձրել էին : Միայն չէին վերադարձրել «Դուդուկի մեղեդիներ» ձայներիզն ու գլխարկը:Վիլլին ասում էր, որ ոստիկանները իրեն խաբել են , պնդելով ,իբր իր բանտում եղած ժամանակ անտուն թափառաշրջիկներից ինչոր մեկը գնացել ու իր փոխարեն ստորագրությանբ վերցրել է այդ երկու առարկաները, պատճառաբանելով ,որ իբր իրենն են:Վիլլին ոստիկաններին չի հավատում:Նա համոզված է, որ հիմա նրանցից ինչոր ճարպիկ մեկը իր ազատ օրերին նույն գլխարկը գլխին ու նույն մեղեդու ուղեկցությամբ շրջում է մեկ ուրիշ քաղաքի մայթերով:Վիլլիին ճանաչողները երբեմն լուրջ, երբեմն էլ կատակով ՝ ճոխացնում էին նրա պատմածներն ու լրացնում հորինում էին նորանոր մանրամասներ, ոստիկանի, հին ու նոր թուրքի, անաշխատ եկամուտներով ապրողների մասին, ու այդ ամենը վերագրում կորած գլխարկին:Հորինված պատումները հասնում էին Վիլլիին :Նա էլ ավելի ոգեւորված տեր էր դառում նոր պատումներին:Մի օր էլ հայերեն օրաթերթի այն էջ ,որտեղ իր նկարն էր ու նշանավոր գլխարկի պատմությունը ինչ որ մեկը տվել էր Վիլլիին ավելի բորբոքելով աֆրիկացու եռանդը: Նա թերթի այդ հատվածը բազմացրել ու բաժանում էր հայերին: Գլխարկի կորուստը այդ թերթի կրկնօրինակներով ասես փոխհատուցվում էր: Իհարկե նա հայերեն դեռ չէր սովորել, բայց բոլոր մարդկանց նման թղթի ու գրի հանդեպ ներքին բնազդական հարգանք ուներ:Մանավանդ նրան հուսադրել էին ,որ թերթի շնորհիվ կգտնեն գլխարկը, թեկուզ այն գողացողը ոստիկան լինի: Վիլլին հավատում էր , որ հայերը իր թիկունքին են , նրանք ամենուր են ու անպայման կգտնեն գլխարկի գողին: Վիլլին էլ օր օրի դառնում էր նշանավոր, նշանավոր դառնալն էր ուներ իր վատ կողմերը: Վատն էլ ինչպես միշտ չէր ուշանում: Մի օր էլ ետ կեսօրին, լսվեց Վիլլի բղավոցը: Նա օգնության էր կանչում հայ գործավորներին: Դուրս եկանք փողոց:Վիլլին վիճում էր իր նման սեւի հետ, որն ավելի կոկիկ ու մաքուր էր,խնամված:Մեր դուրս գալը ասես տվեց ցանկալի արդյունք, եկվոր սեւ նախ շփոթվեց, այլեւս չէր համառում, իսկ Վիլլին մեր ներկայությունից ավելի համարձակ էր դառնում: Պարզվեց, այս նորը փորձում է Վիլլիին արտաքսել փողոցի իր մշտական անկյունից :Վիլլին բղավում էր, որ ինքը չի հեռանա, այստեղ իր անկյունն է, թիկունքին հայերն են,«little Armenia»ն հայկական թաղամաս է, հայերն իրեն գիտեն , այս նոր սայլակն էլ նրանք են իրեն նվիրել:Ինք իրեն հեռացնելով նա գործ կունենա հայերի հետ, որը լավ չէ:Թեկուզ դու սեւ ես , բայց Վիլլի չես, հասկացիր, քեզ լավ բան չի սպասվում:Նորեկը ձեռքը թափ տվեց ու թունդ հայոյելով գնաց: Վիլլին դեռ բղավում էր ու հայոյանքը փոխադարձում:Նորեկը հեռանում էր արագ քայլերով , Վիլլին հայացքը հեռացողի թիկունքին հրճվանքով ձեռքերն էր շփում: Երբ սեւը շրջվեց հաջորդ փողոցը Վիլլին ձայն կտրեց ու մոտեցավ մեզ: Գիտեք ով էր,- հարցրեց նա,-չսպասելով վրա բերեց,-Գաղտնի ոստիկանության խուզարկու էր: Գլխարկով էր հետաքրքրվում, եկել էր ու հարցնում էր.-«Այդ ի՜նչ գլխարկ է»,-նրբորեն հասկացնում է ,որ հեռանամ այս թաղամասից ու մոռանամ գլխարկի պատմությունը: Պարզ է, թուրքերն ամենուր են, կամ՝ ամենուր բարեկամներ ունեն :Նա արդեն գիտեր ,թե ինչու իր թիկունքին կանգնած հայերը ամենուր գրում են գլխարկի վրա եղած գիրը , գրում են բարձր ու տեսանելի վայրերում, գրում են ,որ բոլորն էլ կարդան ,հիշեն ,որ աշխարհում նման բան չկրկնվի:
-Ճիշտ իմ ազգի պատմության նման է , մեզ էլ երկար ժամանակ այստեղ անտեսում էին, բայց մեկ է ոչինչ չի ստացվի, բռնությունով աշխարհը չես շենացնի:Գաղտնի ոստիկանի պատմությունից հետո Վիլլին երկար ժամանակ ուրախ էր , նույնիսկ մոռանում էր գլխարկի կորուստը: Իր անձին ավելի կարեւորություն էր տվել, երբեմն էլ վերեւիգ էր նայում մյուս անտուններին:Մի օր էլ իր նման սեւից խլեց կաշվից համարյա նոր բաճկոնը: Ահաբեկելով խլեց ու հետո էլ վախեցած տիրոջից փորձեց պարզել կանացի է թե տղամարդու:Տերն էլ չգիտեր, վախեցած միայն ուսերը շարժեց: Կողքին կանգնած հայ ծերունին զարմացած ու զայրացած մեկեն բղավեց.-«Այ տղա էս օդը քեզ էլ է փչացրել, դու խիղճ չունես, ինչու խեղճի բաճկոնը խլեցիր: Բա ամոթ չի...»- Դու ինչ է զոռբա էս , թե հարամի...»Վիլլին չէր հասկանում լուրջ, ուշադիր նայում էր ծերունու շուրթերին ու անձայն ծիծաղում :Իսկ մեր լիաթոք ու բարձրաձայն ծիծաղը հավանաբար ավելի էր դառնացնում ծերունուն:
-Թյո՜ւ, էս անտեր աշխարհը էն գլխից ա ծուռ սարքվել, չէ՛, չէ՛,չի՜ շտկվի, իզուր էլ մենք մոլորված ու խելառ էսքան թափառեցինք... Վայ, Վա՜յ, մեր միամիտ հերը՝ մենք անիծեցինք..., ասաց ծերունին ու գլխկոր հեռացավ:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝