Յայտարարութիւն

Thursday, March 4, 2010

ՑԼԱՄԱՐՏ - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Զարդարեանի «Գամբռը»յիշեցնող մասամբ այլաբանական ,տիլէմմա մը բնորոշող այս պատմուածքը գնահատանքի արժանի է: Պիտի ուրախ զգայինք եթէ ընթերցողներէն գէթ մին արտայայտուէր այս գրութեան մասին:
«Նշանակ»


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
Ցուլը գնալով դառնում էր վտանգավոր:
Սուր ահարկու կոտոշները պարզած, նա մի պահ կանգ առավ, ակնթարթորեն հիշեց կանաչ ու խաղաղ մարգագետինը, հիշեց նախիրը, երբ հոծ ու խմբված մտնում էին մարգագետնով հոսող առվի մեջ: Մտնում էին ու փնչացնելով խմում առվի զուլալ ջուրը: Հիշեց բոլոր մատղաշներին, նրանց առողջ ու աչքին զարնող տեսքը, և ողջ մկանների պրկված, ահագնացող ուժը` արնակուլ աչքերով զարդարած, սլացավ խոյահարելու... Այ’ս անգամ էլ վրիպեց, ցավալիորեն վրիպեց ու ճակատագրական հարվածը իջավ կողոսկրին, ծանր նիզակը նախ պատռեց կաշին, և զարնվելով կողոսկրին, հավանաբար փշրեց այն ու մնաց կախված մարմնից: Արյունը` նիզակն ի վար հոսում էր առվակի պես, ու թափվում էր ասֆալտին:
Հպարտ ու խիզախ կենդանին չէր պատկերացնում նման խայտառակ կռիվ... ինքը փորձում էր խուսափել մի խումբ զինված մարդկանց հարվածներից: Միաժամանակ կռվում էր կարմիր լաթը թափահարող, նյարդերը գրգռող՝ դահիճից էլ ահարկու, հաշվենկատ ու պաղարյուն տորեադորի դեմ: Ցուլը մենամարտում էր առաջին անգամ, բայց օրհասական պայքարի թունդ պահին նա զգաց, հասկացավ, որ իրեն ոչնչացնելու, մորթելու ցանկություն չունեն: Նրանք՝ անաստված մարդիկ, ավելի վատ նպատակ ունեն: Առանց ամանչելու՝ զինված նիզակներով, փայտերով, բաց-բերան խառնամբոխի քաջալերող աղմկոտ կանչերով, վառ կարմիր լաթը թափահարելով՝ փորձում են ստորա-ցնելով խլել ամենակարևորը՝ իր միակ բախտորոշ առավելությունը: Ի՜ր միա’կ, հզորությունը՝ ՑԼԱՅԻՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆԸ:
Հասկացավ, արյունածոր, բզկտված մարմինը խոշտանգելով, լլկելով դարձի կբերեն, կըսանձեն, ինչպես սովորական մի եզ, ե՜զ, որին ինքը միայն խղճում էր...
Մեռնելը լավ էր, ավելի նախընտրելի, քան եզ դառնալը:
Նա արթնացած առողջ բնազդներով գնում էր մահվանը ընդհառաջ:
Աղմկարարներից ամենակատաղին վաղուց լռել էր, նա վայր ընկավ ու ճզմվեց ոտքերի տակ, դաջվելով ասֆալտին: Ոչ մի կաթիլ արյուն չուներ անաստված մարդուկը, միայն ցանցառ ու անհեթեթ մորուքն էր խոտի պես ծածանվում երկնքի ու ասֆալտի արանքում:
Գալարվող ճարպակալած նեղ աչքերով այդ արարածի բախտին արժանացան ևս մի քանիսը: Նրան կատաղեցնողը, խենթացնողը միայն կարմիր լաթն էր, որը թիթեռի պես թեթև՝ մոտենում էր ու հեռանում, ասես լողում էր օդի մեջ: Լողում էր համարյա քսվելով կատաղությունից դողացող ռունգերին ու ետ ճախրում: Ասես ոչ-ոք այն չէր թափահարում: Ասես ճկուն մարմնով ու ջլուտ ձեռքերով ցլամարտիկը ցլին ավելի լավ էր ճանաչում:
Նա, հավանաբար, դարեր շարունակ ցլի բոլոր հին սերունդներին էլ նույն լաթով էր ստորացրել...
...Ցուլը քայլ արեց, այս անգամ հպարտ՝ գլուխը վեր, կիպ մոտեցավ երկաթե ճաղերին, ամբոխը վախից ու սոսկումից ետ քաշվեց, աղմուկը մի պահ կուլ գնաց, խեղդվեց: Ցուլը համատարած լռության պահին տեսավ իր ցեղի նահապետին, տեսավ նրան՝ ինչպես որ կար իր մտապատկերում: Մաշկը լեցուն հազարավոր սպիներով, կոտոշները՝ այլանդակված, ջարդված, աչքերը
անասնական վախից ու ցավից դուրս պրծած:
Ցուլը թափահարեց գլուխը, պատկերը չքացավ, հենց նույն պահին աչքն առավ ճաղերից դուրս ամբոխի մեջ կանգնած մարդուն, որը լուռ արտասվում էր: Ցուլը զգաց, նա պարզապես տարբերվում է ամբոխից, նա գիտե, ոչնչություններն են համախմբվում ու ստրկացնում, նրանք՝ թիկունքից զարկելով, ինչպես հիմա իրեն են զարկում, կարողանում են սանձել ուժն ու դիմակայությունը:
Լղոզված, բութ, անորոշ դեմքերից ցուլն անմիջապես առանձնա–ցրեց, զատեց արտասվողին՝ միակ բանական արարածին : Արդեն ինքն էլ համոզվեց, որ ամբոխը խարդախ է, ուժ չունի, ողջա–մտությունը պահի տակ կորցրած ցնծում է ուրիշի հաղթանակով, ոգևորվում է, խարդախ խաղերի արդյունքով:
Իր համար պարզ էր, որ բացի արտասվողից ոչ մեկն էլ չի ցանկանա դեմ գնալ ամբոխին: Խարդախ խաղից տարված, ոչ մեկը չի մաքրի ասպարեզը, որ ցուլն ու կարմիր լաթատերը ազնվորեն մարտնչեն:
Վազքից, լարվածությունից, ստոր խաղից զզված, նա հիմա ցանկանում էր մեռնել ցլավարի: Մեռնել մաքուր խղճով: Իրեն էլ արտասվող մարդու պես խաբեցին, խաբեցին, նախիրից զատեցին ու քաղաքի հրապարակում ստիպեցին մենամարտել: Ասֆալտի վրա ճաղերով սահմանազատված հրապարակում, բերանբաց ամբոխի աղմկոտ շնչի տակ:
Զինված ոստիկաններն ու հմուտ նետաձիգները բոլոր կողմերից հարձակվեցին: Կարմիր լաթը աներես ճանճի պես վեր ու վար էր թռչում, ոչ կոտոշներ, ոչ էլ ուժասպառվող մարմինը չէին կարողանում մոտենալ լաթակտորին:
Աչքերի առջև պատկերները շաղվում էին, թե ամբոխն էր գնալով ստվարանում, ինքը չէր փորձում մտածել, հայացքը արտասվողին, նա տենդորեն պատրաստվում էր, վերջին ու կարևոր խոյահարությանը:
Զգում էր ուժը, արյունի հետ հեռանում էր մարմնից:
Ամբոխն էլ արդեն խառնվել էր հարվածողներին: Նրանք աղմկում էին, բորենիների ոհմակի պես հար'ակվում էին, անգամ հոշոտում էին միմյամց, ոտքի տակ ընկածին ավելի խիստ էին տրորում, հոշոտում էին միմյանց: Ցուլն հաշիվը խառել էր թե քանի տասնյակների ինքը տրորեց իր կճղակների:
Ցլի վրա հարձակվողների թիվ գնալով ավելանում էր, հիմա նրանք հարյուրապատկվել են: Ցուլն այլևս չէր շարժվում, զինվածները հաճախ վրիպում էին ու իրար զարկելով խորացնում էին շփոթը: Ու՞ր շարժվեր, եթե ամենասկզբում իր դեմ կռվում էին տասներկուսը, և մի քանսին ինքը հասցրեց տրորել ու ճզմել, հիմա նրանց թիվը գնալով բազմապատկվել է: Հիմա այս նորերը ավել անպատկառ են ու ավելի դաժան: Նրանք քաշում են պոչից, նույնիսկ մի քանիսը կառչում են ոտքերից, իսկ մի լխպորն էլ փորձում էր բռնել կոտոշները: Ցուլը շունչ էր կարգավորում ու մտքում կրկնում էր,
-« չէ եզ չեմ դառնա »: Ցլից մինչ եզ շատ քիչ ճանապարհ էր մնացել, հավանաբար նրանք այդ ավելի լավ գիտեն, ահա վերքերից դուրս է հորդում իր տաք ու բորբ արյունը, արյան հետ հավասար դուրս էր թափվում ներսում խտացած ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ,
իսկ լաթը հաղթողի հպարտ կեցվածքով պարում էր, թե° ճոճվում ,
արնակալած, պղտորված աչքերի առջևում:
-Չէ° ինքը եզ չի¯ դառնա, ինքը հիմա գնալու է խոյահարության, մեռնելու է:
Ստոր ամբոխին ու նրան խրախուսող, վտանգավոր ու կատաղի լաթ թափ տվողները չպիտի ուրախանան, նրանց հարկավոր է դաս տալ: Կրկին ու երկար նայեց իր գտած արտասվող մարդուն, աչքն առավ աչքին ու զգալով, որ նա՝ բանականը , ականատես է լինելու իր խիզախումին, ցուլը լարեց ողջ ուժերը, մկանները թրթռացին ու թափը հավաքելով նա գնաց վերջին խելահեղ խոյահարությանը...
Վաղվա օրը նրանն էր, ինքը լավ գիտեր նախիրի արգանդում իր շաղ տված սերմերից կծնվեն իր ցլիկները, ու թե ինչոր ժամանակ նրանք էլ ելնեն հրապարակ մենամարտելու չեն բեկվի ու խեղճանա...
Մարդը նայում էր ցլին, ամբոխը՝ խելագար ճչում էր, ցուլը չիմացավ՝ հրճվանքի, թե՞ սոսկումի ճիչն էր:

Մտապատկերում կանաչ արոտավայրն էր ու կապույտ երկինքը, նման արոտավայրով վազող զուլալ առվին...


Վահան Գէորգեան



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝