Յայտարարութիւն

Monday, March 1, 2010

ՍԵՒ ՀԱՅԸ Վահան Գէորգեան

« Հիմա դու իմն ես, որքանով իմն է...
Հաբեշստանի արքայադուստրը. »
Պ. Սեւակ

Մթնշաղ էր: Լայնահուն պողոտայով վար ու վեր սլացող ինքնաշարժերից զատվող լույսն ու աղմուկը իրար հրմշտելով թափվում էին աջ ու ձախ: Փողոցին հարող հրապարակի հատուկենտ ինքնաշարժերի շարքի մեջ հմտորեն մանրեւելով օրվա վազքից հոգնած տարիքն առած «ԲՅՈՒԿ»ը մի անգամից , կտրուկ կանգ առավ,ասես հալածված գազանը՝ մի պահ միայն աղմկեց ու զարկված շունչը փչեց: Վարորդի հմուտ շարժումները հուշում էին , որ նա տարածքի հրապարակին ծանոթ էր, օտար չէր: Գիտեր ոչ միայն կիսամութ անկյունները, այլեւ՝ հրապարակում տեղավորված գործատեղիներն ու հայ գործատերերին : Նա հեռվից մինչեւ խմբված հայերին մոտենալը, ձեռքով ողջունեց բոլորին ու քայլեց Վարդանի ուղղությամբ: Սեւ էր, սլացիկ, գանգրահեր, պսպղուն աչքերին մոդայիկ անզարդ օպտիկական ակնոց կար: Մոտեցավ Վարդանին ու ներս մտավ: Ինձ թվաց , որ նա Հայաստան դրամ է ուղղարկում: Բայց անմիջապես անհեթեթ թվացող միտքը ինձանից վանեցի: Տարօրինակ էր սեւի այցը: Ես էլ ներս մտա: Վարդանն ու Ալեքսը՝ «ԲՅՈՒԿ»ի տիրոջ, սեւի անունն էր, հին մտերիմների նման զրույցում էին: Ալեքսը սեւ էր միայն մաշկով:Մոտեցա բարեւեցի: Ձեռքը հայավարի պարզեց բարեւի, հասցրեցի նկատել ափն ու դաստակը նույն սեւությունը ունեին: Սեւ էր, բայց խոսում էր հայերեն , բնիկ երեւանցու շեշտադրությամբ: Ալեքսը մոտ քառասուն տարեկան կլիներ: Անորոշությունը փարատելու նպատակով խելացի աչքերը հառեց դեմքիս ու ասաց .-«Ծնվել եմ Երեւանում, նշանավոր Զեյթունի ուսանողական թաղամասում»: Երեքս էլ ծիծաղեցինք:Նա հասկացավ , որ ես ընկալեցի իր ասածը:
Նախնիները հին Զեյթունցիներ էին, Պոլիս գաղթելուց հետո ջարդերի ժամանակ մի կերպ հայրը հասել էր Հաբեշստան: Ալեքս ինձ ու Վարդանին նայելով կատակախառը հումորով ավելացրեց.«Ես էլ այս գույնի հայ եմ: Ծնվել եմ Հաբեշսանում:Ադիս-Աբեբայում: Գաղթական հայի ընտանիքում: Հայրս, մեծ հայրս նշանավոր հացթուխներ են եղել»:
Պատմում էր Ալեքսը.-«Հայրս՝ Մամիկոնն էր, նրա հայրը՝ Արիստակեսը: Արիստակեսի երեք որդիներից իր հայրը , փրկված ջարդերից հասել էր Հաբեշստան, մյուսը՝ Հայաստանում էր, երրորդից լուր չկար»:Հայրը՝ Հացագործյան Մամիկոնը կա ապրում է, ութսուն անց ծերունին հիմա Ադիս Աբեբայում է, Ալեքսի ծննդավայրում ուր թաղված է խափշիկ մայրը: Հայրը մնաց ՝չլքեց խափշիկ կնոջ շիրմաթումբը: Աֆրիկա: Լսած կաս, հոն Ադիս-Աբեբայում ժամանակին հայկական հոծ համայք կար:Հիմա մի քանի տասնյակ հայեր են մնացել: Հայկական եկեղեցին կա, մայրն էլ քրիստոնյա էր:Եթոպուհի մայրը Մամիկոնի համար չորս երեխա աշխարհ բերեց : Երեք արու զավակների միակ Զաբել քույրը՝ ամուսնացավ անգլոսաքսի ու գերմանացու հետնորդի հետ: Զարմիկների՝ քրոջ զավակների երակներով հազար ու մի ցեղի արյուն է պտտվում:«Խէնթանալիք բան է»,- կատակով ու հային վայել հոմորով պատմում էր Ալեքսը: Կատակելով էլ ավելացնում.-«Ադոր համար ես չեմ ամուսնանում: Ավելի շիտակ, ես հայ աղջիկ եմ փնտրում: Փնտրում եմ: Բայց աղջիկներ շատ կսիրեմ , մանավանդ ռուս աղջիկներ»: -Կանայք շատ կան , չեմ ախորժեր, հայի աղջիկ կուզեմ ,որ ինձ համար հայ զավակներ ունենա»: -Ճիշտ եմ չէ հայրենակից, դու իմ սեւությանը մի խաբնվիր: Ծնած ադեն Եթոպիայում սով էր, հոսանք, էլեկտրականություն չկար, մութի մեջ ծնա ադորից է այսքան սեւ եմ, Հռոմում ապրող քույրիկս՝ հորս նման կապույտաչ է, ո՛ւ ավելի բաց , համարյա թուխ մաշկ ունի: Ան հայերեն ավելի վարժ կխոսի , գրել կարդալ գիտի: Իտալիա է սովորած: Ես տաս տարի է հոս կապրիմ : Ոչ օրինականացնում են ,ո՛չ էլ արտաքսում: Կամ ո՜ւր պիտի արտաքսեն: Երկիրը , որտեղ ծնվել եմ չկա: Անձնագիր չունեմ: Տարին մեկ կկանչեն գաղթականական գրասենյակը. Հոս ապրելուս ժամկետը քիչ մը կավելցնեն: Արդեն երեք անգամ ինքնության թղթերս թարմացրել են:Շատ խորամանկ երկիր է: Ամեն ինչ անում է , որ միշտ իրեն պարտք մնաս ու միշտ վճարես: Հրեայի երկիր է: Աշխատանք ունեմ: Կաշխատիմ «գերեզմանոցում», չէ՜ ճիշտ չհասկացար, ասածս ուրիշ՝ հին ավերված ինքնաշարժերի «գերեզմանոց» է :Հոս կուգամ Ձեզ տեսնելու, հայկական ճաշեր շատ կսիրեմ: Հայկական տոլման: Հայրս ժամանակին սովորեցրել էր մայրիկիս: Ան համով կերակուր կեփեր: Գործը վերջացրած հայերը սովորության ուժով, մինչ տուն գնալը հավաքվում էին իրար գլխի՝ կատակում, օրվա դեպքերից քիչ ու միչ զրույցում: Ամեն նոր մոտեցող նախ զարմացած լսում էր Ալեքսի տիպիկ հայկանան առոգանությունը: Մի պահ դեռ շփոթված նայում կողքիններին , մինչեւ զրույցողներից մեկն ու մեկն ասում էր. -«Ալեքս մի քիչ Երեւանից ու Զեյթունի ուսանողական թաղամասից պատմի, կարոտել ենք»:Ալեքսը հասկանում էր ենթատեքստը ու սկսում էր պատմել.-Դե՛ բնիկ Երեւանցի եմ, երբ ծնվում էի ծննդատան էլեկտրական գիծը խափանվեց, ես ալ չսպասեցի ,որ լույսը միացնեն մութի մեջ ծնվա , ադոր համար էլ ասանկ սեւ եմ:
-Ալեքս դու սեւ չես ,- Դու շոկոլա ես,- ասաց տղաներից մեկը:-Այդ ես գիտեմ, բայց շուրջիններս ինձ սեւ հայ կըսեն: Ախր ես Զեյթունցի եմ : Հայրս Ադիս-Աբեբայում է, փոքր եղբայրս հոն է: Քույրս ՝ Իտալիայում է: Եղբայրներից մեկը՝ Կանադայում : Ես ու մյուս եղբայրս հոս ենք, մեզմե զատ ուրիշ սեւ հայ չեմ գիտեր:-Նայէ, ամեն տեղ հայ կա: Ամեն տեղ հրեա կա, դուք հրեայի սեւը տեսած չկաք: Կամ էլ տեսել եք ու չեք ճանաչել: Նրանք շատ հարուտ են:
-Ես վեց լեզվով խոսում եմ , այստեղի սեւերը քիչ մը մեզնից կտարբերվին:Նույնիսկ երգելուց գլուխները կթափահարեն, ոտքերով տեղում կդոփեն: Չեք գիտեր ինչի համար է: Ասեմ : Նրանց արյան ու հիշողության մեջ ճորտից,ստրուկից բան մը դեռ կա:Նրանց թվում է թե երկաթե ծանր շղթաները դեռ իրենց ոտքերին է ու պարանոցների :Դարեր շարունակ նրանց շղթաներով կատոտել ու նավերով այս երկիր են տեղափոխել: Հիմա իբր շղթաները չկան : Բայց միեւնույն է, սեւերին այլ կերպ է թվում: Այդ պատճառով նրանք գլուխները կթափահարեն: Մեր երկիրն էլ, Եթոպի՛ան, ասոնք՝ ամերկացիները քանդեցին: Հիմա այնտեղ հազարներով մեռնում են:Մեռնում են քաղցից:-Ո՜վ է մտածում , մեծ երկիրները միշտ էլ թույլերին խաբում են: Կառավարություններ են պարտադրում, ժողովրդին խաբող, ժողովրդին չսիրող իշխանավորներ պարտադրում:Նրանք էլ ծախում են ամեն ինչ, եթե գնողներ են գտնում: Ծախում են իրենց կառավարելու ընթացքում, վերջում ՝ փողն ու ոսկին առած երկրից թռնում գնում են , որ էլի գան այս դրախտանման հզոր աշխարհը՝ իրենց հովանավորողների մոտ: Գործն արած որսաշան հավատարմությամբ:
Թալանելու հերթն արդեն զիճելով նոր կառավարողներին: Աշխարհի ողջ հարստությունը մեկ է , ուշ թե՛ շուտ , հավաքվում է այստեղ: Սա ամենահարուստ ու ամենաստախոս պետությունն է: Բոլոր շահած ու խնայված դրամները իրավաբանների ջանքերով մնում է այստեղ:Պետությունների պետությունն է , միակ՝ աշխարհապետությունը: Առաջ Ռուսն էլ կար, նա էլ էր հարստություն կուտակում հրեաները քանդեցին: Խոսում էր Ալեքս ու կատակում, բարեհոգի հային վայլել ներողամտությամբ լսում էր կատակներն ու ինքն էլ սիրում էր կատակել: Լուրջ ու անլուրջ՝ անհոգ կենսասիրությամբ շեշտում էր ,որ պարել շատ է սիրում: Ասում էր պարելու նպատակով այցելում է հատուկ պարասրահներ, բայց բնավ նման վայրերում ոգելից խմիչք չի օգտագործում: -«Այս երկրում դրսում խմելը գլխացավանք է, դրամին ՝ դոլլարին կնաե: Դրամ նէ ունես, խմիր տանդ: Ես իմ դրամով ինձ չեմ վնասի, մեծ գլխացավ է, ու դրամի կորուստ : Հրեաներն էլ չեն խմում: Նրանց մոտ բոլոր գործատերերը սինագոգին, կսոնձին անպայման տուրք են վճարում: Մենք հայերս տուրք չենք տար, կամ կկորցնենք, կամ՝ կվատնենք»:
-Ներգաղթի բանտում ութ ամիս փակեցին անձնագիր չունեի: Բայց երկրից չարտաքսեցին, ուր պիտի արտաքսեն , ինձանից լավ գիտեն ,որ իմ ծննդավայրում մարդ չկա: Փախան ցվրվեցին, ով մնաց տեղում սովից մահացավ:
-Հայաստան կգնամ, եթե այստեղից ինձ արտաքսեն, մինչ այդ պիտի ամուսնանամ հայ աղջկա հետ, թե չէ հոն կկասկածեն, սեւ եմ ու օտար: Կարտաքսեն Ապարան : Ես ցուրտը, ձմեռը չեմ սիրում: Կանադան, Սիբիրն ու Ապարանը չեմ հավանում: Ցուրտ վայրերից միայն ռուս աղջիկները կսիրեմ:


Վահան Գէորգեան
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝