Յայտարարութիւն

Tuesday, March 30, 2010

Վահան Գէորգեանի նկատողութիւնները եւ Գ.Խուդիկեանի յօդուած լոյս տեսած «Հայոց Աշխարհ»ի մէջ

Ամէն բանէ առաջ, ամէն բանէ վեր , ամէն տեղ եւ ամէն ատեն հայ լեզուի սէրն է, որ պէտք է առաջնորդէ մեզ` ուսուցիչ, աշակերտ թէ հեղինակ»

Բենիամին Թաշեան

Հազարամյա դեգերումներից մազապուրծ հայության բեկորները հանգրվանեցին հայրենիքի մի փոքր հատվածում եւ արտաշխարհում։

Սովետների տարածքում եւ բուն Սովետական Հայաստանում ապրող հայերը սովետա
կան ողջ ժողովրդի նման ապրելով արտաշխարհից տարբերվող արժեհամակարգում
լավ չգիտեին արտաշխարհի հայության ։ Ասես ինչոր մեկի դրդմամբ ու ցանկությամբ մի ընտանիքի որբ մնացած երեխաներին իրարից զատելով, առանձնացնելով, տեղավորեցին աշխարհասփյուռ հսկա ու տարողունակ ամեն ինքնություն կուլ տվող «որբանոցներում»։ Ու եթե այդ որբերը հետագայում դառնալով չափահաս գտան հայրենիքի տեսլականն, ու գտան միմյանց, ու խանդոտ սիրով , խանդոտ եռանդով փարվում են իրար, արթնացնելով իրենց միմյանցից բաժանողների զայրույթը , քենն ու չարությունը պարտական են հայի սերմին, ու ոգու սերմնացաններին։ Նրանց թիվն անհամար է, սկսած Մեսրոպ Սահակից մինչեւ մեր օրերում հենց այդ մեծերի անուններն հավերժացնող դպրակրթարաններում մեղվի ժրաջանությամբ աշխատող հայ վարժուհիներն ու հրաշալի դասագրքերի հեղինակները։ Դասագրքերից առավել , թերեւս ամենակարեւորն են դպրատներն ու դպրոցները, նախակրթարանները մեր այս գայթակղիչ օտար հրապույրներով լեցուն աշխարհում։

Այդ իսկ պատճառով ինչպես հացն է հանապազօր , հացին համարժեք` կան, եղել են ու կլինեն դեռ հացաբույր դասագրքեր` գրված մեծերի ձեռքով , կամ նրանց շնչով։

Ներսես Աշտարակեցին իր հիմնադրած դպրոցի համար որպես տեսուչ Մոսկվայից հրավիրում է իր ժամանակի ամենաուսյալ մտավորականներից մեկին` ժամանակի նշանավոր բանաստեղծ Հարություն Ալամդարյանին,1824թվականի դեկտեմբերին բացում է Ներսիսյան դպրոցը։Իր գոյության հարյուր տարում դպրոցի հազարավոր շրջանավարտները դառնում են դպրության ու մշակույթի նվիրյալներ։ Առաջին շրջանավարտներից Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը հետագա տարիներին այս կրթօջախի սաներից Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Երվանդ Լալայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Կարո Հալաբյան`նշանավոր ճարտարապետ, Երվանդ Քոչար, Ռուբեն Զարյան, երգիչներ Մշեցի Արմենակ Շահմուրադյան ու գյումրեցի Շարա Տալյան մոտ երկուհազար շրջանավարտներ դարձան անխոնջ մշակները մեր դպրության ։ Ներսես Աշտարակեցին մեր ազգի լուավորչական եւ մշակութային գործիչներիղ ամենանշանավոեն է ։ Եւ սերունդները պարտավոր են հիշել նրան ու նրա գործը ։ Վ. Գ.





Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր:
Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ոչ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելակերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «...Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃
Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է.
Ւնչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,_
Վատը լավ եմ տեսել ես:
Մեր ազգի անցած ու անցնելիք ճանապարհն օրհնված է հենց այս քառատողով: Եթե մեր հազարամյակից կատարված ընտրյալների բույլը տարբերվի Ձեր մտածածից՝ հույսով եմ, կառաջնորդվեք Թումանյանի իմաստուն տողերով... Վ. Գ.


19-րդ դարի առաջին կեսի հայոց պատմության մեջ դժվար է գտնել ողջ հայ ժողովրդի քաղաքական ձգտումներն ավելի հարազատորեն արտահայտող մի այնպիսի անհատականություն, ինչպիսին էր ազգային ականավոր գործիչ, կրթության ու լուսավորության մեծ հովանավոր, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Նրա անձի ու գործի մեջ ներդաշնակորեն միահյուսվել էին միջնադարի հայոց հոգևոր հայրերի ազգապահպան առաքելությունը, նոր ժամանակների հայ ազատագրական շարժման առաջնորդների ըմբոստ ոգին ու հայոց պետականության վերականգնման դարավոր երազանքը:

Ներսես Աշտարակեցին` նույն ինքը` Թորոս Հարությունի Շահազիզյանը, ծնվել է 1770 թվականին Արարատյան աշխարհի Աշտարակ գյուղում` հոգևորականի ընտանիքում: Հայրը` Տեր Հարությունը և պապը` Թորոսը, որի աշխարհիկ անունը ժառանգեց Ներսես Աշտարակեցին, Սուրմալուից Աշտարակ տեղափոխված Շահազիզի ժառանգներն էին, իսկ մայրը` Սուսամբարը, բյուրականցի ավագ քահանա Բաբաջանյանցի դուստրը:
Մանկության տարիներին Թորոսը վերին աստիճանի աշխույժ ու կենսուրախ երեխա էր և հոգևորական դառնալու տրամադրություն չէր դրսևորում, սակայն իր նախորդ որդիներին մանուկ հասակում կորցրած մայրը ուխտել էր իր զավակին նվիրել Էջմիածնի իջման վայրին: Ընդամենը 7,5 տարեկանում Թորոսի կնքահայրը` Գալուստ եպիսկոպոս Ներսիսյանը, նրան տանում է Էջմիածին և դարձնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հիմնած Ժառանգավորաց վարժարանի սան:

1791 թվականին Գալուստ եպիսկոպոս Ներսիսյանը 20-ամյա Թորոսին ձեռնադրում է ավագ սարկավագ և իր ազգանվան հիման վրա էլ վերակոչում` Ներսես հոգևոր անունով: 1793 թվականին Ներսեսը մեկնում է Զմյուռնիա` տեղի հայության հոգևոր առաջնորդը դարձած Դանիել եպիսկոպոսի` ապագա Դանիել կաթողիկոսի հետ միասին: Այստեղ 1794թ. սեպտեմբերի 24-ին նա ձեռնադրվում է աբեղա և որպես նվիրակ ուղարկվում է Հունաստան, Վալախիա ու Մոլդովա:

1802-ին Դանիելը դառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս, որից հետո Ներսեսին ձեռնադրում է վարդապետ, իսկ քիչ անց նաև եպիսկոպոս և ուղարկում Թիֆլիս: Շուտով արդեն արքեպիսկոպոս դարձած Ներսես Աշտարակեցին նոր կաթողիկոս Եփրեմի կողմից 1811-ին նշանակվում է Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ: 1819 թվականին Ներսես Աշտարակեցին նախաձեռնում և 1823 թվականին մեծ զոհողությունների գնով ավարտին է հասցնում Ներսիսյան դպրոցի շինարարությունը: Ներսես արքեպիսկոպոսի ծավալած հայրենանվեր գործունեությունից հիացած ֆրանսիացի ճանապարհորդ Գամբան հետագայում իր հուշերում գրում է. «Մեծագործությանց ձեռք զարնող երևելի անձանց թվում Հայոց Ներսես արքեպիսկոպոսից նշանավորը չկա Թիֆլիսի մեջ»:

1826 թվականի ռուս-պարսկական պատերազմի նախօրեին, մանավանդ պարսկական զորքերի Անդրկովկաս ներխուժման ամիսներին, երբ հակառակորդի առաջապահ ուժերը, գրավելով Շիրակը և Լոռու նշանակալի մասը, մոտեցել էին Թիֆլիսին, Ներսես Աշտարակեցին իր նամակներով ու հորդորներով կոչ էր անում հայ ժողովրդի զավակներին զենք վերցնել և ռուսական զորքերի հետ միասին պաշտպանական մարտեր մղել` համոզված լինելով նույնիսկ Նապոլեոնի նման հզոր տիրակալի ուժը խորտակած Ռուսաստանի վերջնական հաղթանակին:

Այդ շրջանի հայ գործիչները վերակենդանացնում են Ռուսաստանի հովանու ներքո Հայոց թագավորության վերականգնման 18-րդ դարից հայտնի ծրագրերը: Ներսես Աշտարակեցին այս նպատակի իրականացման համար սկսում է կարևորել նաև հայկական կամավորական ուժերի ստեղծումը, որովհետև սկիզբ առած պատերազմի մեջ նա տեսնում էր «փրկութիւն աշխարհի մերոյ և վերանորոգութիւն ընդհանրական ազգի հայոց»: Այսինքն` կամավորականների մասնակցությունը պատերազմին Ներսես Աշտարակեցին համարում էր ոչ թե սոսկ Ռուսաստանին հավատարմություն դրսևորելու եղանակ, այլ հայկական ազգային իղձերի իրականացման սկիզբ:
Ռուսական բանակի Երևանյան երրորդ արշավանքի օրերին Ներսես Աշտարակեցին էր մեր եկեղեցու այն հոգևոր հովիվը, որը Թիֆլիսի Երևանյան հրապարակում օրհնեց ռազմաճակատ մեկնող հայ կամավորներին և որպես մի նոր Ղևոնդ Երեց, դեպի մարտի դաշտ առաջնորդեց նրանց: 1827-ին` ռուսական բանակի հաղթական արշավանքի ժամանակ, նա գործող բանակի հետ միասին տարավ պատերազմի դժվարությունները և դարձավ հարազատ ժողովրդի պայքարի գլխավոր կազմակերպիչը:

Հայրենի Արարատյան աշխարհի ազատագրությունը Ներսես Աշտարակեցու համար հայոց պետականության վերականգնման երազանքի իրականացման սկիզբն էր: 1827 թվականի սեպտեմբերի 28-ին` Երևանի բերդի գրավման նախօրեին, Ներսես Աշտարակեցին դիմեց անգամ իր հարազատ գյուղի` Աշտարակի բնակիչներին. «Կտրիճ տղայք շատ հաւաքեալ հասուսջիք առ մեզ աստ` մինչև ցմտանել արեգականն այսօր որ է չորեքշաբաթ և քսան և ութ սեպտեմբերի, և եթէ մինն ի ձէնջ ծուլասցի և յամեսցէ իմասցի այնպիսին որ եթէ իմ աչաց լոյս ևս լինիսցի ոչ խնայեցից հանել և ի բաց ընկենուլ»:

Ներսես Աշտարակեցին դարձավ Երևանի բերդի գրավումից մի քանի օր անց` 1827թ. հոկտեմբերի 6-ին ստեղծված Երևանի ժամանակավոր վարչության անդամներից մեկը: Այդ ճակատագրական օրերին, երբ որոշվում էր ռուս-պարսկական ապագա սահմանագիծը, նա ամեն ինչ արեց որպեսզի այն անցնի ոչ թե Արաքսով, այլ ներառի նաև Սուրմալուն ու Մակուի գավառը որպես «զսեպհական սահմանն Երևանու»:
Ռուսաստանի հովանու ներքո հայկական թագավորության վերականգնման Ներսես Աշտարակեցու, Խաչատուր Լազարյանի և նրանց համախոհների մտադրությունները բախվեցին ցարական իշխանությունների տրամադրություններն արտացոլող գեներալ Ի. Պասկևիչի դիմադրությանը: Օգտագործելով 1828 թվականի գարնանը սկիզբ առած ռուս-թուրքական պատերազմի պատրվակը, վերջինիս դրդմամբ ցարական իշխանությունները Ներսես Աշտարակեցուն ուղարկեցին Բեսարաբիա, ինչը փաստորեն նրբորեն քողարկված աքսոր էր:

1828 թվականի հոկտեմբերի 28-ին ծանր հիվանդ և իր կյանքի մայրամուտն ապրող Եփրեմ կաթողիկոսը հատուկ կոնդակով թախանձագին խնդրում էր Ներսեսին` վերադառնալ Էջմիածին: Հայոց հովվապետը համոզված էր, որ իրենից հետո միայն Ներսես Աշտարակեցին է ի վիճակի գլխավորել Հայաստանյայց եկեղեցին, սակայն այդպես չէին մտածում ցարական իշխանությունները: Նիկոլայ Առաջին կայսեր 1830 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց հոգևոր առաջնորդ:
Ցարական իշխանությունների դրսևորած շարունակական հակազդեցության հետևանքով Ներսես Աշտարակեցին դեռևս 1829-ին ստիպված էր խոստովանել, որ հայոց թագավորության վերականգնման երազանքը դեռևս չհասունացած պտղի է նմանվում: Սակայն դրանից հետո էլ նա չընկրկեց և Բեսարաբիայում շուրջ 15 տարի տևած իր գործունեության ընթացքում արժանապատվորեն տարավ բոլոր դժվարությունները: Համագործակցելով ճանաչված դիվանագետ ու ազգային գործիչ Մանուկ բեյի հետ, Ներսես Աշտարակեցին զարկ տվեց Բեսարաբիայի հայության կրթամշակութային կյանքին` հրավիրեց մի շարք ճանաչված ուսուցիչների, բացեց դպրոցներ:
Դեռևս Բեսարաբիայում գտնվելու տարիներին, իսկ հետագայում` Ս.Էջմիածնում Ներսես Աշտարակեցին դարձավ Հայաստանյայց եկեղեցու և հայ ազգի հոգևոր-մշակութային անկախության պահպանման համար մղվող պայքարի խորհրդանիշը: Հայաստանյայց եկեղեցու ընդերքում հասունացող նման տրամադրություններն էին, որ շուտով ազգային-պահպանողական հոսանքի ձևավորման հիմք դարձան:
Միայն 1843 թվականին` Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի մահվանից հետո, երբ ցարական իշխանությունները ևս սկսել էին վերանայել Անդրկովկասում իրականացվող իրենց քաղաքականությունը ու սիրաշահել «տեղաբնիկներին», Ներսես Աշտարակեցին ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս, Բեսարաբիայից մեկնում Պետերբուրգ, արժանանում Նիկոլայ Առաջին ցարի ընդունելությանը և նրա հետևյալ ուշացած խոստովանությանը. «Աւաղ, զի զիզուր կորուսեալ եմք զամս 20 վնասուց մերում կառավարութեանց այնոցիկ կողմանց և աթոռոյ Էջմիածնի»:

Չնայած իր առաջացած տարիքին ու հիվանդությանը` Էջմիածին վերադարձած և Ամենայն Հայոց կաթողիկոսի գահին բազմած Ներսես 5-րդը նույն եռանդով շարունակում էր իր կրթամշակութային ու բարեգործական աշխատանքները: 1847 թվականին նա Էջմիածնում հիմնում է մի ընդարձակ անտառ, ուր տնկվում են 47 հազարից ավելի պտղատու և ոչ պտղատու ծառեր: Միաբանների զբոսանքի վայրը դարձած այդ անտառը ջրելու համար Ամենայն Հայոց մեծագործ կաթողիկոսը կառուցել է տալիս նաև մի արհեստական լիճ: Ներսես Աշտարակեցու շինարարական աշխատանքների պտուղները Թիֆլիսում ժամանակին նրա հիմնած հռչակավոր դպրոցի նման հետագայում ստացան նույն` «Ներսիսյան» անվանումը:
Ներսես Աշտարակեցին վախճանվեց 86 տարեկան հասակում` 1857 թվականի փետրվարի 13-ին` իր արժանի տեղը գրավելով մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցած հայոց մեծ հովվապետերի շարքում և ընդմիշտ կրելով «Պաշտպան Հայրենյաց» պատվանունը:

Գեւորգ Խուդիկյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթից










«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝