Յայտարարութիւն

Monday, April 5, 2010

ՀՒՒԱՆԴԸ ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

«»«»«»«»





Արեւը բեկվում էր ապակու միջով, թափանցիկ լույսը խաղում էր գլխավերեւում, հասնում էր դիմացի անշուք ու մաշված պաստառին, որը թեթեւակի գունատվում էր սենյակը լցվում էր աչք շոյող վարդագույնով:
Դրսում գարուն էր, տաք աղմկոտ ժխորով: Երբ էր, չէր հիշում, ասում են անվերջ զառանցում էր, արտաբերած անկապ միավանկ բառերից շրջապատը ավելի էր ձգվում: Ի հարկե կողքինները ընտելացան: Ինքը մնաց ցավի ու ցավից ծնված զառանցանքի գերին: Հիվանդասենյակում, իրենից բացի պառկած էին երկուսը, նրանց վիճակն էլ մխիթարիչ չէր:
Երեքն էլ անհույս ցավի ճանկերում, անտրամադիր, անհաղորդ ու անկիրք նայում էին, նայում էին առաստաղին, երբեմն էլ պատուհանից երեւացող կապույտ երկնքի երեւացող կտորին:Լուսամուտից դուրս օրերի համրանքը արեւն էր պահում:
Ցավի ճանկերում նա այնքան էր գալարվել ու կծկվել, դարձել էր բեկուն ու թեթեւ՝ ինչպես տանից բերված գլխատակի բարձը:
Միակ պարզորոշ բառ այդ օրերին արտաբերած, ո՞վ գիտե, հավանաբար բարձ էր, կամ բարեգործ, ինքն էլ արդեն հետագայում չէր կարողանում մտաբերել: Աղոտ հիշում էր, որ չարաբաստիկ օրվա նախօրեին համտեսել էր բարեգործական խոր-տկարանի յուղոտ պատառներից պատրաստված խորովածը, որ տոնի առիթով հյուրասիրում էին բոլորին:Սովորական մսակտոր էր թանձր ճարպաշերտով:
Հակառակ պարագային պիտի շատերը իր նման տառապեին ու ողջ քաղաքը վերա-փոխվեր հիվանդանոցի: Իրականում միայն ինքը անցավ ցավի ու տառապանքի ուղին: Ի՞նչ իմանար:
Հիշողության ետ պտտվող պատկերները լցված էին միայն աշխատանքով: Վաղ մանկությունից սկսած աշխատել էր:Ոչ մի ժամանակ այդքան երկար պարապի չէր մատնվել: Ոչ օրաթերթերը, ոչ էլ հեռատեսիլը նրանից ժամանակ չէին խլել:
Տարիների ընթացքում ահա նրա անցած ուղին՝ գործատեղը, տունը, կինը, հետո էլ մեծացող երեխաները:
Գալիս էին կինը, երեխաները, քույրերն ու եղբայրները, գալիս էին բոլոր մոտ ու հեռու ազգականները: Զարմանքից ու շփոթվածությունից սիրտը ուռչում էր, զարկերը արագանում էին, թեկուզ ցավի ճանկերում ամենինչ թվում էր հրաշալի: Հրաշալի էր, եթե չլիներ մի շատ կարեւոր հանգամանք, դեռ չապաքինված այն սկսել էր նրան մտատանջել:
Ցավը այնքան անտանելի էր, որ թվում էր վերջն է, բայց շաբաթներ անց նա ընտելացավ ցավին ու սկսեց ցավից սովորել, մարմնի անզորությունը բուժողների շնորհիվ հաղթահարում էր: Բժշկի հանդարտ ու խաղաղ դիմագծերը վստահություն էին ներշնչում: Նա երբեմն ստուգում մերձավորներին, ցավից դուրս գալարվում էր, տնքում էր, հայացքը՝ հարազատներին:
Տեսնելով նրանց տագնապը, արդեն հոգով խաղաղված, սպասում էր ցավի նոր գալարումներին: Գիտեր հենց այդ պահին ներս կմտնեն սպիտակ խալաթավորները: Նրանք տնտղում էին մարմինը, երկար զննում էին աշխատող սարքերին ու գնում էին: Միշտ էլ ներս էին մտնում ճիշտ ժամանակին: Սկզբից վախենում էր: Վախը նախ իր համար, հետո արդեն ցավի համար, ջլատում էին նյարդերը: Այդ օրերի խաղաղ ու քիչ թե շատ անդորր պահերը լցված էին առեղծված հուշերով:
Վաղուց մահացած պապը ու տան փոքրը, որին ինքը շատ էր սիրում, գալիս էին բոլորից հետո, կեսգիշերին : Գալիս էին ու մնում էին մահճակալի մոտ, մինչեւ բուժքրոջ այցելության պահը: Պապը ինքնավստահ, հարազատի վարժ շարժումներով, շտկում էր բարձը, փոքրը լարված նայում էր նրա շարժումներին ամեն պահ պատրաստ միջամտելու:
Այդ պահերին նա երանությունից ուշաթափվում էր, ոչինչ չէր ըմբռնում: Նրանց գնալուց հետո ինքը նոր վերհիշում էր, որ պապն էլ երկար գամված մնաց մահճակալին, չէր ուտում, անընդհատ ջուր էր խմում, նայում էր պատուհանից դուրս երեւացող երկնքին ու երկնքի հետ էլ փոխվում էր տրամադրությունը: Մի արեւոտ օր իջավ մահճակալից դողդոջ քայլերով հասավ դռանը, ձեռքը չհասավ բռնակին ,օդում զարկված ծտի պես գահավիժեց, կիսատ քայլից ճողվեց ու աղմուկով զարկվեց հատակին: Ամեն ինչ նույն ակնթարթում վերջացավ:
Պապը չկար: Օրն սկսվեց պապն ապրում էր, այն ավարտվեց առանց պապի:
Այդ օրը մեծ գերդաստանի բոլոր անդամները հիշում էին: Թեեւ պապից հետո այլեւս միասին չէին հասցնում բոլորով հավաքվել:
Գալիս էր պապը, շտկում էր բարձը: ձեռքը հպում էր ճակատին: Գլուխը տխուր օրօրելով բռնում էր հայացքը: Հաջորդ պահին պիտի հետեւեր նրա ու միասին հեռանային հիվանդասենյակից, բայց փոքրը ավելի դյուրաշարժ էր, ճարպիկ: Նա պապից թաքուն ձեռքը մտցնում էր վերմակի տակ:
Մատներով դուրս էր քաշում մարմնի մեջ սողոսկած չարաբաստիկ ճարպոտ մսակտորը՝ արյունոտ ու կիսահում: Ամեն անգամ երբ տղան բռնում էր բարեգոր-ծականի տված մսագունդը, ինքը ցավից ուշաթափվում էր:Տղան աճպարանքով մսակտորը շպրտում էր պատուհանից դուրս: Աչքի առջեւից ասես վազում էին պարարտ խոզերի խումբը, աղմկոտ ու սուր ճղճղոցով ցնցելով պատուհանի ապակիները: Ապակու ու խոզերի ձայնից պապը սարսափած փախչում էր, մնում էր տղան՝ լուրջ, ինքնամփոփ: Նա տղայից քաշվում էր, հայացքը՝ փախցնում, շուլալվում էր վերմակին: Անկողին սկսում էր տեղում պտտվել, պատուհանի ապակիները նման հսկա ճերմակ թիթեռներին ասես պոկվում էին շրջանակներից ու ճախրում էին հայացքից ծածկելով մսագնդին, նրա անցած ուղին:
Պտտվող մահճակալը թափ հավաքած, չդարձած կարուսել՝ թնդանոթի պես կրակում էր: Վտիտ ու չարչրկված մարմինը փողից դուրս թռած արկի պես սուրում էր մսագնդի հետեւից, նրան հասնելու համառ ցանկությունից ինքը ուշաթափվում էր, սիրտի հազիվ հազ տրոփում էր: Ամեն ինչ ասես սկսվում էր նորից: Ներս էր մտնում բուժքույրը կատարում էր հերթական ներարկումը: Ինքը լողում էր մահճակալի ու առաստաղի արանքում, երկինքը նմանվում էր տղայի աչքերին, աչալուրջ հետապըն-դում էր ու չէր թողնում նրան դուրս թռչելու: Անդունդից վերջին ակնթարթում փրկված լեռնագնացի նման նա հասկանում էր մահվան ահավորությունը, հրճվանքով կառչում էր բուժքրոջ փափուկ հայացքից: Ամեն անգամ հարազատներից շատ սպասում էր այդ պահին, երբ բուժքույրը իր տաք ու ճերմակ մատներով շտկում էր բարձը, անգիտակցորեն ձեռքը հպվում էր դեմքին, ինքը խաղամոլի կրքոտությամբ ողջ ունեցած հույսերը նվիրում էր բուժքրոջը, հավատում էր նրանից բխող շիտակու-թյանը, գիտեր որ ինքը հաղթելու է, մահվան հետ երկարող մենամարտում մենակ չէ:
Թմրից արթնանում էր: Ամեն անգամ հարազատներից մեկը միշտ կողքին էր: Ինքը ներքուստ համոզված ու իր ուժերին վստահ, լողորդի պես զգում էր, որ մի ողջ հավերժություն կարող է սուզված մնալ փոթորկոտ ամենակուլ ջրի խորքերում ու էլի դուրս պրծնել, գիտեր շահելու է, հարազատների տանջահար դեմքն ու սպասումներով լի նայվածքները շոյում էին սիրտը:
Լավ գիտեր, ցավը պարտվել է:
Հիմա խնամքով թաքցնում էր, գիտակցորեն ավելի կարեւորելով պարտվածին, ցավին՝ նրան տուրք տալով, թվում է ավելի էր արժեւորում իր ակնկալած հաղթանակը:
Բարեհոգության շավիղը մտած փորձում էր մեծարել պարտված ցավին, շահելով նրա համակրությունը, հույսով լի նայում էր բժշկին, որից սկսել էր վախենալ: Չէ որ միայն նա գիտեր, կամ արդեն նախազգում էր, որ ինքը ապաքինվում է: Չլիներ բժիշկը հավանաբար կպարտվեր: Բայց հաղթանակի դափնիները նա ինչոր չէր ցան- Կանում կիսել: Հարազատները միեւնույն է չեն զգա, մնում է ցավին խաբելուց հետո, խաբել բժշկին:
Ահա իրեն մտահոգող խնդիրը: Նա չէր ցանկանում ամբողջովին ապաքինվել: Ախր ոնց ապաքինվի ու խաղաղ սրտով լքի մահճակալը, հիվանդանոցը:
Ի՞նչպես է գլուխ հանելու: Ի՞նչ է անելու: Ժամանակները լրիվ փոխվել են: Չէ որ պիտի բոլոր հարազատներին , հեռու ու մոտ բարեկամներին ինքը փոխհատուցի: Այդ հարազատներից շատերին նա միայն հիվանդանոցում տեսավ, շատերին վաղուց մոռացել էր, պապը կար` տեսնվում էին, իսկ նրա մահից հետո նույն քաղաքում ապրելով վաղուց լուր չունեին իրարից: Հիմա ինքը պիտի բոլորին այցելի, բա~ աշխատանքը, պարապի մատնված օրերը, ձյան պես հալված խնայո-ղությունները: Որտեղից գտնի անհրաժեշտ գումարներն ու պարապ ժամանակը նրանց այցելելու համար:
Միայն հիվանդության օրերին նրանք եկան, եկան ու պատմեցին, վերականգնեցին տոհմածառը, իսկ այդ տոհմի բոլոր մեծ ու փոքրերին մայրը գիտեր: Պապից հետո մայրն էր միայն մեկ մեկ վերհիշում բոլորին:
Իր ազգ ու տակը, կնոջ ազգ ու տակը չէ: Դժվար, նույնիսկ անհնար է, մի ողջ տարի նա եթե չաշխատի, էլ չի հասցնի մեկ առ մեկ բոլորին այցելելու: Իհարկե նրանք մեկ մեկ չէին գալիս: Իրեն այցելում էին խմբերով, բերում էին հազար ու մի խորտիկներ, ծաղիկներ ու նստում էին, շատ անգամ էլ իրենք ուտում էին իրենց բերածը: Չէ որ ինքը միշտ էլ կորցնում էր գիտակցությունը: Շատ անգամ էլ կինն էր պատմում եկող գնացողներից:
Շատ-շատ էին ազգն ու ցեղը, բարեկամները ու նրանց ընկերները, չէ որ ինքը մեծ տոհմածառի միակ նահապետացուն էր, մեծ պապի իսկական իրավահաջորդը:
Նրանք գալիս էին , հալեցնում էին սառած պահածոյացած հիշողությունները: Զրույցով լցնում էին անջրպետը: Հազար ու մի խոսք ու զրույցից ինքն ու ցավը խորքում ` մեկուսի, վերմակով շուլալված, սպասում էին բժշկին:
Այդ պահերին ցավին փորձում էր սիրաշահել, բժիշկից շատ էր վախենում: Ինքն էլ ապրում էր նոր անսովոր տագնապ, ինչ է անելու հետո: Այդ հետոն միայն մտատանջում էր, սիրտը ասես հուշում էր մնա անկողնում:
Հակառակ պարագային ինչպես բացատրել նոր-նոր արթնացող այդ ցանկությունը անկողնում մնալու մտասեւեռումը: Հարկավոր է թքել բոլոր պայմանականություն-ների վրա, չլսել բուժքրոջը, չխոսել, չպատասխանել անգամ բժշկի ամեղ թվացող հարցերին:
Ի հարկե հեշտ չէ բժշկին խաբելը, նա օր-օրի հսկել ու աղտորոշել է , մարմնից հեռացրել է վարակի օջախը:
Բայց չէ որ առողջների համար էլ կյանքը հեշտ չէ:
Ո՞վ գիտե, ինչքան են շիտակ, անկեղծ բարեկամներն ու մոտիկները, որ հիմա գալիս են բարեգործի, վշտակցողի կերպարանքով:
Ամիսների ընթացքում հասցրեց ճանաչել բոլորին: Իսկական հարազատները երկուսն էին պապն ու փոքրը: Ահա իր ունեցածը: Պապն ու փոքրը, նրանք գալիս էին միշտ աննկատ, ներս էին մտնում առանձին, մի տեսակ շփոթված, ավելի շատ լռում էին ու լսում իրեն:
Քանի անգամ փորձ արեց պապի հետեւից գնալու: Բժշկի հզոր կամքն ու փոքրի արտասվաթոր աչքերը ետ էին պահում իրեն, վանում էին պապին: Նա հեռանում էր գլխիկոր՝ դողդոջ քայլերով: Տղան չէր խոսում, չէր համոզում, լարված ուշադիր նայում էր պապին: Ինքը գնալու ցանկությունից շփոթված կարմրում էր, ցավը խեղճացած կուչ էր գալիս, վախեցած նայում էր տղայի անմեղ ձեռքերին ու սկսում էր քծնել իրեն: Քծնանքը սկզբից մեծահոգաբար, հետագայում հետին մտադրությամբ հանդուրժում էր, վստահ իր ու իրեն նեցուկ բժշկի հմտությանը:
Եթե ցանկանար նա ցավին ներս չէր առնի, չէր ուշաթափվի, քանիցս տղան ու բժիշկը նրան պոկեցին մարմնից ու դուրս շպրտեցին: Ինքը սոսկումից ուշաթափվում էր, եւ ցավը ազատված իր հալածողներից կրկին գալիս ու տեղավորվում էր ներսում: Գալիս էր ծեծ կերած շան լակոտի պես, պոչը խաղացնելով ու անվերջ քծնելով: Չկար նախկին վախն ու սարսափը, բազմիցս տեսել էր ցավի խեղճությունը: Բուժքրոջ տաք շունչը, փափուկ ձեռքը, կենսասեր մարմինը պիրկ ու սլացիկ, նույնքան կանացի թեկուզ ճերմակ խալաթով ծածկված նրան նոր ավյուն ու ջերմություն էին փոխանցում: Օտար կանացի մարմնի մոտիկությունից, ձեռքի հպումից ներսում արթնանում էր ապրելու անհագուրդ տենչը, գժված արյունը թափ առած զարկում էր քունքերին ետ էր վազում շրջապտույտի ու ողջ մարմնով դառնում էր հույզերից շիկնած հնոց, կրակված, վառվռուն դեմքից կինը հասկանում էր տղամարդուն եւ չէր նախատում: Մոր նման դեռ խրախուսում էր,իբր պատահաբար երբեմն հպվում էր հիվանդին, ցնցելով նրա պրկված նյարդային լարերը:
Կինը հպումներից շիկնում էր զգալով փոքրի ծանր քննախույզ հայացքը, որն ասես կշռում , չափի մեջ էր տեղավորում թմրից զարթնած խոլական կրքերին:
Հայացքը փախցնում էր, որ չտեսնի կնոջ շիկնանքը, տղայի լուրջ հանդիմանող դեմքը: Ներս էր մտնում բժիշկը, որի ոտնաձայները լիցքաթափում էին, սրբում էին բոլոր ավելորդ կասկածները: Գիտեր ապաքինվում է: Բայց ցանկություն չկար, ընտելացել էր հիվանդասենյակին: Հետո: Հանուն ի՞նչի առողջանար: Գնար, որ այս նոր բարեգործ բարեկամները խլեին իր անդորրը: Իրենց պարտավորեցնող ու վերջ չունեցող, նյարդեր ջլատող ցանկություններով սահմանափակեին իր ազատությունը:
Չէ, որոշել է, չի առողջանալու, ավելի լավ է մնա անկողնում, բոլորի ուշադրության կենտրոնում: Ինքն հիվանդացավ, ավելի ստույգ թունավորվեց հենց այդ բարեգործների տված կերակրով:
Ո՞վ է հիմա իրեն պարտադրելու ,որ առողջանա, եւ ի՞նչու ինքը պիտի գնա ու փոխհատուցի իր ժամանակով, իր աշխատանքով: Չէ,~ որոշել է մնալ հիվանդասենյակում: Չէ որ ինքը շատերին չէր ճանաչում, եկան ու բերեցին ավելորդ անպետք ուտելիքներ ու ծաղիկներ, ինքը ոչ կերել է, ոչ էլ հոտոտել է այդ ծաղիկները: Ինքը իր ցավի հետ կռիվ էր տալիս: Նրանք իրեն խրախուսող պարզ հանդիսատեսներ, եկան նստեցին, աղմկեցին, շատ անգամ կերան իրենց բերած խորտիկները:
Ինքը ցավի մեջ անմաս անցուդարձին, այդ բոլոր բերած խորտիկներով հիվանդանոցի կարճլիկ ու ագահ տնտեսը կերակրեց իր պարարտացող խոզերին: Ամիսներ շարունակ նրա խոզերն ու գամփռ շունը վայելեցին բարեգործների բերածը: Իսկ այդ անպատկառ գամփռը ողջ գիշերները իր ականջ ծակող լուսնահաչով սղոցեց, փերթ-փերթ կտրատեց նյարդերը:
Ի հարկե այդ բոլորը նա չէր կարող պատմել հարազատներին: Պատմելուց ոչինչ չէր շահի, դեռ ավելին նրանց կվշտացներ, ո՞վ գիտե նույնիսկ իրեն կդարձնեին ցնորված, համոզելով ընտանիքին, որ տեղավորեն խենթանոցում, չէ ավելի ձեռնտու է մնա հիվանդանոցում:
Ընտանիքը արդեն առանց իրեն ապրում է, սովորել են, կապրեն: Ինքը շատ է հոգնել, ողջ կյանքը աշխատեց, բավական է: Թող ապրեն , ինքը հանուն փոքրի մնաց, պապու հետ չգնաց, դե փոքրը միշտ էլ կարող է իրեն տեսնել, կգա կնստեն դեմ-դիմաց ու մտքով կզրույցեն:
Հազիվ է ցավին հաղթահարել, ինքը միամիտ չէ, որ ելնի ու կամավոր դառնա այդ հզոր ոչինչ հաշվի չառնող բարեգործբարեկամների կամակատարը:
Մնում է միայն բժիշկը, նրան ինքը կխաբի արդեն ցավի հետ համատեղ: Զէ որ ցավն էլ հալածված ու մենակ է, իրենից հետո ու՞ր պիտի գնա: Շատ բան սովորեց, սովորեց ցավի շնորհիվ, ու նրան լքելն էլ մարդկային չէ: Իսկ տղան փոքրը, խելացի է, նա իրեն կհասկանա, հանուն նրա`ինքը մերժեց պապուն:
Մնում է լեզու գտնել բժշկի հետ, որ նա անխոհեմորեն չբացահայտի իր վիճակը:
Ինքը գտել է այս նոր կարգավիճակը, մնալու է հիվանդանոցում: Օգտվելով իր մարդկային իրավունքներից: Ինքը ոչ մի քայլ էլ չի ձեռնարկի եղածը փոխելու, ինքն ու իր ցավը արդեն համախոհներ են:
Բարեգործների, բարիդրացիական կապերով ապրողների հետ ինքն ու իր ցավը գործ չունեն:

ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ



































































































































«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝