Յայտարարութիւն

Saturday, May 8, 2010

Հայ Յեղա'ոխականի մը Յիշատակները- 97 - Ռուբէն

- Քանի որ համաձայն ես, հետեւեալները պիտի ընես անմիջապէս.
Ա. – Մինչեւ լոյս կը փոխուիս տունդ եւ կտակդ կը գրես, մանաւանդ Պետերբուրգի քո ընկերներին, բարեկամներին, որ մեծ դիրքերի հսած են կայսրութեան մէջ: Բացատրիր քո տեսակէտները, որ նրանք գիտենան որ յանուն մեր դատի ո՛չ միայն ինձ պէս աւազակներն ես սպանւում, այլեւ քեզ պէս ազնուականները եւ ուսեալները:
Բ. - Առաւօտը կը տեսնես Թադոսին եւ դրամ կ’առնես քո գնումների եւ ծախքերի համար:
Գ. - Այսօր անցագիրդ կը պատրաստես, միւս օրը առաւօտ ճամբայ կ’ելնես եւ կը գնաս Պարսկաստան` Թաւիրզ, ուր իմ կարգադրութեան կը սպասես:
Թէեւ դժուար էր ինձ համար 20.000 ռուբլի գտնել անմիջապէս, բայց երկու ժամ չանցած 16.000 ռուբլի գտայ եւ տուի Թադոսին: Թէեւ Բժ. Զաւրիեւի համար էլ դժուար էր իր կտակը գրել եւ 36 ժամից ճանապահ ընկնել, բայց միւս օրը նա Թաւիրզի ճամբու վրայ էր: Չորրորդ օրը Նիկլոը այլեւս չերեւաց Բագուի մէջ: Նիկոլը անսովոր մարդ էր: Մարդ ու անասուն միեւնոյն բանն են: Մարդը ամաչում է այդ խոստովանելուց, բայց դրա համար էլ նա աւելի ստոր է քան անասունը: Երկուսի գոյութեան նպատակը, լինի բնազդով, լինի բանականութեամբ, միայն մի բան է` ապահովել գոյութիւնը իրենց եւ իրենց սերունդի: Այսինքն` փորը կուշտ պահել ամէն միջոցով, կեանքի վրայ դողալ, պաշտպանուիլ վտանգներից, սերնդագործել, նեղ օրուան պաշար հաւաքել եւ նրան կապուիլ, ինչպէս իր անձին եւ սերունդին: Նիկոլը դրանց մէջ բացառութիւն էր: Կեանքը նրա համար մի վէգ էր, որի հետ խաղում էր: Դիրք, հարստութիւն, փառք` սին բաներ էր համարում: Դրուած կարգերը, ընդունուած սովորութիւնները կարծես նրան չէին վերաբերում:
Նա սովորական մարդ չէր ե՛ւ մի այլ կողմով: Բագուն հակասութեանց վայր է: Մէկ օրը կը տեսնես խրճիթը պալատի է վերածուել. միւս օրը կը տեսնես` պալատը վառուել է, մոխիր է դարձել: Մէկ օր կը տեսնես ոսկու մէջ կը լողայ, միւս օրը` ցեխի մէջ: Կը տեսնես մէկին փորը ուռելուց տրաքւում է, միւսինը դատարկութիւնից կողերին է կպած: Ուռած փորերը կոխատում, անցնում են թոյլերին: Մարդը մարդուն գայլ եղած` ուտում է: Եւ այս տեսարանների առջեւ ոմանք յուզուած դարման են որոնում: Բայց այս բոլոր ցնցիչ հակասութիւնները Նիկոլի վրայ չէին ազդում. նայում էր, կարծես թատրոնում լինէր. կարծես իրեն բնաւ չէին վերաբերում: Նայում էր դրանց կռփամարտի տեսարանին գնացողի նման, եւ համարեա անտարբեր հետեւում անկումի ու վերելքին: Մի օր ուզեցի հասկնալ այս տարօրինակ մարդուն զգացուները: Ելլէ` ի±նչ պատասխանէ.
- Օհաննէս, քեզ լուրջ մարդ էի կարծում, տեսնում եմ որ դու էլ նոյնն ես: Մարդիկ մրցումի են ելած, չգիտեմ` լա՞ւ է այդ, թէ վատ: Ոմանք ցորեն են սիրում եւ հատիկները լցնում են ամբարը, առանց գիտնալու թէ պիտի կարողանա±ն ուտել եւ լմնցնել: Գոմէշը ընկած է առւուտանոցը, ուտում է եւ մշշում` առանց գիտնալու, որ մսագործը ուրախանում է: Էշը արտերի եզերքի տատասկն է ուտում, եթէ առւոյտ ուտէ` հարուած կը ստանայ: Այծը` ելած է քարերը, ճիւղ ու տերեւ է ուտում` զգալով որ բան ըսող չկայ: Այսպէս, ամէն մէկն ալ իր գործին է` ըստ ճաշակի: Նրանք դերասան են, ես ալ ձրի հանդիսական: Դու մտածիր այն օրուան, երբ գայլեր դուրս կու գան եւ կը յօշոտեն բոլոր տեսակի անասուները: Այդ ժամանակ` այս ինքնամոռացութեան թատերգութիւնը կարող է վերջ գտնել...:
Բայց այդ չէր Նիկոլի բնաւորութիւնը բնորոշող գիծը: Նրա տարօրինականութիւնը, հիւնարքը (հնարագիտութեան շնորհքը) այլ բանի մէջ էր: Երբ գայլերի վոհմակները որջերից կ’իջնէին հրապարակ, երբ բոլոր անասունները իրար կ’անցնէին, երբ ճերմակ օրուան հերոսները եւ լեզուանի կաչաղակները ջուր ընկած հաւ կը դառնային, երբ քիթը վեր հարուստն ու աղքատը ձեռ ու ոտ կ’ընկնէին եւ ծակերը մտած` օգնութիւն կ’աղերսէին, այդ ժամանակ Նիկոլը երեւան կը գար: Նա հանդարտ էր եւ լուռ: Աջ կը նայէր, ձախ կը նայէր եւ հրապարակի մէջտեղը կ’իջնէր; կարծես յովազ էր մէջտեղ եկած: Նրա երեւալը ե՛ւ վախ ե՛ւ զարմանք, ե՛ւ հիացմունք ե՛ւ պատկառանք կը պատճառէին: Թշնամի լինէր թէ բարեկամ` ակամայ կը գամուէր եւ կը սպասէր նրա կամքին: Այդ պարագային աշխարհը հանդիսատես էր եւ Նիկոլ դերասան:
Քեզ ասացի թէ ի՞նչպէս Երկիր գալու իր երկունքին մէջ` նա գտաւ ելքը իր անելիքի: Կարողացաւ հարկադրել ինձ որ առանց խնդրանքի եւ հրամանի դրամ վճարեմ: Կարողացաւ Բժ. Զաւրիեւը իր կտակ գրել տալ: Սրանք մանր բաներ են, բայց աւելի կարեւորները կը պատմեն Վանից, Բողազ Քեասանից եւ Պարսկաստանի այլ ու այլ տեղերից: Ես աչքովս չեմ տեսած: Աչքովս տեսածը հայ-թաթարական կռուի օրերին էր, երբ թաթար-ռուս գործակցութիւնը ակներեւ եղաւ հայերի դէմ, երբ պատռուեց քողը այն առասպելին, թէ «Քրիստոնեայ ցարական Ռուսիան գրաւական է հայութեան երջանկութեան»: Պէտք էր տեսնել թէ ի՜նչ շփոթ, յուսախաբութիւն եւ յուսահատութիւն էր պատած հայ բուրժուա, կղերական եւ մտաւորական դասերին: Նրանք դարձած էին նաւակ, առանց առագաստի եւ ղեկի: Ի տես թաթարական փոթորիկին, նրանք անէծք ու հայհոյանք էին կարդում ռուսական ծուռ խաչին, որ երէկ պաշտում էին: Եւ ակամայ նրանք իրնեց աչքերը դէպի մեզ էին ուղղում: Պէտք է տեսնէիր «ձախ», «յեղափոխական» ասուածներին, թէ ի՜նչ անհեթեթ կերպով էին դատում, մատնուած սարսափի ի տես թաթար խուժանին, որ սպանում էր անխտիր սրբել բոլոր հայերին:
Բնական է, ասում էին նրանք, որ յետադէմ ցարական Ռուսաստանը ձեռք ձեռքի պիտի գնար յետադէմ թաթար խուժանին հետ: Յեղափոխական ազատ Ռուսաստանի մէջ է մեր փրկութիւնը, եւ այդ դուք չէք հասկանում: Թո՛ղ Դաշնակցութիւնը թողնի իր կրաւորութիւնը, անցնի յեղափոխութեան գլուխ եւ յեղափոխուած Ռուսաստանը կը կործանէ այս յետադէմ խուժանը:

Շար. 97



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝