Յայտարարութիւն

Sunday, July 18, 2010

ՄԱՅԻՍ 28 ԵՒ ՄԵՐԺՈՒՈՂ ՈՒ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ

2001 լոյս տեսած Կարէն Սիմոնեանի այս յօդուածը իր այժմէականութիւնը տակաւին չէ կորսնցուցած,այժմէականութիւնը՝ պատճառներէն մին զայն ինը տարի ետք հրապարակելու այս կայքէջին մէջ: Սակայն այժմէականութիւնը չէ միակ պատճառը: Կը փափաքինք մեր ընթերցողին ներկայացնել պատմական իրողութիւններ, որոնք սերունդներու հայապահպանման համար անհրաժեշտ կը նկատենք:Սիմոնեան ընդօրինակած է այն օրէնքները որոնք հայը հայ պահելու համար գրած է ,90 տարի առաջ ,անկախ Հայաստանի կառավարութիւնը:Եւ ինչպէս չհիանալ այդ ղեկավարութեան վրայ:Իսկ ինչ դաս կը քաղէ սփիւռքեան մեր ղեկավարութիւնը այս իրողութենէն: Մեր Հայ չմնալու վտանգը այսօր չի տեսներ արդեօք: Զարթնիր քու պուրժուայի քունէդ ով պուրժուա ղեկավարութիւն եւ թափ տուր դուն քեզի եւ կամ տունդ նստիր :Դուն հայոց լեզուին ու մշակոյթին թաղման արարողութիւններ կազմակերպելու համար չես նստած քեզի վստահուած աթոռին...

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»««»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
ՄԱՅԻՍ 28
ԵՒ
ՄԵՐԺՈՒՈՂ ՈՒ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ
Մայիս 28-ը տօնակատարելու առիթով վերջերս հրապարակուեցին սովետահայ պատմաբանների յօդուածները, որտեղ զանց առնելով պատմական իրականութիւնը, հեղինակները շարունակում են ներկայացնել ասնամեակներ
անընդմէջ հետեւողականօրէն զեղծուող, այսինքն յօրինուած մի պատմութիւն։
Պատմական իրականութեան եւ յօրինուած պատմութեան միջեւ վիթխարի
տարբերութիւն կայ։ Եւ հիմնական տարբերութիւնը հայրենական երկիրը ոտքի
կանգնեցնելու՝ 1918-20 թուականների իրաւական հանրապետութեան
կառավարութեան նուիրուածութեան ու իշխանութիւնների նկատմամբ ժողովրդի
անվերապահ հաւատի եւ այսօրուայ ժողովրդի յուսալքուածութեան ու
կառավարութեան նկատմամբ նրա ունեցած բացայայտ անվստահութեան մէջ է ։
Սովետահայ պատմաբանը գրում է. «Առաջին հանրապետութեան պետական
կառոյցներն այլ բան չէին, եթէ ոչ կուսակցական մարմինների մասնաճիւղեր, բայց
քանի որ ինքը՝ կուսակցութիւնը, ոչ կառավարման փորձ ունէր եւ ոչ էլ հակուած
էր ենթարկուելու օրենքնէրին եւ օրինականութեանը, այդ կառոյցները
վերածուեցին խաղալիքների կուսակցութեան՝ անգամ նրա առանձին գործիչների
ձեռքում։ Սինքլորների, չտեսների, մինչ այդ երբէք կառուցողական
գործունեութեամբ, կառավարմամբ չզբաղուած մարդկանց զանգուածը խուժեց
պետական հիմնարկները՝ մեծ թէ փոքր պաշտօններում հաստատելու իր անձի
դիկտատուրան՝ գտնելով, որ օրէնքը բոլորի համար է, բացի իրենից, որ ոչ ոք
թալանելու, գռփելու իրաւունք չունի, բացի իրենից։ Խորհրդարան էին լցուել
մարդիկ, որոնք իրենց կեանքում ոչինչ չէին ստեղծել, շատերը կապուած էին
քրէական տարրերի հետ»։
Պատմաբանը ինչ-որ բան շփոթում է, անշուշտ։ Շփոթում է ժամանակները։ Եւ
յստակ միտումով։ Քանի որ փորձում է արդարացնել 1920 թուականի բոլշեւիկեան
ներխուժումը Հայաստան… Փորձում է արդարացնել իրաւական
հանրապետութեան տապալումը… Փորձում է բոլորիս յայտնի կոմունիստական
բարոյալքուածութիւնը վերագրել «իմպերիալիստական Հայաստանի բարքերին»։
Գրելով, թէ իշխանութիւնը «ոչ կառավարման փորձ ունէր եւ ոչ էլ հակուած էր
ենթարկուելու օրենքնէրին եւ օրինականութեանը», ապա, թերեւս, պատմաբանը
նաեւ բացատրելու էր, թէ այդ ի՞նչ օրէնքների եւ այդ ո՞ր օրինականութեան մասին
է խօսքը… Գուցէ նա կարծում է, թէ հանրապետութեան կառավարութիւնը
շարունակելու էր ռուսական կայսրութեան ապօրինութիւններն ու
անիրաւութիւննե՞րը։ ճիշտ այնպէս, ինչպէս «ազատանկախ»ը, որտեղ մինչեւ օրս
գործում են բոլշեւիկեան դեկրետները, «օրէնքներն» ու մարդու «իրաւունքը»…
Ներկայացնելով Հայաստանի առաջին ու առայժմ միակ ճշմարիտ
Հանրապետութեան բազմաթիւ օրէնքներից երեքը, իմ նպատակն է յիշեցնել, թէ
որքան հեռատես ու գրագէտ ազգային քաղաքական գործիչներ ենք ունեցել, որոնք
ոչ միայն նախագծել, այլեւ սկսել են կառուցել այն ճամբան, որ տանելու էր դէպի
ազգային ապագայ…
Եթէ միայն ապազգայնութիւնն ու ռուսամետութիւնը բուն դրած չլինէր Հայ
գիտակցութեան մէջ։
ՕՐԷՆՔ
Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին
23 Մայիսի, 1920 թ.
Երեւան
Հայաստանի չորս նահանգների սահմանները գծել հետեւեալ կերպով՝
1. Արարատեան նահանգ։ Սրա մէջ մտնում են Երեւանի, Սուրմալուի, Նոր
Բայազետի, Դարալագեազի, Շարուրի եւ Նախիջեւանի գաւառներն ամբողջապէս
եւ Էջմիածնի գաւառն առանց Թալինի գաւառակի։ Նահանգի կենտրոնն է Երեւան
քաղաքը։
2. Շիրակի նահանգ։ Սրա մէջ մտնում են Էջմիածնի գաւառի Թալինի գաւառակը,
Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի գաւառներն ամբողջութեամբ, Ղարսի
գաւառի Ե գաւառակն ամբողջութեամբ եւ Ա եւ Գ գաւառակների որոշ մասերն,
սկսած Չլդր լճի հւարաւային ափի Դաշկեփրի գիւղից խճուղով հարաւ, Ներքին
Պարկետից կտրելով երկաթուղային ուղիղ գծով մինչեւ Դայնալիխ գիւղը,
Ախալքալաքի եւ Բորչալուի գաւառների հայկական մասերը եւ Դիլիջանի գաւառը։
Կենտրոնն է Ալեքսանդրապոլ քաղաքը։
Ծանօթութիւն։ Դիլիջանի գաւառը ժամանակաւորապէս զատւում է Շիրակի
նահանգից եւ կազմում առանձին միաւոր, որը կապ է պահում անմիջապէս
ներքին գործերի մինիստրութեան կենտրոնական հաստատութեան հետ։
3. Վանանդի նահանգ։ Սրա մէջ մտնում են Ղարսի նախկին շրջանը, բացի Ղարսի
շրջանի այն մասերի, որոնք միացւում են Շիրակի նահանգին։ Կենտրոնն է Ղարս
քաղաքը։
4. Սիւնեաց նահանգ։ Սրա մէջ մտնում են Ձանգեզուրը եւ Ղարաբաղը՝
Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական
մասերը։
Վարչապետ ՝ ՀԱՄՈ ՕՀԱՆՋԱՆԵԱՆ
ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 203, ց. 1. գ. 116, թ. 43։ Հաստատուած պատճէն։ Մեքենագիր։

Սահմանների մասին Օրէնքը որեւէ մեկնաբանութեան կարիք չունի, եւ յաջորդ
Օրէնքը ներկայացնելով, կ՛ուզենայի ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրել
այն փաստին, որ կառավարութիւնը իր առաջնային խնդիրներից մէկը համարել է
ազգաբնակչութեանը համատարած սովից ապահովագրելը։ Ուստի տէրութիւնը
յանձն է առել պայմաններ ստեղծել ու հնարաւորութիւններ ընձեռել, որպէսզի
ազգաբնակչութիւնը կարողանայ իր սեփական ուժերին ապաւինած՝ յաղթահարել
մի փորձութիւն, որ երկրորդ անգամ մեր դռանն իջաւ դարավերջին։
ՕՐԷՆՔ
սերմացու եւ գիւղատնտեսական ինվենտար ձեռք բերելու, նաեւ Հայաստանի
Հանրապետութեան ազգաբնակութեանը դրամական անտոկոս փոխառութիւն
տալու համար վարկ բանալու մասին (Հաստատուած է Հայաստանի խորհրդի 1919 թ.
Մարտի 28-ի նիստում)
1. Պարէնաւորման մինիստրութեան տրամադրութեան տակ դնել յիսուն միլիոն
ռուբլի՝ սերմացու եւ ինվենտար պատրաստելու, ինչպէս նաեւ սերմանելու համար
դրամական փոխառութիւն տալու նպատակով։
2. Յանձնարարել պարէնաւորման մինիստրին կազմակերպել ազգաբնակութեանը
փոխառութիւն, հացահատիկ եւ ինվենտար բաշխելու գործը յատուկ
ժամանակաւոր միջվարչական կոմիտէնէրի միջոցով, որ կազմուելու են
պարէնաւորման, խնամատարութեան ու ներքին գործոց մինիստրութիւնների,
կոոպերատիվների միութեան եւ հայոց գիւղատնտեսական ընկերութեան
ներկայացուցիչները։
3. Թոյլ տալ Մինիստրների խորհրդին հրատարակել կանոններ
ազգաբնակութեանը սերմացուի համար անտոկոս դրամական փոխառութիւն
տալու եւ սերմացուով ու ինվենտարով ազգաբնակութեանը վերադարձ օգնութիւն
ցոյց տալու վերաբերեալ։
4. Ժամանակաւոր կոմիտէների շտատների ծախքը հոգալ սերմացուի համար
բացած վարկի գումարից։
Նախագահ Հայաստանի խորհրդի ՝ Ա. ՍԱՀԱԿԵԱՆ
Քարտուղար՝Ե. ՍԱՐԳՍԵԱՆ
ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 199. ց.1, գ. 27, թ.125։ Բնագիր։ Մեքենագիր։

Մենք սկսեցինք նոյն այս մտահոգութեամբ։ Եւ որքան էլ հակասական թուայ,
իրաւական մեր Հանրապետութեան այս Օրէնքի ոգին արտայայտուեց մեր
փաստական անկախութեան ցաւալիօրէն կարճ ժամանակահատուածի մէջ միայն։
Իսկ ո՞րն էր մեր փաստական անկախութեան ժամանակահատուածը։
…Փախստականներով լեցուն, Մոսկուայի կողմից պաշարումի դատապարտուած
եւ շարունակ սադրանքների ու լրատուական ահաբեկչութեան ենթարկուող
սովետական Հայաստանի մէջ 1990 թուականի Օգոստոս 4-ին Գերագոյն Սովետի
նախագահութեան նախագահի պաշտօնին մերժուեց կոմունիստ թեկնածուն եւ
անհնար էր որ մինիստրների խորհրդի նախագահ նշանակուի կամկուսի դրածոն։
Փաստօրէն ստեղծուեց քաղաքական մի այնպիսի իրադրութիւն, երբ կոմկուսը
կորցրեց իր «ղեկավար դերը» եւ Հայաստանի Հանրապետութիւնը սկսեց
կառավարել վարչապետը։ Յիրաւի, հակասական է թւում, բայց Հայաստանի
իրական անկախութիւնը տեւեց վարչապետական կառավարումի՝ 1990
Օգոստոսից մինչեւ 1991 Սեպտեմբեր 24-ի ժամանակահատուածի մէջ, երբ դեռ
գոյութիւն ունէր սովետական կայսրութիւնը եւ մեզնից ոչ ոքի մտքի ծայրով իսկ
չէր անցնում, թէ երբեւէ, այն էլ շատ մօտ ապագային՝ կործանուելու է։
Վարչապետի եւ նրա մի երեք-չորս նախարարների ու վարչապետական
անձնակազմի մէջ գտնուող աշխատակիցների համար գլխաւոր խնդիրն էր
կաթուածի ենթարկել կամ պարզապէս վերացնել այն խոչընդոտները, որոնք
ստեղծուել էին կոմունիստական մենատիրութեան եօթանասուն տարիների
ընթացքին։ Այդ խոչընդոտների շարքը սկիզբ էր առնում պետական
մենատիրութիւն համարուող հողից ու արտադրական միջոցներից եւ հասնում էր
մինչեւ հոգեւոր մշակոյթի ոլորտներ, մինչեւ «ստեղծագործական միութիւններ»,
որոնք տասնամեակներ շարունակ եղել եւ այսօր էլ է՛ն՝ համապատասխան
մինիստրութիւններ, որոնք վարչական նշանակութիւն ունեն միայն։

Վարչապետական կառավարութեան հանրապետութեան մէջ, որ դեռ սովետական
էր ու սոցիալիստական, Վարչապետի նախաձեռնութեամբ հողը տրուեց իր
մշակողին։ Ռուսական եւ ռուս-կոմունիստական շուրջ երկու հարիւրամեայ
տիրապետութեան տակ հայ գիւղացին գտնուել է ճորտի եւ ապա ստրուկի
վիճակում։ Հողը իր մշակին յանձնելիս, անշուշտ, վարչական վարի
մակարդակների վրայ տեղի ունեցան բազմաթիւ խախտումներ եւ
անիրաւութիւններ։
Բայց կառավարութիւնը կարողացաւ իրականացնել այդ ծանր ու
պատասխանատու գործը։

1991 թ. Հոկտեմբեր 17-ից սկսուեց ելուզակային «սեփականաշնորհումը», որի
հետեւանքով ոռոգման ջուրը նոյնպէս տէր ունեցաւ եւ այնպիսի գներ դրուեցին, որ
հողի մշակի աշխատանքը դարձաւ անիմաստ։ Ի վերջոյ, տնտեսութիւնը ունի իր
օրինաչափութիւնները, որոնք հասկանալու համար բաւական է նաեւ պարզ
թուաբանութիւն։ Եւ եթէ հողից ստացուած ամբողջ բերքը չի կարող
հաւասարակշռել ոռոգելու ջրի գինը, ապա հողագործութիւնը դառնում է
անհեթեթութիւն։

Ահաւասիկ տարբերութիւնը մեր իրաւական Հանրապետութեան եւ այսօրուայ
իրականութեան միջեւ, երբ մի դէպքում տէրութիւնը ինքն էր վարկեր տալիս, եւ
միւս դէպքում՝ տէրութիւնը ինքն է արգելակում տնտեսութեան զարգացումը։
«Երբ ստեղծուեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը, հակառակ ներսը տիրող
ծանր վիճակի, այն ժամանակուայ հայկական կառավարութիւնը շտապեց
օգնութեան հասնել դրսի հայութեանը,– գրում է Ս. Վրացեանը։– Հայաստանի
խորհրդարանի որոշումով, 1919-ին, մէկ միլիոն ռուբլի ուղարկուեց
Պարսկաստանի կարօտեալ Հայերին. նոյնքան գումար ուղարկուեց Բաքուբայի
հայ գաղթականներին։ Դրանից առաջ, Հայաստանի Խորհուրդը նպաստի
գումարներ է յատկացրել Վրաստանի, Կիլիկիայի եւ այլ վայրերի հայ
գաղթականներին։ Հայաստանի կառավարութիւնը իրեն զգում էր «ամենայն Հայոց
կառավարութիւն», ըստ այնմ էլ ոչ միայն ստանում էր, այլ եւ տալիս էր։ Այժմեայ
Հայաստանի վարիչները բացարձակ արհամարհանք ունեն դէպի
գաղթահայութիւնը, որ 1934-ին անցրեց տագնապի ամենածանր տարիներից
մէկը։ Հազարաւոր աշխատաւորներ գործազուրկ են եւ օգնութեան կարօտ։ Ուրիշ
ազգութեան պատկանող աշխատաւորներն իրենց ետեւը ունեն պետութիւն, որ
պաշտպանում եւ աջակցում է նրանց։ Գաղթահայը բոլորովին անտէր է,
անպաշտպան ու անօգնական՝ թողնուած միայն իր ուժին։ Մի վայրկեան իսկ
Երեւանում չմտածեցին, թէ գաղութների այդ աշխատաւորութեան մասին իրենք
պարտաւորութիւններ ունեն։ Չենք խօսում քաղաքական-իրաւական
աջակցութեան մասին, որպիսի հնարաւորութիւնից Երեւանցիք զուրկ են,– ոչ մի
կոպէկ օգնութիւն իսկ չուղարկեցին։ Այն պահուն, երբ զանազան ՄՕՊՐեր (ՄՕՊՐ
- Յեղափոխութեան մարտիկներին օգնելու միջազգային կազմակերպութիւն)
Հայաստանի գիւղացիներից ու բանուորներից բռնութեամբ առնուած
գումարներով՝ Գերմանիայի ու Չինաստանի բանտարկեալներին են նպաստ
հասցնում, Սուրիոյ, Պալքանների, Ֆրանսայի եւ այլ վայրերի բազմահազար
գործազուրկ եւ ապրուստի միջոցների կարօտ հայ բանուորներին ու
արհեստաւորներին ոչ մի օգնութիւն չի հասցւում։ Այդ մասին մտածելն իսկ
յանցանք է համարւում»։

Այսօրուայ Հայաստանի վարիչները նոյնպէս սիրում են միայն ստանալ,
պահանջելով, սակայն, որ «սփիւռքը չխառնուի Հայաստանի ներքին գործերին» եւ
բնաւ որեւէ պարտաւորութիւն չեն զգում աշխարհացրիւ հայութեան նկատմամբ։
«Հայաստանի վարիչները 1934-ին էլ գաղթահայութեանը նկատեցին սոսկ որպէս
կթան կով։ "Տուր, բայց մի՛ պահանջիր". այս է եղել Հայաստանի վարիչների
քաղաքականութիւնը գաղութների վերաբերմամբ,– շարունակում է Ս.
Վրացեանը։– ՀՕԿ-ի (Հայաստանի Օգնութեան Կոմիտէ, այժմ՝ Համահայկական
Հիմնադրամ) կազմակերպութիւնները կովկիթը ձեռներին, դէս ու դէն ընկած կով
են փնտրում, որ կթեն։ Բայց ո՞վ է վայելում այդ կաթը՝ Հայաստա՞նը, Հայաստանի
գիւղացին ու բանուո՞րը։ Ոչ, ի հարկէ։ Այդ կաթի մեծ մասը… ուտւում է հէնց
արտասահմանում։ Այնքա՜ն շատ են ուտողները, այնքա՜ն սուր ախոժակի ու լայն
ստամոքսի տէր… երեսուն արծաթով իրենց տաղանդը ծախող բանաստեղծներից
մինչեւ յետին ՀՕԿճի գործակալը»։

ՀՕԿը ժամանակին հնարաւորութիւն էր տալիս, որպէսզի 30-ական
թուականներին սովետական Հայաստանի բոլշեւիկեան սատրապը լինի Ի.
Ստալինից յետոյ ամէնից առատաձեռն մարդը, որ սեւծովեան կառավարական
ամարանոցներում արձակուրդը անցկացնելիս յիրաւի թագաւորական նուէրներ
էր տանում. օրինակ, Աբխազիայի նախագահ Նեստոր Լաքոբէին, Ադրբեջանի
մինիստրների սովետի նախագահ Բաղիրովին, Նախիջեւանի նախագահ
Աղամիրովին, Վրաստանի՝ ՉէԿա-ի նախագահ, այնուհետեւ անդրկովկասեան
երկրկոմի քարտուղար Բերիային… Այդ նուէրները Միացեալ Նահանգների
Հայաստանի Օգնութեան Կոմիտէի (ՀՕԿ) ուղարկած «լինքոլն» ինքնաշարժներն
էին։ Բայց այդ «թագաւորական» նուէրները որեւէ օգուտ չունեցան… Հակառակը,
Լավրենտի Պաւլովիչ Բերիան անձամբ հաշուէհարդար տեսաւ անդրկովկասեան
իր մրցակցի հետ։
Իսկ այսօր միակ մխիթարութիւնն այն է, որ երեսուն արծաթով ծախուող
բանաստեղծները, լինի Հայաստան կամ արտերկիր, ծախել ու ծախում են իրենց
անտաղանդութիւնը…

Իսկ հիմա ծանօթանանք յաջորդ օրէնքին, որ վերնագրուած է՝
ՕՐԻՆԱԳԻԾ ԼԵԶՈՒԻ ՄԱՍԻՆ
1
Որովհետեւ լեզուն ազգաբնակութեան հաղորդակցութեան միջոցն է, ուստի բոլոր
քաղաքացիներին պէտք է իրաւունք տրուի օգտուել եւ իրանց իրաւունքները
պաշտպանել մայրենի լեզուով։
2
Հիմնարկութիւններում գործածուող լեզուի վերաբերմամբ պէտք է ընդունել երկու
տարբեր հասկացողութիւն. ներքին պաշտօնավարութեան լեզու, որը
հիմնարկութիւնը գործ է ածում իր գործավարութեան մէջ, եւ արտաքին
պաշտօնավարութեան լեզու, որը իշխանութիւնը գործ է ածում
հաղորդակցութեան համար ազգաբնակութեան հետ։ Ներքին
պաշտօնավարութեան լեզուն է ՝ ակտեր, զեկուցումներ, կոլեգիալ քննութիւններ,
վճիռներ, արձանագրութիւներ (ներքին գործավարութեան վերաբերմամբ).
ծառայութեան ցուցակներ եւ իշխանութեանց փոխհարաբերութիւնները։
Արտաքին պաշտօնավարութեան լեզուն է՝ վճիռների յայտարարումը,
հրապարակային դատողութիւններ, դիմումներ ժողովրդին, կարգադրութիւններ,
ծանուցագրեր, հրաւիրագրեր, հրահանգներ, մակագրութիւններ, հարցումներ,
ազգաբնակութեան դիմումները իշխանութեանը, նրանց խնդիրները,
գանգատները, ցուցմունքները, բացատրութիւնները, բողոքները, գրաւոր եւ
բանաւոր յայտարարութիւնները, այդ առիթով կազմուելիք արձանագրութիւնները
եւ իշխանութեան միջոցով ստացուած գրութիւնները։ Այդ վերաբերում է ինչպէս
անհատներին, նոյնպէս եւ ազգաբնակութեանը եւ առանձին խմբակցութիւններին։
3
Ներքին պաշտօնավարութեան լեզուն աստիճանաբար չորս տարուայ ընթացքում
պէտք է վերածուի հայերէնի։
4
Հայախօս ազգաբնակութեան հետ հաղորդակցութեան համար հայերէնը որպէս
արտաքին պաշտօնավարութեան լեզու պէտք է ճանաչուի պարտադիր։
5
Այն պաշտօնաշրջաններում, ուր որոշ ազգութեան պատկանող եւ հայերէնի
չտիրապետող քաղաքացիները խոշոր թիւ են կազմում, կառավարութեան
օրգանները պարտաւոր են միջոցներ ձեռք առնել, որ այդպիսիները
հնարաւորութիւն ունենան արտաքին պաշտօնավարութեան շրջանում օգտուել
մայրենի լեզուից։
6
Հայերէն գրուած դիմումներին ու գրութիւններին հիմնարկութիւնները պարտաւոր
են պատասխանել նոյնպէս հայերէն, եւ առհասարակ կողմերը օգտւում են
արտաքին պաշտօնավարութեան լեզուի իրաւունքներից։
7
Այն հիմնարկութիւններում, որոնց գործառութեանց էութիւնը ժողովրդի հետ
հարաբերութիւն ունենալն է (դպրոց, դատարան, ադմինիստրացիա,
պարէնաւորում, գիւղատնտեսութիւն, խնամատարութիւն), պաշտօնեաների
ընտրութիւնն ու ընդունելութիւնը պայմանաւորուած է նրանց հայերէնի (գրաւոր
եւ բանաւոր) պարտադիր գիտութեամբ։
8
7-րդ յօդուածում յիշուած հիմնարկութիւններում պաշտօնաւորող անձինք
պարտաւոր են 1 տարուայ ընթացքում տիրապետել հայերէնին (բանաւոր եւ
գրաւոր)։
9
7-րդ յօդուածում չյիշատակուած հիսնարկութիւնները պարտաւոր են 4-րդ եւ Ց-րդ
յօդուածների պահանջները բաւարարող պաշտօնեաների կոնտինգենտ ունենալ,
հարկ եղած դեպքում սոյն օրէնքի հրատարակման օրից սկսած մէկից կէս տարուայ
ընթացքում կարող են հրաւիրել հայերէն չգիտցող պաշտօնեաներ։ Բոլոր
հայերէն չգիտցող պաշտօնեաները գրաւոր պայմանով պարտաւոր են
տիրապետել հայերէնին։
10
Քրէական գործերում հայախօս մեղադրեալի նախնական քննութիւնը, իրեն
յանձնուող բոլոր առաջարկները, դատաստանական քննութիւնը, մեղադրական
ակտը եւ այլ գրութիւններ, դատավճռի հրատարակումը եւ դատավճռի յանձնումը
կատարւում է հայերէն։ Այս օրէնքը իրականացւումէ աստիճանաբար, մի տարուայ
ընթացքում։
11
Լեզուի գիտութիւնը քննելու համար քաղաքներում կազմւում է յանձնաժողովներ
պառլամենտի կողմից (Երեւանում) կամ քաղաքների վարչութիւնների կողմից (այլ
քաղաքներում) ընտրուած անձի նախագահութեամբ եւ արդարադատութեան,
ներքին գործերի եւ հանրային կրթութեան մինիստրութիւնների ներկայ
հատկացումների մասնակցութեամբ։
12
Ամէն մի պաշտօնեայ իր հայերէն գիտնալու մասին պէտք է ներկայացնի
յանձնաժողովին պատշաճ իրականութիւնից տրուած վկայագիր։ Վկայագրի
ներկայացնողները եւ նրանք, որոնց հայերէնի բաւ արար չափով գիտենալը
կասկածելի է, ենթարկւում են քննութեան եւ անյաջողութեան դէպքում արձակւում
են պաշտօնից։ Այն նոր ընդունուողները, որոնք իրենց պաշտօնով կարող են
իմանալ հայերէն, քննութեան չեն ենթարկւում։
13
Լեզուի կանոնների խախտումը հիմք է ծառայում հիմնարկութեան
գործողութիւնների ապօրինութեան եւ կողմերին իրաւունք է տալիս
իշխանութիւնից պահանջել նոր գործողութիւն հայերէն լեզուով։
Լեզուի կանոնները չկատարելու դէպքում իւրաքանչիւր քաղաքացի, ինչպէս եւ
հիմնարկութիւն, կարող է բողոք ներկայացնել։ Դատարանի վճիռը պարտադիր է
բոլորի համար։
Այս խմբագրութիւնը հաստատուած է խմբագրական մասնաժողովի Մայիս 25-ի
1919թ, նիստում։
Իսկականն ստորագրել են խմբագրական մասնաժողովի անդամներ ՝
Գ. ԽՈՋԱՄԻՐԵԱՆ, Գ. ԽԱՏԻՍԵԱՆ, Կ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 199, ց. 1, գ. 14, թթ. 125-12Ց։ Հաստատուած պատճէն։ Մեքենագիր։

Ուշիմ ընթերցողը անմիշապէս նկատեց, որ բնաւ զանց չառնելով
ազգաբնակչութեան մէջ այլազգիների իրաւունքները, կառավարութիւնը որպէս
լիարժէք տէրութեան լեզու յայտարարել է Հայոց լեզուն։
Նկատի ունենալով, որ 1827-ից ի վեր Ռուսաստանի ծայրամասային հայկական
չորս նահանգներում պարտադրաբար ներմուծուել էր ռուսերէնը, հայեցի
կառավարութիւնը ներքին գրագրութիւնների լեզուն հայերէնը դարձնելու համար
չորս տարի ժամանակ էր տալիս, իսկ ազգաբնակչութեան հետ հաղորդակցուելու
լեզուն անվերապահօրէն յայտարարում էր Հայերէնը։
Օրէնքո՛վ։
Կառավարութիւնը Օրէնքո՛վ էր պահանջում հայերէն գիտենալը եւ հայերէնին
չտիրապետող պաշտօնեաներին սեղմ ժամկետներ էր տալիս լեզուն իւրացնելու
համար։ Օրէնքը խախտողներին դատական պատասխանատուութեան ենթարկելը
վերաբերում էր բոլորին՝ անխտիր, իսկ դատարանի վճիռը պարտադիր էր առանց
որեւէ խտրականութեան։
Լեզուի մասին Օրէնքի ամբողջ խստութիւնը պայմանաւորուած էր այն
գիտակցութեամբ, թէ ինքնուրոյն եւ ազատ Հայաստանի Տէրութիւն ունենալու երեք
հիմնական նախապայմաններից է Հայոց լեզուն։
ՕՐԷՆՔ
պետական լեզուն չիմացող պաշտօնեաների լիկվիդացիայի մասին Հաստատուած
է 1920 թ. Մայիսի 30-ին
1. Պետական լեզուն չիմացող բոլոր այն անձինք, ովքեր Հայաստանի
Հանրապետութեան կազմութեան ժամանակ, այսինքն մինչեւ 1918 թ. Մայիսի 28-
ը պաշտօն են ունեցել Հայաստանի պետական եւ հասարակական
հաստատութիւնների մէջ եւ մինչեւ այժմ անընդհատ պաշտօնավարել են ու չեն
ստացել Երեւանի հայոց ազգային խորհրդի 16 Յունիսի 1918 թ. որոշման
համաձայն լիկվիդացիոն վարձատրութիւն, Հայաստանի պառլամենտի 1919 թ.
Դեկտեմբերի 26-ի օրէնքի հետեւանքով պաշտօնից հեռաց՛ու ելիս ստանում են մի
տարուայ ամբողջական ռոճիկ։
2. Լիկվիդացիայի ենթարկուած ընտանիքաւոր պաշտօնեաները, որոնք
Հայաստանի քաղաքացի չեն եւ կամենում են հեռանալ Հայաստանից,
երկաթուղային ձրի տեղափոխութեան իրաւունք ունեն մինչեւ Հայաստանի
սահմանը։
Ծանօթութիւն. խմբով հեռանալու դէպքում նրանց տրւում է ձրի ապրանքատար վագոն
մինչեւ սահման։
Մինիստր նախագահ ՝ Հ. ՕՀԱՆՋԱՆԵԱՆ
ՀՀ ՊՊԿԱ, ֆ.198, ց.1, գ. 58, թ. 20։ Հաստատուած պատճէն։ Մեքենագիր։

Լեզուի նկատմամբ Պետական հոգացութիւնը, եթէ կ՚ուզէք՝ Հայերէնը Տէրութեան
Լեզու ընդունելու եզակի նախապայմանները այս Օրէնքներն են։
Եւ այս նախապայմանները ապահովելու համար էինք ամէն ջանք թափում բայց
այնպէս էլ չյաջողուեց ապահովել Հայերէնի բացարձակ ու անվերապահ
կարգավիճակը՝ մերժելով բոլոր այն բոլշեւիկեան դեկրետներն ու օրէնքները,
որոնք իբրեւ թէ «ապահովում էին Հայերէնի աննախընթաց զարգացումը», ինչպէս
շարունակ հանկերգում են սովետական լեզուաբանները, որոնք իրենց ամբողջ
կեանքը նուիրեցին Հայերէնը եղծելու, Հայերէն մտածողութիւնը խորտակելու, Հայ
մարդուն իր մայրենի լեզուից օտարացնելու ոճիրը մինչեւ վերջ իրականացնելու
գործին։
Հայոց Լեզուի նկատմամբ ձեւական ու անպատասխանատու մօտեցումը, որ
ունեցան իշխանութիւններն ու Ազգային Խորհուրդը ապացուցեց մի
ճշմարտութիւն միայն, որ առանց այն էլ յայտնի էր։ Այդ հանրայայտ
ճշմարտութիւնը 1998-ին հրապարակուեց նաեւ պետականօրէն. «Ռուսերէնը
մտել է մեր կենցաղը»։
Ուստի էլ ինչո՞ւ տարակուսենք, երբ օրինակ, ինչ-ինչ ուժեր արգելում են
հայաստանեան մամուլի մէջ որեւէ հրապարակում Ս. Մեսրոպ վարդապետ
Մաշտոցի այբուբենը եւ ուղղագրութիւնը եղծելու մասին, երբ համահայկական
համաժողովների եւ գրողների միութեան ժողովներում «խորհուրդ չի տրւում»
խօսել այբուբենի եւ ուղղագրութեան նիւթով, երբ «ռուսական դպրոցների
փակման ու ռուսերէնի ճնշման» պատճառ դարձող Լեզուի Տեսչութեան պետ Վ.
Միրզոյեանին անհրաժեշտ են համարում «վանել այդ աշխատանքից» մի
պատճառաբանութեամբ, թէ «ներկայումս անհրաժեշտ է իրականացնել առաւել
հաւասարակշռուած քաղաքականութիւն»… հայոց լեզուի համար։
Հաւասարակշռուած քաղաքականութիւն հայո՞ց լեզուի համար։
Իր իսկ խոստովանութեամբ՝ ռուսերէն մտածող նախագահի մերձաւորները
չբաւարարուեցին սոսկ յայտարարութիւններով ու պաշտօնեաներին
պարտականութիւններից ազատելով…
1999-ի Սեպտեմբերին վարչապետ Վ. Սարգսեանը, որ անկեղծօրէն
խոստովանում էր, թէ «ինքը նախագահ լինել չի կարող, քանի որ ռուսերէնին չի
տիրապետում», ստորագրեց 20-րդ դարի ամբողջ ընթացքին բացայայտօրէն
ապազգային մի որոշում Հայաստանի մէջ ռուսական դպրոցներ բացելու մասին։
Այդպիսի որոշում ստորագրել չէին համարձակուել նոյնիսկ կոմունիստ
սատրապները՝ կասեաններից ու արուտինովներից մինչեւ քոչինեաններ ու
դեմիրճեաններ։ Նրա այս գործողութիւնը 1996-ի Սեպտեմբեր 22-25-ի պետական
յեղաշրջումի անմիջական շարունակութիւնն էր։
Այս որոշման մասին հրապարակեց Փարիզի «Ռուսսկայա միսլ» («Ռուսական
միտք») թերթը 2000 թ. Յունիս 25-ին։
Ահաւասիկ.
«Յունիս 20-ին յայտնի դարձաւ, որ այս տարուայ Սեպտեմբերից Հայաստանի 80
դպրոցների մէջ սկսուելու են ռուսաց լեզուի խորացուած ուսուցում։ Հայաստանի
մէջ Ռուսաստանի դեսպանութիւնը պատրաստակամութիւն է յայտնել կողմի
կրթութեան եւ գիտութեան նախարարութեան տրամադրել մի շարք առարկաների
ռուսաց լեզուով ձրի դասագրքեր։
1999 թուականին Հայաստանի կառավարութիւնը հաստատել է «Ռուսաց լեզուն
Հայաստանի կրթական եւ մշակութային-հասարակական համակարգի մէջ»
հիմնադրոյթը։ Այդ ծրագիրը նախատեսում է մշակել ռուսաց լեզուով պետական
կրթական ստանդարտ եւ աշխատանքի որոշակի փորձ ու բարձրորակ կադրեր
ունեցող դպրոցներին իրաւունք ընձեռել կազմակերպելու ռուսերէնի խորացուած
ուսուցում»։

Այն հարցը, թէ ընդհանրապէս ի՞նչ են նշանակում «խորացուած» եւ
«մակերեսային» ուսուցումներ, եւ հայերէնը դպրոցների մէջ «խորացուա՞ծ»
ուսուցում է եղել, թէ՞ «մակերեսային», այս դէպքում պարզաբանելու կարիք չի
զգում, քանի որ թերթի լրատուութիւնը կարդալով, քիչ թէ շատ ուշիմ մարդը միայն
քմծիծաղ կը տայ… Նրա համար, ինչպէս եւ մեզ՝ բոլորիս համար պարզից էլ պարզ
է, որ նախագահամերձ պետական պաշտօնեաները ներդաշնակուելով
Ռուսաստանի դեսպանի այն արտայայտութեանը, որ «Իսկական հայրենասէր
հայը պէտք է ռուսամետ լինի», արդարացնում են Մոսկուայի յոյսերը եւ
Հայաստանի մէջ վերականգնում են ռուսական դպրոցները։
Նրանք «հաւասարակշռուած քաղաքականութիւն են իրականացնում» մայրենի եւ
օտար լեզուների միջեւ...
Հայաստանի Արարատեան Հանրապետութիւնը իւրաքանչիւր Հայի համար ոչ
միայն ճշմարիտ արժէք է իր վերելքի փորձով եւ կործանումով, ոչ միայն իր
գոյութեան հազիւ երկու տարիների ընթացքին միայն չստանալով, այլեւ տալով, ոչ
միայն իրեն ամենայն հայոց տէրութիւն ճանաչելով, ոչ միայն առանց ծնծղաների
ու սնամէջ պարծենկոտութեան Հայկական համալսարան բացելու եւ այդ
համալսարանի շէնքը կառուցելու, ոչ միայն մինչեւ այսօր չգերազանցուած
հիւանդանոց կառուցելով, այլեւ իր գործիչներով, որոնք անձնազոհ նուիրեալներ
էին եւ որոնց թողած քաղաքական-մշակութային ժառանգութեանը ոչ միայն
չուզեցինք տէր կանգնել, այլեւ թոյլ ենք տալիս, որպէսզի վարկաբեկեն այդ
ժառանգութիւնը, որին տէր կանգնող սերունդը վաղ թէ ուշ իջնելու է
հասարակական-քաղաքական ասպարէզ։
Կ.Ա.Ս.
Փարիզ
2001

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝