Յայտարարութիւն

Thursday, July 29, 2010

Վահան Գէորգեանի Բանաստեղծութիւններէն

Հայրս ամպոտած , գինովցած պահին
Ասում էր տղաս ձայներիզը դիր..
Ինքս անորոշ ցավից շփոթված
Լուռ մոտենում էի նվագարկիչին:
Ասեղն էր սահում ու հաջորդ պահին
Տատս արցունքոտ զարկում էր ծնկին.
Լսվում էր ձայնը նվագարկիչից
«Ձախորդ օրեր կուգան ու կերթան...»:
Ջիվանու երգն էր պապիս պատգամը՝
Իմ կորած պապը... ու ես արցունքոտ
Յոթամյա տղեկ սեւ հագած տատուս
Տաք գրկի մեջ էի արցունքս թաղում:

***
Եռաբլուրը....
Որտեղ չեմ գնում , ե'ս գիտակցորեն.
Գայթակղության ուղին քմայքոտ
Միշտ գոց է պահում։
Ուղեփակոց է, խրված ուղեղի
Տաք գալարներում։
Սումգայի'թը՝ արցո՜ւնքն է ցեղիս,
Մո'րմոքն՝ ուղեղիս ։
Մեղավոր աշխարհի մեղքերի դիմաց
Իմ նախնիների շիրմաքարերը
Անգամ աղացիր....
Համբերությունս օվկիան է անծիր,
Որի ծփանքից ինքս սարսափած
Քո իսկ փրկության աղոթքը շուրթիս.
Աչքերս դեռ թաց մոմեր եմ վառում։
Ու գիտեմ երկար արյուն կծորա
Քո բաց ռեխից՝
Բորենի աշխարհ , որ չես հագենա
Առանց լլկելու արյունը մեր տաք ...

***
Մայրամուտը ծովում
Նավազների կորած
Երազներն է պեղում...
Ալիքների խաղին
Քնքշանքով սիրով
Աստղերն են հսկում:
Նրանք ծովի խորքից
Խեցիներ են հանում,
Խեցիները լեցուն
Նավազների մասին
Երազների լույսով:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝