Յայտարարութիւն

Friday, July 30, 2010

ԿԱՍԻՈՍ ԼԵՌԸ

Կարօտը սրտին մէջ...

Յակոբ Արք.Գլընճեանը Առաջնորդն է Հարաւային Ամերիկայի Թեմին: Հինգ կամ աւելի տարիներ առաջ լոյս տեսաւ իր պատմուածքներու հաւաքածօն՝ Ծիրանի Գօտի ընդհանուր խորագրի տակ: Անցեալները «Բագին» ի մէջ կարդացի իր մէկ պատմուածքը Գարա Ճորճէ վերնագրով:Պատմելու իր յատուկ ոճը կը յիշեցնէ իր հայրը, որ չէր գրեր բայց այնքան լաւ կը պատմէր եւ այնքան սուր յիշողութիւն ունէր , որ ոչ միայն մենք՝ երեխաներս բերնէն կախուած զինք մտիկ կ՜ընէինք, այլ բոլոր մեծահասակները:Անծանօթ հայերէն գիրք չկար Յովհաննէս Քեռիին համար:Մոլի ընթերցասէր : Ծնունդով մտաւորական:Դպրոցական կրթութիւ՞ն՝ համեստ:Նիւթական վիճա՞կ՝ ոչ նախանձելի: Հարստութիւ՞ն ՝ վեց մտաւորական ,ազգին նուիրուած զաւակներ յանձինս վաղամեռիկ մտաւորական Մխիթարեան միաբան Հայր Համազասպ, աւազանի անունով Վահէ, բանաստեղծական մի քանի հատորներու հեղինակ՝ Վրէժ Թուրեան,Շարժայի հայկական վարժարանի հիմնադիրներէն եւ անոր քսաներեք տարուան տնօրէն՝ Վիգէն, այս յօդուածին հեղինակը՝ Յակոբ Արքեպիսկոպոս, աւազանի անունով՝ Յակոբ, ծառայասէր եւ մտաւորական ամուսնացեալ քահանայ՝Տէր Արամ, աւազանի անունով՝ Արամ եւ այս հինգ եղբայրներուն քոյրիկ՝ Սօնիա, Քեսապի Ուսումնասիրաց Միացեալ Վարժարանի ուսուցչուհի:
«Հարուստներ» չէին Յովհաննէս Քեռին ու Աննա Քեռկինը: Մեծահարուստներ էին՝ գլխատառ եւ բարոյական ամբողջական իմաստով:

Երկու պատմուածք ուղարկեց Սրբազան Հայրը հրապարակելու համար «Նշանակ»ին մէջ: Ուշի ուշով կարդացի երկուքն ալ՝ «Կասիոս Լեռը» եւ «Լոյս Թող Իջնի Ձեր Հոգուն» : Սրբազանը տարիներ շարունակ հեռու ապրած է իր սիրելի Քեսապէն .նախ Պէյրութ ապա Էջմիածին, Միւնիխ, Մոնթէվիտէօ սակայն իր հետ է տարած իր գիւղը, իր ընտանիքը, իր գիւղացիները , իր դպրոցն ու ուսուցիչները, իր ընկուզենին , իր անուանակից մեծ հայրը,Յակոբը, որ չէ ճանչցած բնաւ, իր հայրիկը, բայց մանաւանդ իր աննման մայրիկը, որուն մասին յատուկ պիտի անդրադառնամ յաջորդ յօդուածի հրապարակման ժամանակ:
Յաջորդ պատմուածքը լոյս կը տեսնէ մի քանի օրէն:

Կարելի չէ կարդալ այս երկու պատմուածքները եւ նօսթալժիք չդառնալ Սրբազան Հօր նման...

Նշան Պասմաճեան




.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«

Աշնան վերջին օրերն էին։ Քէսապում մարդիկ բերքահաւաքից յետոյ պատրաստութիւն էին տեսնում դիմագրաւելու ցրտաշունչ ձմեռը։ Թէեւ արեւը դեռ շողում էր, սակայն նրա ջերմութիւնը չափազանց նուազել էր, իսկ փայլն էլ կորցրել էր իր երիտասարդական թարմութիւնը։ Օրերը կարճացել էին։
Հայրս աշխատանքի գնալուց առաջ ջուր խնդրեց, եւ մայրս մեր տան արծաթափայլ թասը ջրով լցրեց ու տուեց նրան, որից մի քիչ ըմպելուց յետոյ՝ ասաց.
– ջուրն իր համը փոխել է, Կասիոսի կատարին անպայման ձիւն է իջել։
Անմիջապէս դուրս ելայ նայելու Կասիոսի գագաթին, եւ իրօք այնտեղ գիշերով ձիւն էր իջել։ Տեսարանը հոյակապ էր։ Արեւի հետ միառժամանակ փայլում էր ալեհեր Կասիոսը՝ նորահարսի պէս սպիտակ քօղով պճնազարդուած, բայց ցրտաշունչ ու մենակ։
Գարնան ձնհալին դարձեալ երեւում էր նրա լերկ ու վրանաձեւ գագաթը, մինչ նրա դալարա•եղ լանջերին յորդում էր վերանորոգ ու ցնծալից կեանքը՝ գունա•եղ ծաղիկների հազարաբնոյթ հրապոյրներով պսակուած եւ առուակների ու թռչունների քաղցրահնչիւն մեղեդիներով ճոխացած։
Երբեմն նրագագաթն ամբողջովին կորչում էր մառախուղի կամ թխպոտ ամպերի մէջ։ Այնուհետեւ անձրեւն սկսում էր մաղել՝ խորհրդաւոր եւ ախորժալուր մի շրշիւնով։ Մեկէն լսւում էր ամպրոպի ահեղահունչ ձայնը, շանթեր էին փայլատակում նրա բարձունքներում, անձրեւը դառնում էր տեղատարափ։ Փայլատակումներն աւելի սարսափազդու էին յատկապէս գիշերով, երբ խոր մթութեան միջից մի ակնթարթ լուսաւորւում էր լերան կատարը, իսկ որոտի ձայնից էլ դղրդում էր երկիրը, մինչ շանթերը բեկանւում էին Կասիոսի կողից դուրս ցցուած մի անմատչելի ժայռազանգուածի պռունկին, որը գիւղացիների կողմից կոչւում էր Կայծակի սար, որից ներքեւ բացւում էր մի անդնդախոր կիրճ՝ շտեմարան մոլեգնող քամիների։
Կայծակի սարից ոչ հեռու հայ գիւղացիք մի ուխտատեղի ունէին՝ Բալլում (Պալլում) անունով։ Նրանից մի քիչ ներքեւ կար սառնորակ ջրով մի զուլալ աղբիւր։ Այսօր թէ՛ այդ ուխտատեղին եւ թէ՛ Կասիոս լեռը մնում են սահմանից այն կողմ, թուրքերի ձեռքում, այդուհանդերձ նրանց անմահական ու քաղցրաթախիծ տեսքին ոչ մի բիրտ ոյժ չի կարող վարագոյր քաշել։
Տխրահռչակ սահմանից այս կողմ հէնց որ աչք բացեցինք՝ մեր հայեացքը դիպաւ Կասիոսի ճաղատ գագաթին, որ կարծես թէ մի դարաւոր ու խորհրդաւոր պատ•ամ ունէր մեզ հաղորդելու։ Այնուհետեւ մեր մեծերից յաճախ լսում էինք, որ այդ լեռան բարձունքներում գտնուել են բազմաթիւ հնութիւններ, որ այնտեղ է փորձել Աբրահամը զոհել իր որդուն Աստծուն, որ այնտեղ են հաւաքւում դիւցազունների ոգիները ու ժողովներ գումարում՝ որոշելու աշխարհի ճակատագիրը, որ Բալլումի մօտով հոսող աղբիւրի ջուրը բուժիչ յատկութիւն ունի եւ նրանից խմողը էլ ուրիշ ջրի համը չի զգայ։ Եւ, իսկապէս էլ, մեծահասակ մարդիկ կարօտն էին քաշում այդ սրբազան աղբիւրի ախորժահամ ջրի։
Կասիոսի շուրջբոլորըգտնւող գիւղերն ու աւանները ամբողջութեամբ կանաչապատ են, մինչդեռ ինքը՝ լեռը, բոլորովին լերկ, այն աստիճան, որ այսօր արաբները այն կոչում են Ջեբէլ էլ–Ակրա, այսինքն՝ Ճաղատ լեռ։ Ժամանակին նրա գագաթից կրակ է ժայթքել եւ հրաշէկ լաւաները հոսել են նրա կողերն ի վար՝ ձեւաւորելով նրա այսօրուայ բնանկարը։

Մեզանից համարեա չորս հազար տարի առաջ Հայաստանի եւ Զագրոշեան լեռների կողմերից եկած ու Միջագետքում բնակութիւն հաստատած խուրրիները վերոյիշեալ լեռը կոչել են Քազզի կամ Խազզի, որից գալիս է լատինացած Կասիոս անունը՝ հռոմէացիների տիրապետութեան ժամանակից։ Հիւքսոսները ն. Ք. ԺԸ դարում Սիրիայից գնալով՝ գրաւել են Եգիպտոսը եւ իրենց հետ են տարել ոչ միայն փիւնիկեան աստուածների պաշտամունքը, այլեւ Քազզի լերան անունը, որն հետագայում եգիպտացիների կողմից աղաւաղուելով՝ դարձել է Քասավ, որից մեծ հաւանականութեամբ ծագում է Կասիոսի լանջին գտնւող գիւղի անուանումը, դասական հնչումով յայտնի որպէս Քեսաբ, քանի որ »վ« եւ »բ« տառերը հնչիւնային առումով իրար լծորդ են։

Փիւնիկեցիները Կասիոս լեռը անուանել են Սափոն կամ Սափունու, որ Հին կտակարանում հանդէս է գալիս Ցեփոն անունով (տե՛ս Ելից ԺԴ, 1–3, Թիւք ԼԳ, 6–8, ուր Բահալ–Ցեփոնը գրաբարում նշուել է իբրեւ Բեհէլսեփոն)։
Սափոն լեռը կամ Կասիոսը եղել է փիւնիկ–քանանական Բահալ (Բահաղ) աստծոյ նստավայրը, որի համար էլ այդ աստուածը կոչուել է Բահալ–Սափոն՝ ի տարբերութիւն Բահալ–Հադադի կամ Բահալ–Կարմելոսի։ Այս վերջինը հրեաների պաշտած Աստծու՝ Եհովայի մրցակիցն է եղել, որի քուրմերի դէմ ուժեղ պայքար է մղել Եղիա մարգարէն։
Բահալ նշանակում է տէր կամ սեփականատէր, իսկ Բահալ–Սափոն ՝ տէր հիւսիսի, քանզի Կասիոսը Պաղեստինի հիւսիսում է։ Բահալ–Սափոնը եղել է նաեւ Կասիոսի ստորոտում գտնուող հռչակաւոր Ու•արիտ քաղաքի (Ռաս էլ–Շամրա) պաշտպան աստուածը՝ փոխարինելով Էլ աստծուն։ Բահալը Բաբելոնում եւ Պալմիրայում կոչուել է Բէլ, որն աքքադերէն նոյնպէս նշանակում է տէր։ Նա հանդէս է եկել իբրեւ ամպրոպի ու պտղաբերութեան աստուած։
Բահալ–Սափոնը համեմատուել է յունական Զեւսի կամ հռոմէական Յուպիտերի հետ, իսկ Սափոն կամ Կասիոս լեռը նոյն արժէքն է ունեցել ինչ որ Օլիմպոսը՝ յոյների համար, իբրեւ Զեւսի եւ այլ աստուածների բնակավայր։ Այդ պատճառով էլ Կասիոսի լանջին գտնուող գեղատեսիլ վայրը կոչուել է Բահալիմ կամ Բահալում՝ իբրեւ օթեւան բոլոր աստուածների, որն այսօր յայտնի է Բալլում (Պալլում) անունով։

Աւանդապատումները եւ Ուգարիտում յայտնաբերուած տեքստերը խօսում են Կասիոսի գագաթին իր բնակավայրն հաստատած Բահալի կառուցած շքեղ ապարանքի մասին։ Այնուհետեւ այնտեղ տեղի է ունում մի կատաղի պայքար, մի արիւնալի բախում Բահալի եւ Մովթի միջեւ։ Վերջինս փիւնիկեցիների անբերրիութեան, երաշտի ու մահուան աստուածն էր՝ տէրը ստորերկրեայ աշխարհի կամ »դիակների հաւաքավայրի«։ Նա թէեւ եղբայրն էր Բահալի, բայց զայրացել էր նրա դէմ, քանի որ այս վերջինը ժառան•ել էր բարձրագոյն աստծոյ՝ Էլի աթոռը։
Բահալի եւ Մովթի զէնքերի շաչիւնից երկրաշարժ է տեղի ունենում, Սափոնայի բարձունքներից ժայռաբեկորներ են պոկւում ու ցած գլորուելով՝ բլուրներ կազմում, կիրճեր են գոյանում ու յաճախ լցւում ծովի ջրով։ Կատաղում է նաեւ ծովի աստուած Եամը։
Ի վերջոյ Մովթին յաջողւում է սպանել Բահալին։ Դրա վրայ Անատ աստուածուհին, որը քոյրն էր Բահալի, արդար վրէժխնդրութեան կրակով բորբոքուած՝ իջնում է ստորերկրեայ աշխարհ, գտնում է Մովթին եւ իր սրով կտրատում նրա մարմինը։ Մովթի ոչնչացումից անմիջապէս յետոյ՝ Բահալը յարութիւն է առնում ու վերստին յայտնւում Կասիոսի վրայ։ Նրան այնուհետեւ սկսում են կոչել՝ »անպարտելի տէր Սափոնի«, իսկ Կասիոս լեռն էլ դրանից յետոյ նկատի է առնւում իբրեւ »Յաղթանակի բարձունք«։
Այս բոլորից յետոյ, հիմա առաւել եւս հասկանալի է, թէ Կասիոսի հիասքանչ ու կախարդական գեղեցկութիւնը ըմբոշխնած մեր տարեց գիւղացիները ինչպիսի՜ կարօտով էին նայում նրա խորհրդաւոր գագաթին։ Իսկ նրանք, ովքեր խմել էին Բալլումի մօտակայքից բխող սառնորակ աղբիւրի քաղցրահամ ջրից, պատահում էր, որ իրենց մահուան պահին բուռն ցանկութիւն ունենային մի վերջին անգամ ըմպելու նրանից, այդպիսով մարելու իրենց կարօտը եւ հովացած սրտով բաժանուելու այս աշխարհից, բայց այդ անիծեալ սահմանը արգելք էր մարդկային այդ նուիրական փափաքի յագեցմանը...։

Այս պահին միտքս ընկաւ վանեցի Ասանէթը, թող Աստուած ողորմի հոգուն, որն իր պաշտելի ծննդավայրից տասնեակ հազարաւոր քիլոմեթր հեռու, մահուանից առաջ, հոգեվարքի ժամանակ, Արտամետի խնձոր էր ուզում կամ մի թաս ջուր՝ Ապարանջան աղբիւրից։ Համարեա ոչ ոք չէր հասկանում նրա ուզածի իմաստը, մինչդեռ ես, լինելով նոյնպէս վտարանդի, լաւ էի ըմբռնում խեղճ Ասանէթի ապրած տագնապը։
Գալով ինձ, եթէ պատահի, որ այս հեռաւոր եւ օտարամերժ (այն դէպքում, երբ ցանկանաս պահել ազգային մշակոյթդ եւ ինքնութիւնդ) ափերում •տնեմ իմ վախճանը, պիտի ուզէի կենացս գէթ վերջին պահին մտքով գնալ–հասնել այնտեղ, ուր եղել է իմ ծննդավայրը, ուր անցել է իմ մանկութիւնը, ուր այն երանական օրերին բնութիւնը սուրբ էր եւ անարատ։ Կ՚ուզենայի վերջին ան•ամ նայել Կասիոսի ձիւնապատ գա•աթին, որպէսզի հովացնեմ կարօտակէզ սիրտս։ Իսկ եթէ կենացս այդ վերջին պահը համընկնի ձնհալին, կ՚ուզենայի տեսնել մեր գիւղի արեւաձագը, երբ արեգակի առաջին ճառա•այթները դիպչում են Կասիոսին եւ կարմիր գոյնով ներկում նրա դարաւոր գագաթը՝ ինձ յիշեցնելով Բահալի ու Մովթի արիւնալի բախումը, երբ ձիւնի նօսրացող սպիտակ շերտերը վերածւում են արեան վտակների։ Իսկ ես հիմակուանից արդէն զգում եմ Մովթի պարտութիւնը։ Որքա՜ն պիտի ուզէի ըմբոշխնել այդ տեսարանը. Մովթը՝ մարդկութեան այդ անխիղճ ոսոխը, ծնկի եկած ու պարտուած յաւիտեան...։


Յակոբ Արք. Գլնճեան
Մոնթէվիտէօ


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝