Յայտարարութիւն

Saturday, July 31, 2010

ԼՈՅՍ ԹՈՂ ԻՋՆԻ ՁԵՐ ՀՈԳՈՒՆ

Խելացի մարդիկ շատ են աշխարհի մէջ, իմաստուններու թիւն է քիչ:

Մեր գիւղին մէջ անխելք մարդ համարեա չկար, իմաստուններու թիւնն ալ միշտ բարձր է եղած , այլապէս այդ գիւղը ,տասնեակ դարեր ,իր հայկական դիմագիծը պիտի չկարենար պահել:
Իմաստուն կին մըն էր ինծի շատ սիրելի, քնքուշ, գուրգուրոտ , համեստ ու լաւատես Աննա Քեռկինը, Յակոբ Սրբազանի մայրիկը: Հայր, մայր, մեծ մայր առաւել վեց զաւակներ:Քանի՞ սենեակի պէտք ունի ինը հոգինոց ընտանիք մը նորմալ պայմաններու մէջ ապրելու համար: Աննա Քեռկինը մէկ սենեակի մէջ մեծցուց վեց մտաւորական ,իմաստուն ու կիրթ զաւակներ:Անոնք իմաստութիւնը ժառանգեցին իրենց մօրմէ: Մանկութեան իմ յուշերուս մէջն է տակաւին թէ ինչպէս իւրաքանչիւրին դասը կը սորվեցնէր ան, համբերութեամբ բայց մանաւանդ սիրով ու բծախնդրութեամբ: Հաւատք ունէր իր ըրածին վրայ եւ ինքնավստահ էր որ այդ էր միակ լուծումը իր երեխաները ՄԱՐԴ դարձնելու: Վարձքդ կատար սիրելի Աննա Քեռկին: Այսօր երբ զաւակներուդ գրածները կը կարդամ եւ անոնց ըրածները կը տեսնեմ ՝ ենթահողին մէջ քու ժպիտդ կը տեսնեմ ուրուագծուած, ժպիտ մը որ այլոց ժպիտին չի նմանիր երբէք: Քու ժպիտիդ մէջ առաքելութիւն մը ամբողջացուցած ըլլալու գոհունակութիւնը կայ, պարտաւորեցնող ու թելադրող:

Դուն այն հայուհիներէն ես,որ նուիրեցիր վեց զաւակ ազգին ու եկեղեցւոյ:

Հայ Կնոջ Տարին քու եւ քեզ նմաններուն տարին է: Քեզ եւ քու նմաններն են որ պէդք է մեծարել որպէս Մեծ հայուհիներ:

Թող լոյս իջնէ հոգւոյդ ՝ բարութեան ու զոհողութեան մարմնացում Տիրամայր:

Նշան Պասմաճեան


«.«.«.«.«.«.«.«.«.«..«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«


Հոգիս տարօրինակ խռովքի մէջ է։
Նրա խորքում լուռ թաղուած են այն մի շարք տրտմանոյշ յուշերը, որոնց •լխաւոր դերակատարները իմ հանգուցեալ հարազատներն են, իսկ թատերաբեմը՝ հայրնենի իմ գիւղը՝ Քէսապը իր գերհմայիչ բնութեամբ, երբեմնի իր անապական ու սրբաբոյր զեղումներով առլեցուն։
Այսօր նորից յառնեցին ու դէմս ելան այն սիրելի դէմքերը, մեր դիւղի անցեալի ժրաջան տէրերն ու բազմերախտ մշակները։ Դրա պատճառը մօրս զարմիկի այցն էր Լոս Անջելոսից հարաւային Ամերիկայի այս հեռաւոր ափերը, տասնեակ հազարաւոր մղոններ հեռու մեր երազ դարձած ծննդավայրից, որը քաղքենիացած մարդկանց համար գուցէ բոլորովին անարժէք մի բան է, սակայն իմ հոգում այն մի ծրարուած ու պինդ պահուած սրբութիւն է։
– Պապդ՝ Ջորջը, բնականից իմաստուն մարդ էր,– ասաց մօրս զարմիկը,– մեր գերդաստանում եղել են երեք իմաստուն անձեր. պապդ, մայրիկդ՝ Աննան եւ վաղամեռիկ քոյրս՝ Ռահէլը։
Այնուհետեւ նա բազմաթիւ դրուագներ պատմեց իմ հարազատների մասին, որոնք յուզեցին ու խռովեցին հոգիս։ Ես կեանքիս ողջ ընթացքում ի զուր էի փորձել չդառնալ գերին անցած օրերի քաղցր ու տխուր յուշերի։ Դա ինձ երբեք չէր յաջողուել, իսկ այդ պահին առաւել եւս զգացի, որ մի մասնիկն եմ իմ այդ անցեալի, որի մասին խորհելը, հաւանաբար, աւելի կ՚իմաստաւորի իմ կեանքը, որի ճոխութիւնն ու անարատութիւնը, անտարակոյս, կը ճոխացնի նաեւ իմ էութիւնը։

Ահաւասիկ ես տեսնում եմ երկու հանդիպակաց լեռներ, եւ նրանց լանջերին փռուած դալարա•եղ դարատափեր՝ անասունների մակաղատեղիներով, բերքառատ այգիներով, պտղատու եւ վայրի ծառերով կեանք ու հմայք զգեցած, որոնց մէջ աչքի են ընկնում յատկապէս մշտադալար ու սաղարթախիտ դափնիները։ Նոյնիսկ ձմրան խստաշունչ ու խելագար քամիները, տեղատարափ անձրեւները, ահեղացունց որոտումներն ու գիշերային խաւարը ոչնչով չեն աղարտում դրանց հէքիաթային գեղեցկութիւնը։
Հանդիպակաց լեռները գնալով հեռանում են միմեանցից։ Լեռնահովիտը՝ վերեւից նայելիս, պարզում է մի հրաշագեղ տեսարան։ Հեռւում, շատ հեռւում, լեռների միջից նշմարւում է երկնագոյն ջրերի մի զանգուած, որ գնալով դէպի անծանօթ հորիզոններն է տարածւում, ասես երկինքը միացած լինի երկրին։ Դա մի հատուածն է Միջերկրական Ծովի։

Գեղատեսիլ ու կախարդական հրապոյրներով լեցուն այն հողատարածքը, որ ընկած է այդ երկու լեռների միջեւ, Քէսապի շրջանի Գալատուրան անունով յայտնի դարաւոր գիւղն է հայրենի, ուր ծնուել է մայրս, ուր ապրել են ու տքնաջան աշխատել իմ պապերն ու մայրական կողմի հարազատներս՝ կազմելով մի ամբողջ թաղ՝ յայտնի »Թիթիզեանների Թաղ« անուամբ։ Նրանց շառաւիղներից թէեւ շատ քչերն են այսօր ապրում այնտեղ, բայց գիւղը ինձ համար շարունակում է մնալ իբրեւ թատերաբեմ իմ մանկական յուշերի, իբրեւ ժամադրավայր իմ մանկական անմեղութեան։

Այնտեղ օրը կարճատեւ է, որովհետեւ արեւը շուտ է թաքնւում հանդիպակաց լեռների յետեւում։ Արեւնամուտը բազմերանգ ճառագայթներով է շոյում լեռնագագաթները, ապա՝ հանգում խաղաղութեամբ։ Իջնում է խաւարը լեռներին, ձորերին ու դաշտերին, իսկ եթէ լուսինն ու աստղերը չեն շողում՝ մառախուղի կամ ամպերի կուտակման պատճառով, այն ժամանակ ամէն ինչ պարուրւում է սեւ խաւարում։ Այդուհանդերձ իրիկնամուտը կամ խաւար գիշերը երբեք տխրութեամբ չէր պատում հոգիս, այլ, ընդհակառակը, լապտերի լոյսով աղօտ լուսաւորուած տունը, սարալանջին թիկնած պապիս տունը, հէքիաթային պալատի կերպարանք էր զգենում։ Նրա կրաջրով սպիտակեցուած հաստաբեստ պատերը հարազատի հոգատարութեամբ էին պատսպարում մեզ դրսի խաւարից, քամիների մոլեգին յարձակումներից, ծմակներից յառնող չար ոգիների խարդաւանանքներից։ Այդ պահերին ընտանեկան օջախի առինքնող ջերմութիւնը աւելիով էր զգալի դառնում եւ երջանկութեամբ լցնում մեր սիրտը։

Վաղ առաւօտեան իրար ետեւից արթնանում էին պապս, տատս, ընտանիքի միւս անդամները, իսկ նրանցից առաջ արդէն արթնացել էին զուարթաձայն աղաղակներով ախոռում քնած անասունները։
Պապս հորից ջուր էր հանում եւ լուացուելուց անմիջապէս յետոյ դառնում դէպի արեւելք՝ աղօթելու։ Կեանքումս նրա ջերմեռանդութեամբ աղօթող ոչ մի տղամարդու չեմ հանդիպել։ Այդ պահերին, առաւօտուայ աղջամուղջի միջից, նրա դէմքը փայլում էր զերդ մի լուսատու։

Առեղծուածային մարդ էր նա, միշտ լրջադէմ ու լրջախոհ, բայցեւ դիմացինը չվիրաւորող հիւթեղ հումորով օժտուած, պատրաստաբան ու պարզասիրտ, ժուժկալ ու չափազանց աշխատասէր մի անձնաւորութիւն։
Երբ լեռների լանջերին արածող անասուն էր մոլորւում եւ երեկոյեան տուն չէր վերադառնում, նրա տէրը գալիս էր պապիս մօտ եւ խնդրում, որ կապի գայլի բերանը, որպէսզի նա վնաս չհասցնի անասունին։ Պապս աղօթքով կապում էր գայլերի բերանը, եւ յաջորդ օրը կորածը անվնաս էր վերադառնում ու միանում իր փարախին։
Այս մէկը մի գուցէ անհաւատալի թուայ, բայց պէտք է ընդունել այն իրականութիւնը, որ բնութեան ու տրամաբանութեան սահմաններից դուրս գոյութիւն ունեցող մի իրականութիւն է՝ ըմբռնելի հոգեւոր բարձր մակարդակներ նուաճած մարդկանց կողմից։ Կ՚ուզենայի այստեղ մի անձնական վկայութիւն տալ պապիս ունեցած հոգեկան արտասովոր կարողութեան մասին.
Մեր տան փոքրիկ պարտէզում մի բարձրուղէշ ընկուզենի ունէինք, որի վրայ ամռանը մանր ու սեւաթոյր մրջիւնների մի անհատնում շարան բարձրանում էր անդադար եւ կրկնաշարք կազմելով՝ վար իջնում։ Նրանք կրծում էին ծառի կեղեւը, կամ էլ մի փոքրիկ խոռոչից մտնում ու մեծ վնաս էին պատճառում նրա գոյութեանը։ Ամէն ինչ էինք անում, ամէն տեսակ քիմիական բաղադրութիւններ սրսկում՝ ձերբազատուելու համար այդ գարշահոտ մրջիւններից, բայց անօ•ուտ։ Մի քանի օր նրանք անհետանում էին, բայց նորից յայտնւում։
Պապս մի ան•ամ իմանալով այդ մասին, գնաց կանգնեց ընկուզենու դիմաց, ես էլ՝ նրա կողքին։ Ձեռքերը խաչաձեւ դրեց կրծքին եւ ինձ համար անհասկանալի բառեր արտասանեց։ Մրջիւններն անմիջապէս փոխեցին իրենց ճանապարհը, հեռացան ծառից եւ այլեւս այդտեղ չերեւացին։ Ես ապշել էի։ Պապիս դէմքն այդ պահին այնքան լուրջ էր, որ չհամարձակուեցի մի բան հարցնել նրան։ Այս դէպքի մասին եթէ ուրիշը պատմէր ինձ, հաւանաբար չհաւատայի։

Երբ վերոյիշեալ դէպքի վերաբերեալ պատմեցի բնազանցական գիտելիքների տէր բարեկամիս, նա ամենեւին չզարմացաւ եւ բացատրեց ինձ, թէ հոգեկան որոշ կարողութիւններ ունեցող անձինք •իտեն ազդել բնութեան ու կենդանական աշխարհի զգացական ոգու վրայ։

Սրանից ուղիղ երեսուն երեք տարի առաջ, 1977 թ. 80–ամեայ պապս պառկած էր անկողնում։ Առաջին անգամ էի տեսնում նրան այդ վիճակում։ Ցուրտ ձմեռ էր, գիշեր։ Քաղցր ու հոյակապ յուշերով լեցուն հնադարեան տան երկրորդ յարկում տիրում էր ճնշող լռութիւն։ Միայն լսւում էին բուխերիկում ճարճատող փայտերի ձայնն ու ծխնելոյզի կատարին մոլեգնող քամու ոռնոցը։ Պապս մահանում էր։ Նրա թոռներից միայն ես կայի մօտը։ Նա նայեց ինձ տենդագին, ուզում էր մի բան ասել, բայց շուրթերը մնացին փակուած, իսկ քիչ յետոյ էլ դադարեց բաբախելուց նրա ազնուական ու անզուգական սիրտը, մահուան չարաշունչ ու ցնցիչ դալկութիւնը իջաւ նրա ազնուական դէմքին, մինչ դրսում ցուրտ քամին շարունակում էր փչել ուժգին, իսկ կրակարանում կրակն էլ՝ բոցկլտում տխրադէմ։ Մայրս ու մօրաքոյրս մինչեւ առաւօտ չպոկուեցին նրա սնարից, թէժացրին կրակը, որպէսզի երբեք չհանգի ծուխն իրենց հարազատ ու արդար օջախի։
Մահն ինքնին մեր կեանքի անբաժանելի մասն է, բայց քչերին է տրուած առաքինութեամբ ու պատւով ապրել, ինչպէս նաեւ քչերին է տրուած յատկապէս փառքով ու բարեյիշատակ մեռնել, թէեւ անաղմուկ, բայց սրտակից հարազատներով շրջապատուած, ինչպէս պատահեց իմ պապի հետ։

Հոգուդ վրայ լոյս ու խաղաղութիւն թող իջնի ի՛մ սիրելի, իմաստուն ու վաստակաշատ պապ։ Դու հիմա գտնւում ես այնտեղ, ուր ամէն ինչ ջինջ է ու բերկրալի։ Արա՛ այնպէս, որ քո թոռներից ու ծոռներից միշտ հեռու լինեն այս աշխարհի գարշահոտ ու սեւաթոյր կրծողնորը, նենգ ու խաւարածին մարդիկ, մեր հո•ին մաշեցնող մակաբոյծները։

Նաեւ քո հոգուն լոյս ու խաղաղութիւն թող իջնի, ո՛վ իմ սիրելի տատ՝ Գալամտարենց Հռիփսիմէ։ Քիչ եմ վայելել քո ներկայութիւնը, որովհետեւ դու վաղուց հեռացար այս աշխարհից։ Վերջին անգամ երբ բաժանւում էի քեզանից, դու գրկեցիր ինձ ու ասացիր. »Հալալեցէ՛ք ինձ«։ Այդ արտայայտութիւնը քեզանից սովորեցի։ Այն ժամանակ, դեռ պատանի, չգիտէի դրա իմաստը, սակայն, այսօր, կատարելով քո յանձնարարութիւնը, ի խորոց սրտի ասում եմ. »Ինչպէս այս աշխարհում հալալ եղաւ, թող անդենականում էլ հալալ լինի կեանքդ, ո՛վ դու առաքինի, պարզասիրտ ու հրեշտականման տատիկ։ Մայրս Քէսապի մեր տանը, առնելով քո մահուան լուրը, ինչքա՜ն արտասուեց քեզ համար, դու արժանի էիր նրա՝ ինձ համար շատ թանկ արցունքներրին«։
Տարիներ յետոյ, այժմ լուսաբնակ մայրս, այս աշխարհին հրաժեշտ տալուց առաջ, ջուր խնդրեց, մի քիչ զուլալ ջուր իր պապենական տան առջեւ գտնւող ջրառատ հորից, որպէսզի նրանով մի քիչ հովացնի յանուն սուրբ օջախի ողջակիզուած իր մայրական սիրտը եւ մի անգամ էլ կարօտալից ողջագուրուի իր մանկական քաղցր յուշերի ու բարի ծնողաց յիշատակի հետ...։

Հոգուս խորքում անթեղուած յուշերն այսօր տողանցեցին իմ մտքի հորիզոնին, որից յետոյ քաղցրածաւալ մի անդորր համակեց ողջ էութիւնս։ Լեռների լանջերին տարածուած հրաշագեղ բնութիւնը ծննդավայրն է իմ թանկագին մայրիկի։ Այդ գիւղի տէրերը, նրա անցեալի արիասիրտ եւ առաքինի բնակիչները խառնեցին իրենց քրտինքն ու աճիւնը այդ հողին, գրկախառնուեցին նրա հետ, իսկ իրենց հոգիներն էլ ճախրեցին դէպի ազատութիւնը երկնքի, դէպի անմահութիւն եւ յաւիտենականութիւն։

Երանի թէ նրանց ժառանգորդները կարողանան պահել նրանց անպարտելի ոգին ու շէնացնել այն, ինչ որ ժառանդ ստացան նրանցից։ Միայն աւերակուած հոգիները աւերակի կը վերածեն իրենց տունն ու տեղը։

Գրեց՝ Յակոբ Արք. Գլնճեան


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝