Յայտարարութիւն

Sunday, August 22, 2010

ՄԵՆԱՒՈՐ ԻՇԽԱՆԸ 1

ՄԵՆԱՒՈՐ ԻՇԽԱՆԸ

–Եփրատ գետից ոչ շատ հեռու, նախկին Սերգիոպոլսում, Օմայեանների Հիշամ Բ Աբդ էլ–Մալիք խալիֆայի կառուցած շքեղ ապարանքում, որ կոչւում էր Ալ–Ռու–սաֆա, ապրում էր նրա ամենասիրելի թոռը՝ Աբդել–ռահմանը։
Ալ–Ռուսաֆան անապատային այդ ամայութեան մէջ մի ովազիս էր կարծես։ Ամրոց–պալատը շրջապատուած էր գեղատեսիլ պարտէզներով, վարդաստաններով, կար–կաչահոս առուակներով ու ցայտաղբիւրներով։ Վաղ առաւօտեան, երբ օգոստափառ պերճանքով ծագում էր արեգակը, չորս կողմից լսւում էր գունագեղ թռչունների ճռուողիւնը՝ խառնուելով արաբական համբաւա–ւոր նժոյգների խրխինջին։
Աբդելռահմանը որդին էր Մուավիա իշխանի։ Մայրը բերբերների ցեղից սերած մի ստրկուհի էր՝ Ռահ անունով։ Ընդունուած կարգի համաձայն, երբ ստրկու–հին արու– զաւակ էր ծնում, արժանանում էր իր տիրոջ շնորհին եւ ազատւում ստրկական վիճակից։
Հիշամ խալիֆան շատ անգամ էր լինում Ալ–Ռուսաֆայում թէ՛ հանգստանալու եւ թէ՛ ժամանակաւորապէս խուսափելու իր դէմ նիւթուող խարդաւանանքներից։ Նրա ներկայութիւնը ուրախութեամբ էր լցնում պատանի Աբդելռահմանի սիրտը, քանզի պապն ընդունակ էր երջանկացնելու իր շրջապատը։ Նա երեկոները խնջոյքներ էր կազմակերպում, հրաւիրում էր նշանաւոր գուսանների՝ երգելու փառքը Օմայեանների ազնուական տոհմի, որի ներկայացուցիչն էր ինքը։ Բացի դրանից խալիֆան հետամուտ էր նաեւ իր ընտանիքի անդամների դաստիարակութեանը, նրանց մէջ արաբական ոգու ամ-րապնդմանը։ Տղամարդկանց մարտունակութիւնը բարձրացնելու համար նա անձամբ հսկում էր զինավարժութիւններն ու ռազմագիտական պարապմունքները։ Այդ առնչութեամբ մեծ ապագայ էր խոստանում Աբդելռահմանը՝ լինելով փայլուն ընդունակու–թիւնների տէր մի պատանի։
Քաղցրայուշ այդ օրերը մնացին անցեալում, դարձան անկրկնելի, իսկ Աբդելռահմանի հոգում էլ դրանք անջնջելի յիշատակներ թողեցին։
Հայերիս համար, սակայն, Ալ–Ռու–սաֆան կամ մեր լեզուով Ռուծափը, ստորեւ նկարագրուած հոգեցունց դէպքերից տասնհինգ տարի առաջ, արդէն դարձել էր մի անիծեալ անուն, ստացել էր ոճրապատ յիշատակ թողած մի դառնակսկիծ համբաւ։ Այնտեղ, այդ պալատում եւ համանուն քաղաքում, կատարուել էր մի անարդար եւ զարհուրելի դէպք. հայոց Գողթնեաց գաւառի Խոսրով իշխանի որդին՝ երիտասարդ, գեղադէմ եւ առաքինազարդ Վահանը, ենթարկուել էր անմարդկային չարչարանքների, այդուհանդերձ նա արիւնլուայ վիճակում անգամ արիաբար մերժել էր ուրանալ իր քրիստոնէական հաւատը, որի պատճառով էլ Հիշամ խալիֆայի հրահանգով գլխատուել էր։ Հայոց իշխանի կրած չարչարանքներն ու անմեղ արիւնը, ասես իբրեւ դատա–պարտութիւն, իջել էին Ալ–Ռուսաֆայի պարիսպներին եւ խալիֆայի գերդաստանի վրայ։ Մեծ էր Վահանի մահուան թողած վիշտը նրա մերձաւորների եւ բազմաթիւ արաբ ընկերների սրտերում, սակայն Ալ-Ռու–սաֆայի նորահաս սերունդը ոչինչ չգիտէր այդ մասին։ Նրանց համար այնտեղ ոչ մի ոճիր չէր պատահել։ Ա–մէն ինչ օրօրւում էր խաղաղ մեղկութեան մէջ...։
Հեջրայի 132 թուականն էր, իսկ մեր թուարկութեան 750 տարին։ Հիշամ Բի որդին՝ Մրուանը, ար–դէն մի քանի տարուց ի վեր դարձել էր Դամասկոսի նոր խալիֆան։ Սա այն Մրուանն էր, որ մի ժամանակ եղել էր Հայաստանի արաբ կառավարիչը։
Յիշեալ թուականի գարնան խաղաղ ու զովաշունչ երեկոներից մէկն էր։ Դեռ քսան գարուններ չբոլորած իշխան Աբդելռահմանը նստել էր Ալ–Ռուսաֆայի դալարագեղ զբօսայգում, բարձրուղէշ մի արմաւենու տակ։ Երկինքն այդ պահին կախարդական գեղեցկութեամբ ու աստղերի պսպղացող պերճանքով էր պարուրուած։ Բառերն անզօր են նկարագրելու արեւելեան անամպ երկինքների հրաշագեղ վեհութիւնը։ Աշխարհի ոչ մի անկիւնում երկինքն ու երկիրը չեն կարող այնքա՜ն ներդաշնակ հաղորդակցութեան մէջ լինել, որքան Եփրատ գետի մերձակայ տարածութիւններում։ Զուր տեղը չի ասուել, թէ Աստուած իր դրախտը այդ վայրերում է հաստատել։
Իշխանը հմայուած էր բնութեան այդ հոյակապ տեսարանով։ Նրա հոգին ուզում էր ճախրել դէպի հեռուները, դէպի բարձունքները երկնային, ուզում էր վե–րահասու դառնալ մահկանացուներից թաքնուած գերբնական ճշմարտութիւններին։ Նրա մաքուր հոգին երբեք չէր գոհանում պալատական պերճանքներով կամ իրեն շրջապատող արաբական հուրիների գրգանքներով։
»Այս գիշերը,–մտածում էր Աբդելռահմանը՝ նայելով երկնքին, նման է Ալ—Կադր գիշերուան, երբ հրեշ–տակ–ները Բարձրեալի Գահի մօտից իջել են երկիր, հսկել բնութեան ու մարդկութեան վրայ, մինչեւ այաբաց ամէն ինչ լցրել խաղաղութեամբ ու երջանկու–թեամբ«։
Դա նաեւ այն գիշերն էր, երբ Ղուրանը իջել էր երկնքից։ »Ալ–Կադր իշերը հազարաւոր ամիսներից էլ գերազանց է« (Սուրա 97)։
Պարզկայ գիշերուայ վեհութիւնը մղում էր Աբդել–ռահմանին ծնրադրելու եւ աղօթելու աշխարհների Արարչին.
— Տո՛ւր ինձ ջինջ հաւատ, վստահութիւն, խաղաղութիւն եւ ենթակայութիւն քո սուրբ կամքին, որպէսզի կարողանամ ապրել ու գործել այնպէս, ինչպէս որ քեզ հաճելի է։
Այնուհետեւ նա զգում էր, թէ իրեն վերապահուած է պատասխանատու դեր կատարել իր ազգի ու կրօնի համար, մանաւանդ որ մի օր իր պապի եղբայրը՝ Մուսլաման, որ նշանաւոր գուշակ էր, նայելով իր՝ Աբդել ռահմանի դէմքի ու վզի գծերին՝ ասել էր. »Այս երեխան բարձր դիր–քերի է հասնելու, կարեւոր անձնա–ւորութիւն է դառնա–լու Օմայեանների գերդաստանում«։
Աբդելռահմանի մտքով, սակայն, երբեք չէր անց–նում, որ մի մահասփիւռ ալիք գնալով մօտենում էր եւ շուտով բախուելու էր Ալ–Ռուսաֆայի դարպասներին։
Աստծոյ ստեղծագործութեան մէջ մարդ արարածը միակն է, որ հազար ու մէկ հնարամտութեամբ ոչնչացնում է իր նմանին կամ էլ նրա խորտակումը իրեն հաճոյք է պատճառում։
Թուականը միեւնոյնն էր, Հեջրայի 132–րդ տարին։ Դամասկոսի Օմայեան խալիֆայութեան դէմ ապստամ–բութեան դրօշ էր բարձրացրել իրեն մրցակից Աբբաս-եանների տոհմը՝ գլխաւորութեամբ Աբուլ–Աբբասի։
Ողջ Արեւելքում ոչ մի արիւնահեղութիւն, ոչ մի պատերազմ չի եղել այնքան դաժան ու ահաւոր, որքան որ եղան գահակալական կործանարար կռիւները Աբբասեանների եւ Օմայեանների միջեւ։ Մրուան Բ խալիֆան նահանջելով՝ հասաւ Եգիպտոս, ապաստանեց Բուշիր աւանի ղպտիների եկեղեցում։ Աբուլ–Աբբասի զինուորները գտան նրա թաքստոցը, իսկ նա մինչեւ վերջին շունչը զէնն ի ձեռին կռուելով՝ սպանուեց։
Աբբասեանները չբաւականացան Մրուան Բ–ի մահով, նրանք Դամասկոսում բաց արեցին Օմայեան խալիֆաների դամբարանները եւ պղծեցին նրանց աճիւնները։ Իշխանուհիներից մէկին տանջամահ արեցին, քանի որ նա մերժեց ցոյց տալ զաւթիչներին անձերի թա–քըստոցը, իսկ Մրուան Բ–ի եղբօրորդիներից մէկին էլ, Աբդելռահմանի զարմիկին, կտրելով մէկ թեւն ու մէկ ոտքը, ծաղր ու ծանակի ենթարկելով՝ պտտեցրին Դամասկոսի փողոցներով։
Ամենից սարսափելին, սակայն, Պաղեստինում Աբու–Ֆութուսի նախճիրն էր։ Աբբասեանների առաջնորդ Աբուլ–Աբբասի հրահանգով, Դամասկոսի ներկայացուցիչը՝ Աբդալլահը, հաշտութեան առաջարկով հրաւի–րում է Օմայեան իշխաններին Աբու–Ֆութրուսի պալատը՝ ճաշկերոյթի։ Մօտաւորապէս իննսուն Օմայեան ազնուականներ դուրս են գալիս իրենց թաքստոցներից եւ ընդառաջում հրաւէրքին։ Ճաշկերոյթը չսկսած՝ Աբդալլահի զինուած մարդիկ խուժում են դահլիճ եւ դաժանօրէն կոտորում հրաւիրեալներին։ Սրահի յատակն ու պատերը արիւնով են ներկւում, ոմանք դեռ վիրաւոր վիճակում են։ Զինուորները նրանց վրայ գորգեր են փռում եւ սկսում ճաշկերոյթը՝ տօնելով իրենց յաղթա–նակը, մինչ գորգերի տակից լսւում էր մահամերձների աղիողորմ տնքոցը։
Աբուլ–Աբբասն իր համար ընտրում է իր անգութ նկարագիրը բնորոշող մի անուն՝ Ալ–Սաֆֆահ, որ նշանակում է արիւնահեղ, արիւնռուշտ։ Նրանով այլեւս խալիֆաները դա–դարում են արաբական ազգային առաջնորդներ լինելուց, որոնք արաբականացման քաղա-քականութիւն էին վարում իրենց րաւած երկրներում։ Այնուհետեւ նրանք դառնում են առաջնորդները մուսուլմանութեան, իսլամ հաւատացեալների, անկախ նրանց ազգային պատկանելիութիւնից։ Աբուլ–Աբբասին յաջորդում է իր եղբայրը՝ Ալ–Մանսուրը (754–775), որը 762 թուա–կանին խալիֆայութեան մայրաքաղաքը Դամասկոսից տեղափոխում է Բաղդադ։
Ամենուրեք ծածանւում էր Աբբասեանների սեւաթոյր դրօշը։ Բախտի բերումով Ալ–Ռուսաֆայի Աբելռահման իշխանը ներկայ չի եղել Աբու–Ֆութրուսի ճաշկերոյթին։ Նա իր ընտանիքի հետ, հալածական դարձած, թաքնուել էր բեդեւիների մօտ։ Ապահովու–թեան համար յաճախ վայրից վայր էր տեղափոխւում։
Անապատը անծայրածիր է։ Ինչքան գնում ես՝ հո–րիզոնն այնքան աւելի է հեռանում։ Դժուար է կողմնո–րոշուել անապատում, որն Աբդելռահմանի համար Ալ–Ռուսաֆայի դրախտից յետոյ դարձել էր միակ ա–պաս–տարանը։ Բայց Աբբասեանների ձեռքը հասնում է նաեւ այնտեղ։ Նրանք հետեւում են այն գուժկանին, որ Աբու–Ֆութրուսի ջարդի լուրն էր տանում իշխանին։ Վերջինս գնացել էր որսի։ Նրա ապաստարանում այդ պահին գտնւում էր եղբայրը՝ Եահիան։ Թշնամին ներս է մտնում եւ տեղնուտեղը գլխատում թէ՛ իշխանին եւ թէ՛ գուժկանին։
Զինուորների գնալուց յետոյ Աբդելռահմանը վերադառնում է եւ, տեսնելով իր եղբօր լխատուած մարմինը, անսահման ցասումով է լցւում մարդասպանների նկատմամբ։ Անէծք է կարդում Աբուլ–Աբբասի հասցէին, որն ամենայն հպարտութեամբ էր կրում Ալ–Սաֆֆահ անունը։

Բայց ժամանակ չկար յամենալու։ Թշնամին անողոք էր եւ այժմ հետապնդում էր մէկ նպատակ. գտնել ու սպաննել Օմայեանների վերջին գահաժառանգներին։ Արդէն նրանցից ողջ էին մնացել միայն երկուսը՝ Աբ–դելռահմանն ու նրա փոքր եղբայրը, միւսները կանայք եւ երեխաներ էին։
Ի՞նչ իմաստ ունի այլեւս ապրելը,– անցնում էր Աբդելռահմանի մտքով,– այդքան հարազատներ կորցնելուց յետոյ, երբ տեղ չունես գլուխդ դնելու, երբ քեզ նոյնիսկ շնչելու իրաւունքից են զրկում։
– Ալլա՜հ,– գոչեց նա,– քո ինչին է պէտք այս ամէնը, որ բերում ես մեր գլխին, միթէ դո՞ւ էլ ես զուարճանում Աբուլ–Աբբասի նման արիւնահեղութեան տեսարաններով...։
Այդ պահին իշխանը նկատեց, որ իր չորս տարեկան որդին՝ Սուլէյմանը, լալիս է անձայն։ Նոյն վիճակում էին եղբայրն ու իր բարի եւ հաւատարիմ ծառան՝ Բադրը։ Նրանց լացը ընկճելու փոխարէն աւելի արիութեամբ է լցնում իր սիրտը եւ յանուն նրանց փրկութեան՝ նա որոշում է ապրել, մաքառել ու իր հարազատների վրէժը լուծել։ Բայց ո՞ւր գնալ։ Աբուլ–Աբբասի զինուորները ամէն տեղ փնտռում էին նրան, տնից–տուն, վրանից վրան։ Հարկաւոր էր շտապ անցնել Եփրատ գետը եւ հետքերը միւս ափում կորցնել։
Աբդելռահմանը իր կրտսեր եղբօր եւ Բադրի հետ գետ է մտնում, լողալով շարժւում է դէպի միւս ափը։ Նա լողալու մէջ մեծ հմտութիւն ունէր, բայց ափից հազիւ հեռացած՝ մէկէն նկատում է, որ եղբայրը յետ է մնում։ Հրահանգում է աւելի արագ առաջ շարժուել, բայց եղ–բայրը, տկարակազմ լինելով, յոգնել էր։ Շուտով յայտնւում են թշնամու զինուորները, որոնք հաշտութեան խոստումներով կոչ են անում փախստականներին յետ դառնալ։ Աբդելռահմանը ծանօթ լինելով նրանց նենգութեանը՝ շարունակում է փախուստը, խրախուսում է եղ–բօրը չմնալ տեղում, աղաչումպաղատում է շարունակել լողալ, բայց ի զուր...։ Զինուորները բռնում են նրան։ Աբդելռահմանը հեռուից լսում է եղբօր մահազարհուր հառաչանքները եւ ականատես է դառնում բարբարոսների ձեռքով նրա գլխատմանը։

Յակոբ Արք. Գլընճեան
Մոնթէվիտէօ Ուրուկուայ

Շար . 1



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝