Յայտարարութիւն

Tuesday, August 10, 2010

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԵՒ ՆՐԱ ՍՐԲԱԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆԻ ՆՇԱՆԱԿԻՆ ՈՒՂԱՐԿԱԾ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶԵԱՆԻ ՄԱՍԻՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ Է ԱՅԴ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆԻՆ «ՄԻՒՍ ԵՐԵՍԻՆ »ՄԱՍԻՆ:ՄԵԾԱՊԷՍ ԿԸ ԳՆԱՀԱՏԵՆՔ ԵՒ ՄԵՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԵՆՔ ԳԷՈՐԳԵԱՆԻ ՈՒ ԻՐ ՆՄԱՆ ՊՐՊՏՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ:
«ՆՇԱՆԱԿ»
«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.««.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.

Վահրամ Փափազյան մեծ դերասանը էր, ու նույնքան էլ մեծ գրող էր: Նրա բազմաթիվ հուշագրություններից արժեքավորը` «Հետադարձ Հայացք» երկհատորյակը, առաջին անգամ տպագրվել է 1956- 57 թվականներին Երեւանում: Հետագայում` վերահրատարակվելով մի քանի անգամ, մեծ արտիստին դարձրեցին ավելի հանրաճանաչ ու փնտրված հեղինակ: Նա ուներ ինքնատիպ Փափազյանական, անկրկնելի ոճ, ճոխ ու հարուստ բառապաշար: Գրավոր խոսքն էլ՝ գերող ու գրավիչ, ընթերցողին հմայող ու իր հույզերով բառացիորեն կլանող:

Փափազյանը պատմում է իր ապրած կյանքը, իր բազմաթիվ սիրավեպերը, Բայրոնից էլ վառ ու հմայիչ նկարագրում է իր` Փափազյանական Դոն-Ժուանին: Բայց այսօր հիսուն տարի անց ես ամենեւին էլ նպատակ չունեմ վերապատմելու նրա պատմածները : Նախ նրա պես ճոխ չեմ կարող պատմել, եւ բացի այդ կան, մնացել են բարեբախտաբար գրքերը, որն արժե կարդալ:

Հարազատ մնալով Մեծ Վահրամի ոճին ես ուրիշ մի հետաքրքիր ու Փափազյանին ավելի մեծարող պատմություն եմ ձեզ պատմելու, «սիրելի» ընթերցող, պատմություն, որն իրականում Վահրամը պիտի պատմեր:
Այո, եթե իր ժամանակին այդ պատմությունը, որն հիմա ես եմ պատմելու՝ տեղ գտներ իր գրքում, հավանաբար մեծ դերասանը դժվար թե՛ խուսափեր սերնդակից, մյուս` մեր մեծերի ճակատագրից:

Ես խոստացա հավատարիմ մնալ փափազյանական ոճին: Այդ պատճառով չեմ շտապելու:
Եւ այսպես սիրելի հայրենակից աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես գիտեք Ռուսական կայսրությունը թուրքական ռազմաճակատում օգտվում էր հայկական կամավորական զորամասերից:
Ռուսական իշխանություններն էլ հանուն իրենց շահի օգտագործում էին մեր ներուժը , հետագայում մոռանալով տված խոստումները, ինչպես` մյուս մեծ ու հզոր տերությունները` դարեր շարունակ, նման սին խոստումներով խաբում էին ու խաբում են փոքրերին: Հզոր տերությունները մեր բոլոր հարեւանների նման մեզ սիրաշահելով , օգտագործելով մեր կարողությունները, վերջում մեզ թողնում էին բախտի ու մեր իսկական թշնամու երախում:

Այդ ծանր ու ճակատագրական պատերազմի տարիներին հայ մտավոր միտք տենդորեն ելք էր փնտրում. մի կողմից թուրքն էր, մյուս կողմից ռուսը: Նրանք երկու օտար ու թշնամի տերություններ պատերազմում էին մեր պատմական հայրենիքում ու յուրաքանչյուրն իր նվաճած տարածքում ապրող մեր հարազատներին, մեր միամիտ ու ոչ դիվանագետ հայրերին պարտադրում էին կամավոր կռվել իրենց կողմից: Ստացվում էր որ մենք պիտի մեր տանը կռվենք միմյանց դեմ: Ասենք ինչպես մեզ լավ հայտնի «Սարոյան եղբայրներում» օտար ու սին գաղափարներից գայթակղված եղբայրները թշնամացան: Այդ տարիներին ի պատիվ հայերիս մենք խուսափեցինք հանուն թուրքի` կռվել ռուսի դեմ, բայց էլի ի պատիվ մեզ հանուն ռուսի կռվեցինք թուրքի դեմ: Կռվեցինք:
Սիրելի ընթերցող մեր այդ կռիվը ինչ ավարտ ունեցավ գիտե յուրաքանչյուրս, այնպես , որ այն վերապատմելու նպատակ չունեմ: Ինչ կորցրեցինք ու ինչքան արյուն, տաք արյուն զոհեցինք աշխարհը գիտե:

Իմ նպատակը չէ տասնհինգ թվականին կազմակերպված կամավորական շարժումների ժամանակ , մեր հայ ուսյալ ու զարգացած մտավորականության հրաշալի փաղանգի մասին պատմել: Չնայած ցանկությունը կա, բայց դա էլ մի ուրիշ առիթով : Թե ինչու, ինքներդ էլ կարող եք գուշակել: Ես հիմա ցանկանում եմ ձեզ պատմել իմ կողմից պատահականորեն գտած մի վավերագրության մասին, որի «մեղավորը» Վահրամ Փափազյանն է:

Ով կարդացել է Փափազյանի գիրքը լավ հիշում է , եթե մոռացել է , կարող է կրկին աչք անցկացնել: Այդ օրերի հուշերի վավերագրերում չկա ոչ մի տող պատերազմի դաշտի ու կամավորների մասին:Հետագա տարիներին, երբ չկար ստալինյան ու սիբիրական արտաքսումների սարսափը, Վահրամը կը նկարագրի իր հանդիպումը Անդրանիկի թարգման ու Անդրանիկի «Հայաստան» անունով թերթի խմբագիր Վահան Թոթովենցի հետ: Հուշեր կը գրի Նշանավոր Հայդուկ Քեռու մասին, ու հուշն էլ կտա Գրիգոր Քեշիշյանին, որն էլ հետագայում կը տպագրվի շատ ուշ, արդեն Անժելա Հակոբյանի («Գարուն»-ի նախկին ավագ խմբագիր, հրաշալի արձակագիր) կողմից: Այժմ գրասեղանիս նախորդ դարասկզբին Կ.Պոլսում հրատարակված նշանավոր մտավորական , հայ գրականության նվիրյալ, նույնքան նշանավոր Շահան Շահնուրի մորեղբոյր` Թեոդիկի «Ամենուն տարեցույցի» ԺԵ տարվա հրատարակությունն է: Ես հիմա բացել եմ երեքհարյուր հինգ էջը եւ արտագրում եմ այստեղ նույնությամբ.

«…Հաջորդ տարվա ամռանը նույն խումբին հետ կերթայ հանգստանալ Շուշի ուր գրեթե նույն խաղացանկով ներկայացմանց կսկսի.- Բայց հորիզոնը կարմիր է առավել քան երբեք, ամենայն ազգք եւ ազգիք ահա պաշտամունքի են ելած Օգոստափառ Արեսի:

1915 թվականի Ձմեռը Վահրամ կը փութայ «կամավոր» արձանագրվիլ, չընայելով արուեստակիցներու եւ խմբագիրներու յարուցած արգելքին:
Անդրանիկ եւ Դրոն պատշաճ չեն տեսներ կռիւի ասպարեզը` բեմական գործիչի մը համար: Քեռի միայն կընդունի զինք, իր մոտեն չհեռանալու պայմանավ: Ահա այդ օրեն սկսեալ տարի մը ամբողջ, բեմի վրա «Գնդապետ Պռիտօ»-ն հասարակ «թիկնապահ» մըն է, ռազմի փորձնավոր կրկեսին վրա` ուր Հայկական Դ. կամավորական բանակը-Զօրավոր Պառաթովի բանակին իբր յառաչապահ կը գործեր պարսկական սահմանագլուխը: Սուինաւոր կատաղի յարձակման մը պահուն Վահրամն կը վիրավորվի կուրծքեն եւ կստանայ Սուրբ Գեորգի խաչը…»:

Վահրամ Փափազյանը Քեռու խմբում մեկ տարի մնալով , մասնակցելով մարտերին , կատարելով թարգմանի ու համհարզի պարտականությունները, կրծքից վիրավորվելով ապաքինվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում ու կրկին մտնում է թատրոնի աշխարհը:
Կամավորականի համազգեստով քսանութամյա դերասանի նկարն էլ տեղադրված է նույն էջում:
Այժմ, մենք սիրելի ընթերցող քեզ հետ միասին վերցնենք Վահրամ Փափաղյանի
«Հետադարձ Հայացք» հրաշալի ու առասպելի շնչով գրված գրքի առաջին հատորը, բացենք այս անգամ երեքհարյուր յոթանասուն էջը:
Մինչ մեջբերումը ասեմ , որ Վահրամը դեպքերը նկարագրելու ընթացքում այստեղ իր հերթական հոմանուհուն վերագրում է բազմաթիվ հոգեկան շեղումներ, որի շնորհիվ նա իր պատմելով կանաց հրապուրող ու հեշտ հրաժեշտ տվող Դոն-Վահրամը խճճվում ու դառնում է հոմանուհու գերին, որից ազատվելու միակ ելքը մնում է ինքնասպանությունը, եւ նա , բեմում հազար անգամ այդ «սպանությունների» տեսարանը հրաշալի կատարած դերասանը, հուսահատության ու անզորության տակ իրականում քիչ է մնում , որ ինքնասպան լինի: Սիրուհու տան եղած թրով հարվածում է ինքն իրեն ու հազիվ են նրան փրկում ստույգ մահից: Ստացվում է այնպես, որ Թեոդիկի ասածով նա վիրավորվում է թուրքից, իսկ իր պատմելով իր վրա սիրահարված համարյա խելագար կնոջից ազատվելու համար թրով զարկում է իրեն: Այստեղ անգամ ճշմարտության դեմ մեղանչող արտիստը մնում է վերլուծող ու փիլիսոփա, խելագար կնոջ սերը հավասարացնում է թուրքի ատելության:


Ինչ խոսք երկուսն էլ վտանգավոր են , թե ատող թուրքը՝ եւ թե մինչեւ ականջները սիրահարված կինը: Այստեղ արդեն մնում է միայն կարեկցել ու զարմանալ թե ինչ լուսավոր միտք ուներ մեծ արտիստը , որ կարողացավ ազատվել երկուսից էլ: Իսկ հիմա եկավ պահը գրքից մեջբերում կատարելու,
«Պետք է խոստովանիմ քեզ, սիրելի ընթերցող , որ երբեք չեմ կարողացել սառն ու անտարբերությամբ պատասխանել իմ հանդեպ արտահայտված սիրո որեւէ զգացում: Եւ այդ կարգի մի զգացում, որին այս կամ այն պատճառով չեմ կարողացել ես մասնակից լինել` միշտ աշխատել եմ սակայն, համբերատար համոզողի վարքագիծ պահել եւ շենշող կատակով մեղմել այդ, կամ խուսափել նրանից` բարեգութ ժամանակին թողնելով բուժել «հիվանդին», ազատելով նրան ինձանից , եւ ինձ` նրանից:
Այս անգամ , սակայն , իմ բոլոր հաշիվները ի դերեւ ելան:
Հիստերիկ խառնվածքով, ծայր աստիճան դյուրազգաց եւ ախտաժետորեն ջղայն մի կին էր դեմս կանգնածը: Տարիքով քառասունի մոտ, որը , ըստ Բալզակի , գեղեցիկ սեռի ամենակրիտիկ տարիքն է նկատված, Լայպցիգի նախկին ուսանողուհի եւ լայն դաստիարակությամբ օժտված այդ տիկինը ծնվել էր Շուշիում եւ մեծացել էր Պետերբուրգում»:
Պատմում է Վահրամը ու պատմում , բայց այսօր էլի շատ կարեւոր է , որ կամավոր Վահրամին այն ծանր օրերին ու տարիներին ոչ մի մտավորական չմատնեց, ոչ մեկը ոչ մի տող չգրեց, գուցե խնայեցին տաղանդավոր դերասանին, գուցե նա այնքան խելացի էր , որ այդ տասնամյակներին նա հեռացավ իր հայկական միջավայրից, մնաց Պետերբուրգում , իր փառքով չէր խանգարում փոքր Հայաստանում տեղավորված դերասաններին: Ո՞վ գիտե: Բայց լավ է, հրաշալի է , որ նա ապրեց , ապրեց բացճակատ. կռվեց հավերժ թշնամի թուրքի հետ ու բնավ էլ չհիշեց ու չպատմեց , որ զենք է վերցրել ու արյուն է հեղել հանուն ցեղի, նա ուրիշ կերպ չէր կարող ապրել, քանզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում Դանիել Վարուժանի մտերիմն ու երկուսն էլ վարժարանի սիրված սաներն էին: Կարդացեք Վահրամ Փափազյանի իմաստներով լեցուն «Հետադարձ Հայացք»-ը:

Վահան Գեվորգյան



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝