Յայտարարութիւն

Thursday, September 2, 2010

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները- 137 - Ռուբէն

Անոր ծիծաղին այժմ ես ալ կրնայի ընկերանալ:
- Գիտե՞ս, կը շարունակէր Նիկոլ, երբ իմ հարցումին Յովնանը եւ Ռոստոմը այդքան անորոշ պատասխան էին տալիս եւ, առանց գործնական ցուցմունքների, ընդհանուր խօսքերով ճանապարհ էին դնում ինձ, ես չէի հասկանում դրա իմաստը եւ այլ կերպ էի բացատրում: Ես մտածում էի. «Սրանք անորոշը անորոշով են լուծում. արդէն յիմարն ես եմ, որ այս չոպաններց սպասում եմ մտածուած, ծրագրուած հրահանգներ, ցուցումունքներ»: Անցայ Սալմաստ: Եւ ի՜նչ տեսնեմ այնտեղ: Արդէն նոր սկսուող Դաշնակցութիւնը տարածուել, կազմակերպուել էր այնտեղ: Արմենական եւ Հնչակեան կուսակցութիւնները կարծես աղի քար կամ շաքարի ղանդ (գլուխ) լինէին, իսկ Դաշնակցութիւնը` ջուր որ հալեցնում էր նրանց իր մէջ: Այնտեղ տեսայ մարդիկ, որոնք ողջ Ռուսաստանը եւ այլ երկիրներ չափչփած էին առեւտրական ու այլ գործերով: Տեսայ դրսից եւ ներսից մտաւորականներ, որոնց հաւասարը չկայ Շուշիի մէջ: Այնտեղ էին Արղութեանը, Վարդանը, Սաքոն, որոնց հետ խօսիլ կարելի էր: Ինձ զարմացրեց ասորի բժ. Աբրահամի հետ ունեցած խօասակցութիւնս: Նա ինձ բացատրեց Դաշնակցութեան սկզբունքները եւ նրա ձեռք բերած արդիւնքները: Նա ասաց ինձ. «Ի հարկէ, Պարսկաստանը թոյլ է, յետամնաց, աւատապետական: Այս երկիրը ուժեղ կը լինէր, եթէ այդ բոլորը չլինէին: Բայց նա թոյլ լինի թէ ուժեղ, մի բան պարզ պէտք է լինի եւ այդ այն է, որ նա վտանգի տակ է Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, որոնք մեր դահիճներն են: Եւ դրա համար էլ Պարսկաստանը մեր բնական բարեկամը պէտք է համարենք: Մեր փրկութիւնը բոլոր ճնշուած ազգերի եղբայրութեան մէջն է: Այդ իրագարծուած պէտք է համարել ասորիների եւ հայերի համար: Սահմանի միւս կողմն էլ Մար Շիմոնը դրան համակիր է: Դժուար չէ եզիտիներին եւս բերել այդ եղբայրութեան մէջ: Մինչեւ Սինջար Մար Շիմոնը կապեր եւ ազդեցութիւններ ունի: Արդէն մերոնք (Դաշնակցութիւնը) բարեկամ են դէպի Վան տանող ճամբու եղած եզիտիներին: Մնում են թաթար-թուրքերը, որոնք թէ՛ թիւ եւ թէ որակ են. նրանք բարեբախտաբար շիա են. իբր այդպիսին, նրանք կարող են նկատուել մեր բնական դաշնակիցները, քանի որ նրանք դէմ են Թուրքիային, որ սիւննիների պետութիւն է: Մուշդէիդների մենք պէտք է նկատենք նոյնքան օգտակար, որքան որ մեր հոգեւորականներին: Մեր անլուծելի եւ դժուար խնդիրը սիւննի քիւրտերն են, որոնք բռնել են լեռները, ճամբաները եւ մեզ բաժանում են Երկրի մեր զանգուածներից: Նրանց մեզ հետ ունենալ եւ Թուրքիայից բաժանել` համազօր էր մեր գաղափարների եւ յաղթութեան Թուրքիայի վրայ եւ թշնամի ունենալ` համազօր է մեր ձախողութեան: Ահա մեր անելիքը»:
Երբ ես զարմացած կը նայէի ասորի բժ. Աբրահամին որ այս յետամնաց գաւառի մէջ նման մտքեր կ’արտայայտէր, ակամայ հարցրի.
- Ո՞րտեղից են այդ ծրագիրները: Անձնակա՞ն են, թէ՞ ընդհանուրի տեսակէտներ:
Բժ. Աբրահամը, իր ձայնը ցածրացնելով, ըսաւ.
- Մի՞թէ տեսած չես Յովնանին եւ Ռոստոմին:
- Տեսայ, բայց ասացին. «Գնա՛, տես եւ գրէ տեսածիդ մասին»: ես բան չհասկացայ նրանցից:
- Նրանք քեզ շատ բան են ասել: Այդ է նրանց մարդ շինելու ձեւը: Բրինձը տալիս են, փլաւ շինելը քեզ են թողնում: Հարցը տալիս են, ծամելը քեզ են թողնում: Իմ էլ կարծիքն այն է, որ կ’ուզես ասորի` Խոսրովայ գիւղում, կ’ուզես հայ` Հաւթվանում կամ Ղալասարում առայժմ վարժապետ եղիր: Իսկ եթէ գիտես քրտերէն, թուրքերէն, նրանց գիւղերը կը ճամբենք քեզ, մինչեւ որ ջուրը քո առուն ընկնի:
Շատ դժուար էր երկնքից իջնել եւ գետնի վրայ քալել: Բայց այդպէս էլ արեցի. Ես վարժապետ դարձայ եւ գրեցի Ռոստոմին, որ իմ աչքին ուրիշ մարդ էր դարձած: Գրեցի նոյնպէս, որ այստեղ անելիք չունիմ, քանի որ ասորին նոյնիսկ ինձնից աւելի Դաշնակցական է: Պատասխան չստացայ, որովհետեւ, ինչպէս յետոյ իմացայ նա Երկիր էր անցել:
Նիկոլը, առանց իմ տուած հարցումին պատասխանելու, կարծես առիթը գտած էր իր ապրումներուն մէջ թաղուելու եւ երեսս չնայելու: Ես ալ անոր պատմութեան իմաստը կ’որոնէի եւ ինքս ինձ կը մտածէի. «Այդ ի՞նչ մարդիկ են Յովնանը եւ Ռոստոմը, որոնց անունները միայն լսած էի: Ի՞նչու իրենց մօտիկ ընկերոջ խորհուրդ, ցուցմունք զլացած են: Ի՞նչու Նիկոլը, փոխանակ հարցիս պատասխանելու, իր գլխին եկած այս 10 տարուան հնութիւն ունեցող պատմութիւնը արեց եւ մռայլուած լռեց: Չլինի՞ թէ այս մարդը, որ առասպել է բոլորիս համար, վճռած է անցնիլ Երկիր, ուր գնալ կայ եւ վերադարձ չկայ, եւ կ’ուզէ իմ «տարան» (կշիռ) իմանալ եւ ճամբել իր ասորի բժ. Աբրահամի մօտը»:
Ես սխալած չէի: Ան զիս փորձութեան ենթարկեց մինչեւ Կոթուրի, Ռազիի կռիւը, որուն պատմութիւնը արդէն ըրած եմ:
Շար.137


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝