Յայտարարութիւն

Sunday, September 12, 2010

Արաբի ատրճանակը

Պատերազմից , ջարդից ու ավերից փրկված այն հեռավոր տարիներին ապրում էին Լիբանանում։ Արաբների, հույների, հրեաների հարևանությամբ։ Թաղի տղաներով ավելի շատ սիրում էին ֆուտբոլը։ Խաղում էին հենց թաղում, տասնյակի հասնող դեռահասներով հաճախ էին խանգարում թաղի միապաղաղ առօրյան։ Ֆուտբոլի խաղադաշտը իրենց փողոցն էր։ Խաղում էին աղմուկ աղաղակով, բայց բնավ չէին կռվում։ Երբեմն գնդակը շեղվում էր ուղղուց՝ ուղեծիրը կորցրած դառնում էր անկառավարելի , անհանգստացնելով
անգամ թաղի բակերում տեղավորված կենդանիներին ու հավերին։ Բայց տղաներին ոչինչ չէր զսպում, նրանք մի երկու օր խաղաղվում էին, փշրված ապակու փոխարեն նոր տեղադրելով, ապակու տիրոջ զայրույթ մեղմելով,հետո էլի շարունակում էին խաղալ նույն կրքոտ եռանդով։
Մի օր էլ գնդակը դիպավ քաղաքի հրեա բժշկի գլխին՝ ցավից , թե ունեցած կայուն ատելությունից՝ հանդեպ երեխաները ,նա երդվյալ ամուրի էր, չարացած կռացավ ու գետնից վերցրեց գնդակ ։
Երեխաները վախից փախչելու պատրաստ սսկվեցին։ Հրեան պաղարյուն ու հանդարտ շարժումներով գրպանից հանած դանակով պատռեց այն , ու թևի տակ դրած հեռացավ։
Ինքն ավելի շատ ազդվեց , իր հարվածն էր զայրացրել մարդատյաց բժշկին։ Տուն գնաց անտրամադիր, օրվա մյուս մասն էլ անցավ , ինքը չէր խաղաղվում Գիշեր անկողնում պառկած չէր կարողանում քնել , աչքը փակում էր , որտեղից որտեղ հայտնվում էր գազանի պես աղճատված դիմագծերով բժիշկը՝ դանակը ձեռքին ։
Առավոտյան ջերմությունը բարձրացավ։ Երկու օր անկողնում գամված ջերմությունը չէր իջնում ։
Հոր մտերիմ ընկերը արաբ ոստիկան էր, հորից լսել էր դեպքի պատմությունը եկավ տղային տեսության։ Մոտեցան անկողնում պառկած տղային։ Տղան անմրջապես նկատեց արաբի ատրճանակը՝ ամրացված համազգեստի գոտուն։ Հայացքը մնաց գամված ատրճանակին։ Ահա իր երազանքը՝ ատրճանակը , եթե ատրճանակը իրենը լիներ։
Արաբ ոստիկան ձեռքով շոյեց տղայի գլուխն ու հարցրեց .
–Ի՞նչ ես ուզում տղաս, մի քաշվի՛ր ասա ։
Տղան հայացքը ատրճանակից տարավ ու հարցականի նման կախեց հոր դեմքից , հայր ժպտաց ու գլխով խրախուսեց որդուն ։
Տղան նայեց արաբ բարեկամին ու հազիվ լսելի շշնջաց .
–Ատրճանակ , մտքով անգամ չանցավ ,որ երազածը կունենա, բայց և այնպես արդեն ասել էր։
Արաբ ոստիկանը լրջացավ ,ետ քաշվեց անկողնուց, լռության մեջ, ու լռությունը ավելի պատկառելի դարձնող հանդիսավոր շարժումներով արձակեց գոտուց ամրացված ատրճանակը , անկեղծ ժպիտն աչքերի մեջ պարզեց տղային։ Ատրճանակը՝ խոշոր ու ծանր , տղան հազիվ կարողացավ մի ձեռքով պահել , երկար ու գուրգուրանքով նայեց՝ մյուս ձեռքով շոյեց մետաղի սառությունը ու դրեց բարձի տակ։ Ատրճանակը գլխատակին վերջապես քնեց։ Մի ամբողջ օր քնել էր։ Քնի մեջ երբեմն ժպտում էր ու անվախ հայոյում հրեային։
Մի քանի օրից կազդուրված սկսեց ապրել սովորական առօրյայով։
Ուրախությանը չափ չկար։ Ամեն առիթով փողոցից տուն էր վազում, գաղտնարանից դուրս էր բերում իր միակ ծանրակշիռ զենքը , համոզվում էր, որ այն իրենից չեն խլի։
Արաբին ատրճանակը ետ վերադարձնելու խնդիրն էլ չկար։ Արաբն, իրոք ատրճանակը նվիրել էր տղային։
Միայն տարիներ անց հասուն տղամարդ էր արդեն, երբ նա տանեցիներից, ավելի ճիշտ՝ մորից իմացավ , որ հայրը այդ անգնահատելի նվերի համար վարձահատույց է եղել արաբին։
Զենքը իր ողջ ապրած կյանքի ամենաթանգ նվերը ՝ մինչ օրս էլ կա , ու ո՛չ միայն զենքը, որպես մասունք՝ նա պահել է այդ օրը զենքի հետ ստացած բոլոր փամփուշտները, թեև՝ շատ առիթներ եղան ու ինքը մեծ հմտությամբ զենքով պաշտպանեց իր իրավունքներն ու մերձավորների պատիվը ։
Միշտ հիշելով, ուժն է իրավունքի երաշխիքը։
Վահան Գէորգեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝