Յայտարարութիւն

Wednesday, September 22, 2010

Վահան Գէորգեան Բանաստեղծութիւններ

Սոնետ
Ա
Հին աշխարհում դավն է իշխում
Ցավն է խեղդում արեգակին,
Անբնական մահն է արքան:
Խաղաղություն ապրողներին:

Տարաշխարհիկ կարոտներով
Անդարձորեն ուր էլ չվենք
Կասկածների ծովում ծփուն
Անբնական մահն է արքան:

Անարժան ենք դարձել այնքան
Որ կարոտը որբ ու անտեր
Թափառում է տանիքներին:

Չունենք մենք տուն ու հանգրվան,
Անհյուրընկալ խավար է մութ
Դավն է խեղդում արեգակին






Բ

Մեր բաժին երկիրը աշխարհում,
Աշխարհին երկնքից միշտ նայեց
Լեռներով, ձորերով անհամար
Աշխարհին իրենից միշտ զատեց:

Պահ մտած դարերով ձորերում
Ամեն ինչ թողեցինք թշնամուն
Լեռների ծերպերին ծվարած
Աստծո դեմ դռները բացեցինք:

Տեսիլքն ու հրաշք էր մեզ թիկունք,
Միշտ թվաց կհաղթենք գազանին
Թե կըռվենք բարձյալի անունով:

Թերացանք , հեռացանք , ակունքից,
Պարտված, մոլորված ու անտուն
Ծերացանք կորստի կարոտից:


Գ
Ծերացանք կորստի կարոտից
Ապրում ենք անցյալի հուշերով.
Խոսում ենք վերհիշում հայրենին
Բայց ով է ունկնդիր մեր երգին:

Մեր նախնիք իմաստուն-միամիտ
Ապրել ենք ծերպերին անդընդի
Ու կապող կամուրջը դարերին
Առկախ է երկնքից օրն ի բուն:

Մեզնով է աշխարհը շեն մնում
Մեր սրտի իղձերն են անմեկին
Մեղվի պես շրջում ենք ու տքնում:

Ձեռնբաց փարվել ենք անմեռին
-Որ նա էլ մեր շրթով աղոթի .
Աղ ու հաց աշխարհի սեղանին:


***

Հավքը` բնից, լույսն` արևից,
Հույզը` սրտից, երգը` շուրթից,
Հույսն` աշխարհից,ջուրն էլ ակից,
Մենք էլ, մենք էլ մեր հայրենի
Տուն ու տեղից դարեր անվերջ
Նահանջում ենք անվերադարձ
Եւ ամենուր խռով բախտից
Իրար խառնած երազ ու ճիչ
Հեռանում ենք ակունքներից:


*****


Մենք սիրեցինք մեր թշնամուն,
Որն ամենուր մեզ էր մորթում,
Մեր արյուն էր հողին խառնում:
Եւ շատ անգամ հանուն նրա
Խաչին փարված, ցցի վրա,
Գտանք միշտ նոր աստըվածներ,
Ամեն անգամ խեղճ ու անճար
Այս աշխարհում մերն ատեցինք,
Օտարինը հեշտ կապկեցինք :




***

Մեր հոգսերը հազար տարի
Երեսն ի վար բարձիթողի,
Մեր պապերը սարսափահար,
Միամիտ ու խեղճ ու բարի
Վախից բեկված դարձել են քար:

Դու ամենուր շուրջդ նայիր
Քշված, փախված տուն ու տեղից
Քո երկրում արևատուն
Աստըվածներ ունես բազում:

Քարանձավում , խոր ձորերում
Լեռան լանջին անհող , անջուր
Կառուցեցիր հազար ու մի
Վանք ու խաչքար` ոնց դիմացար
Որձաքարով լեցուն աշխարհ,
Երբ ճար չկար դարձար խաչքար:


****

Քարերի մեջ, քարերի դեմ
Դարեր անվերջ տվիր-առար,
Քարերն անգամ ծով դավերից
Քո վախերի հոգս ու ցավից
Թևավորված դարձան խաչքար:


Շուրջդ լեցուն դաշտ խաչերի
Եւ քո խաչն էլ ծանր քարից
Քո ուսերին աշխարհն անցար
Տունդ դարձավ մթին անձավ:

Եւ ամենուր քարեր, քարեր
Վանք ու մատուռ` քարանձավներ
Վախըդ վանող զենք են թվում
Հեթանոսի երգն են երգում
Քո վանքերի քիվերն անգամ
Որ նման են անթև հավքի:

****
Հազարամյա իմ երկիր
Հազար դավի դեմ - դիմաց
Հազար խաչքարդ մնաց:

Որդիներդ միամիտ
Գալիք օրվա շնչով տաք
Արար աշխարհը անցան:

Դու բնավեր ու անտեր
Աչքդ հավերժ ճամփեքին
Արցունքից աղ քամեցիր:

Անեացար, սրբացար,
Դարերի դեմ չարաղետ
Փյունիկի պես հառնեցիր:

Որդիներդ առհավետ
Քո գրկի մեջ հին ու նոր
Կամ կռունկ են, կամ` բազե:

Դարերի դեմ միշտ անզեն
Դարձավ ավար, դարձավ քար
Քո եզերքով հողմահար:

Քարն ու հողդ սրբացան
Բուռդ` բռունցք չդարձավ,
Դու բարության սերմնացան:

****

Տաճարներ կառուցող ժողովուրդ,
Կամուրջներ արարող ժողովուրդ ,
Մաղթանք ու անեծքով շրըջշըրջուն
Հին ուխտի փառքերն ես օրորում :

Քո բախտից շվարած, քեզանից` խռոված,
Հին ուխտի Անմեռին նվիրված
Սապատդ դեմ տված արևին
Ապրում ես ուխտի պես շուրթդ կախ:

Քեզ զրկում ապրում ես անցյալում
Աշխարհին քո ուխտից միշտ պատմում
Համառն ես, անկոտրուն հավիտյան,
Ապրում ես , որ հաղթես Անմահին:



***
Լեռներով խճողված երկնքում
Արևը գայթում է ամենուր,
Հասնում է մի լեռան կատարի
Հաջորդի լանջերից գլորվում:

Փարվում է անդունդի շուրթերին
Մոլորված, ծեծված, արյունոտ
Կառչում է մասրենու թփերից,
Արյունը թափվում է երակից:

Արյունը թափվում է երակից
Ձորերում կակաչի փոխարկվում
Համառ է, ջահել է ու արի
Կռվի մեջ մեռնում է ու հառնում :

Փարվում են ամպերը պագշոտ,
Շուլալվում արևի փեշերին,
Ձորերում մոլորված դեգերում
Լողում են ու սուզվում ջրերում:

Դառնում են գինի, արբեցում,
Գրկում են ու գգվում մեկ-մեկու,
Երկինքը, որ գիտե Արևին
Մթնում է ու մեկեն մռայլվում :


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝