Յայտարարութիւն

Monday, September 6, 2010

Կնքահոր գամփռը

Կնքահայրը նշանավոր էր , հեղափոխական հարուստ անցյալով, նրան շատերն էին ճանաչում։ Շենշող տղամարդ էր։ Որսորդությունը նրա տարերքն էր։ Երիտասարդ հասակում էլ ասում էին նշանավոր որսորդի պես շենք ու շնորքով, անուշ խոսքով դարպասում էր սեր փնտրող կանացի թափուր սրտերը։
Նա մի հսկա գամփռ շուն ուներ, որին ոչ մի օր շղթայով չէին կապել։ Շունն ազատ ու հպարտ պտտվում էր տիրոջ պարտեզում։ Հեռվից անգամ նա օտարներին վախ ու պատկառանք էր ներշնչում ։ Տիրոջ ներկայությամբ հեզ էր , ու հանդուրժող, իսկ իմ տարիքի երեխաներին , հավանաբար սիրում էր շնավարի։ Ես , որ հաճախ էի լինում կնքահոր տանը, մտերմացել էի գամփռին։ Այնքան էի մտերմացել, որ հաճախ հեծնում էի նրա, ասես նա ինձ նման չար ու անհոգի տղեկի համար ձի էր։ Հեծնում ու ձեռքերովս փաթաթվում էի վզին, ոտքերով հարվածում էր կողերին ու խեղճ կենդանին ինձ բակով մեկ ման էր տալիս։
Մի օր էլ, երբ բակ մտանք , ես մերոնցից առաջ անցա՝ գամփռին վայրկյան առաջ հեծնելու ցանկությամբ։ Բայց կատարվեց անսպասելի ու ցավալի արկածը, հագիս զգեստը՝ կարմիր գույնի էր, դրանից , թե ուրիշ անհայտ գրգիռներից շունը մի անգամից հարձակվեց վրաս։ Հզոր թաթերով անմիջապես ինձ գետնեց , ու եթե մեծերը մի փոքր ուշանային, հավանաբար , նա ինձ կհոշոտեր։ Մի կերպ ինձ շան երախից փրկեցին։ Կնքահայրս զայրացած ու իմ ցավից ցնցված բոլորի ներկայությամբ ասաց.
Վերքերդ հենց լավանան ես գամփռին կսպանեմ։
Ցավերի մեջ նրա ասածները ամբողջովին չընկալեցի, բայց զգացի , որ նա անպայման կկատարի իր խոստումը։ Ամիսներ անց , երբ վերքերս սպիացել էին ամբողջովին կնքահայրս ինձ ասաց ,որ գնալու ենք կաքավ որսալու ։ Կնքահայրս, ես ու շունը հեռացանք բնակավայից։ Երբ տները ետ մնացին շուն սկսեց վազել առջևից։ Նա ամեն անգամ գտնում էր կնքահոր նետած քարը ու ետ էր դառնում, գտած քարը նետելով կնքահոր ոտքերի առջև։ Տերն ամեն անգամ շոյում էր շան գլուխը ու նոր քար էր նետում շուն վազում էր քարը բերելու։
Հասել էինք գետին, այս անգամ քարը թռավ գետի հանդիպակած ափը, շունը մտավ ջուրը, գտավ նետված քարը ու ետ դարձավ։ Երբ քարը բերանին շունը կրկին մտավ ջուրը, մեր ափը անցնելու համար՝ որոտաց հրացանը , շունը չհասցրեց անգամ ձայն հանել նա քարը բաց թողեց ու հաջորդ պահին կորավ պղտոր ալիքների մեջ։ Ես նայեցի կնքահորս նա արտասվում էր։
Զարմանքից ու ցավից շշմած լացակումած հազիվ հասցրեցի հարցնել .
–Ի՞նչու սպանեցիր, ախր մեղք էր։
Կարճ ու կտրուկ արտաբերեց .
–Չէ որ խոստացա , արցունքոտ աչքերը վազող ջրերի հառած նա դեռ շարունակում էր արտասվել։
Տարիներ անց , շատ ուշ ու մեծ դժվարությամբ ինքս կարողացա ինձ արդարացնել, ախր ես էի մեղավորը։ Կնքահորս դաժան արարքը հոգուս խորքում ՝ թեև չարդարացրեցի, բայց հասկացա մի շատ պարզ ճշմարտություն ։ Տեր կանգնի՛ր տվածդ խոսքին, ինչքան էլ այն դժվար ու անհնարին թվա։

Վահան Գէորգեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝